Դավիթ Ջամալյան. «Պատրանքների տրվելու իրավունք չունենք»

 

Ի՞նչ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին՝ պատերա՞զմ,
մարտական գործողություննե՞ր, թե՞ դիվերսիա: Ո՞րոնք էին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի հիմնական նպատակները: Հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք: Ինչպե՞ս կարելի է բնութագրել սահմանին տիրող իրավիճակը:  Ո՞րն է մեր հաջորդ քայլը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ռազմական փորձագետ, 2016 թ. ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:

 

– Պարո՛ն Ջամալյան, ինչպե՞ս կբնութագրեք ապրիլյան մարտական գործողությունները` պատերա՞զմ, մարտական գործողություննե՞ր, թե՞ լայնամասշտաբ դիվերսիա։

– Մասնագիտական շրջանակներում այդ բնութագիրը տրված է` «ապրիլյան քառօրյա մարտական գործողություններ»։ «Քառօրյա պատերազմ» եզրը գուցե պատկերավոր է, բայց ռազմագիտական առումով ճշգրիտ չէ։ Իսկ ահա իրավաքաղաքական առումով ճշգրիտն «Արցախի դեմ ադրբեջանական երկրորդ ագրեսիա» եզրն է։

Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ պատկերացում, որը տիրապետող կլիներ մեզանում, չկա։ Ընդհակառակը` առկա է ադրբեջանական ագրեսիայի սկզբի, ընթացքի, մարտական գործողությունների ելքի մասին տեղեկությունների խառնաշփոթ։ Այդ տեղեկատվական քաոսի պատճառն այն է, որ արդեն մեկ տարի է, ինչ մարտական գործողությունների առանձին դրվագների վերաբերյալ մեզանում հնչում են իրարամերժ տեսակետներ, տարածվում են հակասական տեղեկություններ։ Հետևաբար՝ ակտուալ խնդիր է ապրիլյան մարտական գործողությունների մասին ժամանակագրորեն հստակ, ճշգրիտ և ամբողջական պատկեր ստեղծելը` բնականաբար գաղտնիության ռեժիմի պահպանմամբ։

– Յուրքանչյուր մարտական գործողություն ունի որոշակի նպատակ, ըստ այդմ՝ ո՞րոնք էին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի հիմնական նպատակները։

– Արցախի ողջ տարածքն օկուպացնելու հույս, կարծում եմ, հակառակորդը չի ունեցել։ Իրատեսությունը բավարարել է հասկանալու համար, որ դա անհնարին է։ Նպատակը հնարավորը զավթելն էր և ըստ այդմ` բանակցային գործընթացում նպաստավոր դիրքերից որպես պարտադրող հանդես գալը։ Իրենց ընկալմամբ իրատեսական նպատակը եղել է հարվածի բոլոր ուղղություններով տասը-տասնհինգ կիլոմետր խորությամբ մխրճվելը։ Մտահղացումը եղել է հետևյալը` սկզբում հարվածել թևերից և շեղել մեր ուժերը դեպի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններ, որից հետո հարվածել կենտրոնական ուղղությամբ։ Այդ մտահղացումը սակայն կանխվեց` մեծապես Պաշտպանության բանակի կանխարգելիչ հուժկու հրետանային հարվածների շնորհիվ։ Վստահ եմ, որ Բաքվի համար անսպասելի էր մարտական գործողությունների նման ընթացքն ու ելքը։ Այստեղ տեղին է մանրամասնել։

Կարծում եմ՝ ագրեսիա սանձազերծելու պահին նախագահ Ալիևը չուներ իրականությանը համարժեք պատկերացում ուժերի հարաբերակցության, Արցախի ՊԲ և սեփական զինված ուժերի մարտունակության իրական մակարդակի վերաբերյալ։ Ըստ ամենայնի` ագրեսիայի որոշումը կայացվել է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու տրամաբանությամբ գրված զեկույցների հիման վրա։ Ավտորիտար համակարգերում հաճախ է այդպես պատահում, երբ ղեկավարի ցասումից վախենալով՝ զեկուցվում է այն, ինչ ցանկալի է նրա համար։ Ապրիլյան ագրեսիան, եթե ադրբեջանական դիրքերից դիտարկելու լինենք, արկածախնդրություն էր։ Չեմ կարծում, որ նախագահ Ալիևը կգնար նման քայլի, եթե գոնե մոտավորապես պատկերացներ մարտական գործողությունների այսպիսի ելքը։

Այդուհանդերձ, կարծում եմ՝ ապրիլյան մարտերը սթափեցնող ազդեցություն ունեցան ալիևյան կլանի վրա։ Որքան էլ որ Բաքվում մարտերի ելքը ներկայացնեն որպես հաղթանակ, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ալիևյան նեղ շրջանակում իրական հաղթանակի հանդեպ հավատը կոտրվեց։

Իսկ հաղթանակած լինելու քարոզչությունը, գրավված հենակետերի նշանակությունը շատ ավելի մեծ ներկայացնելը նախագահ Ալիևին հարկավոր են առնվազն երկու նպատակով։ Առաջին նպատակն անդրկովկասցի թուրքերի մոտ հային հաղթելու հավատն ամրապնդելն է, պարտվածի բարդույթը հաղթահարելը և հոգեբանորեն պատրաստելը նոր լայնամասշտաբ ռազմագործողությունների, երկրորդ նպատակը՝ սեփական իշխանության հիմքերն ամրապնդելը` իշխանության ժառանգականությունն ապահովելու համար։

– Ապրիլյան մարտական գործողություններից անցել է մեկ տարի։ Արդյոք օպտիմա՞լ օգտագործեցինք այս ժամանակահատվածը։

– Կարծում եմ՝ այո։ Մարտական գործողություններից անմիջապես հետո նոր թափ է հաղորդվել ինժեներական աշխատանքներին, ավարտին է հասցվել պետական սահմանը տեսադիտարկման համակարգերով համալրելու գործընթացը, որը սկսվել էր ապրիլից դեռ շատ առաջ։ Նշեմ նաև, որ հրադադարի հաստատումից հետո պաշտպանական գերատեսչության համապատասխան կառույցները ռազմագիտական տեսանկյունից վերլուծել են քառօրյա մարտական գործողությունները, կատարվել են անհրաժեշտ հետևություններ։

– Որպես ռազմական փորձագետ ի՞նչ գնահատական կտաք Պաշտպանության բանակի պաշտպանական գործողություններին։

– Գրագետ, արհեստավարժ։ Կազմակերպվել է ակտիվ պաշտպանություն, ընդ որում՝ նախապատվությունը տրվել է կանխարգելիչ հարվածներին։

Տեղին է հատկապես ընդգծել, որ իր ամենամարտունակ ուժերի կիրառմամբ անգամ հակառակորդն ունակ չեղավ լուծել իր խնդիրը` ճեղքել մեր պաշտպանությունն ու մխրճվել մեր տարածքի խորքը։ Սա հակառակորդին չհաջողվեց անգամ մեզ մոտ հընթացս ի հայտ եկած թերությունների պարագայում։

Իհարկե, ապրիլյան մարտերի ելքը բնորոշել որպես լիարժեք հաղթանակ ճիշտ չէր լինի, թեպետ այդ եզրը ոչ ոք չի էլ օգտագործել։ Մարտական գործողությունների ելքը մեզ համար հաջող էր, և որոշ վերապահումներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ այն կարելի է որակել որպես հաղթանակ։ Արվել է այն, ինչ հնարավոր է եղել անել երեք ու կես օրվա ընթացքում։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ շատ կարճ ժամանակահատվածում կանխվել է մեծ պատերազմ։ Եթե այլ` ավելի պատկերավոր կերպով արտահայտվելու լինենք, ապա թշնամին գրավել է մի քանի հենակետ, բայց տանուլ է տվել կռիվը, իսկ մենք կորցրել ենք մի քանի հենակետեր, բայց հաղթել ենք կռիվը։

Այո՛, մեզանում այդ մի քանի հենակետերի կորուստը ցավոտ ընկալվեց։ Հանրության այդ ռեակցիան միանգամայն առողջ պետք է համարել։ Այս առումով հարկավոր է կատարել հետևյալ շեշտադրումները։

Առաջին. այդ կորուստը սկզբունքորեն վերականգնելի է, և առավել քան վստահ եմ, որ պատեհ առիթի դեպքում մերոնք չեն վարանի հետ բերել կորցրածը։ Իսկ հակառակորդը կտա նման առիթ։ Ընդ որում՝ տվյալ դեպքում սկզբունքորեն կարևոր է մարտական խնդիրն անկորուստ կամ նվազագույն կորուստներով լուծելը։

Երկրորդը` անշուշտ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի պայմաններում որքան ավելի առաջ մղված լինեն մեր դիրքերն, այնքան ավելի կարճ ժամանակում հնարավոր կլինի կոտրել հակառակորդի հարձակման թափը։ Սակայն տվյալ դեպքում սկզբունքորեն կարևոր է շեշտել, որ գրավելով պաշտպանության առաջին էշելոնի մի քանի հենակետ՝ ադրբեջանական կողմը մեր հանդեպ վճռորոշ առավելություն չի ստացել։ Պաշտպանական համակարգի ամբողջականությունը պահպանվել է, պետական սահմանի ուրվագիծը փոխվել է աննշան։

Ասվածն առավել հստակ պատկերացնելու համար մանրամասնենք։ Հրադադարի պայմաններում ակտիվ պաշտպանություն կազմակերպելու նպատակով Արցախի պետական սահմանի երկայնքով որոշակի լայնությամբ ստեղծված է էշելոնացված պաշտպանական համակարգից բաղկացած շերտ։ Այդ պաշտպանական համակարգը բաղկացած է մի քանի պաշտպանության գծերից։ Ապրիլի 2–ին թշնամուն հաջողվեց գրավել այդ համակարգի առաջին գծի հենակետերից մի քանիսը. առաջանալ ավելի նրանց չհաջողվեց։ Հետապրիլյան շրջանում ծավալուն ամրաշինական աշխատանքների շնորհիվ այդ հենակետերը վերցվեցին աքցանի մեջ, ինչի շնորհիվ նրանց կորստից բխող վտանգը զգալիորեն նվազեց։ Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե այդ հենակետերը մեզ այլևս պետք չեն։

– Եթե համեմատենք 1991-1994 թթ. արցախյան ազատամարտի և 2016 թ.-ի ապրիլյան մարտական գործողությունները, ո՞րոնք էին հիմնական նմանություններն ու տարբերությունները։

Կարծում եմ՝ տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները։ Իրար են բախվել երկու կանոնավոր բանակ, որոնցից մեկը 22 տարի պատրաստվել է հարձակվել, մյուսը` պատրաստվել է դիմակայել այդ հարձակմանն ու ամրապնդել իր հաղթանակը։ 22 տարի անց հավակնոտ մարտական խնդիր ունեցող ադրբեջանական բանակը կրկին պարտվեց։ Սկզբունքային տարբերությունն այս դեպքում այն էր, որ այդ պարտության հետևանքները հակառակորդի համար համեմատաբար թեթև էին։ Մանրամասնենք։

Այն, որ հակառակորդը կրկին պարտվել է, արդեն պարզ էր արիլի 4–ին, երբ հյուսիսարևելյան ուղղությամբ պետական սահմանը մասամբ վերականգնվել էր, իսկ Ակնայի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումը՝ կանխվել։ Հակառակորդի հարձակման ռեսուրսները գրեթե սպառված էին։ Եվ դա այն դեպքում, երբ հակառակորդը մարտի էր նետել իր ամենապատրաստված անձնակազմերը, որոնք, կրկնում եմ, արդեն ապրիլի 4-ի դրությամբ ոչնչացված էին։ Ապրիլի 4-ից հետո հակառակորդը խնդիր ուներ ամեն գնով պահել իր ձեռքն անցած մեր մի քանի հենակետերը։ Ըստ այդմ` ապրիլի 4-ին, 5-ին մարտական գործողությունների, առանց չափազանցության, ամեն ժամն ավելի ու ավելի ծանր էր դարձնում պարտության հետևանքները։ Հենց այդ հանգամանքի գիտակցումն էլ ստիպեց հակառակորդին հրադադար խնդրել։

Կարելի է առանձնացնել ևս մեկ սկզբունքային տարբերություն` լայնածավալ մարտական գործողություների վերսկսման մարտավարությունը, որ բանեցրեց հակառակորդը։ Անդրկովկասցի թուրքերը խնդիր ունեին ապահովել առավելագույն հանկարծակիություն, ինչը շատ բարդ է մեր ժամանակներում, քանի որ անհնարին է աննկատ մեծ ուժեր կուտակել պետական սահմանին։ Այդ բարդ խնդիրը հակառակորդը փորձեց լուծել հետևյալ կերպ։

Սկսած 2014 թ.-ի օգոստոսից ադրբեջանական կողմը ուժեր, հատկապես՝ զրահատեխնիկա էր կուտակում սահմանին, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարների խմբեր մոտեցնում, դիմում դիվերսիոն գործողությունների, բայց հիմնական հարվածը չէր հասցնում։ Զուգահեռաբար հակառակորդն աստիճանաբար խոշորացնում էր կիրառվող հրետանային համակարգերի տրամաչափը, ըստ ամենայնի` որպեսզի լայնամասշտաբ ագրեսիայի դիմելը դառնա դյուրին։ Երկու տարի անընդմեջ ուժերը, այդ թվում նաև՝ զրահատեխնիկան սահմանին անընդհատ մոտեցնելն ու հետ քաշելը կատարվում էր մեր զգոնությունը բթացնելու և ագրեսիայի պահին հանկարծակիությունը հնարավորինս ապահովելու նպատակով։ Կարծում եմ, որ հակառակորդը հույս ուներ մեր անձնակազմի մոտ լայնամաշտաբ հարձակման սպասողական վիճակի անընդհատությունը պահելով հասնել այն բանին, որ իրական ագրեսիայից առաջ էլ մերոնց թվա, թե այս անգամ էլ ոչինչ չի լինի։ Հենց այդ` առավելագույն հանկարծակիություն ապահովելու նպատակին էր ծառայում նաև լայնամասշտաբ հարձակումն առանց հրետանային տևական պատրաստության սկսելը։ Հակառակորդը դիմեց ինտենսիվ հրետանային կրակի միայն այն ժամանակ, երբ հարձակման առաջին ալիքը մերոնք հետ էին մղել։ Այդուհանդերձ, քանի որ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմը ներքուստ պատրաստ էր լայնածավալ հարձակման, արագ վերակողմնորոշվեց նոր իրավիճակում և կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը դասակի խորությունում, այսինքն՝ մի քանի հարյուր մետր տարածքում։ Անշուշտ, այդ վերակողմնորոշման ընթացքում եղան թերացումներ։

Այսպես՝ մեր անձնակազմերը հմտացած էին դիվերսիոն հարձակումներ հետ մղելու գործում, մինչդեռ լայնամասշտաբ մարտական գործողությունների փորձ, հատկապես՝ ստորին մարտավարական օղակների` վաշտերի և գումարտակների անձնակազմերի ո՛չ շարքային, ո՛չ հրամանատարական կազմերը չունեին։ Այո՛, զորավարժությունների միջոցով իրական մարտին առավելագույնս մոտ պայմաններում գործելով՝ նրանց մոտ ձևավորված է եղել ընդհանուր պատկերացում լայնամաշտաբ մարտական գործողությունների մասին, բայց իրական մարտ վաշտ-գումարտակ օղակի անձնակազմը չէր տեսել։ Նաև հենց այդ հանգամանքով էին պայմանավորված ագրեսիայի առաջին ժամերին ի հայտ եկած որոշ թերացումները։

Բայց անգամ այդ թերացումներով հանդերձ՝ հակառակորդին մի քանի հարյուր մետրից ավելի առաջանալ չհաջողվեց։ Այնպես որ վստահաբար կարելի է ասել, որ մեր ստորաբաժանումների անձնակազմը գործել է խիզախ և բավարար չափով արհեստավարժ։ Ի դեպ, այժմ արդեն դասակ-վաշտ-գումարտակ օղակների հրամանատարական կազմը թրծված է լայնածավալ մարտական գործողությունների փորձով։ Ավելին` մարտում աչքի ընկած ժամկետային զինծառայողներից մի քանիսին առաջարկվել է լեյտենանտի կոչում, և այժմ նրանք ծառայությունը շարունակում են որպես դասակի հրամանատարներ։

– Պարո՛ն Ջամալյան, այսօր խոսվում է այն մասին, որ ապրիլյան պատերազմի արդյունքում վերահաստատվեցին ԼՂՀ սահմանները։ Ձեր կարծիքով, արդյո՞ք այս հանգամանքը նոր մոտեցումներ կբերի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։

– Այո՛, Արցախի Պաշտպանության բանակի կողմից երկրորդ անգամ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան հետ մղելն ու Արցախի սահմանների վերահաստատումը մարտական գործողությունների հիմնական ռազմաքաղաքական արդյունքն են։ Ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծվել են որակապես նոր ռազմաքաղաքական իրողություններ։ Սանձազերծելով Արցախի դեմ երկրորդ ագրեսիան և կրկին ձախողվելով` պաշտոնական Բաքուն լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները։ Ահա այս համատեքստում, անշուշտ, մադրիդյան սկզբունքներն այժմ արդեն ժամանակավրեպ են և, բնականաբար, վաղ թե ուշ պետք է բեկանվեն։

Եվս մեկ սկզբունքային հարց. ապրիլյան մարտական գործողություններից հետո նախագահ Ալիևը կորցրեց իր շանտաժի հիմնական գործիքը` ռազմական ներուժով, արագ հաղթական պատերազմով վախեցնելու խաղաքարտը։ Ապրիլին հստակ երևաց, որ ադրբեջանական բանակի մարտունակությունը, մեղմ ասած, խիստ չափազանցված է եղել։ Բնավ չթերագնահատելով հանդերձ թշնամուն` այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նախագահ Ալիևը հետայսու այլևս չի կարող համոզիչ լինել ուժի դիրքերից հանդես եկողի կարգավիճակում։ Սա թերևս ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի ձախողման հաջորդ ռազմաքաղաքական արդյունքն է։

– Ընդունելի՞ եք համարում ռուսական կամ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում։

– Բնականաբար` ո՛չ։ Ոչ մի խաղաղապահ առաքելություն իրականացնող օտար ուժ սկզբունքորեն չի կարող շահագրգռված լինել մեր սահմանների պաշտպանությամբ այնպես, ինչպես մենք։ Ամենաարդյունավետ խաղաղապահ ուժը եղել և մնում է Արցախի Պաշտպանության բանակը։

– Ինչպե՞ս կարելի է բնութագրել իրավիճակը, որ տիրում է սահմանին։ Արդյոք ապրիլյան իրադարձությունները փոխեցի՞ն մեր պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները։

– Պետական սահմանին իրավիճակը կարելի է բնորոշել իբրև կայուն լարված, պայթյունավտանգ, ինչի վկայությունն է հակառակորդի դիպուկահարային և դիվերսիոն ակտիվությունը։ Ըստ ամենայնի` այդ լարվածությունը հարաճուն բնույթ կունենա, ինչին պետք է պատրաստ լինենք։ Ըստ էության, ադրբեջանական կողմը խաղարկում է ապրիլյան իրադարձություններին նախորդած նույն սցենարը, այն է՝ պահպանել լարվածության անընդհատությունը՝ նոր ագրեսիայի դիմելը և լայնամասշտաբ հարձակման անցնելը դյուրին դարձնելու համար։

Ըստ այդմ` կարծում եմ՝ աններելի կարճատեսություն կլինի նոր ագրեսիան բացառելը։ Ինքնախաբեության տրվել և ցանկալին իբրև իրականություն ընկալել պարզապես չի կարելի. հուսալի և տևական խաղաղությունը, ցավոք, անհնարին է տեսանելի հեռանկարում։ Որպեսզի հանկարծակիի չգանք, արագ մոբիլիզանանք ու հուժկու պատասխանով կասեցնենք թշնամուն մեր սահմաններին և խաղաղություն պարտադրենք նրան մեր սահմաններից դուրս, ապա պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք այդ ագրեսիային։ Անցյալ ապրիլին մենք ականատեսը եղանք, որ ագրեսիային հաջողությամբ դիմակայելու գրավականը հենց դա է՝ հանրության պատրաստականությունը։

– Ըստ Ձեզ` ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իրենց ի՞նչպես դրսևորեցին մեր զինվորն ու սպան, շարքայինն ու հրամանատարը։

– Փաստ է, որ մարտում զինվորը ցանկանում է իր կողքին տեսնել համարձակ, հավասարակշռված, գործելու ունակ հրամանատարի։ Փորձը հուշում է, որ անձնակազմը հարգում է այն հրամանատարին, ով նվիրված է իր գործին, մարդկային է և միաժամանակ խստապահանջ իր ենթակաների հանդեպ, իսկ մարտում սառնասրտորեն ղեկավարում է անձնակազմի գործողությունները։ Ապրիլյան մարտերում աչքի ընկած հրամանատարները հենց նման որակների կրողներ էին։

Իսկ երբ վտանգի պահին զինվորը խրամատում տեսնում է բարձրաստիճան վերադասի, ապա իրեն պաշտպանված և ինքնավստահ է զգում։ Նման օրինակներ ապրիլին շատ են եղել։ Առհասարակ ապրիլյան մարտական գործողությունները լի են պրոֆեսիոնալիզմի և խիզախության դրվագներով։

– Պարո՛ն Ջամալյան, ո՞րն է մեր հաջորդ քայլը։

– Պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Մենք պատրանքների տրվելու իրավունք չունենք. Բաքվում չեն հրաժարվել ուժի դիրքերից հանդես գալու մոտեցումից, ռազմական ուղով առավելագույնը զավթելու նպատակից։ Թեև կարծում եմ, որ ապրիլից հետո Արցախը զավթելու գաղափարը Բաքվում գնահատվում է սպասվածից շատ ավելի բարդ, բայց ասել, թե Արցախը զավթելու գաղափարից Բաքվում հրաժարվել են, առնվազն ինքնախաբեություն կլիներ։ Ապրիլից հետո թշնամին զբաղված է եղել իր զինված ուժերի մարտունակության վերականգնմամբ։ Իհարկե, մեծ թվով անձնակազմեր նորից պատրաստելու համար ժամանակ է հարկավոր։ Բայց ինքնին այն փաստը, որ Բաքվում պատրաստվում են նոր պատերազմի` փաստ է։ Հետևաբար՝ լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է։ Ագրեսիվ նկրտումներից Բաքվում կհրաժարվեն միայն այն դեպքում, եթե լայնամաշտաբ ռազմագործողությունները վերսկսելու հետևանքով տարածք կորցնեն։ Այլ ելք չկա։ Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրը երբեք մեզ համար բարենպաստ չի լինելու` թուրք-ադրբեջանական հարևանության պատճառով։ Հետևաբար` այդ միջավայրը անվտանգ դարձնելը եղել և լինելու է մեր գերխնդիրը։

Հարցազրույցը՝ Վլադիմիր Պողոսյանի

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn