Ռոբերտ Աբաջյան

 

ՌՈԲԵՐՏ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱԲԱՋՅԱՆ
16.11.1996 – 02.04.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ

Ծնվել է Երևան քաղաքում։
2003-2011 թթ. սովորել է Երևանի թիվ №147 հիմնական դպրոցում։
2011-2014 թթ.  սովորել է Երևանի պետական հենակետային
բժշկական քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի որակավորում։
2014 թ.  ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան։
2015 թ. հունվարի 21-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊԲ N
զորամասում որպես հրաձգային ջոկի հրամանատար։
Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 5-րդ ՊՇ 116 մարտական դիրքի
պաշտպանության ժամանակ համածառայակիցներ կապիտան
Արմենակ Ուրֆանյանի, շարքայիններ Քյարամ Սլոյանի
և Անդրանիկ Զոհրաբյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանով
(տրվում է «Արցախի հերոս» Արցախի բարձրագույն կոչմանն
արժանացած անձանց), ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի
շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով,
«Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի
երկրապահ» հուշամեդալով, «Ազատամարտիկ»
ռազմահայրենասիրական բարեգործական հկ-ի
համանուն մեդալով, «Գվարդիական աստղ»
կազմակերպության «Հավերժական փառք» մեդալով։

∗ ∗ ∗

 

ՌՈԲԵՐՏ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱԲԱՋՅԱՆ

Ռոբերտ Աբաջյան

«Ազգի հերոսների մասին կարդացել էինք, գիտեինք, բայց ո՞վ կմտածեր, որ նրանցից մեկի հետ կապրենք։ Հիմա մենք ունենք Ռոբերտ, որի մասին մենակ մենք չենք կարդալու, որին ճանաչել ենք ու պետք է մեր երեխաներին էլ իր մասին պատմենք, որ իմանան, ում հետ ենք ծառայել, ով ա եղել մեր ընկերը».  ահա այսպես են խոսում Ռոբերտի մասին ծառայակից ընկերները…

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն առաջիններից էր, որ թշնամու դեմ հակահարվածի է պատրաստվել՝ որպես 116 դիրքը պաշտպանող ջոկի հրամանատար։ Ապրիլի 1-ի գիշերը վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանը, տեղեկացված լինելով սահմանային հնարավոր լարվածության մասին և կանխազգալով, որ դիվերսիոն ներթափանցման հավանական թիրախ է 116 դիրքը, որոշում է գիշերը մնալ հերթապահության հենց այդ դիրքում։ Ապրիլի 2-ի վաղ առավոտյան թշնամին տանկերի ու հրետանու օժանդակությամբ լայնամասշտաբ հարձակում է սկսում դիրքի ուղղությամբ։ Ուրֆանյանի հրահանգով տղաներն անցնում են շրջանաձև պաշտպանության և սկսում կրակել մոտեցող թշնամու վրա։ Հաջողվում է առաջին գրոհը հետ մղել, բայց երկրորդն ավելի համալրված է լինում։ Տղաների խոսքերով՝ թշնամին այնքան է շատացել, որ մի պահից սկսած՝ այլևս նշան բռնելու կարիք անգամ չի եղել. եկել են ու եկել։ Տղաները հմուտ կրակով թշնամուն մեծ կորուստներ են պատճառել, բայց շուտով արկի պայթյունի հետևանքով Արմենակ Ուրֆանյանն ու հարևան խրամաբջջում կռվող գնդացրորդ Քյարամ Սլոյանը զոհվում են։ Երբ Ուրֆանյանը որոշ ժամանակ չի արձագանքել տղաների կանչերին, այդ ժամանակ միայն հասկացել են, որ վերջինս արդեն զոհվել է։ Այլևս չստանալով հրամանատարի հրահանգները և մնալով միայնակ մոտեցող թշնամուն դեմ հանդիման՝ տղաները շարունակել են մարտը: Տևական ժամանակ դեռ անհավասար կռիվ են տվել, մինչև որ սկսել է վերջանալ զինամթերքը: Ջոկի տղաներից երկուսն արդեն քաշվել էին հարևան դիրքեր, շարքային Մուշեղ Թովմասյանը գնացել էր հրամանատարական դիտակետից զինամթերք բերելու: Դիրքում մնացել էին Ռոբերտ Աբաջյանը և գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը: Վիրավոր էին և Ռոբերտը, և Անդրանիկը: Վերջինիս  վիրավորումն ավելի ծանր էր։ Ռոբերտն, օգնության հասնելով վիրավոր ընկերոջը, միայնակ հասցրել է Անդրանիկին մինչև արթուն հերթափոխի խրամաբջիջ։ Որոշ ժամանակ անց արդեն թշնամին լցվել է դիրք։ Արյունաքամ լինելով՝ Անդրանիկը մահանում է Ռոբերտի ձեռքերում։ Իսկ Ռոբերտը, հավաքելով վերջին ուժերը, հասցնում է տեղեկացնել, որ թշնամին արդեն մոտենում է, ինքն ի վիճակի չէ տեղաշարժվելու, և որ նռնակը պատրաստ պահած՝ գիտի, թե ինչ է անելու…

Այդ ընթացքում, չնայած լարված վիճակին Ռոբերտը շարունակել է կապ պահել հրամանտարների հետ՝ տեղեկացնելով թշնամու ուժերի բաշխման ու տեղակայման մասին։ Նախքան կհասնեին օգնության ու դիրքը կազատեին թշնամու զինվորներից, Ռոբերտն այլևս չկար. իր վերջին նռնակով պայթեցրել էր իրեն ու մոտեցող թշնամիներին։

Ռոբերտի մայրը՝ տիկին Աննան, ասում է. «Ապրիլի 1-ին երբ իմացանք, որ վիճակը լարված է, կռիվ է սկսվել, էլ Ռոբերտի հետ չկարողացանք կապնվել։ Ասում էին նաև, որ կան տղաներ, որ փախել են։ Մտածում էի՝ գոնե ինքն էլ նրանց մեջ լինի, հետո, իրեն պատկերացնելով, մտածում էի՝ ինքն իրեն կսպանի, բայց կռվից չի փախնի։ Ամեն տեղ առաջինը պետք է լիներ, ամեն ինչ ինքը աներ»։

Ռոբերտը երբեք չէր նահանջի, առավել ևս՝ վիրավոր ընկերոջը մենակ չէր թողնի։ Ռոբերտի տատիկը՝ տիկին Անահիտն ասում է. «Ռոբերտն ու եղբայրը՝ Ռուբենը, դեռ փոքր ժամանակից գիտեին, որ ծառայելու էին: 5-6 տարեկան էին, որ հայրն ասաց` չլինեմ-չիմանամ, որ դուք չուզենաք գնալ ծառայելու, դուք պետք է ծառայեք: Վեց ամիս էր մնացել, որ Ռուբենը զորացրվեր, Ռոբերտին տարան բանակ։ Ծառայության ընթացքում ոչ մի բանից չէր բողոքում, բան չէր պատմում»։

Ռոբերտի ծառայակից ընկերները պատմում են, որ բոլորի հետ լեզու է գտել ու, չնայած շփվել է իրարից շատ տարբեր մարդկանց հետ, կարողացել է բոլորի հետ էլ ընկերանալ։ Բանակում իրեն շատ են սիրել ու «Կյաժ» են ասել։ Փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը նշում է, որ այնքան էր վստահում Ռոբերտին, նրա կարգ ու կանոնին, որ կարող էր անգամ չստուգել նրա դիրքը. «Երբ ստուգել եմ, միշտ պատրաստ է եղել։ Ամեն ինչ այնքան հավեսով էր անում, բոլոր առաջադրանքներն առաջինն ինքն էր կատարում»։

Ռոբերտն ընտանիքի հետ

Ընտանիքը վերջին անգամ Ռոբերտի հետ ապրիլի 1-ին է խոսել. զանգահարել էր հոր ծնունդը շնորհավորելու։ Հայրն ասում է. «Բոլորից էնքան լավ բան էր վերցրել, որ ես իրա մեջ տեսնում էի ավելին, քան ես էի տվել։ Ինքն իմ տղան էր,  բայց նաև ընկերս էր։ Շատ աշխույժ էր, տեղը չեր նստում, բայց չէի ասի, որ չար էր։ Շատ ընդունակ էր, ամեն ինչ շուտ էր հասկանում»։

Ռոբերտի ընդունակությունների մասին ավելի շատ խոսում է նրա տատիկը, որ եղել է նաև Ռոբերտի ռուսերենի ուսուցչուհին. «Հենց իր դասարանը տվեցին ինձ, ուրախացա՝ մտածելով, որ ավելին կկարողանամ տալ իրեն։ Տուժում էր, որ իմ թոռնիկն էր. ամենաշատը իրեն էի դիտողություն անում։ Դպրոցում որ ասեմ՝ լավ էր սովորում, չէ, բայց պարտաճանաչ տնայինները կատարում էր: Մի անգամ դպրոցից 15 օրով հեռացրին. էլի ինչ-որ չարություն էր արել։ Տնօրենը կանչել էր, ասել էր՝ «բա ամո՞թ չի, տատիկիդ խաթր…» և այլն։ Հենց լսել էր «տատիկիդ խաթր», իրար էր խառնվել։ Ես ներկա չեմ եղել այդ խոսակցությանը։ Եկանք տուն, առավոտյան հավաքվում էր, ասացի` «ո՞ւր ես հավաքվում, քեզ հեռացրել են», ասեց. «Չէ՛, տատի՛կ, պիտի գամ։ Տնօրենն ինձ ասեց «տատիկիդ խաթր», բայց ախր ես սովորում եմ, չէ՞։ Տետրերս պետք ա տանեմ, ցույց տամ»։ Ասացի` «15 օրից կտանես», ասաց. «Չէ՛, 15 օրից որ տանեմ, կմտածի՝ էդ 15 օրն եմ նստել, գրել»: Ես 60 տարեկան կին եմ, բայց այդ պահին հասկացա, որ երեխան ճիշտ է, ասացի` «գնացինք»։

Ռոբերտենց դասարանը ծանր դասարան էր,- շարունակում է պատմել տատիկը,- շատ չար էին, կային նաև այլ ուսուցիչների երեխաներ, թոռնիկներ։ Մի անգամ նրանցից մեկին Ռոբերտը հարցրել է. «Ես քո տատիկի դասերին ինձ անշնորհք պահե՞լ եմ, ջղայինացրե՞լ եմ տատիկիդ»։ Ասել էր՝ «չէ»։ Հարցրել էր՝ բա ինչի է իմ դասերին ինքն իրեն անկարգ պահում։ Կռիվ էին արել, իրար ծեծել։ Դարձյալ բարկացա, սկսեցի խրատել, բայց և աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ կային դեպքեր, որ ինքն էր ճիշտ։ Իր վարքն էր այդպիսին` չարաճճի էր, շատ չարաճճի, բայց համով էր, անհամ բան չէր անում»։ 

Ռոբերտին տանը գտնելը միշտ դժվար է եղել։ Շատ ժամանակ դրսում՝ ընկերների հետ է եղել։ Ռոբերտի պապիկը ասում է. «Ընկերասիրությունը վերցրել է հորից ու հորեղբորից, նրանք էլ միշտ` ընկերներ, ընկերներ, ընկերներ։ Մի ժամանակ ես էլ էի տղայիս նախատում, որ «տղա՛ ջան, դու առաջին տեղում ընկերներիդ ես դասում»։ Ռոբերտս էլ շատ ընկերասեր ու բարեկամասեր էր, շա՜տ»։ Տատիկն ավելացնում է. «Չորս ընկերներով գնացին բժշկական։ Որոշել էին, որ միասին են գործ դնելու, աշխատեն։  Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջն ավարտելուց ու ատամնատեխնիկի որակավորում ստանալուց հետո ընդունվել էր Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի երրորդ կուրս։ Պետք է գար, շարունակեր։  Ասում էր. «Դիմացե՛ք, բանակից գամ, բոլորիդ ատամները կսարքեմ»։ Տանը շատ քիչ էր մնում, անընդհատ դրսում էր, բայց երբ հարցնում էիր` «հեսա գալիս եմ»։ Առհասարակ սիրում էր դրսի կյանքը, սեր ուներ տղայական միջավայրի ու այդ բարքերի հանդեպ։ Դեպքից հետո մի օր գնում էի դպրոց, ինձ ասացին, որ մի տղա է ուզում ինձ տեսնել։ Տեսա, պատմում էր, որ ինքը թույլ է եղել, իրեն նեղացրել են, բայց Ռոբերտը իրեն միշտ պաշտպանել է»։

Ռոբերտը շատ է սիրել մեքենաներ։ Ինպես հայրն է ասում. «Որտեղ մեքենա, էնտեղ Ռոբերտը»։ Բոլորն են խոսում նրա մշտական լավ տրամադրության ու ակտիվության մասին. մեկն ասում է չարաճճի, մեկը՝ սնդիկ, մեկն էլ՝ ուրախ։ Տատիկը պատմում է. «Ընկերները էստեղ պատմեցին, որ մի անգամ գնացել է աղջիկ ուզելու. ծաղկեփունջ, նվագախումբ, երկու մեքենա։ Տղերքի հետ գնացել են։ Հասել են, դուռը հայրն է բացել ու Ռոբերտն ասել է. «Տղե՛րք փախանք»։ Ծաղիկները գցել է, նստել են մեքենաներն ու փախել»։

Ակտիվ ու աշխույժ Ռոբերտը շատ է սիրել բարեկաների հետ հավաքվել, երաժշտություն միացնել ու պարել։ Տիկին Անահիտի խոսքերով՝ «Երկու եղբայր էին, բայց իրարից շատ տարբեր։ Ռուբենն ավելի ամաչկոտ, հանգիստ է։ Ռոբերտն ինքն իրեն ճանաչել էր տալիս, չէր սպասի, որ իրեն կանչեին, կգնար, կհարցներ, ինչով կարող է օգնել։ Հիշում եմ, որ իր հագին փոքրացած շորերը տանում էր մանկատուն ու մինչև բանակ գնալը մի քանի անգամ շորեր տարավ մանկատուն: Այ, իմ մտքով չէր անցի, բայց ինքը ճիշտ էր:

Մարդիկ կան՝ ամաչում են խոսել, ինքը՝ չէ, ընդհակառակը, ամեն ինչից տեղյակ էր: Շատ մեծ ձգտում ուներ։ Ուզում էր գալ, շարունակել կրթությունը»։

Ռոբերտի տատիկը սիրով է հիշում բարի սիրտ ունեցող Ռոբերտի չարաճճիություները, արած լավ գործերն ու մարդկային ամենակարևոր հատկանիշները, որ ուներ, իսկ վերջում ասում է. «Մանկապարտեզում միջոցառում արեցին Ռոբերտիս նվիրված, ծառ էին տնկել, մի քանի խաղողի վազ: Ասում են` ինչ դրել են Ռոբերտի անունով, կպել է, բոլորը կպել են: Ուրեմն ինչքա՜ն կյանք կար մեջը»…

 

Հեղ.՝ Մանե Գևորգյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn