Անդրանիկ Գրիգորյան

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
01.02.1986 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետության Ալեքսանդրովի շրջանի Վարվարովկա գյուղում։
1987 թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Խորհրդային
Սոցիալիստական Հանրապետություն և բնակություն
հաստատել Լենինական քաղաքում։
1993-1995 թթ. սովորել է Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում։
1995 թ. ընտանիքը տեղափոխվել է Հադրութի շրջանի Հայկավան գյուղ։
1995-2000 թթ․ սովորել է Հայկավանի 7-ամյա դպրոցում։
Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է անասնապահությամբ։
2004-2006 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է
անցել ՊԲ N զորամասում։
2013 թ. հուլիսի 28-ից պայմանագրային զինվորական ծառայության
է անցել ՊԲ N զորամասում որպես հրաձիգ, ականանետի նշանառու։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս համածառայակիցներ սերժանտներ Ադամ Սահակյանի,
Կարեն Ներսիսյանի, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի,
շարքայիններ Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի,
Տիգրան Բերակչյանի,  Բարիս Օզմանյանի հետ միասին։
Վերջիններիս հետ մեկտեղ զոհվել են նաև օգնության հասած
փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը,
Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը,
ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:

Ամուսնացած էր, ունի 2 որդի։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

 

∗ ∗ ∗

 

Անդրանիկ Գրիգորյան

Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում է բնակվում ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը՝ մայրը, 2 անչափահաս քույրերը, կինն ու 2 որդիները։

Բավականին շատ ժամանակ պահանջվեց Հայկավան հասնելու համար։ Երկար, քարքարոտ, երբեմն անանցանելի թվացող ճանապարհն ի վերջո մեզ հասցրեց հերոսի գյուղը, որտեղ բնակիչների խոսքերով ընդամենը 7 ընտանիք է ապրում։ Հայկավանում մեզ կարծես երկար էին սպասել։ Անդրանիկի հյուրընկալ ընտանիքի անդամներն ընդառաջ եկան և հրավիրեցին մեզ իրենց կիսաքանդ տնակը։ Տուն մտնելուն պես երևաց հերոսի անկյունը՝ նկարը, մեդալներն ու Հայաստանի դրոշը։

Հերոսի մայրը՝ տիկին Զինան, կարոտով պատմում էր որդու անցած ուղու մասին։ Անդրանիկը ծնվել էր Ուկրաինայում։ Տղան 2 տարեկան էր, երբ Գրիգորյանների ընտանիքը նախ տեղափոխվում է Գյումրի, ապա հաստատվում Հայկավանում։ Սոցիալական ծանր պայմանները ստիպել են Անդրանիկին 8-ամյա կրթությունը ստանալուց հետո թողնել դպրոցը և գիշեր ու զօր աշխատել։ «Անդրեյս ուրիշ էր, ինքը միշտ աշխատել ա, ես իրան պառկած չեմ հիշում։ Փոքր տարիքից սկսեց աշխատել, որ մեզ պահի, ինձ էլ ասում էր՝ «մա՛մ, դու մի՛ գնա, աշխատի, ես ամեն ինչ կանեմ»»։ Տան կիսակահավորված սենյակներում աչքի ընկնող կահույքի հատուկենտ նոր կտորներն Անդրանիկի աշխատասիրության խոսուն ապացույցն էին։ Մոր խոսքերով՝ դրանք ձեռք էին բերվել նրա խնայողությունների շնորհիվ. «Կոպեկ առ կոպեկ հավաքում էր, որ մեզ հասցնի մեր նպատակին։ Ամեն գործ անում էր, անասուն պահում էր, որ քուրերին լավ պահի»։

Անդրանիկի ամենամեծ ցանկությունը քույրերին ուսման տալն էր։ Քրիստինան՝ հերոսի քույրը, չի մոռանում եղբոր հորդորները. «Ինքն ասում էր՝ «ես ձեր համար ամեն ինչ կանեմ, մենակ թե լավ սովորեք դուք»։ Իմ ախպերը ուրիշ էր էլի, ոչ մեկին նման չէր, առանձնանում էր ուրիշներից հավասարակշռվածությամբ։ Ամենը, ինչ անում էր, մտածելով էր անում, դրա համար համարյա չէր սխալվում»։

Պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Անդրանիկը որոշում է անցնել պայմանագրային ծառայության։ «Օրենքով իրեն բանակ չպիտի տանեին. ինքն էստեղ՝ գյուղում, ընկել էր սնարյադի վրա, ոտքը վիրավորվել էր, բայց գնացել, իրա ձեռով դիմում էր գրել, որ տանեին բանակ»,- արցունքն աչքերին՝ շարունակում է տիկին Զինան։

Կնոջ՝ Նինայի հետ

Կյանքը հայրենիքին նվիրած զինվորը նաև սիրող ամուսին էր։ Նինան մեկ առ մեկ հիշում էր ամուսնու հետ անցկացրած լավագույն պահերը, իրենց երազանքները. «Մենք իրար շատ էինք սիրում, միշտ միասին էինք, ուր էլ գնայինք… Ասում էր՝ «ես մի աղջիկ պիտի ունենամ, 3 տղա, որ աղջկաս թագուհու պես պահեն տղերքը»»։  Նինան չէր մոռանում նաև միասին ապրած դժվարությունների մասին, որոնք նույնպես արդեն քաղցր հիշողություններ էին դարձել. «Ես հիվանդանոցում էի, վատ էի, մի հատ խոզ ունեինք, բռնեց, խոզին մորթեց, ես ջղայինացա, ասի՝ «գոնե մի ուրիշ տեղից փողը գտնեիր», որովհետև խոզը 2 շաբաթից պիտի ծներ, ասեց՝ «էդ քեզնից թանկ չի, կառնեմ, կդնեմ տեղը»։ Տենց էլ արեց, եկանք տուն, 2 հատ գոճի առավ»։

Անդրանիկի հոգատար վերաբերմունքը արտահայտվում էր հատկապես երեխաների հանդեպ։ Սիրում էր մեծ տղային՝ Գոռին, մեքենայի առջևում նստեցրած տանել տարբեր տեղեր, լողացնել, հագցնել։ Աշխատանքային ծանր օրվանից հետո անգամ չէր զլանում արթնանալ գիշերվա ընթացքում ու հոգ տանել փոքրիկների մասին։ Ամուսնու պակասը ամեն քայլափոխի զգում էր Նինան.  «Ինքը հելնում էր գիշերը, երեխեքին փոխում էր, ինձ ասում էր՝ «դու քնի՛, մի՛ հել»»։

Տուն մտնելով՝ իր հետ նաև ուրախություն էր բերում, սիրում էր երաժշտություն լսել, կատակներ անել քույրերի ու կնոջ հետ։ Ընտանիքի անդամների խոսքերով՝ Անդրանիկը չափազանց հանգիստ բնավորություն ուներ։ Միակ բանը, որ կարող էր բարկացնել նրան, ընտանիքի անդամների առանձին-առանձին սեղան նստելն էր. «Մեկը որ իրա ասած ժամին սեղան չնստեր, արդեն կռիվ էր։ Պիտի սեղանը գցած, ու բոլորը նստած լինեին»,- պատմում էր մայրը։ «Ես որ գիտեի՝ պիտի գա, սպասում էի, որ իրար հետ հաց ուտենք։ Ասում էր՝ «կարող ա՝ ես եմ, չեմ գալիս, դու պիտի սովա՞ծ քնես։ Մի անգամ էն ժամանակ կեր, երբ որ ես գամ, մի հատ էլ իմ հետ կուտես»,- ժպիտը դեմքին՝ շարունակում էր սկեսուրի խոսքը Նինան ու մի պահ դադարից հետո ավելացնում,- էս վերջում մեր հարևանը ժենգյալով հաց էր թխել։ Անդրանիկը գնաց, ես չգնացի հետը, ասի՝ «շորերդ դնեմ, որ գնաս պոստեր»։ Գնաց, կերավ, հարևանին էլ թե՝ «Ռո՛ւզ, մի հատ ժենգյալով հաց ղրկի, թող Նինան ուտի, որ չասի՝ «Անդրեն մենակ կերավ, ինձ չտվեց»»։

Անդրանիկը գյուղում հայտնի էր իր հյուրասիրությամբ։ Մոր խոսքերով՝ երբեք ոչ մի բան չէր ափսոսում, հարևաններին միշտ հրավիրում էր տուն, երեխաների համար էլ կոնֆետներ էր պահում. «Մի օր էլի գնացել էր հարևանի տուն։ Էդ օրը կանֆետ չկար, եկավ տուն, ասեց՝ «մա՛մ, Տաթևիկին կանֆետ եմ խոսք տվել, կտա՞ս», գտա, տվեցի, տենց Անդրեյս խոստումը կատարեց»։

Այս ամենով հանդերձ՝ Անդրանիկը մռայլ ու լռակյաց էր դառնում ծառայության մասին տրված յուրաքանչյուր հարցից։ Գաղտնապահ էր ու տանը երբեք չէր քննարկում իր հիմնական գործը։ «Ոչ մի բան չէր պատմում ծառայությունից, սխալվեինք, հարցնեինք, կասեր՝ «ստո՛պ, լիչնի հարցեր չե՞ք տալիս»,- որդու զգուշավորության մասին պատմում էր մայրը։

Ծառայակից ընկեր շարքային Արման Կիրակոսյանը, ում հաջողվել էր ապրիլի 2-ին հրաշքով փրկվել 9-րդ պաշտպանական շրջանի 112-րդ մարտական դիրքի շրջափակումից և վիրավոր վիճակում հասնել հրամանատարական դիտակետ, հիացմունքով էր հիշում պայմանագրային ծառայության անցած հերոս Անդրանիկին. «Ասում էի՝ «խի՞ ես եկել ստեղ ծառայության»։ Մի հատ ավտո ուներ սպիտակ, պատմում էր՝ «դե 14 օր ստեղ եմ, 14 օր տաքսի եմ քշում, որ տան հոգսերը քաշեմ, երեխեքիս լավ նայեմ»»։ Բայց ամենից շատ Արմանը տպավորված էր հերոսի անվախությամբ, հիշում էր, որ միասին դիտարկումներ անելիս Անդրանիկը, ում դիրքերում «Կյաժ» էին ասում, անկաշկանդ տեղաշարժվում էր, ինչից Արմանը նույնպես իրեն ավելի վստահ էր զգում. «Վախ չուներ ոչ մի ձևի, իրա հետ ես էլ չէի վախենում, արխային հելնում էի, մտնում։ Միշտ ասում էի՝ «բա որ կրակե՞ն», կատակով ասում էր՝ «ինձ ճանաչում են, չեն կրակի»»…

Անդրանիկի պայմանագիրն ավարտվելու էր հունիսին, բայց ինքը որոշել էր շարունակել ծառայությունը։ «Ես միշտ ասում էի՝ «պոստեր մի՛ գնա, էլի ծառայի, բայց նե՛նց արա՝ պոստեր չգնաս, կամ գնանք՝ Երևան աշխատի», ինձ չէր լսում»,- պատմում էր հերոսի այրին։ Նրա հետ Անդրանիկը վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ին, կատակներ արել, հոգու հետ խաղացել։ Մորն էլ վերջին անգամ ծիծաղելով խնդրել էր՝ «մա՛մ, հարևանների հետ կռիվ չանես, պոլի չոտկը ես եմ տարել»…

Ապրիլյան օրերին ընտանիքն անդադար որոնումների մեջ էր։ Անդրանիկից ոչ մի նորություն չկար։ Ապրիլի 10-ին տեղեկացան, որ հերոսի մարմինը հակառակորդի կողմից փոխանցվել է հայկական կողմին։ Անդրանիկը զոհվել էր ապրիլի 2-ին Վարազաթումբ (Լալե թեփե) բարձունքը պաշտպանելիս։ Նրա վաշտի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը հիշում էր, թե ինչպես էր Անդրանիկն արդյունավետ կերպով նռնակներ նետում թշնամու վրա՝ պատճառելով զգալի կորուստներ. «Իրանք շատ հաճախակի գրանատ էին գցում։ Սպասում էին, տենում էին, որ հակառակորդը մոտիկանում ա, հասնում մեզ մի 20-30 մ հեռավորության վրա, իրանք գրանատները գցում էին արդեն, որ կոնկրետ վնաս պատճառեն»։ 

Անդրանիկի կինը և երկու որդիները

Տիկին Զինան անձամբ էր գնացել ճանաչելու որդու խոշտանգված մարմինը. «Էն, ինչ ես տեսա, թող էլ ո՛չ մի մայր չտեսնի։ Ինձ ապրելու ուժ են տալիս Անդրեյիս որդիներն ու իր կիսատ թողած նպատակները։ Ինձ ուժ ա տալիս նաև էն, որ տղես զոհվեց հանուն հայրենիքի, իր ընտրությունն էր դա…

Զոհվելու օրը ժամը կանգնել ա,  հեռուստացույցն ինքն իրան փչացել. ոնց որ հենց ինքն ինձ ասեր՝ «մա՛մ, էդ նորությունները մի նայի»»։

Նինայի խոսքերով երեխաները հորը շատ են կարոտում. «Էրկու տարեկան Գոռս հեռվում մեքենա տեսնելուց վազում ա ու գոռում՝ «պապա՜, պապա՜»։ Դժվար ա, որ տեսնում ես՝ էրեխեն ուրիշի հետևից ա պապա կանչում»։

Վերջում զրուցեցինք նաև հերոսի կրտսեր քրոջ՝ Լիլիթի հետ։ Նրա հայացքից ու խոսքերից նույնպես պարզ երևում էր ավագ եղբոր պակասը։ Սակայն միանգամայն տարբեր էր 10-ամյա այս աղջնակի երազանքը մոր, քրոջ ու հարսի երազանքներից. «Ես պիտի զինվոր դառնամ, որ եղբորս վրեժը լուծեմ»…

 

Հեղ․՝ Աննա Բաբայան

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn