Ազնաուր Բալայան

 

ԱԶՆԱՈՒՐ ՌԱՖԻԿԻ ԲԱԼԱՅԱՆ
20.10.1987 – 04.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղում։

1994-2002 թթ. սովորել է Հադրութի շրջանի
Մոխրենես գյուղի միջնակարգ դպրոցում։

2002-2005 թթ. զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով։

2005-2007 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։

2007թ.-ից պայմանագրային զինվորական ծառայության է անցել
ՊԲ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ։

Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին՝ դեպի 9-րդ ՊՇ թշնամու առաջխաղացումը
կասեցնելիս համածառայակիցներ ավագ սերժանտ Ղարիբ Սահակյանի
և ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի հետ միասին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով,
ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով և
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով։

∗ ∗ ∗

 

Aznaur Balayan

Ազնաուր Բալայան

Երբ տիկին Սիրունին հարցնում ես, թե ինչ գեղեցիկ հիշողություններ ունի որդուց, մի պահ դեմքը պայծառանում է՝ ամեն ինչ գեղեցիկ է։ Ու էլ չի շարունակում, մինչև… ժպիտը դառնում է հոգոց. «Ազնաուրս որբ ա մեծացել, հայրը 92 թվականին զոհվեց Արցախյան պատերազմում։ Ծանր պայմաններում պահել-մեծացրել եմ երեք զավակներիս։ Ինքը հպարտ ու ուժեղ տղա էր, ոչ մի բանից չէր վախենում»…

Տիկին Սիրունն ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ 29-ամյա Ազնաուր Բալայանի մայրն է։ Որդուն վերջին անգամ մարտի 31-ին է տեսել, ձայնը լսել ապրիլի 4-ին. «Օրը երկու անգամ զանգում էի։ Վերջին օրը որ զանգեցի, հարցրի՝ «Ազնաո՛ւր ջան, ո՞նց ես», ասեց՝ «մա՛մ ջան, ես լավ եմ, հեռախոսն անջատում եմ»։ Անջատեց ու էլ չվերցրեց։ Առավոտը ութն էր, ինն անց կես ա դեպքը եղել»,- հիշում է Սիրուն Բալայանը։

Բալայանների ընտանիքն Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում է ապրում։ Գյուղի կենտրոնում՝ Հայրենական ու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների մեջտեղում, այժմ Ազնաուր Բալայանի հուշատախտակն է դրված։ Հերոսի մայրը պատմում է, թե ինչպես պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որդին որոշեց շարունակել զինվորական քեռու գործը։ «Մի օր գնաց Հադրութ, եկավ, թե՝ «մամա՛, աշխատանքի եմ անցել, բանակում եմ ծառայելու»։ Քեռին էլ էր հետախույզ, ասեց՝ «մա՛մ, գնում եմ քեռու գործին»։ Մեջս վախ մտավ. 1992 թ. ամուսինս է զոհվել կռվում, 1994-ին էլ՝ եղբայրս։ Փորձեցի հետ պահել, չլսեց, գնաց»։

Զինվորական դառնալուց հետո էլ ժամանակ չէր մնում սիրած զբաղմունքի՝ որսի գնալու համար. «Որսորդական հրացան ուներ, վերցնում, գնում էր անտառ, բայց որս չէր անում. ասում էր՝ կենդանին մեղկ ա, ո՞նց խփեմ։ Կենդանիներ շատ էր սիրում։ Իր ձիով գնում էր որսի, ման գալու, հարազատներին տեսնելու։ Վերջերս էլ մի շուն էր բերել պոստից։ Ասեց՝ «մամա՛, պահի, որ գամ, տանեմ հետս անտառում ման ածեմ»»։

Ազնաուրին ընտանիքի անդամներն ուշ-ուշ էին տեսնում. դիրքերում էր, իսկ երբ տուն էր գալիս, իր աշխատավարձով մի բան էր առնում տան համար, հասցրել էր նաև վերանորոգել տան մի հատվածը։ «Ամուսնանալու մասին չէր մտածում։ Ասում էր՝ «ամուսնանամ, հարսին բերեմ, թողնեմ տանը, գնամ դիրքե՞ր»»։

Տիկին Սիրունը հիշում է՝ ինչքան էին Ազնաուրի պատճառով իրեն դպրոց կանչում. «Աշխատասեր էր, բայց սովորելու հետ սեր չուներ։ Ուսուցիչներն ինձ ամեն անգամ կանչում էին դպրոց, թե՝ ինչու չի սովորում։ Ես էլ որ իրեն էի հարցնում, ասում էր՝ ինչիս է պետք… Հինգ տարեկան էր, որ գնում, անտառից փայտ էր բերում։ Մտածում էր՝ ընտանիքը ոնց պահի։ Հերոս տղա ունեի։ Ոչ մի բանից վախ չուներ։ Փամփուշտը քանի անգամ նրա մարմնի տարբեր մասերով քերել-անցել էր, իրան բան չէր եղել։ Անցած տարի մի փամփուշտ էր բերել, ասեց՝ «տե՛ս, կողքովս անցավ ու չկպավ, հիշատակ պահի»»։

Պատերազմում նախ ամուսնուն ու եղբորը, հետո էլ որդուն կորցրած Սիրուն Բալայանը վստահեցնում է՝ վիշտն իրեն երբեք չի չարացրել. «Երանի Ազնաուրս վերջին զոհը լինի։ Խաղաղություն, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,- ասում է հերոսի մայրը։

Տիկին Սիրունը երեք թոռնիկ ունի, աղջկա երեխաներն են. «Մեկը տղա ա, հինգ տարեկան ա, դեմքով, խոսելով էնքան նման ա Ազնաուրին, որ ձեռքերով խոսում ա, լրիվ ինքն ա»,- նշում է նա։

Ազնաուրի ավագ եղբայրը՝ Ռոման Բալայանը, նույնպես զինվորական է։ «Մանկուց վախ չուներ։ Որսորդական հրացանը միշտ հետն էր։ Փոքրուց էր հայրենասիրական ոգին նրա մեջ արթուն։ Ազնաուրի նման հայրենիքին նվիրված մարդն ուղղակի չէր կարող զինվորական չդառնալ։ Ռուսաստանից ընկերները, բարեկամներն ինչ անում էին, չէր գնում։ Նրա համար հայրենիքից ավելի թանկ բան չկար։ Երազում էր մնալ Արցախում, հետախուզական գործը շարունակել»,- ասում է Ռոման Բալայանը։

Որդիները պատրաստվում էին ապրիլի 16-ին նշել մայրիկի 50-ամյակը, բայց ապրիլի 4-ն ամեն բան փոխեց։ «Ազնաուրին էի զանգում, դիվիզիայի հրամանատարին, մյուս տղերքին… Ոչ մեկը չէր պատասխանում։ Սիրտս կասկած ընկավ, որ ողջ չի… Դրանից մի տասն օր առաջ եկել էր տղերքի հետ, լավ քեֆ էին արել, գնացել։ Իրենց ու գյուղի վերջին քեֆն էր։ Զոհված տղերքից շատերն էդ ժամանակ միասին էին»,- պատմում է հերոսի եղբայրը։

Զինվորական եղբայրները ուշ-ուշ էին տեսնվում, գործից էլ ընդհանրապես չէին խոսում. «Ես հիմնականում Արցախից դուրս էի լինում, ինքը մի օր տանն էր, մի ամիս՝ դիրքերում, դժվար էր իրար տեսնելը։ Փակ էր. հենց զինված ուժերից էինք խոսում, թեման փոխում էր»։

Ազնաուրի մանկության ընկերը՝ պայմանագրային զինծառայող Սամվել Ավագյանը, արդեն դժվարությամբ է գալիս Բալայանների տուն․ «Չի եղել, որ իրենց դռան մոտով անցնեմ ու ներս չգամ, բայց հիմա չեմ կարողանում։ Մենք ընկեր ու հարազատ ենք եղել։ Որ նայում էինք իրար, արդեն հասկանում էինք՝ ինչ պիտի անենք։ Պահեր են լինում, որ չեմ ուզում իր մասին խոսեմ, որովհետև չեմ ուզում հիշեմ, որ էլ մեզ հետ չի։ Չեմ հավատում…

Չկար մի օր, որ չզանգեինք իրար։ Հենց երկուսս էլ գյուղում էինք լինում, սաղ օրը իրար հետ էինք։ Քեֆ-ուրախություն… Որ գյուղում կռիվ, չարություն էինք անում, մեկ էլ Սիրուն տոտան գալիս էր։ Վերջ, քարանում էինք, երկու տարեկան էրեխու նման ընկնում էինք հետևից, գալիս էինք տուն»,- հիշում է Սամվելը։ 

Աղջիկների մասին դպրոցում էին խոսում։ Մեծանալու հետ թեմաներն էլ փոխվեցին. «Ինքն իր ծառայությունից էր խոսում, ես՝ իմ,- պատմում է Ազնաուրի ընկերը.- սիրած աղջիկ չուներ, չնայած կարող է հոգու խորքում մեկը կար։ Էդ թեմայով քիչ էինք խոսում, բայց ինչքան ասում էի՝ ամուսնացի, ասում էր՝ քիչ զահլես տար»…

«Ընկերասեր էր։ Գյուղում լինեի-չլինեի, մեր տանը մի բան էր պետք լինում, մերս հենց ասեր Ազնաուրին, վերջ, հարց չկար։ Չկա մեկը, որ ասի՝ Ազնաուրին մի բան ասեցի, ասեց՝ չէ։ Սաղին էլ հասել ա»,- նշում է հերոսի մանկության ընկերներից Կարեն Հարյանը։

Հ․Գ․ Ազնաուր Բալայանը զինակից ընկերների՝ Ղարիբ Սահակյանի, Նվեր Սիմոնյանի հետ մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ապրիլի 4-ի առավոտյան՝ ռազմաճակատի ջաբրայիլյան հատվածում պաշտպանական մարտերի ժամանակ թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։

Հեղ․՝ Սիրանուշ Հայրապետյան