Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն
Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն

Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն

 

Նախաբան

Քաղաքագետներն այսօր նշում են Ապրիլյան պատերազմի սանձազերծման դրդապատճառների բազմաթիվ քաղաքական կողմեր: Սակայն, մեր կարծիքով, կասկածից վեր է, որ Ադրբեջանը հարձակվելուց առաջ հստակորեն հաշվի էր առել մի քանի հանգամանք:

Անցած տարիներին Ադրբեջանը ձեռք էր բերել մեծ քանակությամբ նորագույն զինատեսակներ, ճիշտ է, հիմնական մատակարարումները դեռ շարունակվում էին, սակայն մեծ մասն արդեն կար, ինչը մեծ վստահություն էին ներշնչել՝ անգամ, որ դա կարող է իր համար հաղթանակ ապահովել: Բացի այդ հարկ էր շտապել, քանի որ Ադրբեջանին հայտնի էր, որ թեև հայկական կողմը ևս ձեռք է բերում զենք, սակայն դրա մի զգալի մասը դեռ ճանապարհին է: Եթե դրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն էր փորձել սանձազերծել կայծակնային պատերազմ:

Սակայն զուտ ռազմական դրդապատճառները այսքանով չէին սահմանափակվում: Եղանակներն Արցախում և Ադրբեջանում չոր էին, գետնի ամրությունը զրահատեխնիկայի համար բավարար էր: Ձյուն կար միայն լեռնային հատվածներում, իսկ հատկապես Սոթք-Քարվաճառում մարտական գործողությունների համար կարող էին լինել եղանակով պայմանավորված բարդություններ: Այս, ինչպես նաև Սոթք-Քարվաճառում ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիաների հետևանքով հակամարտող երկու կողմերի համար էլ հնարավոր խոչընդոտների պատճառով այս տարածքը դուրս մնաց Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման հիմնական ուղղություններից: 

Ադրբեջանը վերջին երկու տարվա ընթացքում կատարել էր առնվազն 180 դիվերսիոն ներթափանցման փորձ՝ դրանց խորությունն ու բնույթը մեծացնելով: Միևնույն ժամանակ աճում էր նաև կրակային միջոցների կիրառման ծավալը[1]: Դիվերսիաները սցենարային առումով ևս փոփոխություն էին կրում: Հենց առաջնագծի մարտական հենակետերի վրա հարձակումից նրանց անցել էին թիկունք ներթափանցելու փորձերին, թիկունքային կապուղիները ականապատելուն և այլն: Դիպուկահարները ժամանակի հետ իրենց տեղը զիջեցին հրետանային միջոցներին: Հրետանին ևս սովորական կրակից անցել էր արդեն ԱԹՍ-ներով կրակի կառավարմանը:

Ադրբեջանի գործողությունների քողարկումը
և մարտավարությունը

Ադրբեջանը շուրջ երկու տարի մշտական լարվածությամբ, դիվերսիաներով, ականային պայքարով և հրետանու կրակով փորձեց հայկական բանակի ուշադրությունը բթացնել: Ընտելացնելով նման լարված իրավիճակին նրանք ժամանակի հետ սկսեցին նաև որոշակի ուժերի առաջքաշումը, հետո դրանց ակտիվ խուսավարումը հյուսիսից հարավ, այս զորամիավորումից այն զորամիավորում, առաջնագիծ ու կրկին հետ: Սա հին մեթոդ է, որով դիմացինին մոլորեցնում են: Այդ նոր ուժերի մեջ էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք մաս-մաս բերվել էին առաջնագիծ և հետ չէին տարվել՝ փաստացի հասցվելով մոտ երկու բրիգադի ներուժի: Նույն ժամանակ, սակայն, Ադրբեջանական ԶՈւ-երը դիմեցին նաև ռազմարվեստի նորարարական լուծումների: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց մեծ ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Առանձին ու հատուկ կուտակումներ տեղի չեն ունենում: Ադրբեջանըն այս անգամ հենց այդպես գործեց. տեղում եղած բանակային կորպուսները կամաց-կամաց համալրելով՝ ոչ ամբողջ բանակի ներուժով փորձեց նույնն անել:

Միևնույն ժամանակ նշենք, որ ադրբեջանական բանակային կորպուսները բրիգադային երկու շարակազմով էին դասավորվել, ինչը օպերատիվ մակարադակում հստակ անակնկալ հարձակման համար հարմար մարտակարգ է: Ադրբեջանն օպերատիվ շարվածքում առկա այդ ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Դրա հաստատումն են հավաքված զորախմների ուժերը, ինչը հաստատվում է նաև հայկական ԶՈւ-երի հետախուզական տվյալներով[2]: Հատկապես կարևոր էր կենտրոնական հատվածում կուտակած զորախումբը, որը ըստ պլանի՝ պիտի գործարկվեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո: Այս ամենը ապացուցվեց նաև խոցված մարտական ուղղաթիռի օդաչուների մոտ առկա փաստաթղթերով[3]: Կենտրանական հատվածում օպերատիվ շարվածքին ավելացվել էին նաև այլ ուժեր, որոնց առաջ քաշումն էլ ժամանակ էր պահանջում:

Բացի այդ, ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին օրը մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում՝ սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Բնակավայրերը նշվում էին զարմանալի օրինաչափությամբ ու հերթականությամբ: Նույն պլանի համաձայն գործում էին նաև Թուրքիայի լրատվամիջոցները: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, արդեն չէին համընկնում մարտական գործողությունների հետ, քանի որ վերջիններիս ընթացքը ծրագրվածից էապես շեղվել էր:

Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Այս տեղամասը պատահական չէր ընտրված, այն 4-րդ և 5-րդ ՊՇ-ների պաշտպանության տեղամասերի կցատեղին էր[4]: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիսում նպատակ ունեին առավելագույնը գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Ըստ ՊԲ-ի հայտնած տվյալների՝ այլ զորախմբերց բացի գործել է նաև 73-րդ հատուկ խումբը մինչև հազար զինծառայողներով[5]: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել 1-ին շարակազմի մեկական մոտահրաձգային բրիգադի ուժեր ու միջոցներ: Դրանք ուժեղացված են եղել հատուկ նշանակության երկու բրիգադների ուժերով, այդ թվում 777-րդ բրիգադի, ինչպես նաև 191-րդ լեռնահրաձգային բրիգադի ուժերը[6], որոնք հիմնականում գործել են հյուսիսում: Ըստ որոշ տեղեկությունների՝ եղել են նաև ուժեր ադրբեջանական 101-րդ և 52-րդ հատուկ նշանակության բրիգադների ուժերից:

Ադրբեջանական զորքերի առաջին շարակազմում հիմնականում գործել են այս արհեստավարժ ուժերը, գրեթե չեն կիրառվել ժամկետային ծառայողներ, որոնք, հավանաբար, պիտի լինեին հաջողությունը զարգացնող շարակազմում: Դա հիմնավորվում է նրանով, որ հիմնական զոհերն արհեստավարժներ էին, ինչպես նաև այն դիրքերում, որտեղ մերձամարտից էին զոհվել, բոլորը դիվերսիոն հետախուզական խմբերի ծառայողներ էին:

Հիմնական ուղղություններից յուրաքանչյուրում կենտրոնացված էին նաև կորպուսների ողջ տանկային և հրետանային ուժերը: Փաստորեն, ամեն կողմից գործել է մոտ երկու բրիգադ՝կորպուսի ողջ հրետանու և տանկային ուժերի հետ համատեղ: Ուղղություններին տրվել էր նաև մեկական հարվածային ուղղաթիռային էսկադրիլիա, որը ծածուկ տեղափոխվել էր մարտական գործողությունների շրջան: Այս ամենի մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է: Ըստ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լ.Մնացականյանի` միայն երեք օրում թշնամին արձակել է ավելի քան 20.000 արկ, այն ժամանակ, երբ Արցախյան պատերազմի նախորդ փուլի հինգ տարում՝ ընդամենը 100.000 արկ[7]:

Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:

Ադրբեջանական ԶՈՒ-ն, գործելով հինգերորդ սերնդի պատերազմների տրամաբանությամբ, կիրառելով նոր օպերատիվ լուծումներ, փորձել է նաև կատարել մարտավարական հնարամտություն, որը մի քանի անգամ փայլուն կերպով իրագործվել է ռազմարվեստի պատմության մեջ: Նման մարտավարությամբ ժամանակին հաղթանակի են հասել իսրայելական բանակը` 1973 թ., իրաքյան բանակը՝ 1986-1987 թթ. և ամերիկյան բանակը՝ 2003 թ.: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում փորձ է արվել մարտավարական խորքում իջեցնելու օդային դեսանտ: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց նման փորձի ժամանակ է խոցվել: Անցնող ամիսների ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձում էին նաև լուծել խորքային դիվերսիաների խնդիրը: Ողջ 2012-2015 թթ. կատարելով մարտավարական դիվերսիաներ անմիջապես դիրքապահների ուղղությամբ՝ 2015 թ. ավարտից սկսած նրանք փորձում էին խորը ներթափանցումներ իրականացնել: Այս ողջ դիվերսիաների ընթացքում ադրբեջանական ուժերը կրում էին ծանր կորուստներ, սակայն միևնույն ժամանակ հետախուզում էին մեր  ամբողջ պաշտպանական գոտինԱյսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավելու առջևի բնագծերը կամ բացվածքներ ապահովելու այդ բնագծերում և միաժամանակ, թիկունքից հարված հասցնելով գումարտակային խորությամբ, խուճապ առաջացնելու:

Հիմնական զրահատանկային միջոցները շարժուն խմբերի հետ գտնվել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Հյուսիսային ուղղությամբ ապրիլի 1-ի ուշ երեկոյան ու գիշերը դիվերսիոն խմբերն արդեն հասել են Թալիշ գյուղի հատված և բարձունքներում դիրքավորվելով՝ ապահովել են հրետանու կրակը, որն էլ իր հերթին համապատասխան պահին փորձել է արգելափակել ՊԲ-ի գումարտակների առաջխաղացումը: Այլ խմբեր փորձել են կատարել նույնը՝ ճանապարհների վրա ծուղակներ պատրաստելով: Առաջին իսկ հարվածների անակնկալությամբ և սրընթացությամբ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է գրեթե գրավել Թալիշ գյուղը և ապահովել մոտակա գումարտակների արգելափակումը:

Միևնույն ժամանակ ադրբեջանական զորքերը հարված են հասցրել հարավային ուղղությամբ տեղակայված հայկական ուժերի ՀՕՊ հրամանատարական կետերից մեկի ուղղությամբ:

Ապրիլի 2-ի լույս առավոտյան հակառակորդը սկսել է կիրառել օդուժ և հյուսիսային և հարավային ուղղությամբ, հիմնականում՝ ուղղաթիռներ, սակայն Թալիշի հատվածում եղել է նաև գրոհիչ ինքնաթիռ: 7-րդ ՊՇ-ի գումարտակների ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է դիվերսիոն խմբի հարձակում: Մասնավորապես՝ դիվերսիոն հետախուզական խումբը, զինված նաև փոքր տրամաչափի ականանետերով, հարձակում է գործել երրորդ գումարտակի դիրքերի ուղղությամբ: Նույն ժամանակ ադրբեջանական մարտական դիրքերից սկսվել է ինտենսիվ կրակ բոլոր կրակային միջոցներից: Արդեն 6:30 սահմաններում հակառակորդը կիրառել է նաև մարտական ուղղաթիռներ: Այս ամենը համակարգված ու պլանավորված հարձակում էր: Ադրբեջանական ուղղաթիռներից մեկին երրորդ գումարտակի ԴԶՀ ջոկի հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Մանուկյանը խոցել է “Իգլա” ԿԶՀՀ-ով: Ժամը 11:40-ի սահմաններում երկրորդ գումարտակի մեծ տրամաչափի գնդացիրների կրակով 6-րդ և 7-րդ ՊՇ-ների միջանկյալ հատվածում խոցվել է երկրորդ ուղղաթիռը: Այս ուղղաթիռները ակտիվորեն կրակ էին վարում հայկական դիրքերի ուղղությամբ:

Գործելով այս կերպ և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի հանկարծակիության գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումն իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով երկրորդ շարակազմ և պահեստային ուժեր: Մեծ ուժեր այս ընթացքում խորքից առաջ չեն տեղափոխվել, առավելագույնը՝ առանձին գումարտակներս և ուղղաթիռներ: Մեծ ուժերի շարժը սկսվել է միայն պատերազմի օրը:

Մարտական գործողությունների որոշ
առանձնահատկությունների վերլուծություն

Ապրիլի առաջին օրվա գիշերն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսում են իրենց գործողություններն ավելի քան 35 ուղղությամբ: Որոշ խմբերի անմիջապես սկզբից հաջողվում է ներթափանցել ու դարանակալել հայկական ստորաբաժանումների և բնակավայրերի ենթակառուցվածքների մոտ:

Ոգևորվելով այս խմբերի հաջողություններով՝ այլ խմբերը սկսել են անմիջապես կարևոր դիրքերի վրա գրոհ և նույնիսկ որոշ տեղերում ձեռնամուխ են եղել ականաձերծման աշխատանքներին՝ տանկային ստորաբաժանումների  համար անցուղիներ ապահովելու համար: Ըստ մանրակրկիտ պլանավորած գործողությունների՝ այն ժամանակ, երբ այս դիվերսիոն խմբերը փորձում էին գրավել կարևոր դիրքերը, իսկ արդեն խորքում եղածները փորձում էին խանգարել հայկական ուժերի համալրմանն ու օգնության կազմակերպմանը, հատվածների ուղղություններում, մասնավորապես՝ Սեյսուլանի ուղղությամբ հյուսիսում և հարավում Արաքսի ափից դեպի հյուսիս մինչև մեկ-երկու դասակների հենակետերի ճակատով (դասակի հենակետի ճակատը լայնքով կազմում է մինչև 400 մ, խորությամբ՝ մինչև 300 մ) սկսվել է ադրբեջանական ԶՈւ-ի տանկային հարձակումների նախապատրաստությունը: Հրետանու կրակի աջակցությամբ առաջնագծին մոտեցել են ականազերծող մեքենաները և սկսել են անցուղիներ բացել տանկերի համար: Սեյսուլանի ուղղությամբ, օրինակ, գերակշիռ ուժերի կրակի տակ է ընկել վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վաշտի մի ջոկի կազմով:

Սակայն հենց առաջին ժամից ադրբեջանցիների պլանները սկսել են խախտվել:

  • Թալիշում հայկական հատուկ նշանակության փոքր ջոկատը, որը պլանային դետքային գործողություն էր կատարում տեղանքում, հանկարծակի մարտի բռնվելով հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, կարողանում է հետ շպրտել ադրբեջանական ջոկատներին գյուղի դիրքերից, նրանց փախուստի մատնել և անգամ հետապնդելով մի քանիսին ոչնչացնել:
  • Ադրբեջանական հատուկ նշանակության որոշ ջոկատներ նույնիսկ մի քանի անգամ գերազանցող ուժերով չեն կարողացել գրավել նախանշված բոլոր դիրքերը, հատկապես՝ բարձունքներում:
  • Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների և տանկային ուժերի համագործակցությունը սկսում է խափանվել՝ իր հերթին խափանելով ողջ ռազմագործողության ներդաշնակումը:
  • Հայկական ստորաբաժանումների հիմնականում գումարտակային հրետանին ոչ միայն ամբողջովին չի ճնշվում, այլև սկսում է իր դիպուկ կրակով զգալիորեն խանգարել ադրբեջանական ստորաբաժանումների գործողություններին:

Այսինքն՝ ադրբեջանակական ուժերի չի հաջողվում իրականացնել գլխավորը` հիմնական հարվածային ուժերի համար ճանապարհ բացել, ինչպես պլանավորած էր առաջին արարում: Ավելին՝ հարձակումը սկսելուց արդեն մի քանի ժամ անց պլանները ավելի են ձախողվում, երբ հայկական ստորաբաժանումներից շատերին հաջողվել է նույնիսկ գումարտակային պահեստային ուժերով հակագրոհներ իրականացնել: Հատկապես արագ իր բոլոր կորցրած դիրքերը հետ է վերցրել 5-րդ ՊՇ-ը [8]: Այստեղ շատ գրագետ ու նախաձեռնողական է գործել ՊՇ հրամանատարը, նրա սպառազինության գծով տեղակալը և գումարտակի հրամանատարը:

Արդեն ապրիլի 2-ի ցերեկը հակառակորդը, սպառելով իր գրոհող խմբերի առաջին շարակազմի հիմնական ուժերը և կորցնելով անակնկալության առավելությունը, փորձել է ևս մեկ անգամ գրոհ զարգացնել՝ մարտի մեջ նոր ուժեր նետելով: Այսպիսով՝ ապրիլի 2-3-ը հակառակորդը, որոշ տեղերում կորցնելով իր գրաված դիրքերը, այլ տեղերում ենթարկվելով հայկական ստորաբաժանումների համառ հակագրոհներին, ստիպված է եղել դիմել վերախմբավորումների: Երկու ուղղություններում էլ հայկական ուժերը, կիրառելով տանկեր ու հրետանի, անցել են հակահարձակման: Դա հակառակորդին ստիպել է իր հիմնական պլանից անցում կատարել պաշտպանության:

Չկարողանալով հանկարծակիի բերել հայկական ստորաբաժանումներին` հակառակորդը ձեռնամուխ է եղել “Բ” պլանի իրագործմանը՝ հրետանային ինտենսիվ կրակով ճնշմամբ գոնե առջևի դիրքերի գրավմանը: Թեև նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջնագծի դիրքերը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ ռազմագործողությունը. քանի որ հիմնական ուժերը, ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել անցնելու դիրքային մարտերի: Ձախողվելով եղած ուժերով ու միջոցներով պաշտպանական բնագծերի ճեղքումը՝ հակառակորդը կիրառել է ավելի բարձր մակարդակի միջոցներ` ծանր հրետանի, մարտական ԱԹՍ-ներ և այլն: Անգամ այս միջոցների կիրառմամբ, սակայն, հակառակորդին չի հաջողվել ավարտել ճեղքման գործը և նույնիսկ գրավված առանձին դիրքերում ամրանալ: Միայն հյուսիսային հատվածում նրանց հաջողվել է մխրճվել երկրորդ բնագիծ և դիմակայել մեր հակագրոհները: Հայկական զորքերի մշտական հակագրոհներն ադրբեջանական ստորաբաժանումների ամրանալու հնարավորություն չէին տալիս:

Հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ: Նույն ժամանակ հյուսիսային հատվածում խոցվել էին մի քանի ԱԹՍ-ներ:

Ապրիլի 3-4-ին ադրբեջանական ԶՈւ-ն փորձեցին հաջողության հասնել հատկապես մարտական ԱԹՍ-ների կիրառությամբ՝ հատկապես հոգեբանական ազդեցություն թողնելով: Սակայն իրականում մի քանի տասնյակ կիրառության դեպքերից միայն մի դեպքում նրանց հաջողվել էր նման ԱԹՍ-ով հարված հասցնել քաղաքացիական ավտոբուսին, և մեկ զոհ էլ եղել էր 5-րդ ՊՇ-ի շտաբին հարվածելիս: Մնացած դեպքերում հարվածներն ապարդյուն էին եղել, քանի որ հարվածները հասցվել էին հայկական կողմի պատրաստած կեղծ թիրախներին:

Չկարողանալով կոտրել հայկական ստորաբաժանումների դիմադրությունը՝ ադրբեջանական ԶՈւ-ն ապրիլի 3-4-ին նորանոր ուժեր ու միջոցներ են նետել մարտի, սակայն կրկին ու կրկին անհաջողության մատնվել: Հատկապես ուշագրավ է ուժերի կուտակումը կենտրոնական հատվածում: Ապրիլի 2-ից սկսած ադրբեջանական զորամիավորումները ձեռնարկում են նոր կուտակումներ ու վերախմբավորումներ, մասնավորապես՝ մարտական գործողությունների շրջան են բերվում երեք հրետանային բրիգադ և մեծ համազորային այլ ուժեր: Կենտրոնական ճակատի ուղղությամբ տանկային գումարտակին հավասար ուժերը ամբողջ օրը խուսավարումներ են կատարում և, միևնույն կրակային դիրքերում երկար ժամանակ չմնալով,  փոխում դիրքերը: Դա արվում էր հիմնական հարվածի ուղղությունը քողարկելու նպատակով: Ապրիլի 4-ին այդ կուտակումները հասնում են իրենց գագաթնակետին: Արդեն կեսօրին ռազմաճակատի կենտրոնական հատվածում  ադրբեջանական ԶՈւ-ն կենտրոնացրել էին երկու լրացուցիչ համազորային բրիգադների ուժեր և միջոցներ՝ չհաշված նախորդ օրերի կուտակումները:

Ժամը 18:00 սահմաններում ԼՂՀ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության հրետանային բրիգադը գնդապես Գրիշա Սահակյան հրամանատարությամբ մեկ ռեակտիվ դիվիզիոնի և մեկ հեռահար հրանոթային դիվիզիոնի ուժերով համազարկային կրակ է բացում հակառակորդի այդ կուտակումների վրա: Ընդհանուր համատեղված համազարկով (արկերի ընդհանուր ծախսը՝ մոտ 500 արկ) դիվիզիոնին հաջողվում է ճնշել վերը նշված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը: Ըստ որոշ տվյալների՝ մի քանի ժամվա տարբերությամբ զոհվում է ադրբեջանական բրիգադի հրամանատարը և ՇՊ-ը: Նույն ժամանակ՝ ժամը 18:55-ի սահմաններում, հայկական բրիգադի հետախուզական միջոցները արձանագրում են հեռավոր N 712 նշանակետը, որը հանդիսանում է հեռահար հրթիռային համազարկային կայանք: Ըստ ամենայնի, այն եղել է “Սմերչ” կամ “Քասիրգա” հեռահար համալիր, որը արձակել է երկու հրթիռ դեպի Արցախի կենտրոնական պաշտպանական բնագծերի ուղղությամբ: Նշանակետը գտնվել է Սուլթանբուտյան անտառ-արգելանոցի հարավային հատվածում: Անմիջապես բրիգադի հրանոթներից մեկը կրակ է արձակում այդ նշանակետի ուղղությամբ, շտկումներ կատարելով՝ ևս երկու արկ է արձակվում, որից հետո ադրբեջանական կայանքն անմիջապես լքում է կրակային դիրքը: Ըստ էության՝ հայկական հրետանին լիովին խափանել է կենտրոնական ուղղությամբ ադրբեջանական հարձակման նախապատրաստությունը: Կենտրոնացման շրջանում գրեթե երկու բրիգադին հավասար ուժերը, ընկնելով հայկական կողմի կրակի տակ, ուղղակի կորցնում են իրենց մարտունակությունը:

Նույն երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարը ջղաձգված հայտարարություն կատարեց առ այն, որ նրանք կարող են հարված հասցնել Ստեփանակերտին[9]: Սակայն հենց այդ օրը  Մոսկվայից ստացվում է առաջարկություն, ըստ որի՝ ադրբեջանական կողմը դիմում է զինադադարի հարցով: Սա արդնե հստակ վկայությունն էր այն բանի, որ ողջ ռազմագործողությունը տապալվել է, իսկ հիմնական զորախմբերը ծանր կորուստներ են կրել: Դրան հետևեց հայկական կողմի չոր պատասխանը[10]: Նույն օրը ադրբեջանական ուժերը «Սմերչ» կայանքներից վեց հրթիռ են արձակել Արցախի հարավային հատվածի հրետանային գնդերից մեկի մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմում եղել են չորս վիրավոր, որոշակի վերականգնվող վնասներ է կրել մարտական տեխնիկան, սակայն զոհեր չեն եղել:

Հայկական հրետանային բրիգադը երկրորդ անգամ կիրառվել է ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը և կրկին անգամ փոքր համազարկով գերազանց է կատարել իր մարտական խնդիրը:

Արցախի հարավային հատվածում ադրբեջանական հարձակմանը, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել է նաև “Տ-90Ս” տանկերի մի վաշտ, որն առաջին իսկ օրվանից ակտիվ կիրառվել է մարտական գործողություններին: Ապրիլի 2-3-ին այս ստորաբաժանումն ակտիվորեն կիրառվել է ինչպես ամբողջական, այնպես էլ առանձին տանկերի ու դասակների կազմով: Հայկական հակատանկային միջոցները այս տանկերի դեմ պայքարը վարել են առաջին իսկ րոպեից, և ապրիլի 4-ին արձանագրվել է մեկ տանկի հաստատված և ևս երկուսի հավանական խոցում (հակառակորդը հասցրել է մարտադաշտից դուրս բերել այդ տանկերը, ինչի պատճառով հնարավոր չէ հաստատել դրանց խոցումը): Խոցումը կատարվել է շնորհիվ համակարգված ու գրագետ կրակի: Այդպիսով նաև հերքվեց տարածված այն միֆը, թե հին հակատանկային հրթիռային համալիրներով այդ տանկին խոցել հնարավոր չէ:

Ապրիլի 5-ին, ըստ էության սպառելով թևերում հաջողություն հասնելու բոլոր հնարավորությունները և կենտրոնում տապալելով հիմնական հարված հասցնելու նախապատրաստությունները, ադրբեջանական կողմը դիմել է զինադադար կնքելու առաջարկությամբ:

Պատերազմի գինը և արդյունքները

Կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռքբերման պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք[11]: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական զինվածությունն այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով, այն էլ՝ արհեստավարժ զորքերի կիրառման դեպքում:

Քառօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով, ըստ էության, վաշտային հենակետի վրա` հընթացս չեն կարողացել գրավել այն, անգամ դուրս չեն եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը:

Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և “Սմերչ” համակարգերը գտնվում են անգամ բրիգադի հրամանատարության վերադասի ենթակայությունից դուրս, այսինքն` կիրառվել են բրիգադից երկու-երեք աստիճանով բարձր կազմավորման հրամանատարության հատկացրած ուժերն ու միջոցները:

Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի և մինչև 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիրը և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումն այդ ուժերը համալրելու փորձ էր: Զինադադարն ուղղակիորեն օգտագործելով գրավված դիրքերն ամրապնդելու համար՝ ադրբեջանական կողմը մի քանի օր անց սկսեց հրետանային հակամարտկոցային պայքարը: Դրանով փաստորեն պատերազմը շարունակվեց դառնալով ապրիլյան:

Այս ամենը, ըստ էության, հյուծման նպատակով մղված հիբրիդային պատերազմ էր, քանի որ շեշտը դրվել էր միայն կրակային ներգործության, հետախուզության և ՌԷՊ-ի վրա: Հիմնական գործողությունները վարվել են գիշերը, ցերեկը համեմատական լռություն էր, կատարվել են հետախուզություն, ակտիվ տեղաշարժեր և համալրումներ: Մասնավորապես՝ ապրիլի վերջին օրերին ադրբեջանական հրետանին հարվածներ հասցրեց արցախյան հյուսիսային բնակավայրերին՝ կիրառելով մի քանր հարյուր հրետանային արկ: Դրանից հետո ստացավ հուժկու հակահարված՝ ուղղված մոտակա բնակավայրերին, որոնց շրջանում թաքցնում էին հրետանային մարտկոցները:

Կորցնելով նաև այս գործողություններում որոշակի հաջողության հասնելու հույսերը՝ ադրբեջանական բանակը դիմեց արդեն ավանդական դարձած մարտավարությանը` ժամանակավոր հանգիստ՝ հաջորդ փուլի նախապատրաստման համար: Հյուծման պատերազմը, որը շարունակվել է առաջին փուլից հետո կնքված հրադադարի ամբողւ շրջանում, ըստ էության իրականացվել է միայն այս ռազմավարությամբ` փուլային գործողություններ ու նախապատրաստություններ, որոնց մենք  անվանում էինք լռություն:

Ադրբեջանական բանակի գործողությունների առանձնահատկությունները

  1. Ադրբեջանական բանակը փորձեց իրականացնել նոր սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Մասնավորապես՝ հատուկ նշանակության ուժերի վրա շեշտադրում կատարելով՝ գործել ոչ լիարժեք դասական մարտավարությամբ, կիրառել հիբրիդային պատերազմի տարրեր, հաջողության հասնել արագ գործողություններով, բարդ ու ադինամիկ համագործակցությամբ, թվային կառավարմամբ և գերճշգրիտ հարվածային միջոցների կիրառմամբ: Ու թեև այս ամենը թվում էր  շատ գեղեցիկ ու խոստումնալից, սակայն այդպես էլ մնաց թղթի վրա:
  2. Թույլ էր ադրբեջանական հարձակողական խմբավորումների գործողությունների պլանավորումը, և ցածր է ղեկավար մարմինների պատրաստությունը:
  3. Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշտ կիրառություն: Դա հատկապես վերաբերում է մարտական ԱԹՍ-ներին և ռադիոտեխնիկական միջոցներին, ինչպես նաև տանկային, հակատանկային, հեռահար հրետանու և այլ սպառազինությունների գծով տեխնիկական առավելությանը: Արդեն ապրիլի 20-ին ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը խոստովանեց, որ մեծ գումարներ է պատրաստում՝ նոր զենքերի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու և միջոցներ պահեստվորելու համար[12]: Սա ինքնին խոստավանություն է, որ ծախսվել են մեծ միջոցներ, որ դրանք հարկավոր է վերականգնել, և որ եղածը բավարար չի եղել հաղթանակ տանելու համար:
  4. Անգամ ոչ մեծ քանակով բացազատված զորամասերն ու միավորումները ունեին ոչ հստակ փոխգործակցություն: Կաղում էր հատկապես մեծ խմբավորումների կառավարման հարցը: Համագործակցության ամենամեծ խնդիրը դրսևորվեց հատուկ նշանակության ուժերի և համազորային ուժերի փոխգործակցության ժամանակ[13]:
  5. Մարտավարական մակարդակում ադրբեջանական բանակը դրսևորեց ռազմարվեստում դասական և առավել ևս նորարարական մոտեցումների իրագործման տեսակետից իր անպատրաստությունը:
  6. Հրամանատարությունը թույլ տվեց մի կարևոր սխալ, երբ անգամ գրաված դիրքերում թողեց կանգնած դիվերսիոն խմբերի արհեստավարժներին, որոնք, երկար մարտերից հետո հյուծված, դիրքերում դարձել էին շարքային զինվորներ ու լուծում էին պաշտպանության խնդիրներ: Այդ իսկ պատճառով էլ մեծ էր հատուկ նշանակության ստորաբաժանումների զոհերի թիվը, թեև դա ամեն կերպ թաքցվում էր[14]: Նրանց մեջ կային գնդապետ, փոխգնդապետներ, մայորներ և հնարավոր է անգամ գեներալ[15]: Փաստացի հաստատվել է 52-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատար փոխգնդապետ Մուրադ Միրզաևի մահը: Նույնիսկ մեկ տարի անց, երբ Ի.Ալիևը խրախուսում էր ադրբեջանական բանակի ողջ բարձր հրամկազմին, նրանց շարքերում բացակայում էր հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը[16]: Սակայն դա հիմնականում այն պատճառով էր, որ ադրբեջանական հրամանատարությունը հայկական ուժերի ակտիվ հակագրոհների պայմաններում վստահ չլինելով սեփական զորքերի մարտունակությանը, չէր համարձակվել նման քայլի գնալ: Միայն հայտնի Վարազաթմբի (Լալալայկա, Լելե Թեփե) գրավման համար ադրբեջանական պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանակը կորցրել է 22 զինծառայող, որից 4-5-ը՝ սպա[17]:
  7. Ադրբեջանական բանակը թույլ տվեց մեկ ռազմավարական սխալ. ունենալով տեխնիկական որոշակի առավելություն, հետախուզահարվածային հնարավորություններ՝ ի սկզբանե զորքերի կառավարման անհաջողությունների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` դիմեց մարդկային ռեսուրսով հաջողության հասնելու ռազմավարությանը, սակայն տալով մեծ թվով զոհեր` ոչնչի չհասավ:
  8. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հյուծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ադրբեջանական մամուլը և հասարակությունը լիովին փակ են, չկա ինքնաքննադատություն և սխալների ընդունում, գործում են կաղապարային մեթոդները: Հասարակությունից պահվում են զոհերի իրական թվաքանակը և անունները[18]:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս տարիներին Ադրբեջանն իր հիմնական ուժեղ կողմերը ավելի է ուժեղացրել, սակայն թերությունները ևս ավելի է մեծացել:

Հայկական բանակի գործողությունների առանձնահատկությունները

  1. Հայկական ստորաբաժանումները հատկապես արագ և ճկուն են գործում հատկապես տարաշարժման և ծավալման ժամանակ, այնքան արագ ու ճշգրիտտ, որ, օրինակ, հակառակորդի “Սմերչ” համակարգերը առաջին օրը խոցելու համար թիրախներ չեն գտել: Հայկական զորքերը ավելորդ կուտակումների չեն դիմել, իսկ մարտակարգերի դեմ այդ տեսակի համակարգերի կիրառությունը արդյունավետ չի կարող լինել: Ուստի և կատարվել է ընդամենը 1-2 համազարկ:
  2. Հայկական բանակի զորատեսակներից հրետանին և ՀՕՊ-ն ուղղակի փայլուն են գործել, քանի որ նման պայմաններում հակառակորդից երեք անգամ քիչ հրետանային միջոցներով, առնվազն մեկ աստիճան ցածր միջոցներով հակառակորդին հասցվել է կործանարար հարված: Իսկ ՀՕՊ միջոցներով խոցվել է 14 ԱԹՍ, որից երկուսը՝ մարտական-հարվածային, ինչը փայլուն ցուցանիշ է:
  3. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողությունների համակարգը հղկված է և գործում է անխափան կերպով: Բանակն իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
  4. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսևորել են զանգվածային քաջություն: Եղել են դիրքեր, որոնք պաշտպանները մինչև վերջ կռվել են բազմապատիկ ուժերի դեմ՝ չխնայելով իրենց կյանքը, ՊԲ-ի շարքային զինվորները խոցել են երկու ուղղաթիռ, կան զինվորներ, որոնք խոցել են մի քանի տանկ:
  5. Կան որոշակի թերություններ, հատկապես՝ տեխնիկական բնույթի, որոնց վերացման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Հատկապես անհրաժեշտ է լուծել կառավարման ավտոմատացման և հրետանային կրակի ավտոմատ կառավարման համակարգերի խնդիրները:

Եզրակացություն

Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երեք կարևորագույն գործոնով՝ զորքերի և ռեզերվների գործողությունների ավելի մեծ արագություն, մարտական բարձր ոգի և կառավարման բարձր մակարդակ` շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների և լավ փորձի: Պատերազմների առաջին ժամերը մշտապես դրսևորվում են սրընթացությամբ, ինչն էլ որոշիչ է դառնում սկզբանական արդյունքների հարցում:

Հատկապես բանակային ռեզերվների ներգրավման և զորահավաքի առումով արագ գործող բանակները մշտապես առավելություն ունեն: Այս առումով, չնայած նրան, որ ադրբեջանական բանակը կատարել էր նախնական կուտակում և օպերատիվ շարվածքի ավելի բարձր խտություն ուներ, սակայն նոր շարակազմերի և այլ ուժերի ներգրավածության առումով հայկական բանակը ավելի արագ գործեց:

Ադրբեջանի ղեկավարությունն այս գործողություններից, բնականաբար, կատարեց կարևոր հետևություններ: Դժվար է ասել, թե նրանք իրենց սխալներն ավելի շատ որտեղ են տեսնում, սակայն ակնհայտ է, որ նրանք ձեռնամուխ եղան նոր զինատեսակների գնմանը, հիմնականում՝ հարձակողական, և ամենակարևորը՝ մշակում են երկրի ռազմական դրության մասին նոր օրենք[19]: Ադրբեջանի համար ներքին եզրակացություններից մի քանիսը մեզ համար չափազանց կարևոր են: Ընդհանուր առմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է համարել, որ բանակի զարգացման համար ընտրել է ճիշտ ուղի, քանի որ ապրիլյան մարտական գործողությունները վկայում են, որ

  • առաջնագիծն ամեն դեպքում հնարավոր է ճեղքել, նույնիսկ մեծ զոհերի գնով, բայց հնարավոր է, ինչում նրանց վստահությունը տվեց հատկապես Վարազաթմբի գրավումը,
  • որոշ զինատեսակների, հատկապես՝ նորագույն զինատեսակների կիրառումը և դրանց ցանցային կառավարումը տալիս են ցանկալի արդյունք, 
  • զենքն է հիմնական որոշիչը, և արդի զինատեսակներով հնարավոր է լուծել ամեն խնդիր, անգամ՝ անմիջականորեն Բաքվից:

Մասնավորապես՝ այդ վերջին համոզմունքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը ռուսաստանցի լրագրող Վ. Սոլովյովի հետ հանդիպման ժամանակ[20]:

Եթե անգամ այս ամենը որոշակի չափազանցում է, միևնույն է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութունը հաջորդական քայլեր է ձեռնարկում ԶՈւ-ն տեխնոլոգիապես հագեցնելու ուղղությամբ: Կառուցվածքային առումով ադրբեջանական բանակը ձգտում է դառնալ ավելի շարժունակ և հագեցած արդիական զինատեսակներով, այդ թվում՝ տարատեսակ ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային միջոցներով և այլ ՍՌՏ-ով:

Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական ԶՈւ-ի հիմնական զորավարժությունները կազմակերպվում են նույն սցենարով՝ հայկական պաշտպանական դիրքերի ճեղքում մեծ կրակային ներգործությամբ, արագաշարժ զրահախմբերով և հատուկ նախանշանակման ստորաբաժանումներով: Ճեղքման համար կիրառվում են մեծ խտությամբ հրետանի ու զրահամիջոցներ և հատկապես մեծ ինտենսիվությամբ կրակ, ճեղքման առանձնահատուկ գործիքներ, ինչպիսիք են ծանր հրանետները, հրթիռահրետանային միջոցները և հակատանկային հրթիռները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հատուկ նախանշանակման ստորաբաժանումներին, որոնցից կազմվում են ճեղքման հատուկ գրոհիչ խմբեր:

Առաջարկություններ

Ադրբեջանական ԶՈւ-ի կիրառած մեթոդներն ու բավական արդիական տեխնիկական հնարավորությունները չեզոքացնելու համար անհրաժեշտ է լավագույնս պատրաստվել նոր սերնդի պատերազմների, ինչպիսիք են «Ցանցակայանքակենտրոն» պատերազմներն իրենց հիբրիդային լուծումներով: Արդիական համազորային մարտն արդեն դասական մարտը չէ, այն այսօր ավելի շատ էլեկտրոնակրակային մարտ է, որտեղ բոլոր զորատեսակներն իրար հետ սերտորեն համագործակցում են էլեկտրոնաթվայնային հենքի վրա, իսկ զորատեսակներից հատկապես մեծ դեր ունեն հատուկ նախանշանակման ստորաբաժանումները, ԱԹՍ-ները և հիթիռահրետանային միջոցները: Այսօր իրենց բանակներն այդպես են պատրաստում առաջատար պետությունները: Այս ամենը, զուգակցված լինելով կառավարման արագագործ և ինտերակտիվ  ավտոմատացված համակարգերի հետ, ձևավորում է «Հիբրիդային պատերազմների» զուտ ռազմական բաղադրիչը:

Արդի ժամանակաշրջանում պատերազմում հաջողության հասնելու համար առանձնահատուկ նշանակություն ունեն ԶՈւ-ի հետ քաղաքացիական բնակչության սերտ կապվածությունը, պահեստազորի պատրաստության աստիճանն ու նրա ճկունությունը, ինչի լավագույն գրավականն է այսօր ՀՀ-ում առաջ քաշվող «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այն բանակին օգնելու, սատարելու, նրա մի մասնիկը դառնալու, ինչպես նաև վերահսկելու, տարբեր բացասական բարքերից մաքրելու արդյունավետ և պատմականորեն արդարացված միջոց է:

«Ազգ-բանակ» հայեցակարգով բարեփոխված բանակն իր ավելի կուռ կազմակերպմամբ, շարժունակ ստորաբաժանումներով, կրակի հզոր ու ճշգրիտ հարվածային միջոցներով և թվայնացված կառավարմամբ հանդերձ ապագա հաղթանակների և ռազմական գերազանցության հիմնական գրավականն է:

 

Արծրուն Հովհաննիսյան
Պատմական գիտություններ թեկնածու, ՀՀ ՊՆ մամլո քարտուղար

(Վերլուծության տպագրված տարբերակը՝ «Հայկական բանակ»
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի
ռազմագիտական հանդես, 1-2 (91-92), 2017, էջք 34-47)

 

[1] Նյութի պատրաստման համար օգտագործվել են ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի փաստաթղթեր և տվյալներ:

[2] Հեղինակը բացի համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունը անձամբ մի քանի օր աշխատել է առաջնագծում, ուսումնասիրել զորքերի մարտակարգերը, գործողությունները, կորցրած տեխնիկան և այլն:

[3] http://nkrmil.am/main/am/newsMore1304.html,(23/04/16[15:35)

[4] Սամվել Կարապետյան. «Այս սերունդն ապացուցեց, որ կարող է մեզնից ավելին անել» չորեքշաբթի, 05 ապրիլի. http://hetq.am/arm/news/68007/samvel-karapetyan-ays-serundn-apacucec-or-karox-e-meznic-avelin-anel.html

[5] Սամվել Բաբայանի գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխան պետության հանդեպ. Լևոն Մնացականյան; http://www.panorama.am/am/news/2016/06/06/, 06/06/2016.  

[6] Вторая карабахская: боевая ничья с военно-политическими последствиями. https://eadaily.com/ru/news/2016/04/15/vtoraya-karabahskaya-boevaya-nichya-s-voenno-politicheskimi-posledstviyami. 15 апреля 2016.

[7] Սամվել Բաբայանի գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխան պետության հանդեպ. Լևոն Մնացականյան; http://www.panorama.am/am/news/2016/06/06/, 06/06/2016.  

[8] ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակվեց համապատասխան տեսանյութ, որտեղ Սեյսուլանի ուղղությամբ հստակ երևում էին հակառակորդի զոհերը անմիջապես հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում նաև խոցված տանկը:

[9] Боевые действия в Карабахе. 4.04.2016. https://www.meydan.tv/ru/site/news/13274/  

[10] (04/04/16 [21:40]) Հաղորդագրություն (Թարմացված). http://nkrmil.am/main/am/newsMore1254.html   

[11] http://www.1in.am/1883791.html

[12] Минобороны Азербайджана: В ближайшие дни будут выделены крупные средства на создание дополнительных военных резервов, приобретение современного оружия и техники. 19 Апреля 2016. http://ru.apa.az/news/314633

[13] Л. Нерсисян, «Четырехдневная война» в Нагорном Карабахе: кто все-таки победил? 5 апреля 2017, https://regnum.ru/news/polit/2258883.html 

[14] Ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ մեկ փոխգնդապետ.Ապրիլ 19, 2016. http://razm.info/82788; Погибшие пилоты и полковник-лейтенант Мурад Мирзоев похоронены во II Аллее почетного захоронения. 11 Апреля 2016. http://ru.apa.az/news/313989

[15] Այս գեներալը իրոք հնարավոր է, որ մահացել է, իսկ ավելի հավանական է վիրավորվել է: Командир сил спецназа МО Азербайджана: отстранен, ранен или убит?. 22.04.2016. http://razm.info/ru/8420

[16] http://president.az/articles/23230/images

[17] В Горадизе воздвигнут памятник военнослужащим, павшим в боях за Лелетепе, 06 Апреля 2017, http://ru.apa.az/politika-azerbaydjana/nagornyj_karabakh/v-goradize-vozdvignut-pamyatnik-voennosluzhashim-pavshim-shekhidami-v-boyakh-za-leletepe.html

[18] Ադրբեջանի նախագահը «ազգային հերոսի» կոչում է տվել անանուն զինվորականների. Ապրիլ 19, 2016. http://razm.info/82799

[19] Президент Ильхам Алиев утвердил закон “О военном положении”, http://news.day.az/politics/884163.html

[20] Владимир Соловьев: Алиев не высказал осуждения по поводу моего посещения Арцаха; 11.04.2017; https://rusarminfo.ru/2017/04/11/vladimir-solovev-aliev-ne-vyskazal-osuzhdeniya-po-povodu-moego-poseshheniya-arcaxa/ 

 

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn