Արտակ Պետրոսյան

 

ԱՐՏԱԿ ԱՅԳԱՎԱՐԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
18.06.1997 – 04.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Լոռու մարզի Մեծավան գյուղում։
2002-2014 թթ. սովորել է Մեծավանի №2 դպրոցում։
2011-2012 թթ զբաղվել է բռնցքամարտով
Տաշիր քաղաքի մարզադպրոցում։
2015 թ. հուլիսի 3-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում
որպես տանկի մեխանիկ-վարորդ։
2016 թ.-ին դարձել է վաշտի լավագույն տանկիստ։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին՝ մարտական
գործողությունների ժամանակ դեպի 6-րդ
ՊՇ թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

Արտակ Այգավարդի Պետրոսյան

Արտակ Պետրոսյան

«Մեքենա չունեինք, բայց վարել շատ էր սիրում, ընկերների, բարեկամների մեքենաներն էր գյուղում վարում։ Յուղի հոտը տանել չէր կարողանում, զարմացա, որ հերիք չի՝ տանկիստ դարձավ, մի հատ էլ՝ զանգում ու հպարտորեն պատմում էր, որ ձեռքերը յուղի մեջ կորած են, որ սիրում ու շատ լավ է տանկը վարում, հատկապես, երբ զինավարժությունները լինում են անձրևի ժամանակ՝ ցեխոտ տարածքներում»,- պատմում է Արտակի մայրը՝ տիկին Լարիսան։

Տանկիստ Արտակը ծառայության անցնելու ծանուցումը ստանալուն պես անհամբեր սպասել է այդ օրվան ու անընդհատ ասել, որ ուզում է Արցախում ծառայել։ Ընկերների խոսքերով՝ շատ լավ էր տրամադրված ու գնալու օրն անգամ այնքան բարձր էր տրամադրությունը, որ կարծես բանակ գնալիս չլիներ։ Վիճակահանության ժամանակ բոլորի լարված ու անհանգիստ հայացքների կողքին ընկերները տեսնում են Արտակի ժպիտն ու հանգստությունը. պարզ էր, որ Արցախ էր գնալու։ Ծառայության ընթացքում նախընտրում էր ընտանիքի անդամներին հանգստացնել՝ ասելով, որ դիրքեր չի բարձրանում ու կրկնելով՝ «Ես եմ ու իմ տանկը. ես իմ գործը լավ գիտեմ»։ 

«Սովորաբար երեկոյան՝ հանգստի ժամերին էր զանգում, բայց ամսի երկուսի առավոտյան շուտ զանգեց, ասաց, որ կռիվ է ու պետք է դիրքեր բարձրանան։ Որպես օգնություն՝ իրենց Մադաղիսից տարել էին Թալիշ։ Արտակս մեխանիկ-վարորդն էր»։

Արտակի մայրը մեզ է ցույց տալիս որդու խաչը, որ միշտ պարանոցից կախված է եղել։ Խաչի հետևի մասում փորագրված են եղել Արտակի և սիրած աղջկա անվան առաջին տառերը։ Հիմա մոր ձեռքին կոտրված խաչն է՝ առանց Արտակի «Ա»-ի. պատերազմը խլել է խաչի մյուս հատվածը…

Երկու տարի էր, ինչ Արտակն ընկերուհի ուներ։ Մայրն ասում է. «Բնավորությամբ Արտակը կոպիտ էր, ու ես միշտ մտածում էի՝ ինչ աղջիկ պետք ա լինի, որ հետը յոլա գնա, բայց հիմա էդ աղջիկն ասում ա, որ Արտակը երբեք իրեն չի նեղացրել, ոչ մի վատ բան չի ասել կամ արել։ Անակնկալներ անել էլ չէր սիրում։ Ասում էր՝ «ես իմ մեջ որ սիրում եմ, սիրում եմ, չեմ կարա ձևական բաներով արտահայտեմ»»։ Երևի հենց այսօրինակ ինքնատիպ բնավորությունն էր պատճառը, որ բոլորի հուշերում Արտակն ապրում է՝ որպես յուրօրինակ և տարբերվող անհատականություն․ «Արտակը լրիվ ուրիշ մարդ էր, չեմ կարա նկարագրեմ իրան, որովհետև էդ տեսակի մարդիկ շատ քիչ են։ Մեր վաշտում սաղ էլ լավն էին, բայց Արտակը լրիվ ուրիշ անձնավարություն էր»,- ժպիտով վերհիշում էր հերոսի ծառայակից ընկերներից Ալբերտ Աղաջանյանը։

Տիկին Լարիսան ավելացնում է, որ երբ որդին բոքսից վերադառնում էր տուն ու չէր կարողանում ինչ-որ բան արտահայտել, խոսել, սկսում էր հարվածել տանձիկին։ Այս ինքնամփոփությունն արտահայտվում էր նաև երբեմն մենակ մնալու ցանկությամբ։ Նման դեպքերում Արտակը միշտ մոտակա սարերն էր բարձրանում կամ գնում, ինչպես մայրն է ասում, իրենց գյուղի լճերը. «Շատ էր սիրում որսորդություն, ձկնորսություն։ Մի անգամ Արտակի եղբայրն ընկերների հետ գնացել էր ձուկ բռնելու, բայց ոչ մի հատ չէին կարողացել բռնել։ Վերադառնալիս Արտակիս են տեսնում ու նորից գնում լճերը, որ Արտակը փորձի։ Ահագին ձուկ բռնած՝ հետ են գալիս։ Արտակը մաքրում, պատրաստում է, ուտում ենք, ինքն էլ սպասում է, որ ասենք՝ «համով է»։ Էդպես էր՝ միշտ սպասում էր գովասանքի, որ ասեին՝ լավ է արել, ճիշտ է արել։ Երևի ամսի չորսին էլ մտածել է, ինչպես կարող է մի բանից հետ մնալ կամ լավ չանել. բնավորությունն էր էդպիսին»։

Ամեն ինչ հնարավորինս լավ անել ձգտող Արտակը շատ է օգնել ծնողներին նաև հողագործության հարցում, ձեռքից եկածն արել է նաև հարևանների ու բարեկամների համար. «Շատ աշխույժ ու աշխատասեր էր Արտակս։ Բոլորի կողքին կանգնած էր։ Չէր սիրում գիրք կարդալ, դպրոցում էլ միայն փոքր ժամանակ է լավ սովորել, դրանից հետո նախընտրում էր դրսում գործ անել, հորը կամ մյուս մեծահասակներին օգնել, փայտ կոտրել»։

Արտակը նեղացկոտ էր, չէր սիրում գոռոզ ու պարծենկոտ մարդկանց։ Սիրում էր թախծոտ, ինչպես նաև բանակի ու ծառայության մասին երգեր, պատմական ու մարտական ֆիլմեր, իր ծննդյան օրն ու նվերներ ստանալու արարողությունը, իրենց գյուղում հետաքրքիր նշվող Վարդավառը, որի ժամանակ բոլորը նոր շորեր էին հագնում, գյուղ էր գալիս լարախաղացն ու, ինչպես բոլոր տեղերում, առատորեն ջրում էին իրար։ Արտակը շատ էր սիրում նաև կենդանիներ պահել՝ շուն, նապաստակ, աղավնիներ. «Բանակ գնալուց առաջ Արտակն ութ աղավնի ուներ, ասաց, որ լավ պահենք մինչև հետ գա։

Հե՛ն է, պահում ենք»…

 

Հեղ.՝ Մանե Գևորգյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn