ԱՊՐԻԼԻ 2
ԱՊՐԻԼԻ 2

2.30                         Բացահայտ հարձակում

 Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանի և օդուժ, ձեռնարկեց բացահայտ հարձակողական գործողություններ` փորձելով ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Հակառակորդը հրետանային հարվածներ  հասցրեց խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

 

 8.30                         Թշնամու հրետակոծումից Արցախում երեխա է զոհվել

Ադրբեջանական զինուժի կողմից ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով Մարտունի քաղաքի Զորավանում սպանվեց 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը (ծնվ. 2004 թ.), ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը  վիրավորվեցին:

 

      

      

 

8.30                         Վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետը

Ադրբեջանական զինուժի կողմից Թալիշի պաշտպանական ուղղությամբ իրականացված ռմբակոծության ընթացքում վիրավորվեց սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը:

 

9.00                        Հայկական կողմը խոցել է թշնամու ուղղաթիռը

Ժամը 9:00-ի տվյալներով՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ Ադրբեջանին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

 

9.30                         ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է   հրավիրւմ ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:

 

9.51                        Դավիթ Բաբայանի արձագանքը սահմանի ողջ երկայնքով լարվածության
                                  վերաբերյալ

«Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտում զինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով, – Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դ. Բաբայանը: – Հակառակորդը օգտագործեց ծանր զինատեսակներ, և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր  կատարեց, սակայն ստանալով համարժեք պատասխան, հետ  շպրտվեց և ունեցավ մեծ կորուստներ»:

 

10.04                         Պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային                                                                               Ղարաբաղում տիրող իրավիճակը. Մարիա Զախարովա   

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդեց, որ պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ստացվող տեղեկատվությունը:  «Մենք ուշադրությամբ հետևում ենք ստացվող տեղեկատվությանը», – ասաց նա:

 

10.07                         Սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի՝ կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»:

 

10.46                         ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի հայտարարությունը

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ hայտարարությամբ. «Սա անթույլատրելի, դատապարտելի արարք է, որը պետք է կանխվի հենց միջազգային հանրության կողմից: Որովհետև Ալիևը ցույց տվեց, որ անպատժելիութունը ծնում է նոր հանցագործություններ: Ադրբեջանը ցույց տվեց, որ երբ քթին չի ուտում, նման քայլերի է դիմում:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նման քայլն ահաբեկչություն է նաև Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Ադրբեջանի հանցագործ իշխանությունների նման լկտի և ահաբեկչական պահվածքն արդյունք է նաև միջազգային հանրության ընդհանուր և  անհասցե հայտարարությունների և գնահատականների:

 

11.29                         ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային                                                              կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների                                                                                                                ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»:

 

11.45                         ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

«ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ից 2-ի գիշերը ձեռնարկել է հարձակողական գործողություններ:
Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաև խաղաղ բնակավայրերը, որոնց հետևանքով, ցավոք, սպանվել են մեկ և վիրավորվել 2 երեխաներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանց որևէ բացառության: Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողական ուսումնասիրություն՝ իրկարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով»:

 

11.54                       Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի                                                                                  համանախագահների հետ

«Կողմերին զսպվածության և բռնությունից անհապաղ հրաժարվելու կոչ ենք անում»,- մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող իրավիճակը՝ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև ասաց, որ. «Ռուսաստանն անցել է գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունների: Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»:

 

11.56                        ՌԴ նախագահ Վ. Պուտինի կոչը հակամարտության կողմերին

Ինչպես հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը, Ռուսաստանի ղեկավար  Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի սահմանին ռազմական գործողությունների վերսկսման տեղեկություններով: «Նախագահ Պուտինը կոչ արեց հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն դրսևորել» :

 

12.00                         Ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ

ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է. «ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է»:

 

12.00                         Խորհրդակցություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ

Վարչապետ Հ. Աբրահամյանը խորհրդակցություն հրավիրեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»:
ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել:
Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, վարչապետը շեշտեց հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը: 

 

12.03                         ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է առաջնագծում իրավիճակի մասին.                                                        նախագահի մամուլի քարտուղար

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնեց, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի սահմանին իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում:

 

12.15                         Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը Ադրբեջանի սադրիչ                                                        գործողությունների հետ կապված

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն ԱՄՆ և բանակցությունները պետքարտուղար Ջոն Քերիի հետ չտվեցին ադրբեջանական կողմի ակնկալած արդյունքները: Դրանով է «Արմենպրես» լրատվական գործակալության հետզրույցում ռուս քաղաքագետ Ս. Տարասովը մեկնաբանում ադրբեջանական կողմի արձագանքը և սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը. «Պատճառն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրականապես խուսափում է օգտագործել «տարածքային ամբողջականություն» եզրույթը: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայտնվում են միջազգային մեկուսացման մեջ: Չեմ կարծում, որ մեծ պատերազմ կբռնկվի, Ալիևը պարզապես ուզում է կենտրոնացնել ուշադրությունն իր վրա, որպեսզի միջազգային հանրությունը սկսի զբաղվել ղարաբաղյան հարցով այնպես, ինչպես զբաղում է ուկրաինական խնդրով»:
Տարասովի կարծիքով` ադրբեջանական կողմի ակտիվությունը կարող է լինել հնարք՝ շեղելու ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակից: Եվ այս ամենը կատարվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: «Սա կարող է իրավիճակը ապակայունացնող լուրջ նշան լինել, և խոսքը միայն Անդրկովկասի մասին չէ»,- նշում է Տարասովը: Նրա դիտարկմամբ` եթե կայուն զինված հակամարտությունները շարունակվեն, պատկերն անհանգստացնող կլինի, իսկ եթե հաջողվի տեղայնացնել՝ սցենարը կփոխվի: Դա կնշանակի, որ բանակցային գործընթացն ընդհատվել է, և միջազգային հանրությունը կփորձի սառեցնել կոնֆլիկտը: Այնուամենայնիվ, Տարասովն ասաց, որ հետևանքների մասին առայժմ բարդ է խոսել, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը:

 

12.45                         ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈւ 3 տանկ, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ

Ժամը 12.45-ի դրությամբ հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս ժամի դրությամբ ՊԲ ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, 1 ռազմական ուղղաթիռ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ, 2 անօդաչու թռչող սարք և 1 ռազմական ուղղաթիռ:

 

 

 

 

 

Ադրբեջանական խոցված ՄԻ-24 ուղղաթիռը

 

12.51                        ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովայի հայտարարությունը՝ 

«Մոսկվայում չափազանց մտահոգությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի խիստ սրման մասին տեղեկությունները: Կողմերին զսպվածության կոչ ենք անում, անհրաժեշտ ենք համարում նախ և առաջ ռազմական ընդհարումների անհապաղ դադարեցումը: Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարության հետ»:

 

13.00                        Արցախի նախագահ Բակո Սահակյանն անցկացրեց Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անցկացրեց Անվտանգության խորհրդի նիստ՝ սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Զեկույցով հանդես եկավ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշեց, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

13.03                         ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել                                                         Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ Է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված:  ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ «Հակամարտության գոտին գտնվում է ՌԴ ՊՆ մշտական ուշադրության կենտրոնում: Այդ կապակցությամբ ապրիլի 2-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զահիր Հասանովի հետ, նշել, որ անհաաղ միջոցներ է պետք ձեռնարկել հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար»:

 

13.10                         ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

«Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր:

Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։

Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:

Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:

Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»:

 

13.57                          Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ունեցել                                                    Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ. «Ի զարգացում Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ ՌԴ նախագահի արձագանքի, ինչպես նաև իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներում ռուսական կողմի ձեռնարկած քայլերի՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարներ Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի հետ և կոչ է արել նրանց ազդել իրավիճակի վրա՝ բռնության դադարեցման համար»:

 

14.17                         Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները

Razm.info կայքի փոխանցմամբ՝ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների և վիրավորների մասին: Հայտնում են նաև, որ Ադրբեջանն տարհանել է այդ շրջանի բնակիչներին: Տեսնյութում Աղդամի Բենովշելեր գյուղի բնակիչներից մեկը նշում է, որ իրենց դրությունը բավականին վատ է և ավելացնում,- «Ստեղից փախնել ա պետք»:

(«Փախնել է պետք». ադրբեջանցիների արձագանքը մարտերին)

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

«Ստացածս տեղեկության համաձայն` Աղդամի մեկ կամ մի քանի գյուղ գրավվել է: Բնակչությունը տարհանվել է գյուղերից, այդ թվում նաև Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղեր: Եղբայրս զինվորական է և ուղարկվել է Աղդամ: Աղդամի բնակիչներից ստացած տեղեկության համաձայն` բազմաթիվ խաղաղ բնակիչներ ենք կորցրել: Կաշխատեմ ամբողջությամբ ճշտել տեղեկությունը»:

Մեկ այլ օգտատեր հայտնել է, որ Եվլախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել են, բժիշկներին ուղարկել են Թարթառ, ադրբեջանական կողմը բազմաթիվ կորուստներ ունի:

Օգտատերերից մի քանիսը բողոքում են, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, լրատվամիջոցները տեղեկություններ չեն տարածում ռազմաճակատից` հայտնելով, որ իրենք ապրում են սահմանային բնակավայրերում, ու հայկական կողմի ակտիվ գործողությունների հետևանքով «անգամ տներն են դղրդում»:

«Եվլյախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել, Եվլյախում եղած բժիշկներին ռազմաճակատ են ուղարկել, բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, վիրավորներն էլ են շատ, սակայն հեռուստաալիքները տընգլ-զընգլ են անում, իսկ նախարարների բալաները եվրոպաներում կայֆեր են անում, մեր եթիմներն էլ մեռել են ու մեռնում են»:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:

Ինչպես նշում է Razm.info կայքը՝ Ադրբեջանի սովորական բնակիչների, սահմանագծում ապրողների արձագանքները թույլ են տալիս հասկանալ, որ հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի ԶՈւ հարձակումները:

(Ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել «հայկական հրատեկածության» արդյունքում)

 

14.20                         Բազմաթիվ երիտասարդներ  կամավորագրվեցին  առաջնագիծ մեկնելու համար

Այս պահի դրությամբ բազմաթիվ երիտասարդներ են դիմել Արցախի Ազատամարտիկների միությանը` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտադաշտի վերածված առաջնագիծ մեկնելու ցանկությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԱՄ Հայրենյաց պաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը:

Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զ. Ըռքոյանի փոխանցմամբ՝ Քաշաթաղի շրջանից բոլոր համայնքներից  ևս հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար: Շրջվարչակազմում ստեղծվել է քաղպաշտպանության օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի գլխավորությամբ: ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատում են արտահերթ ռեժիմով:

 

15.04                         Իրավիճակի սրման հետ կապված Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը                                               հեռախոսազրույցներ է ունեցել

ՀՀ ԱԳՆ մալուլի խոսնակ Տիգրան Բալայանի գրառումը թվիթերյան իր էջում. «Իրավիճակի սրման հետ կապված Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»:

 

15.12                         Վիրավորների մասին օպերատիվ տեղեկատվություն Ստեփանակերտի Հանրապետական                                      բժշկական կենտրոնից

Արցախի Առողջապահության նախարարության տարածած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով տվյալ պահի դրությամբ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել խաղաղ բնակիչներ Ծովինար Աղաջանյանը (ծնված՝ 1961 թ.) և Գարեգին Աղաջանյանը (ծնված՝ 1973 թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից, Զավեն Ավանեսյանը (ծնված՝ 1985 թ.) Մարտակերտի շրջանի գ. Մատաղիսից և Հայկ Թորոսյանը (ծնված՝ 1997 թ., զինծառայող):  Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

15.37                         ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան բանակցություններ է վարել ՀՀ                                                                      պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Այդ մասին ռուսական «Ինտերֆաքս-ռազմական լուրերի գործակալության» հետ զրույցում ասաց ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում. «Ամեն բան պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ պարագայում միայն հանգեցնում են իրադրության և հակամարտության սրման»: Նա նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: Վ. Զայնետդինովն ընդգծեց, որ Ն. Բորդյուժան և ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ.  «Հանրապետության Պաշտպանության նախարարությունից սպառիչ տեղեկատվություն ենք ստացել տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»:

 

15.44                         Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունը հայտնեց Արցախի նախագահին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն անմիջապես կապ է հաստատել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը։

«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետությանը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է։ Այս օրերին մանավանդ, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդի զավակները՝ Հայաստանի և Սփյուռքի տարածքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության համար, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»:

 

16:35                          Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժորդի Սեբաստիանի արձագանքը                                                               Արցախում սահմանային լարվածությանը

Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժորդի Սեբաստիան «Արﬔնպրես» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հակասում են միջազգային իրավունքի ցանկացած նորմի: «Ծանր հրետանու, ուղղաթիռների կիրառումը քաղաքացիական անձանց դեմ վերջին հարձակումների ընթացքում ահավոր քայլ է, որ բերել է անմեղ մարդկանց կորուստների: Միջազգային հանրությունը չի կարող սա թույլ տալ, ԵՄ-ն չի կարող լուռ մնալ: Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, սա շատ լուրջ խնդիր է տարածաշրջանային խաղաղության համար, որի պատասխանատվությունը պարոն Ալիևի կոռումպացված կառավարության վրա է»,- ասել է պատգամավորը՝ իր աջակցությունը հայտնելով Արցախի կառավարությանը և խաղաղությանն ուղղված նրա բոլոր ջանքերին:

 

15:54                         ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան քննարկել է Արցախում հակամարտության                                        սրումը Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Է. Նալբանդյանի հետ: Այդ մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը. «Տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը համապատասխան քայլերի ձեռնարկման և հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ հանգել են միանշանակ ընկալման»: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը « ռազմական լուծում չունի և պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են միջազգային մեխանիզմների շրջանակներում»:

 

16:13                             ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են Լեռնային Ղարաբաղում                                              ուժի կիրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և կոչ արել դադարեցնել կրակը: Այս մասին ասվում է համանախագահներ Ի.Պոպովի (Ռուսաստան), Ջ.Ուորլիքի (ԱՄՆ) և Պ. Անդրիոյի (Ֆրանսիա) համատեղ հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն անհանգստացած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի ռեժիմի լայնամասշտաբ խախտումների մասին հաղորդագրություններով: Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսում ենք մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց անիմաստ մահվան համար:

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակն ու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար: Նրանք վերահաստատում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը լուծում չէ»:

 

16:45                               ԵԱՀԿ նախագահ Շտայնմայերը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական                                                   գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում, հանդես է եկել հայտարարությամբ. «Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների սրմամբ և կորուստներով, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ես կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը:

 Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեն՝ վերադառնալու բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում:  Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքում վայելում են իմ լիակատար աջակցությունը»:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn