Արամ Աբրահամյան

 

ԱՐԱՄ ԱՐԱՅԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
25.11.1996 – 04.04.2016
Կոչումը՝ շարքային  

Ծնվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։
2003-2011 թթ. սովորել է Արտիմետի միջնակարգ դպրոցում։
Նախքան զորակոչվելը սովորել է Վաղարշապատի 2-րդ
երաժշտական դպրոցում, նաև Վաղարշապատի ռադիոդպրոցում։
2011-2014 թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի քոլեջում՝ ստանալով էլեկտրիկի մասնագիտություն։
2015 թ․ հունվարի 13-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում
որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ընթացքում 9-րդ ՊՇ N մարտական դիրքի պաշտպանության ժամանակ
համածառայակից  շարքային Արամայիս Միքայելյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ 
«Արիություն» մեդալով
և Արցախի  «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

Արամ Աբրահամյան

«Հետքերը տանում են ծովափ»։ Սա այն գրքի առաջին բառերն են, որ պիտի կարդար ապրիլյան պատերազմի ժամանակ անմահացած հերոսներից Արամ Արայիկի Աբրահամյանը։ «Արև՜, բառապաշարս հարստացնող ի՞նչ գիրք կուղարկես` կարդամ»,- խնդրել էր Արամը, և քույրն առանձնացրել էր Վիկտոր Բալայանի «Մեղադրյալի վերջին խոսքը» վեպը։ Ցավոք, Արամի համար պատրաստված գիրքը և քաղցրավենիքն այդպես էլ մնացին չուղարկված…       

Լայն ժպիտով, հումորով, կենսախինդ ու հավասարակշռված… Սա այն մակդիրների մի մասն է, որոնք նկարագրում են Արամին՝ բացահայտված և չբացահայտված կողմերով։

Արամ Աբրահամյանը ծնվել է  1996 թ.-ի նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։ Մանկությունն ու դպրոցական տարիներն անցել են գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցում Արամը ստացավ 9-ամյա կրթություն։ Մայրենիի, օտար լեզուների ու գրականության հարցում գիտեր, որ քույրը՝ Արևը, կօգնի, իսկ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները սիրում էր ինքնուրույն սովորել։ Համակարգչով զբաղվելիս էլ ընտրում էր ուսուցողական խաղեր կամ տեսանյութեր, որոնք պետք է կապ ունենային ֆիզիկայի և մաթեմատիկայի հետ։ Այսօրինակ նախասիրություններով դպրոցն ավարտելուց հետո Արամը որոշում է դառնալ էլեկտրիկ։ Մասնագիտության ընտրությունը պատահական չէր, քանի որ տղայի հայրը՝ Արայիկ Աբրահամյանը, նույնպես էլեկտրիկ է, և երբ աշխատում էր, ինչ-որ նախագծեր կազմում կամ միացումներ կատարում, Արամը դեռ փոքր տարիքից մեծ հետաքրքրությամբ էր նայում հորն ու կողքից էլ փորձում օգնել նրան։

Այսպես, մայրը՝ տիկին Նարգիզը, հիշում է․«Արամս լույսերն էնքան էր փչացնում, հետո նորից սարքում, ամեն ինչ հոսանքի հետ կապված սարքում էր։ Որպես մտավարժանք հայրը մի անգամ էլեկտրականության միացման սխեման գծեց, ցույց տվեց, հետո ծալեց թուղթը։ Արամն իր հիշողությունով նույնը գծեց՝ լրիվ նույն  ճշտությամբ։ Մի անգամ էլ Արամս հոսանքը քաշելու սխեման գծագրեց, որպեսզի հայրը՝ որպես մասնագետ, նայի ու ցուցումներ տա։ Մի քանի օր տևեց դա, հայրն արդեն մեկնել էր արտագնա աշխատանքի։ Էդ գծագիրն էդպես էլ մնաց։ Զոհվելուց հետո իրերի մեջ գտա էդ թուղթը, ու տեսանք, որ ճիշտ էր արել բաժանումը»…

Ընտրած մասնագիտության հետքերով՝ 2012-2015 թթ. Արամը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում։

Աբրահամյանների ընտանիքում 5 զավակներից չորրորդն էր Արամը։ Հայրն Արամի ծնվելուց հետո աշխատանք գտնելու նպատակով հաճախ էր մեկնում արտագնա աշխատանքի, ինչի պատճառով չի կարողացել ճաշակել որդու մեծանալու, նրա հարցերին պատասխանելու, օգնելու քաղցրությունը։ Արայիկը պատմում է, որ երբ Հայաստան էր գալիս, որդու ու կնոջ հետ դուրս էին գալիս զբոսնելու, Արամը հպարտանում և ոգևորվում էր հոր ներկայությունից. «2001 թ.-ին, երբ  5 տարեկան էր, մի անգամ զբոսնում էինք, մեկ էլ Արամը տեսավ իրա ընկերներից մեկին կողքով անցնելուց, ասեց՝ «արա՜, Սենի՛կ, պապաս ա է՜, պապաս»»,- կարոտով ու ափսոսանքով հիշում է հայրը։

Ծնողասեր Արամի համար հոր ասածն եղել է օրենքի նման, անգամ եթե գիտակցել է, որ հայրը սխալ է. «1999 թ. տունը դեռ կիսակառույց էր, ծածկ չկար, հին «Արագած» սառնարաններից էր դրսում դրած, որի դիմաց ռեզինից մեկուսիչ էի դրել։ Այգում գործ էի անում, ասացի Արամ ջան, ջուր կբերես պապան խմի։ Գնաց եկավ, թե պապա, տոկ ա տալիս։ Ասում եմ՝ հնարավոր չի, գնա մի բաժակ ջուր բեր, կեսը գնաց, պտտվեց, նայեց ասաց, տոկ ա է տալիս, բայց որ ուզում ես կբերեմ։ Հետը գնացի, ու ոտքս դրեցի այն նույն տեղը, որտեղ որ Արամն էր գնացել կանգնել։ Տեղում 220 Վ հոսանքը խփեց, բարեբախտաբար ողջ մնացի ու մտածում էի, ոնց էի տղուս ուղարկում մեռնելու»։

Դասերի հետ մեկտեղ Արամը նաև հասցնում էր հաճախել Վաղարշապատի քաղաքապետարանի 2-րդ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Սկզբում սիրով էր հաճախում, բայց ինչպես և շատերի դեպքում, այնպես էլ Արամի մոտ եկավ մի շրջան, որ այլևս ցանկություն չուներ շարունակելու երաժշտական կրթությունը։ Մայրը պատմում է, որ որդին սիրում էր երաժշտությունը վերարտադրել լսողությամբ։ «Երբ տանը մարդ էր լինում, սիրում էր նրանց համար նվագել։ Հիմնականում ջազ էր նվագում ու Յանիի ստեղծագործություններից»։Բայց քանի որ երաժշտական դպրոցում պարտադիր պայման էր նոտաներով նվագելը, իսկ Արամը հակառակն էր նախընտրում, ուստի՝ անընդհատ հրաժարվում էր պարապմունքներին հաճախելուց, թեպետ ի վերջո գնաց և ավարտեց դաշնամուրի բաժինը։

Արամը մայրիկի՝ տիկին Նարգիզի հետ

Մայր ու տղա առանձնահատուկ կապով էին կապված։ Օրվա ընթացքում հիմնականում միասին էին լինում, մի սենյակում էին քնում, միասին գրքեր էին ընթերցում, հողամասի աշխատանքներն անում։ Արամը տիկին Նարգիզի օգնող ձեռքն էր։ «Քնելուց առաջ անպայման լուսամփոփը միացնում, կարդում, հետո քնում էր։ Հաճախ հենց էդպես գիրքը բաց, դոշին դրած քնում էր, ես էի վերցնում վրայից։ Հաջորդ օրն էլ կարդացած գիրքը քննարկում էինք։ Վերջին գիրքը, որ տանը կարդացել է, Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» արկածային վեպն է եղել։ Հիմա էլ, որ գնում եմ պառկելու, միշտ էդ պատկերն է՝ ոնց էր Արամս քնում, գիրքն էլ՝ դոշին ընկած»,- արտասուքը սրբելով պատմում է մայրը։            

«Չէր թողնում,որ այգում գործ անեմ, ինքն էր բարձրանում ծառը, ասում էր՝ «Մա՛մ ջան, ես բոյով եմ, ես կանեմ, դու ուղղակի ծառի տակ կանգնի, ընկեր էղի, ես կքաղեմ»»,- հիշում է տիկին Նարգիզը։ Աբրահամյանների այգում Արամն իր ծիրանի ծառն ուներ ու նույնիսկ ծառայության ընթացքում հարցնում էր. «Հը՞, էս տարի բերք տվե՞լ ա, եթե կտրելու լինեք, առանց ինձ չանեք, ես կգամ, իմ ծառը կկտրեմ»։ Իսկ ապրիլից այս կողմ տիրազուրկ մնացած ծառը, որ միշտ բողբոջել և քաղցրահամ ծիրաններ էր տվել, ամբողջովին չորացավ…

Արամն իր բնավորությամբ պահանջկոտ չէր, ծառայության ժամանակ միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ուզում։ «Որ ասում էինք`«Արա՛մ, դե մի բան ասա՛, մեկ ա` ուղարկելու ենք», միշտ տեղի էր տալիս ու քաղցր-քաղցր ասում՝ «դե մա՛մ, «նրանից» էլ մի քիչ կուղարկեք»՝ նկատի ունենալով փողը,- ասում է մայրը։

Արամը ծառայության է անցել 2015 թ. հունվարի 13-ին Մեխակավանում (Ջաբրայիլում)։ Ծառայել է որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։

Ծառայության ընթացքում մեկ անգամ է արձակուրդ եկել, այն էլ անակնկալ կերպով։ «Սպասում էինք, որ մեծ հարսիս եղբայրը պետք է արձակուրդ գար։ Տնից դուրս գալուց տեսնենք՝ մեզ դեմ դիմաց զինվոր է գալիս։ Սկզբից թվաց՝ հարսիս եղբայրն է, ամուր գրկեցի. որ Արամիս կարոտն էլ առնեմ, հետո տեսա, որ Արամս է՝ ձեռքին էլ ծաղիկներ»,- պատմում է մայրը։ Արձակուրդի այդ օրերին պարոն Արայիկը նույնպես տանն էր, պատշգամբում հայր ու որդի կանգած խոսում էին։ «Արամն իր նպատակներից, ծառայությունից էր պատմում։ Ուզում էր ինձ մոտ որպես էլեկտրիկ պրակտիկա անցնել, դրսում մի քիչ աշխատել, հետո էստեղ մագիստրատուրա ընդունվել։ Էդ խոսքի կեսից ես էլ ասացի՝ «տղա՛ ջան, միշտ հիշի, որ թշնամին չպիտի թիկունքդ տեսնի»։ Վերջին մեր հանդիպում էր, էդ ժամանակ էլ եղբոր որդին եկավ, պինդ գրկեց, ես էլ կատակով ասում էի՝ «նենց ես հոպարիդ գրկել, ոնց որ վերջին անգամ ես տեսնում»»,- պատմում է հայրը։

Բարձրահասակ, ժպտադեմ ու ընդգծված դիմագծերով Արամին դժվար էր չնկատելը։ Հոր խոսքերով՝ երբ խոսք էր բացվում անձնական կյանքից ու ամուսնանալուց, Արամն ասում էր, որ դեռ ժամանակը չէ, որ դեռ փնտրտուքների մեջ է, թեպետ  ընտանիքի կարծիքով՝ տղան սիրած աղջիկ ուներ։

Տիկին Նարգիզը սիրում էր իր անվան ծաղիկներից խնամել այգում։ «Մինչև ծառայության անցնելն Արամն եկավ թե՝ «Մա՛մ ջան, քո նարգիզներից տո՛ւր՝ տանեմ, մեկին տամ։ Այդ ժամանակ դեռ նոր էր ծաղկել, ու մի սոխուկն էր ընդամենը բացվել։ Ասացի՝«Արա՛մ ջան, արի՛՝ ուրի՛շ ծաղիկ տար, սա երբ որ կշատանա, էն ժամանակ կպոկենք»։ Ասաց՝ «Մա՛մ, քո գործն ա, որ տաս, իմ գործն ա, որ ես տանեմ»։ Վերջը գնաց, ուրիշ ծաղիկներ գնեց, բայց տղես հենց էդ մեկն էր ուզում»,- ասում է մայրը և շարունակում, որ երբ առաջին անգամ որդու գերեզմանին է այցելել, բռով հավաքել է ամբողջ նարգիզները և տարել՝ մտքում անընդհատ այն միտքը, թե ինչու այն ժամանակ մերժեց որդուն…

Արամը բնավորությամբ նեղացկոտ չէր, բայց մի փոքր նեղվելու դեպքում անմիջապես ունքերն ու դեմքը խոժոռվում էր։ Մայրն ասում է, որ երբեմն, երբ վիճում էին, հաշտվելու համար միշտ գալիս, կողքը կանգնում էր ու ուսով մոր ուսին հարվածում, հետո ժպտում։

Արամը՝ ծառայակից ընկերների հետ: Աջից առաջինը Արամայիս Միքայելյանն է:

Ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Արամին և ծառայակից ընկերներին դիրք տեղափոխող մեքենայի կողքին պայթում է թշնամական ականը, ինչից ուսի շրջանում վիրավորում է ստանում Արամը։ Վերջինս, սակայն, չէր ցանկացել անհանգստացնել ծնողներին, մտատանջությունների մեջ գցել և այդպես էլ չէր ասել։ Տան անդամներն այդ մասին իմացել են միայն դեպքից հետո որդու համածառայակից Արամայիս Միքայելյանի ծնողներից։

«Մեր որդիների հետ կատարված դեպքից հետո մենք ընտանիքներով շատ մտերմացանք, ու Արամայիսի մայրը՝ Լիլիթը, պատմում էր, որ Արամը մարտի  վերջին օրերին ուսի հատվածում վիրավորվել է, իսկ դրանից առաջ էլ բարձր ջերմություն է ունեցել»,- ասում է տիկին Նարգիզը և նշում, որ այդ օրերին որդու հետ կապ իսկապես չէին կարողանում հաստատել, և երբ հիվանդ ժամանակ էլ զգում էին, որ ձայնը փոխված է, ասում էր՝ «Մա՛մ ջան, բան չկա, ստեղի ջրերից ա»։

Ապրիլի 2-ին տիկին Նարգիզի հեռախոսն անջատված է լինում։ Արամը զանգում է եղբորը և խնդրում, որ նա հեռախոսը փոխանցի մայրիկին։ «Խոսեցինք, ասաց՝ «Մի 2 րոպե ազատ ժամանակ ունեմ, ուզում էի քո ձայնն էլ լսել»»։

Սա մոր և որդու վերջին խոսակցությունն էր։ Ապրիլի 4-ի առավոտյան Արամը խոսել է քրոջ՝ Արևի հետ, ինչից ժամեր անց հերոս հայորդին այլևս կենդանի չէր…

Աբրահամյանների ընտանիքի մխիթարանքը Տիրոջ հոգին է, և նրանք հավատում են, որ այս ցավոտ բաժանությունը ժամանակավոր է։ «Ցանկացած սերմ, որ դնում ես հողի մեջ, մինչև չմեռնի, մյուս կողմից հարություն չի առնի։ Արամս էլ հիմա ավելի լավ երկրում է գտնվում։ Ցավ եմ ապրում, բայց գիտեմ՝ ում եմ հավատում և մխիթարվում եմ»,- ասում է պարոն Արայիկը։

 

Հեղ․՝ Նունե Խաչատրյան

 

Ստորև՝ Արամ Աբրահամյանի մաղթանքը քրոջը՝ նշանադրության ժամանակ