Գրիգոր Հարությունյան

 

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15.03.1997 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Երևան քաղաքում։
2004-2007 թթ․ սովորել է №194 միջնակարգ դպրոցում,
իսկ 2007-2013 թթ․՝ №127 միջնակարգ դպրոցում։
2014 թ․-ից սովորել է Երևանի №9 արհեստագործական
պետական ուսումնարանում վարսահարդարի մասնագիտությամբ։
Հաճախել է ըմբշամարտի, ֆուտբոլի։
2015 թ. հուլիսի 27-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել
է ՊԲ N զորամասում որպես հրաձգային դասակի դիպուկահար։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 115 մարտական դիրքը պաշտպանելիս
համածառայակիցներ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի,
շարքայիններ Արման Անդրասյանի, Նորիկ Սարգսյանի,
Արթուր Գևորգյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով,
«Հայոց ազգային բանակում» հկ-ի «Արամո» մեդալով,
«Անդրկովկասյան կազակական զորքեր»
ռազմահայրենասիրական հկ-ի «Սուրբ Աննա» շքանշանով։

∗ ∗ ∗

 

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրիգոր Հարությունյան

Գրիգորը դժվար մանկություն է ունեցել։ Հինգ տարեկան էր, երբ մահացավ հայրը։ Հոր մահից հետո քրոջ ու երկու եղբայրների խնամակալությունն ամբողջությամնբ մնացել է մոր՝ տիկին Անահիտի ուսերին։ Ընտանիքը մի կարճ ժամանակահատված հայտնվում է փողոցում, ապա մեծ դժվարությամբ կարողանում են վարձով բնակարան գտնել։ Գրիգորի դպրոցական տարիների մեծ մասն անցնում է մոմի լույսի տակ դասերը սովորելով։

Գրիգորը հավասարակշռված էր, չխոսկան, չէր սիրում, երբ մայրն արտասվում էր, ասում էր՝ «Մա՛մ ջան, մի՛ լացի, լավ կլինի, կգնամ բանակ, կգամ, միասին ամեն ինչ կանենք»։ Գրիգորը ութերորդ դասարանից կիսատ է թողնում ուսումը, քանզի պետք էր աշխատել և թեթևացնել մոր հոգսը։ «Ցանկացած աշխատանք անում էր, որ գումար վաստակի, որ կարողանա օգնել։ Այգիներում է աշխատել, մանկական երկաթուղում՝ որպես հսկիչ։ Ուզում էր տունը վերանորոգել, իր ուզածով կահավորել։ Ասում էր՝ «Մա՛մ ջան, աշխատեմ, որ վերանորոգեմ, ընկերներիս մեր տուն կանչելուց չամաչեմ»»,- պատմում է տիկին Անահիտը։ Աշխատելու պատճառով Գրիգորը կիսատ թողեց նաև ըմբշամարտն ու ֆուտբոլը, միևնույն ժամանակ, հասկանալով ուսման կարևորությունը, փոքր եղբորը  հորդորում էր առայժմ չաշխատել և սովորել։

Գրիգորը եղբոր հետ

Տիկին Անահիտը գործունեության բերումով քաջածանոթ էր զինվորական գործին, ու տղայի՝ մորն ուղղված հարցերը հիմնականում զինվորների մասին էին։ «Միշտ ասում էր՝ «Մա՛մ, զինվորներից պատմի», ես էլ առօրյայից մինչև կանոնները պատմում էի, հաճույքով լսում էր։ Հայոց պատմությունից իր համար օրինակելի անձինք ուներ՝ Վազգեն Սարգսյանը, Մոնթեն։ Շատ էր ցանկանում Արցախում ծառայել, իր հորեղբայրն էլ զոհվել էր Արցախյան պատերազմում։ Սիրած ֆիլմերն էլ մարտական էին»։

Ուսումը կիսատ թողնելուց մի տարի անց Գրիգորն ընդունվում է քոլեջ, ընտրում վարսահարդարի մասնագիտությունը, բայց դարձյալ կիսատ է թողնում՝ այս անգամ արդեն բանակ գնալու համար։

Ծառայությունը շատ էր սիրում, ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ)։ Երբեք չէր բողոքում ծառայությունից, դիպուկահար էր, շատ լավ էր կրակում։ «Ասում էր՝ լավ կրակեմ, որ թուրք խփեմ»։ Իմ տղան ընտրեց Ղարաբաղը. ուզում էի, որ մոտիկ տեղ ծառայեր, ինքը չուզեց, ասաց՝ «դիրքերում շատ լավ ա»,- հիշում է մայրը։

«Ասում էր, մամ, խաչս կորցրել եմ, ինձ խաչ կբերես, որ գաս, պիտի գնայի, չստացվեց, ընկճվել էր։ Երբ դեկտեմբերին արձակուրդ եկավ, հետը նկար էր բերել, իր նկարած՝ եկեղեցի էր, ասում էր «պահեք, որ հենց վերջացրեցի եկա, սիրուն կախելու եմ պատից, ավելի մեծը նկարեմ»»։

Սիրում էր նոր տարին, տոնական տրամադրությունը պահում էր մինչև իր ծննդյան օրը՝ փետրվարի 15-ը, դրանից հետո նոր հավաքում էր զարդարանքը»,- հիշում է հերոսի մայրը։  Քույրը՝ Հասմիկ Հարությունյանը, պատմում է. «Հիշում եմ, երբ առաջին դասարան էր, նրա հետ կապված ամեն հարցով ես էի զբաղվում մինչև ամուսնանալս, ամանօրյա միջոցառում էինք կազմակերպել, ամեն ինչ արել էի, որ օրն ուրախ անցնի։ Երբ միջոցառւմն ավարտվեց, էնքան ամուր գրկեց ու ասեց՝ «Աշխարհի ամենալավ քույրիկն ես»։ Հիմա անընդհատ էդ նախադասությունն եմ հիշում ու էդ ամուր գրկելը»։

Գրիգորը շատ էր կապված քրոջ երեխաների հետ. «Երբ իմ երրորդ բալիկը ծնվեց, Գրիգորի 18-ը նոր էր լրացել, մեծ խնջույք էր կազմակերպել, բակի բոլոր ընկերների հետ ամբողջ գիշեր ուրախացել։ Հարևանները կյանքում նրան էդքան երջանիկ չէին տեսել։ Իսկ երբ արդեն 5-6 ամսվա ծառայող էր, արձակուրդ էր եկել, եկավ մեր տուն, էդ ժամանակ փոքրիկս 7 ամսեկան էր ու ոչ մեկի մոտ չէր գնում, բայց Գրիգորիս գրկից ամբողջ օրը չիջավ։ Երանի՜ այդ օրը»…

Վահագն Խասապետյանը Գրիգորի մոտ ընկերներից էր. «Ոնց որ եղբայրներ լինեինք, շատ մտերիմ էինք, ինչ էլ լիներ, գիտեի, որ ցանկացած պահի կողքիս կանգնած է։ Ամեն ինչ միասին էինք որոշում, քննարկում, հետո անում էինք»:

Գրիգորի հետ մայրը վերջին անգամ խոսել է մարտի 31-ին՝ դիրքեր բարձրանալուց առաջ։ Դրանից հետո արդեն Գրիգորի հետ կապվել չի հաջողվել։ 18 անհետ կորածների մեջ նաև Գրիգորի անունն էր։ Տիկին Անահիտը կամավոր զինվորագրվել էր, բայց նրան չեն թույլատրել մեկնել Արցախ։ «Տեղս չէի կարողանում գտնել, քնիս մեջ անընդհատ կրակոցի ձայներ էր, Գրիգորիս ձայնն էի լսում, օգնություն էր կանչում։ Անընդհատ զանգահարում էի, որ մի տեղեկություն ունենամ, ասում էին՝ «Տիկի՛ն, Ձեր որդու հետ ամեն ինչ լավ է, հանգի՛ստ եղեք», բայց ես հո գիտեի, որ որդուս հետ մի բան եղել է, ես զգում էի։ Հարևաններիս հետ Գրիգորի մասին էինք խոսում, ժամացույցը կանգնեց, այդ ժամանակ ես ավելի վախեցա, մարմնովս սարսուռ անցավ»,- հիշում է մայրը…

Գրիգորը զոհվել էր մարտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հայկական դիրքեր ներխուժած թշնամու դեմ ժամեր տևած դիրքային մարտում համածառայակիցներ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, շարքայիններ Արման Անդրասյանի, Նորիկ Սարգսյանի, Արթուր Գևորգյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։

 

            Հեղ.՝ Սուսաննա Գրիգորյան