Արամայիս Միքայելյան

 

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
21.07.1996 – 04.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Սյունիքի մարզի Գորհայք գյուղում։
2002-2005 թթ. սովորել է Գորհայքի միջնակարգ
դպրոցում, 2005-2006 թթ.՝ Երևանի №44 դպրոցում։
2006-2013 թթ. միջնակարգ կրթությունը շարունակել և
ավարտել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի
միջնակարգ դպրոցում։ Այցելել է Արմավիրի արվեստի
պետական քոլեջ, սովորել քանդակագործություն։
2013 թ. ընդունվել է Երևանի «Հայբուսակ»
համալասարանի իրավագիտության ֆակուլտետ։
2015 թ. հունվարի 17-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում որպես հրաձգային ջոկի նռնակաձիգ։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ընթացքում 9-րդ ՊՇ N մարտական դիրքի պաշտպանության
ժամանակ համածառայակից Արամ Աբրահամյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

Արամայիս Միքայելյան

«Մարդ պիտի ճիշտ ապրի, անուն թողնի, հերոս ապրի, արժանավոր մեծանա»…          

Արամայիս Միքայելյանի մայրը՝ տիկին Լիլիթը, նոր է վերլուծում որդու խոսքերը, մինչդեռ առաջ մտածում էր, թե ինչո՞ւ է որդին դպրոցական տարիքում նման մտքեր արտահայտում։ Տղայի մասին պատմող մայրն ասում է, որ Արամայիսն ուսումնասիրում էր մեր պատմությունը, արցախյան գոյամարտը ու փորձում էր նմանվել Շուշիի ու Ստեփանակերտի միջև գտնվող «26» դիրքի լեգենդար հրամանատարին՝ Յուրա Հովհաննիսյանին։

Մայրը սիրում էր որդուն «Արամիկ» անվանել։ Մինչև ծառայությունն Արամայիսը չէր ըմբոստանում, իսկ երբ արդեն ծառայության էր անցել, ասում էր. «Արամայի՛ս ասա, մա՛մ, մեծ տղա եմ արդեն»։

Արամայիս Միքայելյանը ծնվել է Սյունիքի մարզի Գորհայք գյուղում։ Մանկությունն անցկացրել է Սյունյաց լեռների գրկում։ Մայրը պատմում է, որ դեռ 2 տարեկանից պապիկի հետ միշտ սարեր էր գնում՝ ոչխարներին արածեցնելու, պապիկի հետ մնում էր սարերում մեղուների մոտ։ «Մի անգամ, երբ 5 տարեկան էր, պապիկի հետ էլի սարերն էր բարձրացել մեղուների մոտ։ Էս իմ խելոքիս գլխին էլ թե ինչ էր փչել, փայտը վերցրել ու մեղվի փեթակի բունն էր սկսել խառնելը։ Մի 40 տեղից կծել էին երեխուն, ազատ տեղ չէին թողել»։

Արամայիսը երկու տարի սովորել է Գորհայքի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան, և տղան մեկ տարի սովորել է №44 միջնակարգ դպրոցում։ Ուսումն ավարտել է Արմավիրի մարզի Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցում։

Ծննդավայր Գորհայքում Արամայիսը սիրում էր գրքերը դնել թևի տակ ու մինչև մայրամուտ դաշտերում կարդալ դրանք։ Հիմնականում այնտեղ էր մնում և ի տարբերություն փոքր եղբոր՝ Արսենի, միշտ էլ կապված է եղել բնության և գյուղի հետ։ Եղբայրը մորը միշտ ասում էր. «Տղեդ բանակից գա, ես գնամ քաղաք, ինքը թող գյուղում ապրի»։

Դպրոցում Արամայիսը հիմնականում սիրել է հայոց պատմություն և գրականություն առարկաները։ Առհասարակ տղային հարազատ էր պատմության հետ կապված ամեն ինչ․ սիրում էր պատմական ֆիլմեր, իսկ համակարգչային խաղերը պարտադիր պետք է կապ ունենային պատմական կերպարների ու հերոսների հետ։ Սիրած պատմական կերպարը եղել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Դպրոցում տղան աչքի է ընկել համեստությամբ, խելացիությամբ, և ուսուցիչները հաճախ էին կատակով ասում. «Մի բան արա՛՝ մամայիդ բողոքենք ծնողական ժողովին»։

Ամաչկոտ, հանգիստ բնավորությամբ ու փոքր-ինչ զուսպ Արամայիսը դեռ փոքրուց ամենաշատը կապված է եղել մոր հետ, ում ներկայությունը նա պետք է զգար ամեն տեղ ու ամեն պահի։ Մայրը պատմում է, որ դպրոցական տարիներին Արամիկը մեկ շաբաթով ճամբար էր գնացել, ու չանցած երեք օր՝ տնօրենը զանգել էր և ասել. «Լիլի՛թ ջան, բոլոր երեխեքից միայն Արամայիսն է, որ չենք կարողանում քնացնել, ասում է՝«մամայիս եմ ուզում, էլ չեմ ուզում էստեղ մնալ»»։

2013 թ․ դպրոցն ավարտելուց հետո Արամայիսն ընդունվել է Հայբուսակ համալսարանի իրավագիտության բաժինը։ Իրավագետի մասնագիտությունն ընտրած Արամայիսը լավ էր սովորում, պարտաճանաչ ուսանող էր։ Նրան՝ որպես կուրսի լավագույն ուսանող, ուղարկել էին Փաստաբանական պալատ՝ առանձին դասընթացի։

«Որ ընդունվեց Հայբուսակ, մի շաբաթ հետը դասի եմ գնացել, ասում էր՝«կլինի՞ հետս գաս»։ Գնում, կանգնում էի համալսարանի դիմաց, դասամիջոցին իջնում էր մոտս ու էլի գնում դասի»,- հիշում է մայրը, և հավելում, որ նույնիսկ զինկոմիսարիատ որդու հետ միասին է գնացել բժշկական ստուգումներն անցնելու համար։ Իսկ արդեն ծառայության ընթացքում՝ մայրը «հեռակա» 1 տարի և 2 ամիս ծառայել է որդու հետ միասին։

Բանիմաց և շնորհաշատ Արամայիսը կարող էր փայլուն ու խելացի ուսանող լինել, նույնիսկ եթե ընտրեր ոստիկանի կամ հոգևորականի մասնագիտությունը։ Նման ոլորտային նախասիրություներ ուներ, սակայն ոստիկանության ակադեմիա չկարողացավ ընդունվել, քանի որ դեռևս չէր ծառայել։ Հոգևորի, Աստծո հետ կապը նրա մոտ սկսվեց այն ժամանակ, երբ հաճախում էր Էջմիածնի հայորդաց տուն, որտեղ քանդակագործություն էր սովորում։ Իսկ Աստվածաշնչի ընթերցանությունը վերջացրել է զորակոչման օրվանից երկու օր առաջ՝ գիրքը մի վերջին անգամ դնելով բարձի տակ։ Այս ամենի հետ մեկտեղ Արամայիսը հասցնում էր հաճախել նաև ռադիոտեխնիկայի դասերի։

Արամայիսը՝ ծնողների հետ

Ծառայության ժամանակ Արամայիսն ընտանիքի անդամներին խնդրել էր, որ իրեն ուղարկեն Աստվածաշունչը, սահմանադրությունը և քանդակի համար իր գործիքները։ Այնտեղ խաչեր էր պատրաստում, նվիրում ընկերներին։ Վերջին շրջանում սկսել էր ՀՀ զինանշանը քանդակել, որն, ավա՜ղ, կիսատ մնաց։ Նրա աշխատանքներն այնքան մանրակրկիտ և նուրբ են, որ կարծես ձեռք դիպած չլինեն։

Ծառայության ընթացքում պահանջկոտ չէր, բայց եթե ինչ որ բան պետք է տնից ուղարկեին, միայն տնական էր ուզում. «Քո ձեռի սարքածը, մա՛մ, մենակ քո ձեռի սարքածը»,- հիշում է տիկին Լիլիթը։

Ծառայությունն ավարտելուց հետո Արամայիսը շատ նպատակներ ուներ, որոնցից մեկն էլ եղբոր հետ միասին իրենց տան բակում արհեստանոց ունենալն էր։ Թեև իր կյանքի նման անավարտ մնացին Արամայիսի աշխատանքները, բայց և այնպես, ընտանիքն արդեն որոշել է, որ արհեստանոց բացելու են և հերոսի կիսատ թողած գործը շարունակելու է եղբայրը։ Արսենը խոստովանում է, որ եղբոր գործիքներն ավելի զգուշավորությամբ է օգտագործում, որ հանկարած չվնասի կամ չկորցնի դրանք։

Ի տարբերություն բնավորությամբ համեստ Արամայիսի՝ Արսենն ավելի տաքարյուն է։ Ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11։00-ի հատվածում, Արամայիսի հետ Արսենն է խոսել․ «Ասում էր՝ «Հիշո՞ւմ ես՝ քեզ մի անգամ ինչ եմ ասել, նորից հիշի, որ դիրքում կյանքը հիսուն-հիսուն ա, մամային, պապային լավ կնայես, կարող ա՝ ես հետ չգամ»»։ Հեռախոսն անջատելուց հետո Արսենը դուրս է գալիս տնից, Էջմիածնի երկրապահներին խնդրում, որ իրենց հետ առաջնագիծ տանեն, միաժամանակ դիմում տեղի զինկոմիսարիատ՝ նոր հավաքի դեպքում իրեն ընդգրկելու համար։

Արամայիսը՝ ծառայակիցների հետ: Ձախից երկրորդն Արամայիսի հետ զոհված Արամ Աբրահամյանն է:

Նույն օրը երեկոյան՝ ժամը 22։00-ի հատվածում, տիկին Լիլիթը որդուց հաղորդագրություն ստացավ. «Մա՛մ ջան, լավ կմնաս»…

Արամայիս Միքայելյանը և համերկրացի Արամ Աբրահամյանը զոհվեցին հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, դեպի 9-րդ ՊՇ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս թշնամական արկի հարվածից։

Որդուն ծառայության ուղարկելիս մայրն ամուր գրկել էր նրան և ասել. «Պարտքդ կատարի, բայց խոստացի, որ անփորձանք կգաս, ինձ հասնես», իսկ տղան պատասխանել էր. «Տենց էլ լինելու ա, մա՛մ, տե՛ս՝ տղեդ ինչ հերոսությամբ ա գալու»…

Արամայիսը երկրին տվեց ամենաթանկ բանը՝ կյանքը, և իր անունը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, պաշտպանելով հայրենի հողը։

Հեղ․՝ Նունե Խաչատրյան