Ժորա Եսայան

 

ԺՈՐԱ ԱՐԹՈՒՐԻ ԵՍԱՅԱՆ
09.08.1996 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային  

Ծնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
2003-2011 թթ. սովորել է Արարատի մարզի Դարբնիկ
գյուղի միջնակարգ դպրոցում։ Նախքան բանակ զորակոչվելը
զբաղվել է քիքբոքսինգով և թեքվոնդոյով։
2015 թ. հունվարի 23-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊԲ N զորամասում որպես գնդացրորդ։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը
(Վարազաթումբ/Լալա Իլահի) պաշտպանելիս
համածառայակիցներ սերժանտներ 
Ադամ Սահակյանի,
Կարեն Ներսիսյանի, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի,
շարքայիններ  Բարիս Օզմանյանի, Բագրատ Ալեքսանյանի,
Տիգրան Բերակչյանի,  Անդրանիկ Գրիգորյանի հետ միասին։
Վերջիններիս հետ մեկտեղ զոհվել են նաև օգնության հասած
փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը,
Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը,
ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

 

ԺՈՐԱ ԱՐԹՈՒՐԻ ԵՍԱՅԱՆ

Ժորա Եսայան

Ժորա Արթուրի Եսայանը ծնվել է 1996 թ. օգոստոսի 9-ին Երևանում։ Ժորայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղ, որտեղ բնակվում են մեկ ու կես տարի։ 1997 թ.-ին ընտանիքի հայրը՝ Արթուր Եսայանը, աշխատանքի է անցնում Արարատի մարզում և ընտանիքի հետ միասին տեղափոխվում Դարբնիկ, որտեղ էլ անցել է Ժորայի մանկությունն ու պատանեկությունը։ Բազկով և հոգով արի, միաժամանակ  փխրուն սիրտ ունեցող Ժորա Եսայանն այն 8 քաջարի մարտիկներից էր, որ 2016 թ․ ապրիլի 1-ից իր հերթական մարտական ծառայությունն էին իրականացնում Վարազաթմբի Լալա Իլահի կոչվող բարձունքում։

Ժորան 9-ամյա կրթությունը ստացել է Դարբնիկի միջնակարգ դպրոցում։ Թեև Ժորան ուսման մեջ առաջադիմությամբ այնքան էլ աչքի չէր ընկնում, բայց դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։ Ուսման հետ համատեղ 4-5 տարի այցելել է գյուղի կարատեի խմբակը, մասնակցել հանրապետական մի շարք մրցույթների և վերադարձել պատվոգրերով և հուշամեդալներով։

Ճարպիկ, աշխույժ, ազնիվ ու անկեղծ էր Ժորան։ Սովորություն ուներ միշտ շփվելու տարիքով մեծ ընկերների հետ։ Նա թե՛ վարքով և թե՛ մարդկային տեսակով իր տարիքից կրկնակի հասուն էր։ «Քաջ, անվախ ու մեծ շրջապատով տղա էր, թեև 18 տարեկան էր, բայց արդեն կայացած տղամարդ էր։ Նրա ընկերները 28, 30 տարեկան էին, իրենց հետ էր շփվում, ու նրանք հաշվի էին առնում Ժորիս կարծիքը, խորհուրդներ էին հարցնում»,- հիշում է մայրը՝ տիկին Մարինեն, ու նշում, որ Ժորան միշտ կարծես շտապելուց լիներ, նույնիսկ հասուն ընկերներ ունենալու հարցում։            

Ժորան՝ ընկերների հետ

Երբեմն մարդկանց ավելի արագ հասունացնում են կյանքի դժվարություններն ու չարչարանքները։ «Երբ 2-րդ թե 3-րդ դասարանում էր, Ժորան կացինով փայտ էր կոտրում, իսկ եղբայրը՝ Արսենը, պահում էր փայտը։ Պատահմամբ կացինը կպնում է եղբոր ձեռքին, և մատը կտրվում է, ինչից հետո շատ երկար ժամանակ դժվար տարավ այդ դեպքը»,- պատմում է մայրը և կարծում, որ հենց դա էր որդու տարիքից վաղ հասունանալու պատճառներից մեկը։                                                                            

Սիրած աղջիկ ուներ Ժորան։ Ծառայության ընթացքում նրա հետ խոսելիս մի անգամ գրել էր, որ իր կյանքը կարճ է լինելու ու հայրենիքի համար է զոհվելու։

Բնավորությամբ տաքարյուն էր, բայց և չէր սիրում ցույց տալ իր ուժը, սիրում էր հասկացնել և միայն հարկ եղած դեպքում՝ եղբայրներին կամ ընկերներին պաշտպանելու համար էր դիմում ֆիզիկական ուժի։ Նույն կերպ էր նաև ծառայության ընթացքում։

Հնգանդամ ընտանիքի ավագ որդին էր Ժորան, ում ուսերին էր նաև ընտանիքի կարիքներն ու ծախսերը հոգալը։ Դեռևս դպրոցական տարիքից քեռու հետ այցելում էին Երևան և զբաղվում շինարարությամբ։ Ժորան սիրում էր աշխատել, սիրում էր ունենալ սեփական եկամուտը և միաժամանակ սիրում էր ընկերների հետ ծախսել այդ գումարը, ինչպես նաև օգնել ընտանիքին։ Ծառայությունից հետո էլ նպատակ ուներ քեռու հետ մեկնել Ռուսաստան և զբաղվել շինարարությամբ։ «Զանգում էր քեռուն, ասում էր՝ «հանկարծ մարդ չվերցնես, ես կգամ, միասին կանենք»»,- պատմում է մայրը։

Մեծերին սիրող ու հարգող է եղել Ժորան։ Հատկապես կապված էր տատիկի հետ։ Տատի մահից հետո գրեթե ամեն առավոտ այցելում էր նրա գերեզմանին, որոշ ժամանակ նստում այնտեղ՝ ինքն իր մտքերի հետ, որոնց մասին ոչ ոք երբեք չէր իմանում…

Մոր՝ տիկին Մարինեի հետ

Երբ տան անդամներին մի բան էր պատահում, Ժորան տեղը չէր գտնում։ Մի անգամ իրենց բակում նստած լաց է եղել ու ասել, որ պապիկի հետ շատ շփում չունի, բայց շատ է տխրում, որ պիտի վիրահատեն և ոտքը հեռացնեն։ Իսկ մայրն էլ հիշում է. «Երբ ինձ պետք է վիրահատեին, խնդրել էի, որ ոչ մեկն իմ հետ չգար Երևան։ Մենակ գնացի, հաջորդ օրը՝ առավոտ շուտ ժամը 7-ին, դռան զանգն են տալիս. Ժորաս էր, ասեց՝ «չէի կարա՝ քեզ մենակ թողնեի, մա՛մ ջան»»,- արտասուքը սրբելով՝ շարունակում է մայրը…

Ժորան ծառայության էր անցել 2015 թ. հունվարի 23-ին։ «Իրա օրը հունվարի 8-ին էր, բայց դեկտեմբերի վերջին զինկոմիսարիատից զանգեցին, ասեցին, որ 15 օրով հետաձգվել է Ժորայի զորակոչի օրը»,- ասում է մայրը և հիշում, թե ոնց էր Ժորան հերթով ընկերներին զանգում ու կատակով ասում՝ «Մի քիչ երկար եք դիմանալու ինձ, 15 օրով հետաձգել են գնալս»։

Շարքային Եսայանը ծառայության ընթացքում մեկ անգամ է արձակուրդ եկել 10 օրով։ Ծառայությունից երբեք չի բողոքել, չի երկնչել։ Ապրիլի 1-ին դարձյալ բարձրացել է դիրք և ընտանիքի հետ վերջին անգամ խոսելով՝ ասել. «Մա՛մ ջան, դիրքեր ենք բարձրացել, չանհանգստանաս»։ Տիկին Մարինեն հիշում է, որ այդ օրը տղան ցանկացավ խոսել նաև հոր հետ, թեև գիտեր, որ զբաղված է հողամասում աշխատանքով և չի կարողանա մոտենալ…

Ապրիլի 2-ին մայրը փորձում է կապ հաստատել որդու հետ, սակայն ապարդյուն։ Փորձում է նաև ամսի 3-ին։ Այդ օրը որդու հեռախոսին պատասխանում են, սակայն չեն խոսում։ Ապրիլի 4-ին ևս զանգում է, այս անգամ պատասխանում է թշնամին և ռուսերենով հարցնում, թե որ մեկն է իր որդին։ Մայրը, վախենալով, որ որդուն մի վնաս կտան, ոչինչ չասելով, անջատում է։ Ավելի ուշ զինկոմիսարիատից հայտնում են, որ Ժորան գերիների մեջ է, բայց ողջ է, սակայն ծնողների համար արդեն հասկանալի էր, որ իրենց որդին զոհվել է մարտական հենակետում։

*       *       *

«Դեպքից հետո ես տեսել եմ Ժորայի պապային։ Որ եկած էր զորամաս, զրուցեցինք, պատմեցի մեր ծառայության մասին։ Ես միշտ կուզեմ, որ օգնեմ իմ զոհված ընկերների ընտանիքներին, ինչով կարենամ,- զրույցի ընթացքում ասում է 112 մարտական դիրքից կենդանի մնացած միակ զինծառայողը՝ շարքային Արման Կիրակոսյանը։ – … Էդ օրը Ժորան դիտորդ էր կարգված։ Որ մտածեցինք, թե դիվերսիա ա, իրան դիրքի ավագ Ադամը կարգադրեց, որ չկրակի, որ թուրքերն իրա տեղը չիմանան։ Ինքը մեր կողքին չէր էդ ժամանակ։ Ոչ մեկս վերջին անգամ չտեսանք իրան»…

 

            Հեղ.՝ Նունե Խաչատրյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn