Սարգիս Խալաֆյան

 

ՍԱՐԳԻՍ ԼԱԶՐԻ ԽԱԼԱՖՅԱՆ
10.06.1967 – 04.04.2016
Պահեստազորի զինապարտ

Ծնվել է Երևան քաղաքում։
1974-1984 թթ. սովորել է Չարենցի անվան №67 դպրոցում։
Ավարտելուց հետո սովորել է №20 ուսումնարանում՝
ստանալով խոհարարի մասնագիտություն։
1985-1987 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1990-ականներին որպես կամավորական մասնակցել
է հայ-ադրբեջանական պատերազմին։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ընթացքում 6-րդ ՊՇ N մարտական դիրքի պաշտպանության ժամանակ։
Ամուսնացած էր, ունի 4 երեխա։
Կամավորական ծառայության ընթացքում և հետմահու պարգևատրվել է
«Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական հկ-ի
«Փառապանծ մարտիկ» մեդալով, «Ազատամարտիկ»
ռազմահայրենասիրական բարեգործական հկ-ի «Ազատամարտիկ»
մեդալով, «Արաբո» հուշամեդալով, «Անմար կրակներ»
ռազմահայրենասիրական բարեգործական հկ-ի «Հայոց արծիվ» մեդալով,
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի «Մեծն Տիգրան» մեդալով,
ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով (2006 թ․),
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2008 թ․), ՀՀ ՊՆ
«Մարշալ Հ․Ք․ Բաղրամյանի անվան» մեդալով (2008 թ․),
ՀՀ «Արիություն» մեդալով (հետմահու) և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով (հետմահու)

∗ ∗ ∗

 

ՍԱՐԳԻՍ ԼԱԶՐԻ ԽԱԼԱՖՅԱՆ

Սարգիս Խալաֆյան

Սարգիս Լազրի Խալաֆյանը ծնվել է 1967 թ․ հունիսի 10-ին Երևանում։ Ավարտել է  Չարենցի անվան №67 դպրոցը, այնուհետև ընդունվել  №20 ուսումնարանարան՝ որպես մասնագիտություն ընտրելով խոհարարությունը։ Ամուսնացել է, երբ ընդամենը 18 տարեկան էր.  «Քանի որ երկուսս էլ փոքր էինք՝ ընդամենը 18 տարեկան, ծնողներս դեմ էին, բայց Սարգիսը շատ համառն էր, ու փախանք»,- պատմում է հերոսի կինը՝ տիկին Նունեն։

Սարգիսը բավականին բարդ ու համառ էր, բայց և՝ անսահման բարի։ Բարեկամները նրան «խաղաղության աղավնի» էին ասում, քանի որ միանգամից կարողանում էր հարթել ցանկացած իրավիճակ։ «Ընկերներիս հետ այնքան ընկերական էր, որ կարծես իր ընկերները լինեին։ Իր հետ ցանկացած հարց լուծում ուներ»,- պատմում է Սարգիս Խալաֆյանի ավագ որդին՝ Լազրը։ Երբեք ոչ մի հարցում չէր բողոքում, յուրաքանչյուր իրավիճակում կարողանում էր արագ կողմնորոշվել ու երեխաներին միշտ հորդորում էր՝ «մարդ մնալ ցանկացած պարագայում»։

Արցախյան շարժման հենց առաջին իսկ օրերին Սարգիս Խալաֆյանը որոշեց առաջնագծում լինել։ Համառ, հաստատակամ բնավորությունը թույլ չտվեց լսել և ոչ մեկի. եթե որոշել էր, ուրեմն պիտի մեկներ։ Նունեն ու Սարգիսը, վերցնելով  երեխաներին, տեղափոխվեցին սահմանամերձ գոտի։ «Լինում էր, որ օրերով չէր գալիս, անգամ իր ջոկատի տղաները գալիս էին, բայց Սարգիսը չկար։ Տարբեր ջոկատների էր միանում, նրանց, որոնք պիտի լինեին թեժ կետերում։ Երբ կրտսեր որդիս ծնվեց, Սարգիսը եկել էր, բայց հենց հաջորդ օրը ուզեցավ մեկնել։ Բայց դա, թերևս, միակ դեպքը եղավ, երբ կարողացա համոզել, որ մնա։ Ընդամենը 40 օր մնաց, հետո մեկնեց»,-հիշում է Նունե Խաչատրյանը։

1990-ականների պատերազմում Սարգիսը մարտական ուղին սկսել է «Արաբո» ջոկատի կազմում, մասնակցել Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը։ 1992 թ․-ից անդամագրվել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդին, մասնակցել է Լաչինի ազատագրմանը, այնուհետև միացել է «Արծիվ 24» ջոկատին։ Շահումյանի շրջանի անկումից հետո 1992 թ. հունիսի 13-ին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ինչից հետո միացել է Շահեն Մեղրյանի կազմավորած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին։ 

«Սարգիսը մեր ջոկատ 1992 թ․-ից եկավ։ Բավականին երիտասարդ էր, բայց ուներ մեծ քաջություն։ Ունեինք մեր ջոկատում երիտասարդներ, բայց Սարգիսն առանձնանում էր։ Մասնակցել է բոլոր կռիվներին՝ Քարվաճառից մինչև Եղնիկներ։ Անգամ զինադադարի հաստատումից հետո՝ մոտ երկու ամիս, մեզ հետ միասին մնաց Եղնիկներում»,- հիշում էր «Արծիվ 24» ջոկատի հրամանատար Սամվել Հովսեփյանը, ում գլխավորությամբ կռվել է Սարգիս Խալաֆյանը։ «Երբ գնում էինք բավական բարդ ու վտանգավոր մարտական գործողության, շարում էի տղերքին ու հարցնում, որ եթե վախենում են, կամ հետևներից լացող ունեն՝ մեկ քայլ առաջ գան։ Սարգիսը, երեխաներ ունենալով, թերևս, այն քչերից էի, որ երբեք առաջ չեկավ»։

Հաղթական պատերազմից հետո Սարգիսն ամբողջությամբ իրեն նվիրեց ընտանիքին։ Զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ։ Հետո արդեն, երբ դուստրն ամուսնացավ և երեխա ունեցավ, սկսեց թոռնիկի հետ զբաղվել։ Սակայն մի նոր պատերազմ նրան կրկին առաջնագիծ պիտի տաներ։

Ապրիլի երկուսն էր, երբ լսեց սահմանային իրավիճակի մասին։ Առավոտյան զրուցեց մարտական ընկերոջ՝ Նորայր Հաջիյանի հետ։ «Առավոտյան Նորայրը զանգեց ու  ասեց, որ  դրությունը բավական լարված է, ու իրենք մեկնում են Արցախ։ Սաքոն ասեց՝ իր համար էլ զենք վերցնեն»,- հիշում է կինը։ Որդու ու կնոջ հորդորներին չի անսացել. «Ես այդ օրը աշխատանքի էի, զանգեցի, ասեցի, որ սպասի, մինչև տուն գամ, որ միասին գնանք, բայց նրան հակառակը համոզել երբեք չէր ստացվում, նա կարծես արդեն մտածած ու որոշած էր խոսում»,- հիշում է Լազրը։

Արցախ մեկնելու ճանապարհին այցելում է ծառայող որդուն, հրաժեշտ տալիս։ Հաջորդ կանգառն արդեն Ստեփանակերտում էր։ Հենց այնտեղ՝ Արցախ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սարգիսը բավականին դիպուկ բնութագրում է իր ու ընկերների՝ Արցախ մեկնելու պատճառը. «Գնում ենք՝ մեր բալեքի կողքը լինենք»։ Կինը պատմում է, որ այդ դրվագը տեսնելով՝ շատ են զարմացել. «Շատ քիչ էր նկարվում, չէր սիրում, դա բացառություն էր»։ Դրանից հետո Սարգիսը միանում է ջոկատի տղաներին և մեկնում են Մարտակերտի շրջան։ Այնտեղ արդեն դիրքերում գտնվող զինվորնեին իջեցնում են ու մասամբ փոխարինում աշխարհազորայիններով։ Սարգիսի հետ ընտանիքը կարողացել է խոսել միայն ապրիլի 3-ին։ «Զանգեց, ասեց, որ արդեն Մարտակերտում են, ամեն ինչ նորմալ ա, ինքն էնտեղ ամեն ինչ կանի, ես՝ այստեղ»,- հիշում է Լազր Խալաֆյանը։ Այդ ընթացքում Սարգիսը հասցրել է խոսել նաև նախկին հրամանատար Սամվել Հովսեփյանի հետ. «Ես դեռ չէի հավաքել ջոկատիս տղաներին։ Սարգիսը զանգեց ու ասաց, որ արդեն մեկնել են, ասացի, որ լավ նայեն իրենց, մինչև հասնենք, գործեն մտածված»։

Ապրիլի 4-ին, երբ արդեն հայկական ուժերը հետ էին վերցրել 2 օր առաջ գրավված թալիշյան դիրքերից երկուսը, թշնամին ուժերի գերլարումով փորձեց դուրս բերել այնտեղ թողած իր դիակները։ Մեր տղաների համառ և վստահ դիմադրության արդյունքում թշնամուն այդպես էլ չհաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրը: Հակառակորդի գրոհը կասեցվեց, սակայն մարտերի ժամանակ ականանետային հարվածից զոհվեցին դիրքապահներ Սարգիս Խալաֆյանն ու իր մարտական ընկերը՝ Նորայր Հաջիյանը։

Սարգիս Խալաֆյանի հիշատակին հուշաքար է կանգնեցվել այն դիրքրի մատույցներում, որտեղ արկի պայթյունը խլեց հերոսի կյանքը։ Ընտանիքն ու բարեկամներն այսօր ապրում են՝ ամեն օր հիշելով Սարգսի անձնազոհ արարքը ու պահելով նրա տված ամենամեծ պատգամը՝ «մարդ մնալ ցանկացած պարագայում»։

 

Հեղ՝ Սուսաննա Գրիգորյան