Ղարիբ Սահակյան

 

ՂԱՐԻԲ ՀԱՅԱՍԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
08.08.1987 – 04.04.2016
Կոչումը՝ ավագ սերժանտ

Ծնվել է Հադրութի շրջանի Տող գյուղում։
1994-2004 թթ․ սովորել է Հադրութի շրջանի Տող,
այնուհետև՝ Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցներում։
2006-2008 թթ. պարտադիր զինվորական
ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։ Ծառայության
ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
2008 թ. պայմանագրային զինվորական ծառայության է
անցել ՊԲ N զորամասում որպես հետախույզ։
2015 թ. ստացել է ավագ սերժանտի կոչում՝ զբաղեցնելով
հատուկ նշանակության ջոկի հրամանատարի պաշտոնը։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է
ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալով։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ դեպի 9-րդ ՊՇ թշնամու առաջխաղացումը
կասեցնելիս համածառայակիցներ ավագ սերժանտ Նվեր
Սիմոնյանի, շարքային Ազնաուր Բալայանի հետ միասին։
Ամուսնացած էր, ունի 3 որդի։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Արիություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

ՂԱՐԻԲ ՀԱՅԱՍԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Ղարիբ Սահակյան

«Մամա, որ սաղ դուրս գան, մեր հողը ո՞վ պիտի պահի» Ղարիբ Սահակյան

«Հորաքրոջս աղջկա հարսանիքին էի գնացել։ Գարիկը դեռ բանակում էր էդ ժամանակ։ Դիսկով տեսել էր, հորքուրիս ասել՝ թող գա, ծանոթանանք։ Եկա, ծանոթացանք։ Մութ էր, տանում էր ինձ ճանապարհեր, խոսեցրեց։ Առաջին հանդիպումից էլ սկսեցինք խոսել»,- իր ու ամուսնու առաջին հանդիպումն է հիշում Աստղիկ Պետրոսյանը։


Մերօրյա հերոս Ղարիբ Սահակյանին ընտանիքի անդամներն ու ընկերները Գարիկ էին կոչում։

«Մենք հինգ էրեխա էինք՝ չորս քուր, մի ախպեր։ Ախպերս 93 թվին ա զոհվել։ Մամաս խնդրեց՝ էդ էրեխեն որ տղա ծնվի, անունը Ղարիբ դնենք։ Ասեցի՝ մամա, խի՞։ Ասեց՝ էդ անունը շատ եմ սիրում։ Չկարեցա մամայիս խոսքը կոտրեմ»,- պատմում է Գարիկի մայրը՝ Նաիրա Զախարյանը։

Գարիկը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Համեստ, պարտաճանաչ աշակերտ է եղել։ Սիրում էր ռազմագիտությունը, ֆիզկուլտուրան։

«Սպորտի չի գնացել, բայց անընդհատ զբաղվում էր, ֆուտբոլ էր խաղում։ 8-9-երորդ դասարաններում 70 կգ-անոց շտանգան բարձրացնում էր։ Էրեխեքն էլ հորից սովորել են, պառկում են, ժիմ անում»,- ասում է տիկին Նաիրան։ Դպրոցն ավարտելուց հետո Գարիկը զորակոչվել է բանակ, որից հետո էլ ընդգրկվել զինված ուժերում։ Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են Հադրութի շրջանի Արևշատ գյուղ։ «Ես չէի ուզում։ Ասում էր՝ մամա, ես ուզում եմ, սիրում եմ, որ սաղ դուրս գան, մեր հողը ո՞վ պիտի պահի»,- հիշում է մայրը։


Կնոջ ու մոր խոսքերով՝ Գարիկը շատ լուրջ էր։

«Անընդհատ մտածում էր։ Ասում էի՝ «խի՞ չես մի անգամ խոսում», ասում էր՝ «մա՛մ ջան, ի՞նչ խոսամ»։ Հումորը նրա գիտե՞ս ինչ էր՝ սենց սառած-սառած մի սուտ էր ասում, մեկ էլ ծիծաղում, ասում՝ խաբել եմ»,- հիշում է մայրը։

Կինն ասում է՝ զոռով էի ծիծաղեցնում․ «Ջղայնացնում էի, չէր ջղայնանում։ Եթե ջղայնանում էր, ու մեղավորը ես էի լինում, էլի ինքն էր քայլ անում»։

Ղարիբն իր երեք զավակների հետ

Հերթափոխից հետո Գարիկը շտապում էր տուն՝ ուտելու մոր կամ կնոջ պատրաստած տոլման։ Երբեմն էլ առանց հաց ուտելու սկսում էր խաղալ երեխաների հետ։ Միասին նաև մարզվում էին։ Հերոսը երեք որդի ունի՝ 6-ամյա Անգելը, 4-ամյա Ալեքսը և 2 տարեկան Ալենը։ Ուզում էր մի աղջիկ էլ ունենալ, մոր անունով կոչել։ «Էրեխեքին «ապեր» էր ասում, ինձ՝ «բալաս», միշտ ասում էր՝ մեծ էրեխես էլ դու ես»,- պատմում է Աստղիկը։ Մեծ որդին՝ Անգելը, ուզում է մայրենիի ուսուցիչ դառնալ, Ալեքսը՝ պապայի նման զինվոր։ Ալենը նոր-նոր է սկսել «մամա-պապա» ասել։ «Պապան ուժեղ էր, կրակում էր։ Ուզում եմ զինվոր դառնամ, որ կրակեմ»,- ասում է Ալեքսը։ Անգելն էլ շտապում է ավելացնել՝ փիս բան ա էտի։ Գարիկն ուզում էր, որ որդիներից մեկն ուսուցիչ դառնա, մյուսը՝ բժիշկ։

«Տան գործ էի անում, օգնում էր, էրեխեքին էր պահում։ Չէր սիրում տեղ գնալ, ուզում էր ընտանիքով մնայինք տանը,- նշում է Աստղիկն ու ավելացնում,- տեղ գնալու ժամանակ չունեինք էլ, գնում էինք մի տեղ, զանգում էին՝ «տրեվոգայա»»։

Չնայած տանը զինվորական չէր, բայց ծառայողական հագուստից բացի մեկ այլ զինվորական համազգեստ էլ տանը հագնելու համար էր գնել։ Անգելը, Ալեքսն ու Ալենը նույնպես, հետևելով հոր օրինակին, զինվորի պես էին հագնվում։ Գարիկը ծառայության մեջ էր լինում նաև ծննդյան օրը։ Կինն ու երեխաները գիշերը՝ ժամը տասներկուսին, հեռախոսազանգով էին շնորհավորում նրան։ Երբեմն բաց էր թողնում նաև կնոջ տարեդարձը, անակնկալն ընկերներն էին մատուցում։ «Դուռը բացեցի, տեսա Գարիկի ընկերներից մեկը մի փունջ վարդ է բերել, ասի՝ «ո՞վ ա տվել», ասեց՝ «դե տվել են էլի»։ Գործից եկավ, լուրջ-լուրջ նայեց՝ էս ծաղիկը ո՞րտեղից, հետո ասեց՝ «ես եմ ուղարկել»»,- ծննդյան օրերից մեկն է հիշում Աստղիկը։


Սահմանից ու ռազմական իրադրությունից զինծառայողը չէր սիրում պատմել։

Ավագ սերժանտ, հետախույզ Ղարիբ Սահակյանը ծառայում էր ՊԲ N զորամասում՝ որպես հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության խմբի հատուկ նշանակության ջոկի հրամանատար, նույն խմբի հրամանատարի տեղակալ։

«Գնում էր պոստեր, ամբողջ գիշեր լացում էի, դրա համար ոչ մի բան չէր պատմում։ Վախում էի, զանգում էի, լացելով խոսում, մենակ ասում էր՝ «լրիվ լավ ա, վախենալու բան չկա»»,- ասում է հերոսի կինը, որը բազմիցս ցանկություն է հայտնել տեսնել այն զորամասը, որտեղ ամուսինն է ծառայում։ Գարիկը հրաժարվել է տանել։

 «Ասում էի՝ «ինձ էլ տար, տենամ՝ որտեղ ես աշխատում, որտեղ ես քնում», ինքն ասում էր՝ «ես քեզ ո՞նց կտանեմ, ընտեղ լրիվ տղաներ են»։ Մի անգամ զոռով համոզել էի, որ պիտի տանի, տարավ մեջով անցկացրեց, չթողեց՝ մեքենայից իջնեմ, հարցրեց՝ «տեսա՞ր», ասի՝ «ճանապարհը տեսա, չգիտեմ՝ որտեղ ես քնում»։ Կատակում էր՝ «կռավաթի վրա եմ քնում», բայց դե գիտեի, որ քնապարկերում են քնում»,- պատմում է կինը։ Գարիկի մայրն ասում է՝ վերջին ամիսներին որդու սիրտը մի վատ բան գուշակում էր․ «Ալեքսի ծնունդն էր, ասեց՝ «մամա՛, վեր կաց՝ պարենք»։ Ես, հարսը, ինքը պարեցինք, ասեց՝ «մա՛մ ջան, դու տղամարդ կին ես, էրեխոցս լավ կպահես»։

Ծառայության ընթացքում միշտ կապի մեջ էր ընտանիքի անդամների հետ։

Վերջին օրերին, սակայն, շատ էին զանգում, բայց քիչ էր խոսում։ «Մարտի 31-ին գնացել ա, էրեխեքի հետ չի խոսացել։ Էրեխեքը լացում էին՝ «խի՞ չի զանգում, խի՞ չի զանգում»։ Տենց մինչև ապրիլի 4-ը։ Չորսի առավոտը զանգել էր՝ «դիվերսիան պրծել ա, արդեն գալիս ենք գործի տեղը», հետո զանգեց, թե՝ «էրեխեքին լավ կնայես…» Անընդհատ զանգում էի, անհասանելի էր»,- հիշում է Աստղիկը։

 

ՀԳ Ղարիբ (Գարիկ) Սահակյանը զինակից ընկերների՝ Նվեր Սիմոնյանի, Ազնաուր Բալայանի հետ մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ապրիլի 4-ի առավոտյան՝ ռազմաճակատի ջաբրայիլյան հատվածում պաշտպանական մարտերի ժամանակ թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։

 

Հեղ․՝ Աննա Կարապետյան

 

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn