Պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջանն ապրիլյան մարտական գործողությունների օրերին
Պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջանն ապրիլյան մարտական գործողությունների օրերին

Պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջանն
ապրիլյան մարտական գործողությունների օրերին

 

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժ. 03:00-ի սահմաններում, սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմի նոր փուլը՝ ապրիլյան պատերազմը։ Հայրենիքի մերօրյա պաշտպանները սառնասրտորեն դիմակայեցին մինչև ատամները զինված հակառակորդին: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ: Մարտական գործողություններն առավել թեժ էին ռազմաճակատի վերածված սահմանագծի հարավարևելյան և հյուիսարևելյան ուղղություններում: Ամենայն հավանականությամբ հակառակորդը նաև մտադրված էր հրադադարի գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում տարրալուծել կենտրոնական պաշտպանական ուղղության ռազմական ուժերը, ինչը, սակայն, չհաջողվեց: Ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամի) ուղղությամբ[1]: Հատկապես մեծ վտանգ էր ներկայացնում կենտրոնական հատվածում կուտակված թշնամական զորախումբը, որն ըստ մարտական պլանի` պետք է աշխատեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո[2]: Այս ամենն ապացուցվեց նաև ապրիլի 2-ի առավոտյան 9-րդ ՊՇ N մարտական դիրքի մատույցներում խոցված թշնամական մարտական  ուղղաթիռի օդաչուների մոտ առկա փաստաթղթերով[3]:

Ենթադրվում է, որ հակառակորդը որպես առաջնային նպատակ խնդիր է ունեցել դիրքային առավելության հասնելու և իր հիմնական ուժերով անցնելու պաշտպանության բնագիծը, հասնելու և գրավելու Ակնան ու նրա մոտակա կարևոր նշանակության բարձունքները (մասնավորապես` Ուխտասարը): Կարծում ենք, որ այս խնդրի հաջող իրականացումից հետո միայն հակառակորդը կարող էր զարգացնել հարձակում Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Հակառակորդի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սկսվեցին հրետակոծվել ՊԲ չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանական բնագծի մարտակարգերը: Պաշտպանական շրջանի ստորաբաժանումների ղեկավարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, հակառակորդի կողմից սպասվող հարձակողական գործողություններին պատրաստ լինելու, նրան համարժեք պատասխան տալու նպատակով ղեկավարման մարմիններն անցան մարտական աշխատանքային ռեժիմի: Պաշտպանական շրջանի ուժերը, բերվելով լրիվ մարտական պատրաստականության աստիճանի, ապրիլի 2-ի երկրորդ կեսին անցան պաշտպանության: Պետք է նշել, որ նշված ժամանակահատվածում պաշտպանական ուժերը մարտակարգեր են զբաղեցրել հակառակորդի ինտենսիվ, չդադարող հրետակոծության պայմաններում: Ըստ էության, Պաշտպանության բանակի կենտրոնական և արևելյան պաշտպանական բնագծի  ուղղությամբ հակառակորդն ապրիլի 2-4-ի երկրորդ կեսն ընկած ժամանակահատվածում իրականացրեց հարձակողական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ: Անօդաչու թռչող սարքերի միջոցով հակառակորդն իրականացրեց առաջնագծի, պաշտպանության մարտակարգի մյուս տարրերի անընդհատ, ինտենսիվ հետախուզում:

Հատկապես ուշագրավ է, որ ապրիլի 2-ից սկսած՝ ադրբեջանական  զինված ուժերի զորամիավորումներն սկսում են նոր կուտակումներ ու վերախմբավորումներ իրականացնել և ըստ որոշ տվյալների` մարտադաշտ են բերվում հրետանային երեք բրիգադներ և այլ հրետանային ու համազորային ուժեր[4]:  Չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանության բնագծի ուղղությամբ նկատվում է նաև տանկային ստորաբաժանումների կայուն շարժ, որոնք ամբողջ օրը խուսավարում և նոր կրակային դիրքեր էին զբաղեցնում, որը մարտավարական հնարամտության մաս էր կազմում և նպատակ ուներ խուճապ առաջացնել հայկական առաջնագծի պաշտպանության ուժերի մոտ: Կարելի է փաստել, որ ճակատի կենտրոնական ուղղությամբ կուտակումներն իրենց գագաթնակետին հասան ապրիլի 4-ին։ Այդ ընթացքում հակառակորդն անընհատ համալրում էր իրականացնում` ճակատ մոտեցնելով լրացուցիչ ուժեր:

Ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվում Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:  Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ են բացել հակառակորդի այդ կուտակումների դեմ[5]: Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվեց ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը[6]:

ՊԲ ստորաբաժանումները, շնորհիվ բարձր կարգապահության և ռազմական գործի փայլուն տիրապետման, կարողացան հրետանու գործադրմամբ կանգնեցնել հակառակորդին: Ըստ առկա տեղեկության` միայն Ղարադաղլուի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածից ադրբեջանական կողմն առնվազն երեք տանկի կորուստ է ունեցել և մոտ 200 զոհ տվել[7]:

Չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանումները երկրորդ անգամ կիրառվեցին ապրիլի 27-28-ի գիշերը` հրետանային փոխհրաձգության ժամանակ` գերճշգրիտ իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հակառակորդը, անտեսելով սեփական ժողովրդի անվտանգությունը, հրետանային մարտկոցները տեղակայել էր գյուղերի մերձակայքում` բնակելի տներից մինչև 100  մետր հետավորության վրա[8]:  Պետք է նշել, որ ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ և Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց[9]:

    

Պաշտպանության բանակի կենտրոնական և արևելյան պաշտպանական բնագծի պաշտպանության կազմակերպման, ճիշտ ուղղորդման առումով անգնահատելի է Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանի, ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանի, ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի հրամանատար գնդապետ Գրիգորի Ռաշիդի Սահակյանի և այլ հրետանավորների դերակատարումը: Գնդապետ Գ. Բաղդասարյանը 2016 թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության կենտրոնական գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը[10]:

Վստահաբար կարելի է ասել, որ «պատերազմի աստված» հրետանու նշանակությունն այս գործողությունների ընթացքում անառարկելի էր: Պաշտպանության բանակի հրետանավորները` շարքայինից մինչև գնդապետ, վստահորեն իրականացրին իրենց առջև դրված մարտական խնդիրը և հաջողությամբ վնասազերծեցին հակառակորդի նախապատրաստվող գործողությունները: Ապրիլյան պատերազմի քառօրյա սրացման մարտական գործողությունները մեզ ապացուցեցին, որ ունենք լավագույնս պատրաստված սպա ու զինվոր, և, անկասկած, ճշմարիտ են 4-րդ ՊՇ հրետանու շտաբի պետ մայոր Ա. Հակոբյանի խոսքերը. «Մեր հրետանին ծավալվեց և մարտակարգեր զբաղեցրեց հակառակորդի ակտիվ հրետակոծության պայմաններում, և միայն ու միայն մեր հրամանատարական կազմի ճիշտ և ուղղորդված հրամանատարման արդյունքում  մենք չունեցանք կորուստներ: Ապրիլի 4-ին մեր հրետանու ուժերով մենք կարողացանք հակառակորդին խոցել հենց իր տարածքում` չթողնելով, որ նրա հրետանային ստորաբաժանումները ծավալվեն բնագծում. արդյունքում հակառակորդն ունեցավ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ: Մեր ինտենսիվ, փոխհամագործակցված հրետակոծման արդյունքում հակառակորդն ունեցավ տեխնիկական և սպառազինության մեծ կորուստներ, նույնիսկ շարքից դուրս եկան հակառակորդի հրետանային մի քանի ստորաբաժանումներ: Այս մարտական գործողությունների ընթացքում պատահական ոչինչ չկար, մենք կարողացանք ճիշտ գնահատել մարտական իրադրությունը, որի արդյունքում փայլուն իրականացրինք պաշտպանողական մարտի համար մեկ խնդիրը` հրետանային կանխարգելումը: Ըստ անհրաժեշտության` մենք կարողացել ենք դրսևորվել մեր հնարավորությունների շրջանակներում և եթե մարտական գործողությունները շարունակվեին, միանշանակ է, որ մենք ունենալու էինք ծանրակշիռ հաջողություններ հենց հակառակորդի սահմաներում»[11]:

 

Վլադիմիր Պողոսյան

 

[1] Ադրբեջանական բլից-կրիգի տապալումը. քառօրյա պատերազմն՝ ինֆոգրաֆիկաներով, «Երկիր Մեդիա», 18 ապրիլի 2016 թ․, https://www.youtube.com/watch?v=100fLnys_X4 (հղվել է 01.02.2017)։

[2] Հովհաննիսյան Ա., Ապրիլյան պատերազմ. համառոտ ակնարկ, «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքներումներն ու արդի մարտահրավերները», միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2016, էջ 243։

[3] Նույն տեղում, տե՛ս նաև ՊԲ հակաօդայինների կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը (Տեսանյութ, ֆոտո), ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք, 2 ապրիլի 2016 թ․, http://nkrmil.am/news/view/192 (հղվել է 03.11.2016):

[4] Հովհաննիսյան Ա., Նշվ․ աշխ․, էջ 246։

[5] Նույն տեղում, էջ 247:

[6] Նույն տեղում:

[7] Փաշինյան Նիկոլ, «Արաքսից մինչև Թալիշ. նոր առաջնագիծ», 18 մայիսի 2016 թ., http://armtimes.com/hy/article/91781 (հղվել է 04.11.2016):

[8] Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են սեփական բնակչությանը, ՀՀ ՊՆ պաշտոնական կայք, 28 ապրիլի 2016 թ․, http://www.mil.am/hy/news/4030 (հղվել է 08.11.2016)։

[9] Նույն տեղում:

[10] Բաղդասարյան Է․, ՊԲ հրետանու պետ. «Հրետանին կրակային խոցմամբ հակառակորդին ստիպեց հրաժարվել հետագա մարտական գործողություններից», «Հետք», 11 մայիսի 2016 թ․, http://hetq.am/arm/news/67907/pb-hretanu-pet-hretanin-krakayin-khocmamb-hakarakordin-stipec-hrazharvel-hetaga-martakan-gortsoxutyunneric.html (հղվել է 05.11.2016); ; ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակ, Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ, 10 մայիսի 2016 թ․, https://www.facebook.com/arcrun/posts/1036756516359956 (հղվել է 01.02.2017)։

[11] «Ասպետ» (N զորամասի ամսաթերթ), N 6, 2016, էջ 4։

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn