ԱՆԴՐԱՆԻԿ ԱՏՈՄԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ
01.05.1996 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային
Ծնվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։
2003-2011 թթ. սովորել է Վեդի քաղաքի №1 միջնակարգ դպրոցում։
2011-2014 թթ. սովորել և ավարտել է «Հայաստանում եվրոպական
քոլեջ» հիմնադրամի Վեդու մասնաճյուղի էկոնոմիկայի,
հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։
2009-2014 թթ. խաղաշրջաններում հանդես է եկել ՀՀ ԿԳՆ
«Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան
մարզադպրոցի» 1996-1997 թթ. ծնվածների ֆուտբոլային
թիմի կազմում, մասնակցել է ՀՀ ֆուտբոլի
առաջնություններին ու մի շարք հուշամրցումների,
պարգևատրվել մեդալներով ու պատվոգրերով։
2014 թ. փետրվար-հունիս ամիսներին սովորել և
ավարտել է «Կարեն Սուքոյան» ուսումնական կենտրոնի
խոհարարության և ուտեստների ձևավորման դասընթացները։
2014 թ. հուլիսին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի
հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական
ֆակուլտետի ֆուտբոլի բաժին։
2014 թ. հուլիսի 16-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում՝ որպես գնդացրորդ։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 5-րդ ՊՇ 116 մարտական դիրքի
պաշտպանության ժամանակ համածառայակիցներ
կապիտան Արմենակ Ուրֆանյանի, կրտսեր սերժանտ
Ռոբերտ Աբաջյանի, շարքային Քյարամ Սլոյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»
1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական
ծառայություն» մեդալով, «Փառքի տարածք հուշահամալիր»
հայրենասիրական հկ-ի «Փառքի տարածք» մեդալով,
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, «Երկրապահ
կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի երկրապահ»
և «Եռասերունդ երկրապահ» մեդալներով։
∗ ∗ ∗
«Անդրանիկի սիրած ֆիլմը ռուսական «Բրիգադա»-ն էր՝ չորս ընկերոջ մասին։ Ասում էր՝ «Պա՛պ, տեսնո՞ւմ ես՝ ինչ տղերք են, ինչ լավ ընկերներ են»։ Իր ամենասիրած երգն էլ հենց այդ նույն ֆիլմից էր։ Ես չեմ ուզում սա ճակատագիր անվանել, բայց շատ էր սիրում էդ ֆիլմը, ու հիմա էլ իրենք իրար հետ չորսով չկան, բայց համոզված եմ, որ երկնքում էլ միասին են։ Միշտ ասել եմ ու ասում եմ՝ ինձ համար Անդրանիկը, Ուրֆանյանը, Քյարամն ու Ռոբերտը եղբայրներ են, ու տղերքից որևէ մեկին առանձնացնելը սխալ է, չորսն էլ էդ նույն տեղում մի նպատակի համար արյուն են թափել»,- ասում է Անդրանիկի հայրը՝ պարոն Ատոմը։
Անդրանիկ Զոհրաբյանն իր վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանի ու համածառայակից ընկերներ Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մուշեղ Թովմասյանի, Տիգրան Պապանյանի, Էդգար Գալստյանի հետ 2016 թ․ ապրիլի 2-ին դիմավորեցին թշնամու հանկարծահաս գրոհը Մարտակերտի պաշտպանական շրջանի կարևորագույն դիրքերից մեկի՝ 116-ի ուղղությամբ։ Նախ՝ դիրքն ինտենսիվ հրետակոծվել է, ապա առաջ է շարժվել թշնամական հետևակը։ Նկատելով թշնամու շուրջ 60-70 հատուկջոկատայինների առաջանալը՝ Ա․ Ուրֆանյանը կրակ է բացել։ Վերջինիս հաջողվել է խոցել առաջացող ականազերծող զինտեխնիկան։ Սկսել են կրակ տեղալ նաև շրջանաձև պաշտպանության անցած դիրքապահ զինծառայողները։ Պարոն Ատոմը մի քանի անգամ եղել է դիրքերում, փորձել հնարավորինս տեղեկանալ կռվի մանրամասներին։ «Անդրանիկը գնդացրորդ էր։ Երբ սկսել են կրակել, ադրբեջանցիները կորուստներ են տվել, առաջին գրոհի ժամանակ 15-16 հոգի ընկել են։ Ուրֆանյանն ասել է՝ «ընկնում են, կրակե՛ք»։ Առաջին գրոհը տղերքը շատ հանգիստ հետ են մղել, տրամադրությունները տեղն է եղել, ոգևորվել են»,- պատմում է Անդրանիկի հայրը։
Երկրորդ գրոհը հետ մղելու ժամանակ թշնամական արկակոծումից զոհվում են վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն ու հարևան խրամաբջջից կրակ վարող շարքային Քյարամ Սլոյանը։ Դիրքի ձախ առաջապահ մասը պարպվել է՝ դժվարացնելով անձնակազմի հետագա դիմադրությունը։ «Ուրֆանյանին հենց արկն է կպել, քանի որ շատ մոտ է պայթել։ Դիրքը քանդվել է, էդ արկից Քյարամն էլ է զոհվել։ Իրենք որ զոհվել են, ձախ թևը բաց է մնացել, էդտեղից կարողացել են մտնել։ Անդրանիկը այդ ժամանակ դիտակետում է եղել, ինքը դուրս է եկել։ Ես հարցրի՝ «ինչո՞ւ է դուրս եկել», հրամանատարն ասաց, որ անցքը, որտեղից որ կրակում են, նեղ է․ հա՛մ պետք է կրակես, հա՛մ նայես։ Էդ պատճառով Անդրանիկն իր որոշմամբ դուրս է եկել հողաթմբի վրա ու էնտեղից բաց կռիվ է մղել, որ դաշտն ինքն ամբողջությամբ տեսնի։ Երբ դու այդ դաշտ ես բարձրանում, հասկանում ես, որ հնարավոր է՝ այդտեղից էլ կենդանի չիջնես. դու բաց կռիվ ես տանում, քեզ տեսնում են,- պատմում է պարոն Ատոմը և եզրակացնում,- տղայիս մեջ երեք բան է աշխատել՝ իր գեները, դաստիարակությունը, պատասխանատվությունը։ Նա գնդացրորդ էր, մտածել է, ինչպես պետք է կրակի, չի մտածել, որ կարող է փախչել կամ դիրքը թողնել։ Ո՛չ, դա իր գործն էր, իր պատասխանատվությունն էր, իմ երեխան այդպես է դաստիարակվել»։
Անդրանիկը միշտ ասել է, որ կյանքի ռիթմը ստիպում է մի քանի բան սովորել՝ ապրել կարողանալու համար։ Հայրը պատմում է. «Սովորեց ու ավարտեց Վեդիում Եվրոպական քոլեջի մասնաճյուղի էկոնոմիկայի, հաշվապահական հաշվառման ու աուդիտի բաժինը։ Դրան զուգահեռ չորս ամիս գնաց խոհարարության կուրսերի, դիպլոմ ստացավ։ Չնայած սկզբում խոհարարությունը պարզապես հոբբի էր, հետո ասում էր, որ բանակից գա, խոհարար կաշխատի։ Ուզում էր՝ ինձ օգներ։ Ասում էր. «Իմ ու քրոջս սովորելու վարձերի հետ դու գործ չունես։ Ես կգամ, ամեն ինչ կանեմ»։
Անդրանիկը 8 տարեկան հասակից զբաղվում էր նաև ֆուտբոլով։ Նախքան զորակոչվելը հասցրել էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին։ Նպատակ ուներ ծննդավայր Վեդի քաղաքում ֆուտբոլի թիմ հիմնելու․ «Երեխեքին կհավաքեմ, տե՛ս՝ ինչ թիմ կսարքեմ»,- նախքան զորակոչվելը խոստանում էր հորը։ Պարոն Ատոմը նույնպես ժամանակին զբաղվել է ֆուտբոլով, և ինստիտուտի ընդունելության համար պարապելու շրջանը հոր և որդու համար սիրելի զբաղմունքը կիսելու պատեհ առիթ էր։ «Երբ ինչ-որ հնարքներ էի անում, ասում էր. «Պա՜պ, լավ էլ խաղում ես»։ Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլ խաղացող տղաներն էլ հայրենասեր են։ Սպորտը մարդ է դաստիարակում նաև։ Այն ձևավորում է հաղթողի հոգեբանություն։ Պարտվել չէր սիրում։ Երբ պարտվում էին, գալիս էր անտրամադիր, ջղայինացած, բայց հաղթանակների դեպքում շատ էր ոգևորվում։ Ինքը դա պիտի աներ ու ինքը դա արեց։ Արեց որպես պաշտպան՝ և՛ որպես ֆուտբոլային խաղի պաշտպան, որն իր շուրջն էր համախմբում ընկերներին, և՛ որպես պաշտպան պատերազմի դաշտում»։
Բանակային ծառայության տարիները կոփել և ավելի լրջացրել էին Անդրանիկին։ Մի կողմից՝ դիրքապահ ծառայության բնական դժվարությունները, մյուս կողմից՝ այդ ծառայության մեջ սեփական պատասխանատվության հստակ գիտակցումը ցայտուն երևում էին Անդրանիկի վարքում և խոսքերում։ «Շատ հետաքրքրասեր, աշխույժ էր։ Բանակում շատ փոխվեց։ Մի տեսակ մեծացավ ու լրջացավ։ Ընկերներն էլ են ասում՝ ինքը լուրջ էր, բայց բանակում ավելի լրջացավ, ավելի ծանր դարձավ։ Ծառայության ժամանակ իր ընկերներից մեկին խփել էին, գուցե դա էլ էր շատ իր վրա ազդել։ Ինքը շարքային էր, բայց որ խոսում էր, ասում էր՝ ես շարքային զինվոր չեմ, ես գնդացրորդ եմ»,- հիշում է պարոն Ատոմը։
Անդրանիկի ծառայակից ընկերը՝ Վարդգես Ումրիկյանը, ասում է. «Անդրանիկին նախքան բանակ գնալն էլ եմ ճանաչել․ միասին ֆուտբոլ էինք խաղում։ Եթե նախկինում Անդրանիկին ճանաչած չլինեի, կմտածեի՝ մի քանի համալսարան ա ավարտել։ Իր հոր պես հավասարակշռված մարդ էր։ Ամեն քայլը մտածված էր, որ ոչ մեկին չնեղացներ, վատ կարծիք չթողներ ու թույլ էլ չտար, որ իրեն նեղացնեին։ Անդոյի թասիբի գործոնը մեծ ա եղել կռվի ժամանակ։ Վստահ էի իր վրա, գիտեի, որ ինքը մինչև վերջ կկռվի, կպահի սահմանը»։
Մյուս ծառայակից ընկերը՝ Հայկ Բադալյանը, Անդրանիկի հետ բանակում է ծանոթացել, բայց հասցրել է լավ ճանաչել. «Խելացի, հավասարակշիռ, հոգատար ընկեր էր։ Սիրում էր գործը մինչև վերջ ու իդեալական անել։ Ոչ մի բանից չէր դժգոհում, նեղվում։ Շատ ռիսկով էր։ Անդոն կատակասեր էր, շփվող ու, իհարկե, շատ համով բաներ էր պատրաստում։ Ամբողջ վաշտի մոտ ամենաշատը տպավորվել ա՝ ոնց էր Նոր տարվան խորացած սալաթ սարքում, սեղանը ձևավորում։ Էդ ընթացքում մոտենում, ինչ-որ բաներ էինք տանում, ինքն էլ գոռգռում էր։ Մեկ էլ տղերքը պատմում են, որ շատ տպավորվել ա՝ ոնց են Անդոն ու տղերքից մեկը բեմադրել, թե ոնց ա Անդոն զորացրվելուց հետո տուն գնալու։ Ազատ ժամանակ հավաքվում էինք, աթոռի վրա դհոլ նվագում, երգում, պարում, կատակներ անում։ Ես վաշտի վարորդն եմ եղել ու ապրիլին ես եմ իրենց դիրքեր տարել։ Ուրֆանյանը ճանապարհին նշանածի հետ էր խոսում, Քյարամի քույրը նոր էր երեխա ունեցել, ասում էր՝ «Իջնենք, քեֆ ենք անելու, մաղարիչ պետք ա անեմ», իսկ Անդոն ասում էր՝ «Հենց պրծնեք, պետք ա գաք մեր տուն, իրար հետ խմենք, նոր գնաք»։ Հաջող անելուց Աբաջյանը նայեց մինապատ դաշտին, ասեց՝ «Պատկերացնո՞ւմ եք՝ սրանց վրա տրաքենք»։ Աբաջյանին փախլավա էի խոսք տվել, էդպես էլ խոստումս չկարեցա կատարեմ»…
Անդրանիկը շատ կապված է եղել մոր՝ տիկին Ալլայի հետ։ Ապրիլի 7-ը տղայի համար միշտ նշանակալի օր է եղել․ պետք է անպայման շնորհավորեր մորը։ Փող էր հավաքել ու ընկերներից մեկին ասել, որ ապրիլի 7-ին մոր համար տորթ գներ ու վրան գրեր՝ «մնաց 100 օր»։ Մայրն Անդրանիկի հետ վերջին անգամ մարտի 29-ին է խոսել. «Մեր ծանոթներից մեկը պետք է գնար Մարտակերտ։ Ուզում էինք Անդրանիկի համար բաներ ուղարկել։ Ասացի՝ «Անդրանիկ, մարդ է գալիս, մեքենայով է, մի քիչ շատ բան ուղարկենք»։ Ասաց. «Չէ՛, մա՛մ, մի՛ ուղարկեք, խառը կլինենք, չի կարողանա բերել»։ Երբ հարցրի՝ «ինչի՞ խառը կլինեք», պարզապես ասաց, որ չշարունակեմ ու վերջ։ Դա էր մեր վերջին խոսակցությունը»։
Անդրանիկը երկու դիրքում է մարտական հերթապահություն կատարել՝ 116 և 117։ Վերջինս կոչել են Անդրանիկի անունով։ Դպրոցում այն դասասենյակը, ուր Անդրանիկն առաջին դասարան է գնացել, անվանակոչել են իր անունով։ Շենքի երիտասարդներն իրենց ուժերով Անդրանիկի ու 1992 թ․-ին զոհված վեդեցի ազատամարտիկ Սազայի Նիկողոսյանի հիշատակին ցայտաղբյուր-հուշաքար են կանգնեցրել։ 2017 թ․ ապրիլին հայրենի Վեդի քաղաքում անցկացվել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշար։
Անդրանիկի քույրերից ավագը՝ Սաթենիկը, պատմում է. «Երբ գյուղում էինք ապրում, մեր տան դիմաց առու կար։ Առավոտները գետի ջրի հետ մանր ձկներ էին գալիս։ Երեխաներ էինք, ձուկ էինք բռնում։ Իր մոտ լավ էր ստացվում, ես չէի կարողանում բռնել, ու իրենից էի գողանում։ Հենց տեսավ, «պատահական» հրեց, ու ես ընկա առուն։ Ես փոքր-մոքր էի, առուն էլ խորն էր։ Հետո, երբ տեսել էր, որ խեղդվում եմ, ինձ բռնել, քաշել, հանել էր։ Դրա համար էլ էր ուժ պետք։ Գլուխ էր գովում, որ ինձ փրկել է»։
Եթե իմանար, որ հետագայում ոչ միայն քրոջը, այլև շատ-շատերին է փրկելու, բայց… չի հասցնելու «գլուխ գովել»…
Հեղ․՝ Մանե Գևորգյան