Արթուր Գևորգյան

 

ԱՐԹՈՒՐ ԳԱՌՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
24.06.1997 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
2004-2012 թթ. սովորել է Աբովյանի №1 միջնակարգ դպրոցում։
2012 թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն,
որտեղ հոր հետ զբաղվել է կոշիկի մոդելավորմամբ և
պատրաստմամբ, տարբեր կաշվե իրերի նախագծմամբ։
2015 թ. հուլիսի 30-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում որպես ավագ հրաձիգ։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 115 մարտական դիրքը պաշտպանելիս
համածառայակիցներ  լեյտենանտ Աշոտ Շահբազյանի,
սերժանտ Արման Անդրասյանի, շարքայիններ Նորիկ Սարգսյանի,
Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

Արթուր Գևորգյան

«Մի տեսակ շատ անմեղ էր ինքն էս կյանքի համար». ասում է Արթուրի մորաքրոջ աղջիկը՝ Արփինեն, ով այնպես է ներկայացնում Արթուրի դրական էներգիան տուն մտնելիս, որ ամեն վայրկյան սպասում ես դռան թակոցին։

Մի քիչ դժվար է հավատալ, որ փոքր հասակում շատ հանգիստ, ուրախ ու, ինչպես մայրը՝ տիկին Գրետան է ասում, համով Արթուրի սիրելի խաղը «կռիվ-կռիվ»-ն է եղել։ «Բարձերը շարում էր, ավտոմատ ուզում ու սկսում խաղալ։ Նույնիսկ ավտոմատի ձայնն այնքան իրական էր կրկնօրինակում, որ զարմանում էինք, ծիծաղում։ Խաղում էր, ընկնում, բարձերը գցում… Ուրիշ էր փոքր ժամանակվա «կռիվ-կռիվը»»։

Արփինեն հիշում է, որ Արթուրը խոսել սկսել է ուշ՝ երեք տարեկանում. «Թվում էր՝ արաբերեն էր խոսում. պաղպաղակին ասում էր «ալամ», կարագին՝ «ախմու», զինվորին՝ «հելադե»։ Իրականում երբ երեխայի մոտ խոսքը պետք է զարգանա, երբեմն ինքն իր լեզուն է հորինում, ու դա նորմալ է։ Արթուրն էլ իր լեզուն էր ստեղծել, որը արաբերենի էր շատ նման։ Դե պատկերացրեք՝ ինչպես էր փոքր ժամանակ Արթուրը երգում իր սիրելի երգի հետևյալ հատվածը՝ «Զինվոր է, զինվոր է, զինվոր է»։

Մարտական խաղերով և զինվորական երգերով տարված Արթուրը միաժամանակ շատ պարզ ու բարեսիրտ երեխա էր։ Մայրը հիշում է, ինչպես էր որդին խանութ գնում ինչ-որ բան գնելու, վերադառնում, իսկ նրա ասածները շրջապատի մարդիկ դեռ երկար էին հիշում։ «Մի անգամ գնացել էր հաց առնելու, վաճառողը հարցրել է՝ «քանի՞ հատ ես ուզում», Արթուրը պատասխանել է. «մաման մի հատ ա ուզել, բայց դու կարող ես երկու հատ տալ, ոչինչ»»։

Արթուրի դպրոցական տարիների մասին պատմում է ուսուցչուհին՝ Գայանե Հարությունյանը. «Սեպտեմբերի մեկին, երբ առաջին անգամ եկավ դպրոց, հաջորդ օրն էլ չէր ուզում գալ, կամ, ավելի ճիշտ, ոչ թե չէր ուզում, այլ բացատրում էր. «Ես երեկ չգնացի՞։ Արդեն մի անգամ գնացել եմ, հիմա էլ թող մյուսները գնան»»։ Չնայած Արթուրը փոքր է եղել՝ դասարանը ձևավորելիս ուսուցչուհին միշտ նրա կարծիքն է հարցրել ու նրա օգնությանը դիմել, իսկ Արթուրը, ուսուցչուհու խոսքերով, ցանկացած հարցում օգնության էր հասնում այնքան աննկատ, որ չէիր հասցնում գիտակցել՝ դա Արթուրն արեց։ Ուսուցչուհին ասում է. «Սիրուն ձեռագիր ուներ, և միայն իր գրածին նայելիս արդեն հասկանում էիր, ինչքան համակարգված ու պարկեշտ տղա էր»։ Հենց այդ պահին էլ Արթուրի մայրը մեզ է ցույց տալիս երկրորդ դասարանում հորը գրած շնորհավորանքը։

Քրոջ՝ Ալվարդի հետ շատ մտերիմ են եղել. «Թեկուզ տարբեր հետաքրքրություններ ենք ունեցել, բայց շատ կապված ենք եղել։ Նույնիսկ փոքր ժամանակ պետք է անպայման Արթուրի ձեռքը բռնեի, որ կարողանայի քնել։ Շա՜տ բարի էր։ Անգամ նեղացնեի, կամ մի բան իր սրտով չանեի, հոգու հետ խաղ անեի, մեկ է՝ երբեք չէր նեղանա։ Շատ հումորով էր. կրկնօրինակում էր արտասահմանյան երգիչներին ու մեզ ծիծաղեցնում։ Ռոք էր շատ սիրում լսել՝ «Ռեյնբոու» («Rainbow»), «Սքորփիոնս» («Scorpions»), Արթուր Մեսչյան։ Երբ ինչ-որ տեղ էր գնում ու իրեն շոկոլադ էին տալիս, միշտ ասում էր՝ «բա քուրիկի՞ս»»։
Իրենից շատ բոլորի մասին մտածող Արթուրը մի անգամ լացելով տուն է եկել ու ասել. «Ի՞նչ ենք անելու, քուրիկը երկուս ա ստացել»։ Մտահոգվելով գերազանց սովորող քրոջ առաջադիմության մասին՝ իրար է խառնվել, մինչդեռ Ալվարդի երկուսն ընդամենը դասից փախչելու համար է եղել։

Դպրոցական տարիներին Արթուրը վատ չի սովորել, բայց ավելի շատ հետաքրքրված է եղել նկարչությամբ, երգով, լողով։ Երկու տարի լողով է զբաղվել, ազատ ժամանակ արտանկարել է Սարյանի բնապատկերները, թերթերից նկարներ, իսկ հետո սկսել է գրողների դիմանկարները պատկերել. նկարելու հանդեպ սերը դարձել է նոր հետաքրքրությունների հիմք։

 

Երբեմն Արթուրը դասերի փախչում և գնում էր կոշիկի արհեստանոց, գծագրեր անում, կարել սովորում։ Ընտանիքի անդամները պահում են այդ գծագրերն ու հիշում. «Ում տեսնում էր, ասում էր «քո համար կոշիկ եմ կարելու»»։

Տասնհինգ տարեկանում Արթուրը մեկնում է Ռուսաստան՝ օգնելու հորը կոշիկների նախագծման և կարելու աշխատանքներում։ Դրան զուհահեռ նաև կարողանում էր պատրաստել կաշվե գոտիներ ու դրամապանակներ։ Մորաքրոջ՝ տիկին Ժաննայի խոսքերով վերջին մեկ տարվա ընթացքում հորն անընդհատ ասել է, որ պետք է վերադառնա ու պատրաստվի ծառայության. «Ռուսաստանում լինելու պատճառով Արթուրը զինկոմիսարիատում հաշվառված չի եղել։ Իրեն նույնիսկ ծառայության անցնելու մասին ծանուցագիր չեն ուղարկել։ Շատերը կօգտագործեին առիթն ու շատ հեշտ կազատվեին ծառայությունից, բայց Արթուրն ուրիշ էր, չափազանց սկզբունքային՝ «պետք է ծառայեմ ու վերջ»։ Առանց մեզ զգուշացնելու վերադառնում է Հայաստան։ Երբ իրեն տեսնում ու զարմանում էինք, ասում էր. «Չէի՞ք կարոտել, որ չեք ուրախանում»։ Ախր ո՜նց բացատրեինք, որ կարոտել էինք, բայց ուզում էինք, որ մնա, շարունակի աշխատել, սովորել ու հասնի իր նպատակներին»։

Արթուրը՝ երդմնակալության օրը

Մեկ օրվա ընթացքում Արթուրը մի քանի անգամ Աբովյանից գնում է Երևան, վերադառնում, փորձում փաստաթղթերը կարգավորել, որ ծառայության անցի հենց հուլիսից. հակառակ դեպքում կմնար մինչև աշնանային զորահավաքը։ Մեծ դժվարությամբ Արթուրը հասցնում է. հուլիսի երեսունին զորակոչվում է բանակ։ Մայրը պատմում է, որ ծառայության ութ ամիսների ընթացքում ոչնչից չի բողոքել. «Զարմանում էինք, ոնց որ հանգստյան տանը լիներ, էնքան էր գովում՝ ուտելիքը լավ ա, տեղը լավ ա, մարդիկ լավն են։ Ամեն ինչից գոհ, ամեն ինչին շուտ հարմարվող։ Նույնսիկ երբ մի քանի օրով տուն էր եկել, անընդհատ սպասում էր՝ երբ է հետ գնալու։ Ոչ մի բան չէր ուզում, ամեն անգամ ասում էր դիրքերից հետ գա կասի՝ ինչի կարիք ունեն, բայց ոչինչ չէր ասում։ Չէր թողնում անհանգստանայինք։ Ամեն անգամ հանգստացնում էր, ասում, որ ֆիլմերում ինչ ցույց են տալիս բանակի մասին, չափազանցված է. իրականում ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ»։ Մորաքրոջն էլ պատմել է, որ իրենց դիրքը բարձր է ու այնտեղ ծառայելը վտանգավոր չէ։ «Այնքան բարձր ենք, որ եթե կրակում են, ապա մեր դիպուկահարներն են կրակում, եթե դիվերսիոն հարձակում, ուրեմն միայն մեր կողմից»,- բացատրում էր Արթուրը։ Չնայած ծնողներին ու հարազատներին հանգստացնելու փորձերին՝ վերջիններս անհանգստանում էին՝ ասելով. «Արթո՛ւր ջան, ախր շատ բոյով ես, 1.93 բոյ ունես, սաղավարտ է, գլխարկ է, մի բան դիր գլխիդ, որ չկրակեն, որ ապահով լինես», իսկ Արթուրը, ինչպես հարազատներն են ասում, բարձր ծիծաղում էր ու նորից բարձր դիրքերում լինելու պատմությունը պատմում։ Մորաքրոջ՝ տիկին Ժաննայի խոսքերով՝ Արթուրը սիրում էր դիրքեր բարձրանալ. «Երևի էնտեղ իրեն ավելի ազատ ու բնությանը մոտ էր զգում։ Իզուր չէր, որ վերջին շրջանում շատ էր սիրում ու լսում Կիպելովի «Ես ազատ եմ» («Я свободен») երգը»։

Վերջին անգամ ընտանիքի անդամներն Արթուրի հետ խոսել են ապրիլի մեկին։ Առաջին անգամ մի քիչ տագնապ են խոսքի մեջ նկատել, բայց նորից փորձել է հանգստացնել՝ ասելով, որ ավելի ուշ կզանգի։ Հետո մի քանի օր լուր չեն ունեցել, բայց քանի որ մյուս ծառայողներն էլ տուն չէին զանգահարում, համեմատաբար հանգիստ էին զգում՝ կարծելով, որ ընդհանուր կապի հետ կապված խնդիր է։

Բայց Արթուրն այդպես էլ չզանգեց։ Ո՞վ կմտածեր, որ ճակատագիրը կրկնվում էր։ Արթուրը կրում էր քեռու՝ 1994 թ․ արցախյան պատերազմում զոհված Արթուր Աթոյանի անունը։ Երկուսն էլ՝ բարձրահասակ, գեղեցիկ, լողի ու նկարչության սիրահար, երկուսն էլ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի՝ նույն ամսին, գրեթե նույն տարիքում։

Արթուրի հայրը՝ Գառնիկը, արցախյան պատերազմի ժամանակ հայրենասիրական երգեր է կատարել զոհված ազատամարտիկների ընտանիքներում՝ հոգեկոչումն ընկածների։ Հայրն այն ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր ինքն էլ զոհվածի ծնող կլինի, այն զինվորի, որը շատ հաճախ ձայնակցում էր իրեն, երբ իր իսկ գրած հայրենասիրական ստեղծագործություններն էր կատարում։

Երբ քեռու մահվանից երեք տարի անց՝ 1997 թ․ ծնվեց Արթուրը, մայրը միայն մի բանի մասին էր մտածում. «Ինչ լավ է, որ գոնե հիմա պատերազմ չկա»։ Տարիներ անց արդեն իր որդին մի քանի ժամ անհավասար պայքար մղելով թշնամու դեմ և չօգտվելով նահանջելու հնարավորությունից՝ կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը։ Արթուրը զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 9-րդ ՊՇ 115 մարտական դիրքը պաշտպանելիս համածառայակիցներ Աշոտ Շահբազյանի, Արման Անդրեասյանի, Նորիկ Սարգսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։

Բոլորի տրամադրությունը բարձրացնող, անընդհատ ժպտացող, դրսում տատիկներին օգնող, փոքր ժամանակ խաղալիքները կոտրող ու դրանցում «վարորդին» փնտրող Արթուրը երբեք չէր հաշվել իր ծառայության օրերը։ Պահը ժամանակից կարևոր դարձավ…

Հեղ․՝ Մանե Գևորգյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn