Գևորգ Գևորգյան

 

ԳԵՎՈՐԳ ԳԱՐԵԳԻՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
28.09.1996 – 19.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Լոռու մարզի Աքորի գյուղում։
2003-2013 թթ․ սովորել է Աքորիի միջնակարգ դպրոցում։
2009-2010 թթ. հաճախել է Ալավերդու քաղաքային
համայնքի Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի
դպրոց, սովորել քանդակագործություն։
2015 թ. հունվարի 20-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում որպես հրաձգային ջոկի գնդացրորդ։
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական
դաստիարակության, զինվորական կարգապահության
ամրապնդման ուղղությամբ ցուցաբերած բարձր
ցուցանիշների համար ծառայության ընթացքում
արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 19-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

«Աշուն է եկել, հավաք են անում
Ջահել տղերքին բանակ են տանում
Ո՞ւր ես, արի յար, տես ինչ են անում,
Քո սիրած տղուն բանակ են տանում:

Զինկոմիսարը մեր դուռը թակեց,
Մայրս մոտեցավ, ներս հրավիրեց,
Գնում եմ մամ ջան, նորիցետ գալու,
Քո անուշ ձայնը նորից լսելու…»

Գևորգ Գևորգյան

ԳԵՎՈՐԳ ԳԱՐԵԳԻՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գևորգ Գևորգյան

Սոցիալական ծանր պայմաններում գտնվող Գևորգյանների ընտանիքում տղան ապրում էր տատիկի, հորեղբոր, մոր, հոր, 3 քույրերի և 2 եղբայրների հետ միասին: 

Գևորգի հայրն ընտանիքի կարիքները հոգալու համար տարվա մեծ մասը գտնվել է ՌԴ-ում, և տղան նրա աչքի առաջ չի մեծացել։ Չնայած դրան՝ հայրը միշտ էլ յուրահատուկ սիրով ու հոգածությամբ է վերաբերվելնրան։Հիշում է, որ երբ տղան պետք է զորակոչվեր ծառայության՝ մի փոքր հիվանդ էր Գևորգը և կոկորդի ցավ ուներ. «Ասում էի՝ «Արի գնանք վայենկոմատ, մի 5 օրով հետաձգենք գնալդ, մինչև լավանաս», չթողեց՝ համառելով, որ «Հո երեխա չեմ, իմ ընկերներն էլ են գնում, բա որ իրենց օգնություն պետք լինի, ես ո՞նց իրենց մենակ թողնեմ»»:

Պարոն Գարեգինը պատմում է, որորդին շատ հաճախ առանց հանգստի անգամ աշխատում էր, փորձում էր ամեն ինչ հասցնել.«Հարևանների համար կիպ էր կապում, խոտ էր հնձում և դրա դիմաց վարձատրվում: Ամեն անգամ գումարը բերում, ինձ էր տալիս, ասում էի՝«Տղա՛ ջան, ո՞ւր ես ինձ տալիս, քո աշխատածն է», ասում էր, «Որ ինձ պետք լինի, տնից նորից հետ կվերցնեմ»»: Գևորգի աշխատասիրության կողքին հարազատները հիշում են նաև անսահման մարդասիրության մասին. «Հարևաններին օգնում էր, ինչ ասում էին, մեր գործը թողած՝ գնում, իրանցն անումէր, հետո գալիս շարունակում»,- ասում է Գևորգի 15-ամյա եղբայրը՝ Ժորան:

Թեև Գևորգը ստացել է ութամյա կրթություն՝ բայց նրա մոտ զգացվում էր հետաքրքրվածություն ռազմագիտություն առարկայի նկատմամբ: Մայրը՝ Իրինա Գևորգյանը, արցունքն աչքերին, պատմում է. «Դպրոցում այդքան էլ լավ չէր սովորում, բայց հատկապես մեծ հետաքրքրություն ուներ ռազմագիտություն առարկայի նկատմամբ: Տղես մեծ երազանքներ ուներ, հնարավոր էր, որ զինվորական դառնար, չնայած տան հոգսը տեսնելով, ասում էր՝ «Ծառայեմ, գամ, գնամ դրսում աշխատեմ, որ տունը կարողանամ վերանորոգել»»:

Մայրը նաև պատմում է, որ վերջին անգամ մարտ ամսին էր արձակուրդեկել, իր համար զինվորական կարգադրությունների մասին գիրք բերել ու պատվիրել, թե «Մա՛մ ջան, կկարդաս»։ Գևորգը կարդալու հետ սեր չուներ, բայց ստեղծագործում էր, բանաստեղծություններ էր գրում: Ցավոք, Գևորգի վերջին ցանկություններից մեկն էլ եղել է, որ իր բանաստեղծությունները ոչ ոք չկարդա, ու եթե զոհվի, իր հետ թաղեն: Ընտանիքն այդպես էլ վարվել է…

Հումորասեր, կենսախինդ ու կյանքով լեցուն Գևորգը փոխվել էր, և ընտանիքը դա նկատել էր, երբ նրան լավ ծառայության համար 2016 թ․մարտին յոթնօրյա արձակուրդ էին տրամադրել: Երբ ընտանիքը պատրաստվել է նրա կենացը խմել, չի թողել և պատմել է. «Առաջին բաժակը պետք է խմենք իմ ընկերոջ համար, որ զոհվեց իմ աչքի առաջ հակառակորդի կրակոցից: Ես նրա արյունը զգացել եմ իմ մարմնի վրա»: Ընկերոջ մահից հետո, նրա մոտ նկատելի են եղել նյարդային և հուզական ապրումներ: Համածառայակիցները պատմում են նաև, որ առանձնահատուկ կերպով ծանր էր տանում ջաբրայիլյան մարտական դիրքերի կորուստը և պարբերաբար հարցնում էր վերադաս հրամանատարությանը, թե երբ են դրանք հետ վերցնելու։

Գևորգի հոգատարությունն ու ընտանիքին նեղության մեջ չտեսնելու հատկանիշներն արտացոլվում էին նրա վարքում: «Երբ արձակուրդ եկավ, մի մոզի ունեինք, ասեցինք մորթենք, բայց Գևորգը չթողեց, ասելով, որ թող մնա, մեծանա, խոզի հետ կփոխանակեք, բայց մորթեցինք, որ հա՛մ Գևորգի զորամաս վերադառնալու ճանապարհածախս լինի, հա՛մ էլ՝ մի հինգ օր սննվի»: 

Պարզ, հասարակ ու նյութական աշխարհից հեռու էր ապրում Գևորգը։Սիրում էր լինել սարերում, ձի հեծնել, Սևակ կարդալ և բանաստեղծություններ գրել: «Գևորգի սիրելի ու հանգստանալու տեղը սարերն էին, արձակուրդ էլոր եկավ, միշտ սարերում էր»,- ասում է Ժորան և նշում, որ Գևորգը տոն օրերից հատկապես սիրում էր Վարդավառը, երբ սարերում եղբայրներով ձի էին հեծնում, այնուհետև իջնում գյուղ և սկսում խաղալ: Այդ տոնին Գևորգը սովորություն ուներ աղջիկներին ջրելու միայն տաքացրած ջրով․ որ չհիվանդանան…

Գևորգի հետ սարեր էր բարձրանում նաև Ժորան։ Եղբայրը պատմում է, որ սարերում Գևորգն իրեն սովորեցնում էր, թե ինչպես ճիշտ շարայինու միշտ զորամասից, դիրքերիցէր պատմում:Ժորան ընտանիքում ամենաշատը կապված է եղել հենց Գևորգի հետ: Կարոտում է եղբորը, եղբոր հետ անցկացրած ժամանակները, միասին ֆուտբոլ խաղալը: Ժորան ասում է. «Ամեն անգամ սպասում էի, որ Գևորգը զանգի ու իմ հետ եղած դեպքերը պատմեմ, որովհետև միայն նրան էի վստահում»: Ժորային Գևորգից մնացին լավ հիշողություններ ու մի շարք խրատներ. «Ինձ միշտ ասում էր, որ հարգեմ մեծին, որ վաղն էլ ես մեծանամ, ինձ հարգեն: Ասում էր, որ ես չլինեմ, դու մամային ու երեխեքին լավ կնայես, չջղայինացնես»:

Քույրը՝ Սվետլանան ևս շատ է զգում եղբոր կարիքը։ Գևորգն իրեն օգնում էր տնային առաջադրանքները կատարելիս, իսկ երբ հարցնում էր՝ «Մեզնից ո՞ւմ ես ամենաշատը սիրում», Գևորգն ասում էր, որ «Կգամ, կասեմ, իմանաս»։ Էդպես էլ չիմացա, բայց բոլորիս էլ սիրում էր, բոլորի մասին էլ հոգ էր տանում»,- եզրափակում է քույրը:

Դեռ մանկուց Գևորգը շփվում էր ոչ թե հասակակիցների հետ, այլ տարիքով մեծերի հետ՝ դառնալով ավելի խոհեմ ու աշխատասեր։ Հորեղբայրը պատմում է, որ Գևորգը միամիտ չի եղել․ «Ինքն ակտիվ էր, արագախոս, ճարպիկ, բայց նախընտրում էր հանգիստ կյանքը։ Սիրում էինք միասին գնալ մեր Բգավոր եկեղեցին ու մութն ընկնելուն հետ գալ»,- ասում է հորեղբայրն ու ավելացնում, որ Գևորգն այնքան ճարպիկ էր, որ ծառայության ժամանակ երբեմն կատարում էր նաև հետախույզի պարտականություններ։ Պարոն Գարիկը վերջին անգամ Գևորգի հետ խոսել է ապրիլի 18-ի երեկոյան․ «Արագ էր խոսում, ասեց, որ ավելի ուշ էլի կզանգի, բայց տենց էլ չզանգեց, ու հետո լուրը լսեցինք»,- հիշում է հորեղբայրը՝ հավելելով, որ վերջին ժամանակներում տղան հաճախ էր կրկնում, որ ինքը չի գալու, իրեն բերելու են։

Հորեղբայրն ու ընտանիքը չեն համակերպվում, որ Գևորգն այլևս չկա, և սպասում են հունվարի 22-ին՝ նրա զորացրմանը…

Հեղ․՝ Նունե Խաչատրյան

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn