Հրաչ Գալստյան

 

ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
20.03.1991 – 03.04.2016
Կոչումը՝ ավագ լեյտենանտ

Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
1997-2007 թթ. սովորել է Գյումրու №42 միջնակարգ դպրոցում։
2007-2011 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի
անվան ռազմական համալսարանում։
Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի
կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
2012 թ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ
պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։
2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
2014-2015 թթ. զբաղեցրել է վաշտի հրամանատարի պաշտոն։
2015 թ.-ից զբաղեցրել է  դասակի հրամանատարի պաշտոն։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 3-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 6-րդ ՊՇ հրամանատարական դիտակետերից մեկի
տարածքի պաշտպանությունը կազմակերպելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
Ամուսնացած էր, ունի 1 դուստր։

∗ ∗ ∗

 

Հայրենի տուն


Տուն եմ դառնում
Հեռու երկրից,
Քամի գիշերով,
Փոքրիկ ճրագով։
Բարդին է խշշում,
Ուռին է լալիս,
Կարծես ժողով են
Անում իմ բակում։
Մորս երեսին
Տեսա ես արցունք,
Ուրախությունից
Լալիս էր մայրս։

Հրաչ Գալստյան

 

ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Հրաչ Գալստյան

Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի բանաստեղծությունն է՝ գրված դպրոցական տարիներին։ Գյումրի կատարած մեր այցելության ժամանակ տեսանք հերոսի նկարագրած պատկերները, միայն թե տիկին Անահիտը ուրախությունից չէ, որ լալիս էր…

Սուրճի սեղանի շուրջ նստած՝ լսում էինք Գալստյանների ընտանիքի պատմությունը։ 1988 թ. երկրաշարժը խլել էր պարոն Վարդանի ամբողջ ընտանիքը։ Մի քանի տարի անց երկրորդ անգամ էր ամուսնացել ու առաջնեկի անունը դրել Հրաչ՝ ի հիշատակ երկրաշարժի ժամանակ կորցրած որդու։

Հարազատների խոսքերով՝ Հրաչը դպրոցում լավ էր սովորում։ Առարկաներից ամենից շատ սիրում էր պատմությունն ու գրականությունը։ Դպրոցական տարիներին անգամ բանաստեղծություններ էր գրում, որտեղ հստակ երևում էր նրա սերը հայրենիքի, հայրենի բնության ու ծնողների հանդեպ, իսկ ամառային արձակուրդներին միշտ ձգտում էր աշխատել՝ փոքր հասակից արդեն

 հասկանալով սեփական քրտինքով փող վաստակելու կարևորությունը։ «Կ’ըսեի՝ «Հրաչո՛ ջան, փոքր ես, բայց կաշխատիս, ես էդ գումարը ձեռիցդ չեմ վերցնի», կ’ըսեր՝ «Մա՛, հարցը էդ չի, ես կուզեմ՝ զգամ, թե էդ փողը ինչխ կուգա էլի, էդ փողի դառնությունը»»,- որդու դպրոցական տարիներից էր պատմում մայրը։

Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Տիկին Անահիտի համար ծանր էր հիշել, թե ինչպես որդուն համոզեց բռնել այդ դժվարին ուղին։ Հիմա մխիթարվում էր միայն նրանով, որ ժամանակի ընթացքում որդին սիրել էր զինվորական գործը, ռազմական ինստիտուտում ցուցաբերել բարձր առաջադիմություն։ «Ամեն տարի, օր փետրվարին արձակուրդ կուգար, կ’ըսեր՝ «Մա՛մ ջան, գիտե՞ս՝ էս արձակուրդը ես վաստակել եմ, քննություններս շուտ եմ հանձնել լավ գնահատականներով, դրա համար ես շուտ կուգամ արձակուրդ»»։

ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցնում Մատաղիսում, իսկ երկու տարի անց՝ տեղափոխվում Թալիշ՝ որպես դասակի հրամանատար։ Ուսանողական ու ծառայության ինը դժվարին տարիները շատ էին փոխել Հրաչին, կոփել, ավելի գաղտնապահ, հավասարակշռված ու ծանր դարձել։ «Միշտ կ’ըսեի՝ «Հրաչո՛ ջան, էդ քո ինստիտուտդ ի՞նչխ է քեզի դաստիարակել, օր մե բանըմ բերնիցդ չեմ իմանա», կ’ըսեր՝ «Մա՛, ի՞նչ գուզես իմանաս, գուզես իմանաս՝ ես լա՞վ եմ, ուրեմն ըսեմ, օր ես լավ եմ ու վերջ»։ Կամ հետը մի թեմայով օր պիտի խոսայիր չէ՞, թեգուզ ես ծնողն եմ էղել, բայց պիտի չափեի-ձևեի, նոր խոսայի, օր ըսենք հանկարծ սխալ բան չըսեի»,- հիշում էր մայրը։ Հերոսի անցած դժվար օրերի մասին ծնողներն իմացել են միայն նրա զոհվելուց հետո. «Դժվար օրեր շատ են ունեցել, բայց կյանքում հեչ բան չի սել, ինքը էղել ա՝ ամիսներով տուն էլ չի ունեցել Թալիշ, տան տերերը հանել են տնից, վեշերը տարել, դրել ա ընկերոջ տուն, ստեղ-ընդեղ քնել, զորամասում քնել… Հիմա, օր իմանամ գը, էնքան վրես ծանր կնստի»,- դառը կսկիծով շարունակում էր պատմել մայրը։

ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Հրաչը մոր՝ տիկին Անահիտի հետ Թալիշ գյուղի մոտ

Բնավորությամբ հանգիստ էր, լռակյաց ու ամաչկոտ. պատահում էր անգամ, որ խուսափում էր  դեմ առ դեմ խոսակցություններից. «Էությամբ շատ հանգիստ էր, հմի ըսենք տունը մարդ էղներ, խոսակցության կբռնվեինք, ինքը մենակ լսողի դերում էր, կյանքում չէր խառնվի, թեգուզ մեր ընտանեկան խոսակցություններին… Էղել է, օր արձակուրդ է էղել, մի թեմայի մասին օր ուզեցել ենք խոսալ, չի ստացվել, կերթար Ղարաբաղ, նոր կզանգեր, ժամերով կխոսայինք»,- հիշում էր մայրը։ Պարոն Վարդանը նույնպես հիշում էր որդու հետ մի քանի ժամ տևող հեռախոսային զրույցները. «Կ’ըսեի՝ «Տղա՛ ջան, դու հատուկ վնասի վրա կաշխատիս, տունն էիր, խոսայիր էլի», կխնդար»։

Չնայած տնից հեռու լինելուն՝ Հրաչը երբեք անմասն չի մնացել ընտանիքի հոգսերից՝ թև ու թիկունք լինելով ցանկացած հարցում։ «Հինգ տարի էր՝ աշխատում էր, հինգ տարվա մեջ աշխատավարձի քարտը մեր մոտ է էղե, մենք կստանայինք փողը ինչքան պետք էր, մնացածը իրան կուղարկեինք, էս տան ռեմոնտն էլ օր էրել ենք, սաղ իրա ուզած դիզայնով ենք էրե։ Կզանգեր Ղարաբաղից՝ «Ըսիգ սենց կէնեք, պա՛, էսիգ էս գույնը կառնեք»։ Մեկ-մեկ էլ հորը կըսեր՝ «Պա՛, մե քիչըմ կյանքին թեթև նայե էլի, շատ ամեն ինչի հետևից մի ընգի»։ Ես էլ օր աղջկաս ջհեզ կհավաքեի, կ’ըսեր՝ «Պարտքով մի՛ առ, մա՛ ջան, քեզի մի՛ տանջե, օր քրոջս նշանինք, ես ամեն ինչ կենեմ»։ Ու իրոք ըրավ, էրգու ախպերով տեղը տեղին էրին»։

Ընտանիքում ամենից շատ Հրաչը կապված էր քրոջ հետ, նրա հետ էր կիսվում, ինչ-որ բան ընտրելիս՝ միայն նրա ճաշակին վստահում։ Մայրը հիշում էր՝ որդին ինչ ոգևորությամբ ընդունեց քրոջ երեխայի ծննդյան լուրը. «Օր իմացավ՝ քեռի է դարձել, երկորդ օրը ի՜նչ ձևի էկավ. մե բուկետ ըսպես ձեռը, մե թևի տակը 2 լիտրանոցով գինի՝ էկավ հիվանդանոց, գինին էսպես օր չդրավ, ցփնվավ էրեխիս տեղաշորին, մեկ էլ հիվանդանոցի քույրը էկավ, ծանոթ էր, կ’ըսեմ՝ «Սուսա՛ն ջան, բան չկա, ուրախությունից է»»։

Հրաչը՝ ծնողների հետ

Ընտանիքի անդամները հիշում են Հրաչի հոգատար վերաբերմունքն իրենց հանդեպ. «Ես իրեք էրեխա ունիմ, բայց ինքը լրիվ տարբեր էր, շատ հոգատար էր, թեգուզ ինքը մե բանըմ էլ նեղության մեջ լիներ, բայց կյանքում չէր մերժի հորը, ինձ… Ամեն ինչի մասին մտածող էր Հրաչոս, ուշադիր թե՛ մեր նկատմամբ, թե՛ քրոջ, թե՛ ախպոր ընտանիքի… Ես ու ամուսինս օր առաջին տարին գնացել էինք մոտը, էկավ Մարտակերտ, դիմավորեց մեզի, բայց սենց խեղճ-խեղճ ըսավ՝ «Պա՛ ջան, ավտոն պիտի գազ լցվի, 2 ժամ պիտի սպասենք», ըսինք՝ ի՞նչ է էղել, հըբը՝ լույս չկա, ըսինք՝ «Բան չկա, կսպասենք, ինչի՞ վատ կզգաս», բայց ինքը էնքան վատ կզգար, օր ըսենք ծնողները էդքան ճամփա էին եկել, պիտի հլը էրգու ժամ էլ Մարտակերտ սպասեին»։

Հարազատների հանդեպ կարոտը հերոսին ստիպում էր տարին մի քանի անգամ Թալիշից հասնել Գյումրի՝ թույլ չտալով ծնողներին հաճախ այցելել իրեն։ Պարոն Վարդանը զարմանում ու մտահոգվում էր ամեն անգամ, երբ որդին հարյուրավոր կիլոմետրեր անցնում էր ընդամենը մի օր հայրական տանը մնալու համար։ «Կիլոմետրերով ճամփեն մեքենայով կուգար, մե գիշերըմ մնար, թողներ կերթար, կ’ըսեի՝ «Տղա՛ ջան, մեղկ ես, հոգնած-դադրած, էդ պավարոդները, բաները», կ’ըսեր՝ «կարոտնամ գը, ինչ էնեմ»»։

Հոգատար, ուշադիր ու թեթև բնավորությամբ Հրաչն աչքի էր ընկել նաև զորամասում։ Իր դասակի հրամանատարի մասին Մատաղիսում տխուր ժպիտով մեզ պատմում էր շարքային Գևորգ Սարգսյանը. «Գալստյանը իմ դասակի հրամանատարն էր։ 2015 թ. դեկտեմբերի սկզբին դիվերսիա եղավ դիրքերից մեկում, մի զոհ էլ ունեցանք։ Էդ ժամանակ դիրքի ավագը որ վիրավորվեց, ինքը էկավ մեզ դիրքի ավագ։ Էդ ժամանակ ինքը ամեն գիշեր՝ ժամը 3-ին, շրջանաձև էր տալիս մեզ ու ասում՝ «Կրակեք, որ հանգիստ լինեք, դուք ձեր մեջ վնուշկեք չուտեք, ձեր սիրտը չտրաքի»։ Ու ինքը  ուշադիր էր ամեն հարցում, բայց ձեն չէր հանում։ Հետո, երբ դիրքում նստած կլինեինք, խոսում էր, ասում էր՝ «Գիտեք՝ ես ամեն ինչի մասին չգիտե՞մ, չգիտե՞մ՝ ձեր մեջ ինչ ա կատարվում, ինչից եք փսփսում, խոսում, չգիտե՞մ, որ դու հեռախոս ունես, գիտեմ, որ ինքն էլ հեռախոս ունի» ։ Նենց բաներ գիտեր, որ մենք անգամ ներսում, մեր ներքին կուխնյայում չգիտեինք։ Շատ հանգիստ բնավորություն ուներ, ամեն ինչին չէր խառնվում, որ վաշտի թղթաբանություն էր լինում, Գաբոյանը անում էր, Գալստյանը գալիս, նստում էր։ Գաբոյանն ասում էր՝ «Գալստյա՛ն, գոնե մի հարցով էլ դու օգնի, ասում էր՝ «Ինչո՞վ օգնեմ», ասում էր՝ «Գնա՛ ավտոպարկ, տե՛ս՝ շոֆերներն ինչ են անում, բենզինը լցնել տուր»։ Գնում էր, էդ հարցերով էր հիմնականում զբաղվում։ Մի անգամ քեֆը տվել էր, նստեց Գաբոյանի հետ քարտեզներ գծեց, թղթաբանության հետ աշխատանք արեց»։

ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Հրաչն ամենայն բծախնդրությամբ հետևում էր վաշտի արտաքին տեսքին։ «Կազառմի մաքրությանն էր լավ հետևում, հիգիենային։ Ասում էր՝ «Ամեն ինչը կոկի՛կ արեք»։ Հելնում էինք պերեսմենկի, իջնում էինք, տղերքի ֆորման կեղտոտ էր լինում, ասում էր՝ «Ֆորմեքդ անպայման լվացեք, չեմ սիրում, որ կեղտոտ ա լինում»։ Կոճակը չկար կարած, ասում էր՝ «Կարեք» կամ՝ «Գնա, պադշիվը կարի, բատիկենքդ մաքրի»»,- շարունակում էր Գևորգը։

Զորամասում պատմեցին նաև, որ Հրաչի վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը որոշել էր վաշտում Վազգեն Սարգսյանի անվան սենյակ բացել։ Նրա այդ մտահղացմանը կողմ էր նաև Հրաչը ու փորձում էր ամեն կերպ աջակցել ընկերոջը։ «Դեկտեմբեր ամսին օր էգավ, ահագին բաներ տարավ, օր զորամասին մեջը պդի Վազգեն Սարգսյանի անվան սենյակ բացվեր։ Միշտ կ’ըսեր՝ «Մա՛, գիտես, գուզեմ՝ Վազգեն Սարգսյանի պես սպարապետ էղնիմ»,- պատմում էր տիկին Անահիտը։

Հերոսի հայրն էլ հաճախ փորձում էր հասկանալ, ինչպիսի սպա է իր որդին. «Հարց տվի օրըմ, ըսի՝ «Տղա՛ ջան, դիրքեր օր կը հելնիք, դու քեզի համար առանձին ուտելիք, պապիրոս չե՞ս հանե վերև», ըսավ՝ «Պա՛, տենց ի՞նչխ կէղնի, հմի ըդպես բան չկա, վերևում սաղս մեկ ենք, տարբերություն չկա»»։

ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆ

Կնոջ՝ Անուշի հետ

Հրաչի կյանքն ամբողջովին փոխվեց ապագա կնոջը՝ Անուշին, հանդիպելուց հետո։ Նա ավելի ուրախ ու կյանքով լի էր դարձել։ Ապագա կնոջն առաջին անգամ տեսել էր խանութում ու սիրահարվել։ Անուշն այդ ժամանակ դեռ դպրոցական էր, բայց Հրաչը որոշել էր ժամանակ չկորցնել ու նրա վերջին զանգից հետո անմիջապես նշանվել։ «Ապրիլ ամիսն էր, Հրաչոս զանգեց՝ «Մա՛, պատրաստվի, օր Անուշիս վերջին զանգին պդի գաք», հետո հորը բա՝ «Պա՛, Վարուժի հետ կխոսաս, օր անպայման նշանդրեք էնենք, գաք, կալցո դնեք, որ Անուշը իմս է»։ Ամեն ինչով պատրաստված գնացինք, վերջին զանգին մասնակցինք, 3 օր հետո էլ նշանդրեքն էղավ»։

Անուշի ընտանիքն ապրում էր Թալիշում, հայրը ծառայում էր նույն զորամասում, ուստի՝ աղջիկը լավ գիտեր զինվորականի հետ ամուսնական կյանք վարելու դժվարությունը։ «Անուշին կ’ըսեի՝ «Անու՛շ, դու օր Հրաչոյիս ուզիր, հեչ չվախցա՞ր վտանգից, բանից», կըսեր՝ «Դե չէ, գիտեի, պապաս էլ էր էդ կյանքով ապրում»»։

Երկու ամսից լրանալու էր Արցախում ծառայության հինգ տարին։ Հրաչը ցանկանում էր ծառայությունը Վանաձորում շարունակել՝ հայրական տանն ավելի մոտ լինելու համար, մանավանդ որ նորաստեղծ ընտանիքում սպասում էին առաջնեկին։ Երեխայի սեռն իմանալուց հետո Հրաչը զանգել էր մորն ու աչքալուսանք տվել՝ «Աչքդ լույս, մա՛, աղջիկ պդի ունենամ ու անունդ դնեմ՝ Անահիտ»։ Իսկ դեռատի կնոջը կատակով ասել էր. «Անու՛շ, մինչև մայիսի 13-ը քեզի ժամանակ կուտամ, օր ես դիրքեր պդի հելնիմ»։ Բայց հերոսին վիճակված չէր տեսնել փոքրիկ Անահիտին…

Ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ ապրիլի 2-ին, հակառակորդը թիրախավորեց նաև Թալիշ գյուղը։ Ապրիլի 1-ին դիրքերից ուշ իջնելու պատճառով Հրաչը կնոջ հետ մնացել էր աներոջ տանը։ Անուշի հիշողությունից դժվար թե երբևէ ջնջվի չարաբաստիկ այդ օրը. «Ժամը 01։30-02:00-ի կողմերը սկսվեցին կրակոցները։ Կամաց էր շատ, բան չէինք լսել, մենք խորը քնած էինք, մաման եկավ, ձեն տվեց, թե՝ «Չե՞ք լսում՝ ինչ ա կատարվում, հելե՛ք», ու հենց էդ պահին ուժեղ կրակեցին, էն աստիճան ուժեղ, որ պատուհանները ջարդվեցին, թափեցին գետնին»։ Անուշի մայրը՝ տիկին Սիրանույշը, հիշում էր՝ ինչպես էր հերոսը փորձում ռմբակոծումից պաշտպանել տան երեխաներին. «Որ կրակում էին, մեջքով մեր կողմն էր արել, երեխեքին էր պահում Հրաչը… Մեջքի մասից մի թեթև քերծել էր ապակին, կատակով ասեց՝ «վիրավոր ունեք»»։

Թալիշի ողջ բնակչությունը սպասում էր լուսաբացին՝ հույս ունենալով, որ կդադարի գյուղի ռմբակոծումը։ Բայց տեսնելով, որ կրակը շարունակվում է, Հրաչը կնոջն ու նրա ընտանիքին մեքենայով ճանապարհում է Չարենցավան՝ բարեկամների մոտ։ Անուշը նկարագրում էր՝ ինպես բաժանվեցին իրենք. «Երբ պատրաստվում էինք՝ նստեինք ավտոն, որ հեռանանք, Հրաչին ասեցի՝ «Արի՛ էլի, մի՛ մնա, արի՛՝ գնանք», ասեց՝ «Զինվորներիս էնտեղ չեմ թողնի»»։

Հրաչի՝ Անուշին գրած վերջին հաղորդագրությունը

Հղի կնոջը ճանապարհելուց հետո հերոսը վերադառնում է զորամաս, որտեղ ապաստարաններում սպասում էին նաև իր զինվորները։ Շուտով հրաման է տրվում դուրս գալ ապաստարաններից ու բարձրանալ առաջին գիծ՝ կորցրածը հետ բերելու և մյուս դիրքերի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ապրիլի 3-ին Գալստյանի դասակը խնդիր է ստանում պաշտպանել «Սիս» հրամանատարական դիտակետը։ Գնդացրորդներին առջևում դիրքավորելու ժամանակ հակառակորդի տանկի արկը մահացու խոցում է հերոսին ու գնդացրորդ զինվորներից համաքաղաքացի Գևորգ Վարդանյանին։

Հրաչ Գալստյանի դուստրը՝ փոքրիկ Անահիտը

Անուշը պահել էր ամուսնու ուղարկած վերջին հաղորդագրությունը, որ նա գրել էր զոհվելուց մեկ օր առաջ` կնոջը հորդորելով չանհանգստանալ իր համար։ Վերջին հեռախոսազրույցն էլ տեղի էր ունեցել ապրիլի 3-ին երեկոյան. «Ապրիլի 3-ն էր՝ ժամը 9-ը կամ 9 անց կես, մենք Չարենցավանում էինք, խոսացինք, ասեց՝ «Էլ չզանգես, մեզ անհասանելի տեղ են ուղարկում, ես կզանգեմ», ու վերջ, դրանից հետո էլ չխոսացինք»։

Հերոսի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին, ծնվեց նրա դուստրը՝ Անահիտը, որն այսօր Գալստյանների տան ամենամեծ ուրախությունն է։ Փոքրիկն ամբողջ ընթացքում մոր գրկում ակտիվ շարժումներով կարծես ցանկանում էր մասնակցել զրույցին՝ ակամայից ժպիտ պարգևելով բոլորիս։ Իսկ վերջում՝ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալուց հետո, ուզում էի նրան էլ պինդ գրկել ու ասել՝ «Ի՜նչ լավ է, որ դու կաս, փոքրի՛կ, մի ամբողջ ազգ ուրախացավ քո ծնունդով»…

 

            Հեղ.՝ Աննա Բաբայան