Հարություն Աբրահամյան

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
10.08.1985 – 04.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետության Շամխորի շրջանի Նուզգյար գյուղում։
1988 թ. դեկտեմբերին ընտանիքը տեղափոխվել է
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետություն և բնակություն հաստատել
Վարդենիսի շրջանի Գյունեյ (այժմ՝ Արեգունի) գյուղում։
1992-2002 թթ. սովորել է Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում։
Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Կոտայքի մարզի Հրազդան
քաղաք` ատամնատեխնիկի մասնագիտություն սովորելու համար։
2003-2005 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է
անցել ՊՆ սահմանամերձ զորամասերից մեկում։
2005-2016 թթ․ պայմանագրային զինվորական
ծառայության է անցել ՊՆ տարբեր զորամասերում։
Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար։
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության,
ռազմահայրենասիրական դաստիարակության,
զինվորական կարգապահության, ֆիզիկական
պատրաստության ամրապնդման ուղղությամբ
ցուցաբերած բարձր ցուցանիշների համար
ծառայության  ընթացքում արժանացել է
«Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին՝ մարտական
գործողությունների ժամանակ դեպի 6-րդ ՊՇ
թշնամու առաջխաղացումը կասեցնելիս
համածառայակիցներ ենթասպա Գագիկ Մելքոնյանի,
կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի հետ միասին։
Ամուսնացած էր, ունի 3 երեխա։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հարություն Աբրահամյան

«Ես էլ Արցախյան պատերազմի մասնակից եմ եղել։ Որ գնում էի կռվի, ինքը դեռ հինգ տարեկան էր։ Անընդհատ հարցեր էր տալիս՝ ինչը ոնց է եղել, ես էլ պատմում էի, ու էդ ոգով էլ մեծացել է։ Տեսել ու սիրել է զինվորականի գործը։ Ինքս դիպուկահար եմ եղել, իրեն ամեն ինչ սովորեցրել եմ, ասել եմ բոլոր հնարքները։ Ինքը համակարգչով էլ էր շատ բաներ նայում, սովորում։ Ինքն էլ դարձավ լավագույն դիպուկահարներից մեկը»,- պատմում է քառօրյա պատերազմում զոհված հերոս Հարություն Աբրահամյանի հայրը՝ պարոն Հովհաննեսը։

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Հարությունը որոշում է շարունակել ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։ Փոքր ժամանակվանից սովոր էր ինքնուրույն որոշումներ կայացնելուն ու դժվարությունները սեփական փորձի միջոցով հաղթահարելուն։ Հայրը նշում է. «Դժվար մանկություն է ունեցել, որովհետև ծննդաբերությունից հետո մայրը ծանր հիվանդացել է, իսկ ես դրսի մարդ եմ եղել։ Շամխորիից գաղթել ենք այստեղ՝ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղ։ Ամիսներով սահմանին եմ եղել, տուն չեմ եկել։ Ինքը կամքից ուժեղ էր, տրտնջացող չէր, չէր բողոքում։ Ասում էր՝ ես ամեն ինչ կանեմ տանը, դու գնա»։

Հոր՝ Հովհաննես Աբրահամյանի հետ արցախյան պատերազմի տարիներին

2006 թվականի նոյեմբերին Հարությունը ծանոթանում և ամուսնանում է Արփինե հետ, իսկ վեց ամիս հետո անցնում է պայմանագրային ծառայության։ Արփինեն ժպիտով է հիշում, ինչպես են ծանոթացել. «Իմ պապան Հարությունի հոր մարտական ընկերն է։ Ես դեռ շատ փոքր եմ եղել, որ իրա պապան ինձ տեսել, հավանել ա, անընդհատ ասել են, որ ես ու Հարությունը պետք ա իրար հետ ամուսնանանք։ Հիշում եմ՝ առաջին անգամ ոնց հանդիպեցինք։ Գնացել էինք սար՝ ինչ-որ բույս հավաքելու, ծառերի ճյուղերի մեջ մազերս խճճվել էր, ես էլ տենց հոգնած սարից իջնում էի, Հարությունն էդ պահին ինձ տեսավ, ընկերներին թե բա. «Վա՜յ, իրա՞ հետ պիտի ամուսնանամ»։ Հետո գալիս եմ տուն, ինձ կարգի եմ բերում ու նորմալ հանդիպում ենք։ Ծանոթությունից մի երկու ամիս անց ամուսնանում ենք։ Երեք երեխա ունենք։ Մեծս՝ Մխիթարը, ութ տարեկան է, միջնեկս՝ Մարիամը՝ վեց, իսկ Մանես չորս տարեկան է։ Ամենաշատը փոքրի հետ էր կապված։ Առհասարակ աղջիկ երեխա շատ էր սիրում։ Որ մեծ աղջիկս ծնվեց, էնպես էր ուրախացել»։

Պայմանագրային զինծառայության սկզբնական շրջանում Հարությունը ծառայել է ՊՆ այն նույն զորամասում, որտեղ անցել էր պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ հետո տեղափոխվել է Քարվաճառի շրջան՝ Օմարի դիրքեր։ Ապրիլի 1-ին պետք է հերթափոխը հանձնեին ու տուն վերադառնային։ Կինը պատմում է. «Ամսի մեկին խոսեցինք, ասեց, որ չի գալիս, վիճակը լարված ա, տանում են օգնության։ Ոտով տարածքը ստուգելով՝ անտառներով հասել են Թալիշ, դիրքավորվել։ Ամսի երեքին կռիվ են տվել, իսկ ամսի չորսի առավոտ զոհվել է։ Ասում են, որ էդ պահին կողքին իրա մոտ ընկերոջ՝ մեր համերկրացի Վրեժի եղբայրն ա եղել՝ Սեյրանը։ Իրանք երեքն էլ նույն վաշտից էին։ Հարությունը Սեյրանին ասել ա, որ գնա ու Վրեժին, որ ուրիշ տեղ էր դիրքավորվել, կանչի իրա կողքը։ Վրեժը եկել ա, ու մի քանի րոպե հետո նկարահանող սարքը իրանց ֆիքսել ա, սնարյադն ուղիղ Հարութի մեջքին ա խփել, պայթյունից երկու մոտ ընկեր տեղում զոհվել են։ Հարութն ու Վրեժը միշտ միասին էին․ տասնհինգ օր դիրքերում էին իրար հետ, իսկ հետո էլ գյուղում էին միասին ամեն տեղ գնում, ամեն ինչ անում»։

Կնոջ խոսքերով՝ Հարությունը հաճախ է ասել, որ ձյունը հալվի, կռիվ է լինելու. «Հարությունը շատ էր ծխում, բայց ասում են՝ վերջին երկու օրը շատ անհանգիստ ա  եղել, չի ծխել, չի շփվել ոչ մեկի հետ։ Ինչ-որ բաներ ա զգացել, ասել ա, որ կռիվ ա լինելու։ Ամսի երկուսին աղջկաս ծնունդն էր, պետք ա գար տուն։ Մարիամս չէր թողնում՝ տորթը կտրեինք․ պապային էր սպասում։ Հետո մի կերպ համոզեցինք, լացելով մոմերը փչեց, մի կտոր էլ տորթից պահեց հորը»։

Հայրը պատմում է, որ Հարությունը ծառայությունից չի դժգոհել, բայց իրեն շատ վատ է զգացել ներսում տիրող որոշ անարդարություններից. «Ինքը սիրում էր իր հայրենիքը, ուզում էր պաշտպանել, բայց ծառայության ժամանակ շատ վատ բաներ էր տեսնում, հիասթափվում, չէր համակերպվում անարդարությունների հետ։ Ինքը նեղանում էր, որ էդպես բաներ էր տեսնում՝ ինչ-որ բան չէին տալիս, ինչ-որ բան չէին անում։ Հարութն իր պարտականությունները հինգ մատի պես գիտեր, ինքը բոլոր հարցերին պատասխանում էր, ամեն ինչ զեկուցում, ոչ մի բանից չէր խեղճանում: Ծառայությունից երբեք չէր խուսափում ու միշտ ասում էր` ես պիտի ծառայեմ, ասում էր գնամ, որ մեր հողերը մինչև վերջ ազատագրենք, բայց Աստված իրեն վերցրեց։ Մեծ հավատք ուներ Աստծո հանդեպ։ Վերջին անգամ որ տուն եկավ, պատմեց՝ Աստված ինչ հրաշքներ ա գործել։ Օրը շատ ամպամած ա եղել, անձրև ա ուժեղ եկել, ասում էր՝ «Պա՛պ, որ թուրքերին պետք ա խփեինք, ուժեղ կայծակ էր անում, լույս էր լինում, խփում էինք: Հետո որ ես տեղափոխվում էի իմ տեղից, մթնում էր, հետո էլի կայծակ էր խփում»»։

Հարությունը շատ ընկերասեր է եղել։ Պարոն Հովհաննեսն ասում է. «Շատ թասիբով տղա էր, ոչ մեկին ոչ մի թթու խոսք չէր ասում: Շատ հանգիստ էր։ Երբեք ինձ պատասխան տված չկա։ Շատ աշխատասեր տղա էր, չէր կարող պարապ նստել։ Հենց տուն էր գալիս, ասում էր՝ «ինձ մի՛ թողեք՝ պարապ մնամ»։ Նախքան ծառայության անցնելը սպորտով է զբաղվել։ Որսորդությամբ էր զբաղվում, շատ էր սիրում»։

Հարությունը շատ է սիրել ընտանիքն ու փորձել է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Կինը պատմում է, որ երբեմն Հարությունն էլ էր երեխաների օրորոցի մեջ մտնում ու նրանց հետ խաղում։ Ութ տարեկան որդին՝ Մխիթարը, պատմում է. «Պապան  մեզ տանում էր Սևան կամ գնում էինք Քարվաճառի Տաք ջուր, լողանում էինք։ Իրա հետ որսորդության էի գնում, բադ էինք որսում, բայց պապիկին չէինք ասում․ կջղայինանար։ Իրար հետ կարտոշկա էինք ցանում, ջրում, սոխ էինք ցանում, լոբիները մշակում»։

Հիմա երեխաները կարոտով են խոսում հոր մասին, իրար հետ վերհիշում են այն բոլոր տեղերը, ուր գնացել են միասին։ Հենց սիրուն ծաղիկ են տեսնում, քաղում և դնում են հոր նկարի առջև։ Արփինեն պատմում է. «Ամենափոքրի հետ դե շատ կապված էր։ Հիմա անընդհատ խաղալիք հեռախոսը վերցնում ու հոր հետ ա խոսում։ Երազին էլ հորն ա տեսնում, կարոտում։ Հարությունն ասում էր՝ «ուր էլ գնամ, Մանեիս խաթր հետ եմ գալու»»։

Մինչ Արփինեի հետ էինք զրուցում, մեզ մոտեցավ Մխիթարը՝ այս անգամ ձեռքին ինչ-որ խաղալիքներ։ Պարզվեց՝ պապիկի հետ տիր են գնացել ու ինքն է շահել։ Պապիկը պատմեց, որ. «Ինչքան խփում էր, էնքան շահում ու շահում էր, չէր վրիպում։ Բոլորը զարմացած էին։ Դե երևի գեների մեջ կա»։ Մխիթարը լսում էր պապիկին ու շարունակում խաղալ իր հրացանով, մեկ էլ թե՝. «Զինվոր եմ դառնալու․ բոլոր կռիվներին գնալու եմ»։

 

            Հեղ՝ Մանե Գևորգյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn