Հովսեփ Կիրակոսյան

 

ՀՈՎՍԵՓ ԳԵՂԱՄԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
23.08.1988 – 02.04.2016
Կոչումը՝ կապիտան


Ծնվել է Արմավիրի մարզի Ապագա գյուղում։
1995-2005 թթ. սովորել է Ապագայի միջնակարգ դպրոցում։
2006-2010 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան
ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝
նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է
դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
2015 թ. հունիսի 1-ին նշանակվել է ինժեներասակրավորական
վաշտի հրամանատար ՊԲ N զորամասում, ստացել կապիտանի կոչում։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին Մատաղիսում ծառայողական
պարտականությունները կատարելիս։
Ամուսնացած էր, ունի 2 որդի։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հովսեփ Կիրակոսյան

Արդեն երրորդ անգամ էի այցելում ապրիլյան պատերազմի հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքին։ Թվում էր՝ անհարմարության զգացողությունը վաղուց անցած պետք է լիներ, բայց ինչ-որ անհանգստություն, միևնույն է, կար, ու միայն տան դարպասների մոտ հասկացա՝ ինչ է դա. վախենում էի, որ Հովսեփի  հրաշք բալիկները՝ Գեղամն ու Էրիկը, ինձ չհիշեն։ Մտավախությունս տեղին չէր, իրենք նույն խանդավառությամբ ինձ ընդունեցին, ինչ նախորդ անգամ ճանապարհելիս։ Ու արդեն հյուրասենյակի բազմոցին նստած՝ աշխույժ երեխաների խաղին հետևելիս մտովի տեղափոխվեցի Մատաղիս, որտեղ ապրել են այս փոքրիկները։

Ապրիլ… Ռմբակոծվող գյուղ, զինավան… «Ինքը իր էրկու էրեխուն թողել ա, հասել ա իրա 25 սալդատին»,- ականջիս հնչում էին Հովսեփի հոր՝ պարոն Գեղամի խոսքերը։

Հովսեփի պապերը Սասունից էին եկել ու հաստատվել Արմավիրի մարզի Ապագա գյուղում։ Հենց այս գյուղում էր ծնվել և միջնակարգ կրթություն ստացել Հովսեփը։ Մանկուց տղան աչքի էր ընկել հետաքրքրասիրությամբ։ «Շատ էր սիրում մեր պատմությունը, անընդհատ հարցեր էր տալիս նախնիներից, սասունցիներից, դե ամուսինս արմատներով սասունցի ա, ես մշեցի եմ, իսկ երկրորդ դասարանում, երբ շարադրություն էին գրել «Ի՞նչ եք ուզում դառնալ» թեմայով, իմ տղան մենակ մի բառ էր գրել՝ «զինվորական»»,- հիշում էր հերոսի մայրը՝ տիկին Մարգարիտան։ Վերջինիս խոսքը շարունակելով՝ հայրը հաստատում էր. «Խորանում էր 1915 թվից, հետաքրքրվում էր Անդրանիկից, Նժդեհից։ Իրա պատմության դասատուն իմ ընկերն ա եղել, ասում էր՝ «ես չգիտեի, որ հարցին պատասխանեմ իրա»,- մի պահ լռելուց հետո ավելացնում է,- իր խոսքի տեր երեխա էր մանկությունից, էդ բնավորությունը հիմա իրա մեծ տղու մեջ եմ գտնում»։

ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ8-րդ դասարանում Հովսեփն արդեն հաստատ որոշել էր՝ դառնալու էր զիվորական։ Հայրը կտրականապես դեմ էր, մայրը հույս ուներ, որ տղան կմտափոխվի։ Բայց Հովսեփն ապացուցեց, որ իր խոսքի տերն է, երբ 10-րդ դասարանում վճռականորեն հայտարարեց Ռազմական ինստիտուտ ընդունվելու մասին։ Հայրը դարձյալ դեմ էր. «Ինքը որ ընդունվում էր վայեննի ինստիտուտ, ես դեմ էի, ուղիղ մի ամիս ես իրա թղթերը չէի ստորագրում, ասում էր՝ «պա՛պ, դու չե՞ս ուզում՝ ես սովորեմ», ասում էի՝ «էլի սովորի, բայց ուրիշ տեղ», ասեց՝ «չէ՛, պա՛պ, վայեննին ա իմ կյանքը»»։ Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար անհրաժեշտ էր միաժամանակ ծնողներից երկուսի համաձայնությունը, և տիկին Մարգարիտային հաջողվեց համոզել ամուսնուն. «Տղաս գնաց, գործերը տվեց, քննությունների ժամանակ ասեց՝ «մա՛մ, բոլորի ծնողներից գալիս են, բա դո՞ւ»։ Ասեցի՝ «հա, բա ոնց, բա հո քեզ մենակ չե՞մ թողնելու»։ Հայրը չգնաց, ես ինքս գնացի։ Գնացի, ինքը բարձր գնահատականներով ընդունվեց ռազմական ինստիտուտ։ Հայրը չէր ստորագրում դիմումը։ Չգիտեմ՝ ոնց ինձ համոզեց, որ ես էլ ամուսնուս համոզեմ։ Ամուսինս նեղվելով, ջայնացած ստորագրեց։ Հենց ամուսինս ստորագրեց, վերջացրեց, սիրտս լցվեց, ես ասի՝ «տղա՛ ջան, ճիշտ ա՝ հորդ համոզեցի, բայց ախր ճիշտ էր ասում, որ  զինվորականի կյանք ա, հիմա դու արդեն իմը չես լինելու»։ Ասեց՝ «մա՛մ, ես քոնն եմ ու հայրենիքինը»»։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելուց հետո Հովսեփին սպասում էին փորձություններով ու դժվարություններով լի չորս տարիներ, սակայն նա անգամ ամենադժվար պահերին չէր փոշմանում իր բռնած ուղու համար։ Ուսումնառության տարիներին՝ ընդամենը 19 տարեկանում, Հովսեփը՝ որպես ոսկրածուծի դոնոր, առանց ծնողների իմացության կամավորագրվել էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին։ Այդ մասին ընտանիքն իմացավ միայն հերոսի մահից հետո։ Մայրը հպարտությամբ էր հիշում. «Թաղումից հետո էդ կենտրոնի տնօրենն այցելեց մեր տուն, Ամերիկայից եկել էր, ցավակցությունն էր հայտնում։ Բերել էր տղայիս ստորագրած թուղթը, որտեղ իր ձեռքով գրված էր, որ եթե աշխարհի որևիցե ծայրում մի հայ մանուկ իր կարիքը զգա, և իր ոսկրածուծը համընկնի էդ փոքրիկի ոսկրածուծին, ինքը պատրաստ ա դոնոր լինել»…

ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԲարձր գնահատականներով ինստիտուտն ավարտելուց հետո Հովսեփը նշանակվեց ինժեներասակրավորական դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ Այստեղ նա ապացուցեց, որ լինելով խիստ ու պահանջկոտ՝ կարող է լինել նաև հարգված ու սիրված սպա, մտնել զինվորի դրության մեջ ու հարկ եղած դեպքում օգնել նրան՝ միաժամանակ չխախտելով կարգապահությունը։ Հովսեփի նախկին զինվորներից մեկը՝ Սուրենը, մասնակցելով սիրելի հրամանատարի հուղարկավորությանը, գրել էր. «Հովսեփից ամենավառ հիշողությունն ինձ տանում է երեք տարի հետ ու կապում բանակային մի օրվա հետ։ Այնպես ստացվեց, որ զորամասի ճաշարանում տված կերակուրը (կարծեմ՝ ցորենի շիլա էր) զորքի դուրը չէր եկել, սոված էինք մնացել։ Երեկոյան իջա հսկիչ անցագրային կետ (ՀԱԿ), որ զորամասից դուրս գամ ու խանութից բուլկի բերեմ։ ՀԱԿ-ում հերթապահ էր այն ժամանակ դեռ ավագ լեյտենանտ, ինժեներասակրավորական դասակի հրամանատար Հովսեփ Կիրակոսյանը։ Ինչպես և սպասվում էր, մերժեց բացել դուռն ու ինձ դուրս թողնել։ Փորձեցի համոզել, լեզու գտնել երիտասարդ, բայց խիստ սպայի հետ, չստացվեց. բոլորը գիտեին, որ դժվար առաջադրանք է նրան համոզելը։ Հովսեփն ինձ հետ ուղարկեց վաշտ։ Արդեն բավական հեռու էի անցագրային կետից, երբ ձայն տվեց, հետ կանչեց.
– Դե հերիք էղավ էլի, զզվացրիք՝ «դո՛ւրս, հա՛ դուրս»։ Ի՞նչ ես ուզում, ասա՛, ես կգնամ, կբերեմ։
Ավագ լեյտենանտ Կիրակոսյանը բուլկին բերեց, կերանք, ստամոքսներս խաբեցինք ու պառկեցինք քնելու»։ 

Հովսեփի հոգատար ու խորաթափանց հոգու մասին վկայող պատմությունները շատ են, դրանցից մեկն էլ պատմեց մայրը. «Միշտ ասում էր՝ «Մա՛մ, ամեն մեկը մի ընտանիքից ա գալիս, ամեն մեկը մի դաստիարակություն ա ստացել, պետք ա դու մտնես նրա հոգին ու հասկանաս, թե ինչ ա կատարվում նրա ներսում»։ Մի անգամ Ստեփանակերտում էինք, ինքը տանն էր էդ օրը, երեկոյան ուշ ժամի զանգեցին, կանչեցին զորամաս, արագ-արագ հագնվեց, վազեց էնտեղ։ Լուսադեմին նոր վերադարձավ, անհանգստացած հարցրի՝ «ի՞նչ էր պատահել»։ Ասեց՝ «Սալդատներիցս մեկը հիմար քայլ էր անելու, փրկեցի հա՛մ իրան, հա՛մ ես փրկվեցի, չէ՞ որ ես էլ եմ մեղավոր, ես էլ սպան էի»»։

ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՍտեփանակերտում որոշ ժամանակ ծառայելուց հետո Հովսեփին առաջարկել էին տեղափոխվել Նոյեմբերյան ու շարունակել ծառայությունն այնտեղ, բայց նա հրաժարվել էր։ Ստեփանակերտում ծառայեց 3 տարի։ Այդ տարիներին ամուսնացավ Մարիամի հետ, ծնվեցին 2 որդիները։ Հետո, կարևորելով առաջնագծում լինելու յուրաքանչյուրի դերը, սեփական կամքով դիմում գրեց ու տեղափոխվեց Մատաղիսի զորամաս։ Մայրը պատմում է․ «Ինքը սիրեց Արցախը, միշտ ասում էր՝ «Հայաստանի դարպասը Արցախն ա, եթե բացվի էդ դարպասը, թուրքը կսկսի առաջ գալ»»։ Մատաղիսում Հովսեփը ստացավ կապիտանի կոչում ու նշանակվեց ինժեներասակրավորական վաշտի հրամանատար։ Կարճ ժամանակում այստեղ էլ կարողացավ վաստակել սպայական անձնակազմի ու զինվորների համակրանքն ու հարգանքը։ Սա պայմանավորված էր ոչ միայն հերոսի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլև սրտացավ վերաբերմունքով։ «Հովսեփի կամանդիրի հետ դեպք էր եղել, մինի վրա էր ընկել, ոտքը կտրվել էր, տենց արագ իջացրել էին, բժիշկն ասել էր՝ «շտապ ոտքն էլ բերեք»։ Հովսեփս գնում ա, իրա երկու սերժանտի հետ ոտքը արագ գտնում, բերում են. հիմա էդ փոխգնդապետը քայլում ա, առանց փայտի կամ որևէ բանի օգնության»,- պատմում է հերոսի հայրը։

Մատաղիսի զորամասում Հովսեփի մասին զրուցեցինք նաև կապիտան Վախթանգ Սահակյանի հետ, որ ճանաչում էր նրան դեռ Ստեփանակերտում ծառայելու տարիներից. «Ինքը շատ խղճով էր վերաբերվում զինվորներին, ասում էր՝ «Մի օր էլ իմ տղեն ա գնալու բանակ, ոնց ես եմ վերաբերվում զինվորներին, նենց էլ թող Աստված տղուս դեմը բերի»։ Ինժեներասակրավորական որևէ առաջադրանք կատարելու դեպքում` լիներ դա ականապատում թե ականազերծում, միշտ ինքն էր առաջինը գնում, մինչև մի քանի անգամ չէր ստուգում, որ ճանապարհն անվտանգ ա, չէր թողնում՝ զինվորներն առաջանային։ Շատ ուշադիր հրամանատար էր, դրա հետ մեկտեղ շատ խստապահանջ։ Հետևում էր, որ ամեն մի զինվոր կատարի իր պարտականությունները, չշեղվի իր կարգացուցակից։ Էդ ամենը բերում էր կարգապահության, ամրապնդում էր զինվորական կոլեկտիվը, ու կարելի ա ասել, որ իր վաշտը համախմբված էր իր շուրջը։ Ինքը վաշտի լավ հրամանատար էր, ու դա գնահատվում էր բոլորի կողմից»։

Զինվորների հանդեպ զգացած պատասխանատվությունը կրկնապատկվել էր հատկապես հայր դառնալուց հետո։ Այդ մասին խոստովանել էր հորը. «Որ մի քանի օրով գնում էինք իրանց մոտ, ինքը չէր ուզում կտրվեր իրա սալդատներից, գործից։ Ասում էի՝ «տղա՛ ջան, եկել ենք, գոնե երկու ժամ մնա», ասում էր՝ «պապա՛, ծառայություն ա, ես չեմ կարա զինվորներին թողնեմ առանց հրամանի, գամ, նստեմ տանը»։ Լինում էր՝ ժամը 1-ին կամ 2-ին գիշերը նոր գալիս էր, նստում, զրուցում էինք, կարոտներս առնում էինք։ Ինքը սալդատներին իրա հետ չէր տանում մինապատման, մենակ իրա ենթասպաների հետ էր գնում ու երկու սերժանտ։ Ասում էր՝ «նայում եմ՝ էրեխեք են, ծնողներն իրանց սպասում են, ո՞նց տանեմ էրեխեքին»։ Մի օր ջղայնացա, ասի՝ «խի ես քեզ չե՞մ սպասում, տղե՛ս»։ Ասում էր՝ «պա՛պ, ես արդեն ծնող եմ, զգում եմ էրեխու քաղցրությունը, ջերմությունը»»։

ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՀովսեփը նաև ընտանիքին նվիրված ամուսին ու սիրող հայր էր։ Չնայած նրան, որ աշխատանքը բավական ժամանակ ու եռանդ էր պահանջում, Հովսեփը կարողանում էր ընտանիքին էլ ապահովել ջերմությամբ ու սիրով։ «Շատ սիրում էր երեխաներին, ճիշտ ա՝ բոլորն էլ սիրում են իրենց բալիկներին, բայց ինքը չափից դուրս շատ էր սիրում ու կարող էր և՛ իր, և՛ մոր տեղը սիրեր։ Որ տանից դուրս էի գալիս, էդքան երեխեքը իմ հետևից չէին լացում ու վազում, ինչքան իրա»,- կարոտով հիշում էր Հովսեփի այրին։ Մատաղիսի իրենց բնակարանը նոր էին ստացել։ Մինչ այդ վարձով բնակվում էին Մարտակերտում, ու լինում էին օրեր, որ Հովսեփը մի քանի անգամ ստիպված էր լինում Մարտակերտից հասնել զորամաս ու նորից տուն վերադառնալ։ Չնայած դժվարություններին՝ Հովսեփը երբեք չէր դժգոհում, ուրախությամբ էր խոսում իր ծառայության մասին։ Մայրը հաճախ էր անհանգստանում, որ տղայի դրած ականը կարող է վնասել հենց նրան. «Շատ ուրախ էր, շատ էր սիրում իր աշխատանքը։ Ամեն անգամ ասում էի՝ «տղա՛ս, զգու՛յշ եղի, ինքդ չվնասվես», ծիծաղալով պատասխանում էր՝ «չէ՛, մա՛մ, քո տղային սկի թուրքը չի կարողանում խփի, իմ դրած մինը ո՞նց կվնասի»»։ 

Հովսեփը հաճախ է նկատել, որ դիպուկահարների ուշադրության կենտրոնում է, ու թեև զգուշացել է, բայց երբեք չի վախեցել թշնամուց։ Հորն այդ մասին պատմել էր. «Ման են գալիս, որ աֆիցեռ խփեն։ Ես սալդատի շորերով եմ մտնում պոլկ, վախտ ա լինում (տեսել եմ)՝ կարմիր լույսը վրես ֆռռում ա, հասկանում եմ՝ ինձ արդեն նկատել են, բայց որ սալդատի շորերով եմ լինում, չեն կրակում»։ Հարազատների խոսքերով՝ Հովսեփը կանխազգացել էր վերահաս պատերազմը. «Վերջին արձակուրդին որ եկել էր, քրոջ հետ նստած հաղորդում էին նայում, ցույց  տվին, որ երկու մանկության ընկեր իրար հետ նստած հաց են ուտում, ու մեկը մյուսին սպանում ա։ Քրոջն ասեց՝ «քո՛ւր, սենց մահը ո՞ւմ ա պետք՝ անիմաստ մահ։ Մարդ պետք ա փառքով մեռնի»։ Ինքը գիտեր, որ էդ պատերազմը պիտի լինի, երևի կանխազգում էր,- պատմում էր հայրն ու մի փոքր դադարից հետո ավելացնում,- ինքը դրա համար էլ ձգտեց ու գնաց առաջին գիծ»։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Հովսեփը տանն էր եղել։ «Գիշերը՝ ժամը 3-ին, դուռը բացեց, եկավ, ասեց՝ «Մարիա՛մ, պատերազմ ա, վե՛ր կաց, երեխեքին հագցրու», ասեցի՝ «ինձ կօգնե՞ս», ասեց՝ «չեմ կարա, Մարիա՛մ»։ Մեծին հագցրի, փոքրին չկարողացա, փաթաթեցի վերմակի մեջ, շտապեցինք նկուղ, 10 րոպե էնտեղ սպասեցի, ինքը հետ եկավ, դաշտային համազգեստը տանից իջացրեց նկուղ, նկուղում հագնվեց։ Երեխաներին ու ինձ հաջողություն ասեց, աստիճանները բարձրացավ, վազեցի հետևից, թեքվեց՝ մի հայացք, ժպիտ … ու գնաց»։

Իմանալով թշնամու հանկարծակի հարձակման մասին՝ Հովսեփը շտապել էր ռմբակոծվող զորամաս, հասցրել դուրս բերել իր զինվորներին զորանոցից ու ապահով տեղավորել թաքստոցում՝ միևնույն ժամանակ անհանգստանալով իր ընտանիքի ապահովության համար։ Հեռախոսով կնոջը համոզել էր երեխաների հետ ինչ-որ կերպ հասնել Մարտակերտ, հետո  զանգահարել եղբորն ու խնդրել փրկել իր ընտանիքին։ Ամբողջ գիշեր Մարիամը պահել էր կապը ամուսնու հետ, բայց կապը կտրվել էր ապրիլի 2-ի կեսօրին։ Զորամասի տարածքում ընկած թշնամական արկը մահացու վիրավորել էր հերոսին։ Մի քանի ժամ հիվանդանոցում բժիշկները պայքարել էին դեռ 28-ը չբոլորած սպայի կյանքի համար, բայց հերոսի նրա կյանքն այդպես էլ փրել չհաջողվեց։

Հովսեփին հողին հանձնեցին հարազատ գյուղում, որտեղ էլ ծննդյան օրը՝ օգոստոսի 23-ին, բացվեցին հայրենիքի համար կյանքը տված սպայի անունը կրող ու հիշատակը հավերժացնող պուրակ և խաչքար։ Հերոսի ընկերներից Կարենի խոսքերով ապրիլից հետո կյանքն իրենց համայնքում փոխվել է. «Հիմա էլ, որ հիշում եմ իր արածները, փշաքաղվում եմ… Ոչ թե էս պատերազմով որոշվեց, որ ինքը հերոս ա, այլ ինքը միշտ հերոս ա եղել իր ապրած կյանքով։ Հիմա մեր տներում, մեր երեխեքին հայրենասիրության մասին պատմելիս պիտի անպայման հիշենք Հովսեփին»։

 

Հեղ․՝ Աննա Բաբայան