Պաշտպանության-բանակի-կենտրոնական-ուղղությունը-և-ապրիլյան-քառօրյան

Պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությունը և ապրիլյան քառօրյան

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժ. 03:00-ի սահմաններում, սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմի նոր փուլը՝ ապրիլյան պատերազմը: Հայրենիքի մերօրյա պաշտպանները սառնասրտորեն դիմակայեցին մինչև ատամները զինված հակառակորդին: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների ղեկավարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ: Մարտական գործողություններն առավել թեժ էին ռազմաճակատի վերածված սահմանագծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Իրականում հակառակորդը նաև մտադրված էր այդ ուղղություններում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում տարրալուծել կենտրոնական պաշտպանական ուղղության ռազմական ուժերը, ինչը, սակայն, չհաջողվեց: Ապրիլյան քառօրյայի ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամի) ուղղությամբ1: Հատկապես վտանգավոր էր թշնամու՝ կենտրոնական հատվածում կուտակված զորախումբը, որը, ըստ մարտական պլանի, պետք է գործեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո2: Այս ամենն օրեր անց ապացուցվեց ապրիլի 2-ի առավոտյան 9-րդ ՊՇ N մարտական դիրքի մատույցներում թշնամու խոցված ռազմական ուղղաթիռի օդաչուների մոտ հայտնաբերված փաստաթղթերով3: