ՊԲ 23524 զորամասի մասնակցությունը 2016 թ․ ապրիլյան պատերազմին
ՊԲ 23524 զորամասի մասնակցությունը 2016 թ․ ապրիլյան պատերազմին

ՊԲ 23524 զորամասի մասնակցությունը 2016 թ․ ապրիլյան պատերազմին

 

2016 թ. ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 02:30-03:00-ից սկսած, Ադրբեջանը բացահայտ լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի ուղղությամբ՝ մեծաքանակ ուժերով հարձակվելով հատկապես 6-րդ պաշտպանական շրջանի (Մատաղիս) և 9-րդ պաշտպանական շրջանի (Ջաբրայիլ) առանձին մարտական դիրքերի ուղղությամբ։ Առավոտյան արդեն թշնամին կարողացել էր մխրճվել նշված պաշտպանական շրջանների մի քանի բարձրադիր մարտական դիրքեր։ Ճակատի առանձին հատվածներում Ադրբեջանը կիրառեց նաև օդուժ։ Ապրիլի 2-ի առավոտյան թշնամու կողմից հրետակոծության ենթարկվեցին Պաշտպանության բանակի մերձճակատային զորամասերից որոշների մշտական տեղակայման վայրերը։ Հայկական ուժերի խնդիրն էր նախ՝ կանխել թշնամու հետագա առաջխաղացման փորձերը, ապա՝ հետ բերել կորցրած տեղամասերը։ 

ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյան

9-րդ ՊՇ ուղղությամբ թշնամու առաջխաղացումը կասեցնելու և գիշերը հակառակորդի մխրճված մարտական դիրքերը վերականգնելու համար վերադաս հրամանատարության կարգադրությամբ մարտական կիրառման շրջան են դուրս բերվում նաև Վարանդայում (Ֆիզուլի) տեղակայված ՊԲ 23524 զորամասի զրահատանկային գումարտակի ուժերը՝ 2 տանկային և 1 մոտոհրաձգային վաշտի ուժերով[1]։ Այդ զորամասում տագնապի ազդանշանը ստացվում է ապրիլի 2-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում։ Ազդանշան ստանալուն պես անձնակազմը բերվում է բարձր մարտական պատրաստականության աստիճանի՝ դուրս գալով համապատասխան նախորոշված շրջաններ[2]։ Զորամասի հրամանատար փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանին և վերջինիս՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ մայոր Արթուր Հովսեփյանին հաջողվում է թշնամու կողմից զորամասի տարածքի հրետակոծության ներքո անձնակազմն անկորուստ դուրս հանել հավաքակայանից և հրամայված ստորաբաժանումների կազմով երթ կատարել դեպի 9-րդ ՊՇ համապատասխան հատված։ ՊԲ 23524 զորամասի՝ ջաբրայիլյան հատված ուղարկվող անձնակազմի մարտական խնդիրն էր կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Առաջնագծի այս հատվածի պաշտպանությունը ղեկավարում էին ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանը։

Հասնելով մարտական գործողությունների շրջան՝ Մ․ Ջհանգիրյանի ղեկավարած 2-րդ տանկային վաշտը զբաղեցնում է կրակային բնագծեր հակառակորդի կողմից մխրճված 112-118 մարտական դիրքերի թիկունքային մասում՝ խնդիր ունենալով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը։ Մարտական նույն խնդիրն ուներ նաև 2-րդ տանկային վաշտին քիչ ավելի ուշ միացած 1-ին տանկային վաշտը՝ Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ[3]։

Թշնամու մխրճված 112-118 մարտական դիրքերը և դրանց թիկունքային հատվածը, որտեղ բնագիծ էին զբաղեցրել զրահատանկային գումարտակի ուժերը

Մխրճված լինելով նշված մարտական դիրքեր՝ թշնամին, ըստ երևույթին, նպատակ ուներ տեղում ամրանալուց զատ զարգացնել գրոհը դեպի հայկական ուժերի պաշտպանության խորք։ Հայկական տանկային ստորաբաժանումների անձնակազմը հավաստանշում է հակառակորդի ինժեներական տեխնիկան, որով հաղթահարում էին արգելափակոցների համակարգերը, հակատանկային փոսերը[4], ինչպես նաև կենդանի ուժի շարժը մխրճված դիրքերի տարածքում[5]։ Մայոր Ա․ Հովսեփյանին, վերջինիս անմիջական ղեկավարությամբ նաև 1-ին տանկային վաշտի հրամանատար կապիտան Արման Ադամյանին, 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Ադամյանին հաջողվում է իրականացնել թշնամու կենդանի ուժի չեզոքացում, իսկ այնուհետև՝ մեր ուժերի տեսադաշտում հայտնված ադրբեջանական զինտեխնիկայի խոցում։ Մայոր Ա․ Հովսեփյանը վկայում է․

Մայոր Արթուր Հովսեփյան

«Սկզբից բոլոր դիրքերում անընդհատ հետևակի շարժեր կային։ Մենք միանգամից սկսեցինք իրանց ուղղությամբ կրակել։ Որոշ ժամանակ այլևս չէին էրևում, մի մասը նահանջել էր, մի մասը երևի ոչնչացել էր։ Հետո հայտնվեցին իրանց տանկերը․ միանգամից 5 հատ տանկ։ Էդ հատվածում մենք դեռևս 1 տանկ էինք (անձնակազմը՝ Ա․ Հովսեփյան, Ա․ Ադամյան, Ռ․ Ադամյան – Է․Է․)։ Էդ հինգ տանկից մեկին մեր կրակած արկը կպավ։ Հենց կպավ, ես հետ քաշվեցի։ Տանկի շարժիչն անջատեցի ու իջա, սկսեցի խրամատից դիտարկել դրանց գործողությունները։ Տեսա, որ կրակում էին մեր ուղղությամբ, բայց իրանց կրակած արկերը թռչում էին մեր գլխավերևով, նպատակակետին չէին հասնում։ Դասակի հրամանատար Ադամյանին ասեցի՝ «Շուտ շարժիչը գործարկի, դուրս արի բաց տարածք»՝ հուշելով, որ գերաթռիչքի ժամանակ հնարավոր չի հաջորդ արկը դիպուկ կպնի։ Երկու հատ տանկ թողեցին մարտի դաշտում, երեքը հետ քաշվեցին, թաքնվեցին»[6]։ Նշված մարտական գործողություններից շուրջ երկու շաբաթ անց[7] նշված անձնակազմի բոլոր երեք անդամները պարգևատրվեցին ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հակառակորդի 2 միավոր տանկ վնասազերծելու և ոչնչացելու, ինչպես նաև կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառելու համար[8]։

Նույն օրվա կեսօրին զրահատանկային գումարտակը ստանում է նոր խնդիր՝ կասեցնել գրավված դիրքերից ձախ թևանցման միջոցով դեպի հայկական 119 մարտական դիրք թշնամու նոր առաջխաղացման փորձը[9]։ Հրամանատարության կողմից թշնամու՝ խորքում առաջխաղացող ստորաբաժանումների վիճակը և քանակությունը գնահատելուց, ստեղծված մարտավարական իրադրությունը վերլուծելուց հետո որոշում է կայացվում ժամը 14:00-ի սահմաններում իրականացնել հակագրոհ և վերականգնել առաջնագիծը։ Հակագրոհը ենթադրում էր «300» կոչվող բազայի դիտակետի ուղղությամբ առաջանալով՝ վերականգնել Վարազաթմբից[10] 800 մ հյուսիս-արևմուտք ընկած 117 և 115 մարտական դիրքերը՝ այդպիսով թևերից օղակի մեջ առնելով բարձունքը՝ ստիպելով հակառակորդին նահանջել առավոտյան մխրճված հայկական դիրքերից[11]։

Մարտական խնդրի կատարման համար մայոր Ա․ Հովսեփյանին տրամադրված 4 տանկերի թվում էր նաև 321 կողային համարով Տ-72 տանկը՝ հրամանատար՝ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան, նշանառու-օպերատոր՝ շարքային Վլադիմիր Ալիխանյան, մեխանիկ-վարորդ՝ շարքային Տիգրան Աբգարյան։ Զորամասի լավագույններից մեկը համարվող[12] տանկային այս անձնակազմն առանձնակի նախանձախնդրություն ու պատրաստակամություն էր դրսևորում առաջադրված խնդրի կատարման գործում մասնակցություն ունենալու համար։ Հենց նրանց է Ա․ Հովսեփյանը խնդիր առաջադրում հակագրոհելու և վերականգնելու 117 մարտական դիրքը։ «Խնդիրն առաջադրեցի, թե ինչ պիտի անեն։ Ասի՝ «Տեսնո՞ւմ ես թուրքի գրաված դիրքը, որտեղ դրոշը ծածանվում ա։ Էդ դիրքը պիտի ազատեք, վերջում էլ դրոշը պիտի էնտեղ չլինի»[13]։ Հաշվի առնելով գրավված դիրքում ադրբեջանական հետևակի հնարավոր դիմադրությունը՝ Ա․ Հովսեփյանը հրահանգում է մարտական գործողությունը կատարելիս դիրք չմտնել։

Հեռվում երևում է 321 կողային համարով տանկի կողմից խոցված ադրբեջանական զինտեխնիկայից բարձրացող կրակը

Մոտենալով մարտական դիրքին մինչև 50 մ՝ տանկի անձնակազմը փայլուն կատարում է մարտական խնդիրը, ավելին՝ ներխուժում մարտական դիրքի տարածք, տանկով տապալում առավոտյան այդտեղ ամրացված ադրբեջանական դրոշը և հրամանատարությանը զեկուցում խնդրի կատարման մասին։ Մ․ Ջհանգիրյանն այսպես է նկարագրում մարտի այդ դրվագը․ «Կորցրած էդ դիրքը մտնելու ժամանակ իրենց անձնակազմը միանգամից թռավ կարծես մի ակնթարթում, մտավ մարտական դիրք՝ անմիջապես էդ կորցրած դիրքը, որտեղ ադրբեջանցիները դրել էին իրենց դրոշը։ Միանգամից բարձրացան, իրենց թրթուրների տակ գցին էդ դրոշը, և [տանկը] շրջապտույտ կատարեց, ու էդտեղից արձակեց ևս մեկ արկ, և կապի դուրս եկավ, որ «հրամանատա՛ր, խնդիրը կատարել եմ»[14]։

Վերադառնալով ելման դիրք՝ տանկի անձնակազմն արժանանում է հրամանատարության գովեստի և խրախուսանքի խոսքերին։ Միևնույն ժամանակ Ա․ Հովսեփյանը տանկի անձնակազմին՝ հրամանատար Բ․ Եղոյանի գլխավորությամբ, բացատրում է, որ հակահետևակային նռնակի նետման հեռավորության տիրույթում հայտնվելով խրամատին մոտենալը վտանգավոր էր և կարող էր անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե խրամատում հայկական տանկը դիմադրության հանդիպեր[15]։

Զորամասի զբաղեցրած տեղանքը մարտական գործողությունների շրջանում

Զրահատանկային զորամասի անձնակազմերի կողմից մարտական խնդիրների հաջող կատարումից հետո հրամանատար Մ․ Ջհանգիրյանի կողմից խնդիր է բարձրացվում փաստացիորեն թշնամուց ազատված դիրքերը զբաղեցնելու համար մարտական գործողությունների շրջան հետևակ տեղափոխելու, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանք թշնամական նոր ոտնձգությունից[16]։ Ցավոք, նշված մարտական դիրքերի պաշտպանության համար պատասխանատու ՊԲ 59703 զորամասի (Ջաբրայիլ) կողմից նշված գործողությունը չի իրականացվում։ Կարելի է ենթադրել, որ այս հարցում բացասական դեր է խաղացել նաև լուսաբացին Վարազաթմբի մատույցներում տվյալ զորամասի հինգ բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զոհվելու պարագան, ինչի պատճառով էական վնաս հասցվեց զորամասի գործունեության կազմակերպմանը։

Ապրիլի 2-ի երեկոյան՝ ժամը 22:00 սահմաններում, հաշվի առնելով, որ զինտեխնիկան գիշերային պայմաններում առաջնագծում պահելը վտանգավոր է, այն հետ քաշվեց երկրորդ գծի խրամատներ[17]։

Հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, մարտերը շարունակվում են նույն տրամաբանությամբ։ Թշնամին կրկին փորձում է ամրանալ մխրճված դիրքերում և հնարավորության դեպքում հարձակումը զարգացնել դեպի մեր պաշտպանության խորքը։ Մեր զրահատանկային անձնակազմերը զբաղեցրած բնագծերում հարմարեցված տեղերից պարբերաբար կրակային խոցման են ենթարկում թշնամուն, հետ քաշվում, 50-100 մ խուսավարում, շարունակում խոցել[18]։ Օբյեկտիվ դժվարություն էր հարուցում այն հանգամանքը, որ տվյալ զրահատանկային անձնակազմերը մարտական գործողություն էին իրականացնում անծանոթ, ինչպես նաև ինժեներական առումով բացարձակապես չկահավորված տեղամասում՝ ստիպված լինելով գիշերային ինժեներական աշխատանքների միջոցով ինչ-որ չափով հարմարեցնել տեղանքը տանկերի գործողությունների համար[19]։

Ցավոք, ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 16:00 հատվածում[20], մարտական խնդրի կատարման ժամանակ թշնամու կողմից հայտնաբերվեց և խոցվեց վերոնշյալ 321 տանկը։ Խոցման պահից վայրկյաններ առաջ «Բարս մեդիա» վավերագրական կինոստուդիայի կողմից կատարված տեսաձայնագրության[21] մեջ երևում է, թե ինչպես է տանկը բարձրանում նախօրոք կահավորված բարենպաստ հողաթմբի վրա, իրականացնում թշնամու զինտեխնիկայի խոցում և հետ շարժվում դեպի պահեստային կրակային դիրք։ Այդ ընթացքում թշնամու հակատանկային ուժերին հաջողվում է «Սպայկ» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռով խոցել հայկական տանկը[22]։ Կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս հերոսաբար ընկան ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը, շարքային Վլադիմիր Ալիխանյանը, շարքային Տիգրան Աբգարյանը…

Ռուսաստանյան «Դաշնային լրատվական գործակալության» լրագրող Կիրիլ Ռոմանովսկին (Օտտեր), որ 2016 թ․ ապրիլյան պատերազմի օրերին գործուղվել է Արցախ, եղել մարտական գործողությունների շրջանում, այսպես է նկարագրում կատարվածը․ «Տանկը խոցվեց ապրիլի 3-ին… Կանխելով առաջնագծում՝ Հադրութից հարավ, հարձակումը … տանկիստները հայկական պաշտպանության երկրորդ գծում թմբի վրայից «լացացնում էին» ադրբեջանցիներին։ Հակառակորդը պատասխանեց ՀՏԿՀ-ով (հակատանկային կառավարվող հրթիռ – Է․Է․)։ Ըստ երևույթին՝ նկատելով կրակոցը՝ անձնակազմը փորձեց սահել և թաքնվել թմբից ներքև… Չհասցրեց։ Տանկը ցիրուցան եղավ դաշտով մեկ… Սև մետաղի մի քանի տոննա մխրճվեց հանդիպակաց լանջի մեջ՝ հրանոթի փողը դարձնելով հակառակորդի ուղղությամբ՝ ասես չհաշտվելով տեղի ունեցածի հետ… Տանկը չէր ցանկանում հանձնվել նաև անձնակազմի կորստից հետո… Տանկիստները խիզախաբար էին կռվել։ Դա նկատելի է տանկի զբաղեցրած վերջին դիրքից, բազմաթիվ պարկուճներից և թմբի վրա մնացած հետքերից։ Դիրքը պարբերաբար փոփոխվում էր, տանկը ելնում էր թմբի վրա, կրակում, սահում հետ։ Բազմաթիվ են թրթուռի հետքերը, որոնք բոլորը հանգում են մի տեղում, որ դարձավ այդ մեքենայի համար վերջինը… Իսկ տանկիստներից չմնաց ֆիզիկական ոչ մի հետք, ասես անէացել էին օդում՝ հառնելով բլուրների, դաշտերի, իրան-արցախյան սահմանի և Արաքսի դեղնաջրերի վրա… Հավերժ փա՜ռք տղաներին»[23]։

Ամփոփելով 2016 թ․ ապրիլյան պատերազմում ՊԲ 23524 զորամասի դերակատարությունը՝ պետք է նշել, որ ընդհանուր առմամբ զորամասի՝ մարտական կիրառման շրջան դուրս բերված ստորաբաժանումներին հաջողվել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ կանխել թշնամու կենդանի ուժի և զինտեխնիկայի հետագա բացազատումն ու առաջխաղացումը դեպի 9-րդ ՊՇ պաշտպանության խորք։ Մարտական գործողությունների ընթացքում զորամասն ունեցավ 1 միավոր տեխնիկայի և երեք զինծառայողի կորուստ։ Թշնամու կողմից ևս մեկ տանկ խոցվել էր[24] դեռ Վարանդայից երթ կատարելու ժամանակ, վիրավորվել էին տանկի  հրամանատար Ռազմիկ Զաքարյանը և նշանառու-օպերատոր Անդրանիկ Աթալյանը։

Փոխգնդապետ Մ.Ջհանգիրյանը պարգևատրվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Հետագայում Ռազմիկը շարունակեց ծառայությունը, իսկ Անդրանիկն ստացած վիրավորման հետևանքով զորացրվեց։

Ըստ զորամասի հրամանատարի բանավոր վկայության՝ ապրիլի 2-3-ը զրահատանկային անձնակազմերն ընդհանուր հաշվարկով ոչնչացրել են թշնամու 8 միավոր զրահատեխնիկա և ինժեներասակրավորկան տեխնիկա[25]։ Ըստ ականատեսների, այդ թվում՝ Մ․ Ջհանգիրյանի, մայոր Միքայել Մովսիսյանի հուշերի՝ 321 տանկն ապրիլի 2-3-ին գումարային հաշվով խոցել է թշնամու 4 միավոր զրահատեխնիկա՝ ենթադրաբար 3 տանկ և 1 ՀՄՄ[26]։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական պարգևատրագրի՝ ապրիլի 2-ին թշնամու ևս 2 միավոր տանկ էր խոցել Ա․ Հովսեփյանի գլխավորած անձնակազմը։

ՊԲ 23524 զորամասի զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, զորամասի ևս 4 զինծառայող՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

 

Էդգար Էլբակյան

 

[1] Ալվինա Աղաբաբյան, Հարցազրույց ՊԲ 23524 զորամասի հրամանատար փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի  հետ, Վարանդա, 8 հոկտեմբերի 2016 թ․։

[2] Նույն տեղում։

[3] 2016 թ․ ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակ, 10 մայիսի 2016 թ․, https://www.facebook.com/arcrun/posts/1036756516359956 (հղվել է 04.04.2017 թ․)։

[4] Ա Աղաբաբյան, Հարցազրույց փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի հետ…։

[5] Մանե Գևորգյան, Հարցազրույց ՊԲ 23524 զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արթուր Հովսեփյանի հետ, Վարանդա, 8 հոկտեմբերի 2016 թ․։

[6] Նույն տեղում։

[7] Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է հայրենիքի զինվորներին, 19 ապրիլի 2016 թ․, http://www.president.am/hy/press-release/item/2016/04/19/President-Serzh-Sargsyan-working-visit-to-Artsakh/ (հղվել է 10.04.2017 թ․)։

[8] 2016 թ․ ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում…, նույն տեղում։

[9] Ա Աղաբաբյան, Հարցազրույց փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի հետ…։

[10] Վարազաթումբը գտնվում է ծովից 271.1 մ բարձրության վրա։ Խորհրդային Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզում նշված է «Ляля-Иляги» անվամբ, որը տառադարձված է ադրբեջաներեն «Lalə İlahi» տեղանունից։ Հայտնի է նաև «Լալաթափա» անվամբ։ Տեղադիրքը քարտեզի վրա տե՛ս https://goo.gl/3oGNJQ։

[11] Այստեղ տեղին է նշել, որ 1990-ական թվականների պատերազմի ժամանակ բարձունքն ազատագրվել էր նույն եղանակով ու տրամաբանությամբ՝ խուսափելով հետևակի դիմահար գրոհից։

[12] Ա Աղաբաբյան, Հարցազրույց փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի հետ…; տե՛ս նաև Նվիրյալները. Բենիամին Եղոյան, Տիգրան Աբգարյան, Վլադիմիր Ալիխանյան, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», 2017, https://www.youtube.com/watch?v=20cJi0fhImw (հղվել է 26.04.2017 թ․)։

[13] Մ Գևորգյան, Հարցազրույց մայոր Արթուր Հովսեփյանի հետ…։

[14] Նվիրյալները…։

[15] Նույն տեղում։

[16] Ա Աղաբաբյան, Հարցազրույց փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի հետ…։

[17] Նույն տեղում։

[18] Նույն տեղում։

[19] Նույն տեղում։

[20] Նվիրյալները…։

[21] Տե՛ս Bars Media Documentary Film Studio, Tanks reportage, 4 ապրիլի 2016 թ., https://www.youtube.com/watch?v=5ieaO3aqTQk (հղվել է 19.04.2017 թ․), ինչպես նաև Bars Media Documentary Film Studio, War 2016 Compilation, 01:14-01:27, 21 ապրիլի 2016 թ., https://www.youtube.com/watch?v=dgOMUQ0dMq0 (հղվել է 19.04.2017 թ․)։  

[22] Հայկական տանկի դեմ կիրառված հրթիռի տվյալ մոդելը թույլ է տալիս կրակոցն արձակելուց հետո տեսողական սարքի միջոցով հետևել վերջինիս ընթացքին և ըստ անհրաժեշտության՝ (վերա)ուղղորդել այն (տե՛ս Electro-Optically Guided Weapons, Defense Update issue 2-07 (May-June 2007), http://defense-update.com/features/du-2-07/helicopters_EO_missiles.htm (հղվել է 19.04.2017 թ․))։

Ըստ ամենայնի՝ ադրբեջանցի զինծառայողին հաջողվել է հավաստանշել հայկական տանկը հողաթմբի վրա եղած ժամանակ, արձակել հրթիռը, որից հետո արդեն հընթացս այն կառավարելով՝ հողաթմբի վրայով «իջեցնել» հետ շարժվող տանկի վրա։

[23] Լրագրողի խոսքերը հատվածավար քաղված և թարգմանված են ապրիլի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա կատարած գրառումից (Kirill Romanovskiy, “Башня армянского танка…”, 8 ապրիլի 2016 թ․, https://www.facebook.com/photo.php?fbid=1303655129649617&set=a.492809640734174.129317.100000154284713&type=3&permPage=1 (հղվել է 19.04.2017 թ․)), ինչպես նաև ապրիլի 9-ին «Դաշնային լրատվական գործակալությունում» տպված հոդվածից (Кирилл Оттер, Время собирать танки. Нагорный Карабах – что это было, 9 ապրիլի 2016 թ․, https://riafan.ru/515358-vremya-sobirat-tanki-nagornyi-karabah-chto-eto-bylo (հղվել է 19.04.2017 թ․))։

[24] Տանկը հետագայում վերանորոգվել և վերադարձվել է զորամաս։

[25] Ա Աղաբաբյան, Հարցազրույց փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի հետ…։

[26] Նույն տեղում; տե՛ս նաև Նվիրյալները…։

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn