ԱՇՈՏ ՇԱՎԱՐՇԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ
25.10.1991 – 01.05.2016
Կոչումը՝ ավագ լեյտենանտ
Ծնվել է Արարատի մարզի Այնթապ գյուղում։
1999-2009 թթ. սովորել է Արարատի մարզի
Նոր Խարբերդ գյուղի №1 դպրոցում։
2009-2013 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի
անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն
ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի
կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
2015 թ․ ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
Զոհվել է 2016 թ․ մայիսի 1-ին ծառայողական պարտականությունները
կատարելիս թշնամու արձակած դիպուկահար գնդակից։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗
«Զինվորական համազգեստը Աշոտին միշտ է ձգել։ Գուցե քեռին էլ է մեծ ազդեցություն ունեցել այդ հարցում։ Քեռին մասնակցել էր արցախյան պատերազմին ու, երբ Աշոտը դեռ փոքր էր, հետը մի քանի անգամ դիրքեր է բարձրացրել, ասում էր՝ «թող պնդանա, ճանաչի»։ Ամենաշատը քեռու հետ էր կապված, միշտ նրանից էր խորհուրդներ հարցնում, ու երևի դա էլ նպաստել է իր վերջնական որոշմանը,- պատմում է Աշոտի մայրը՝ տիկին Անահիտը, ու ավելացնում,- դպրոցն ավարտելուց հետո ուզում էի, որ ոստիկանական ակադեմիա ընդունվի, բայց ինքը ոչ մի կերպ չէր համոզվում, ասում էր՝ «Ես ոչ թե ոստիկանական, այլ զինվորական համազգեստ պետք է հագնեմ. էս երկու համազգեստների տարբերությունը շատ մեծ է»»։
Վերջնական որոշումն ընդունված էր. Աշոտն ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Լավ էր սովորում, ընտանիքն անընդհատ շնորհակալական նամակներ էր ստանում։ Ավարտելուց հետո Աշոտը ծառայության է անցնում Արցախի ՊԲ N զորամասում։ Ծառայությունից տանը ոչինչ չէր պատմում, ծնողներին թույլ չէր տալիս շատ հարցեր տալ, միայն հանգստացնում էր՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, ու իրեն ոչինչ չի պատահի։ Տիկին Անահիտն ասում է. «Ես էլ էի համոզված, որ իրեն երբեք վատ բան չի պատահի։ Մյուս տղաս՝ Արթուրն էլ է զինվորական, խաղաղապահ զորքերում է ծառայում։ Ավելի շատ Արթուրիս համար էի անհանգստանում, որովհետև ապրիլին իրենց տարել էին Թալիշ։ Ինձ միշտ թվում էր՝ Աշոտը շատ լավ է պատրաստված, ցանկացած խնդիր իր համար լուծելի է, իսկ Արթուրն առաջին անգամ էր նման լուրջ կռիվ տեսնում։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ իրեն ինչ-որ բան կարող էր պատահել»։
Աշոտի հետ վերջին անգամ՝ ապրիլի քսանյոթին, խոսել է եղբայրը, իսկ երկու օր հետո արդեն իմացել են, որ Աշոտը զոհվել է։ Մայրը պատմում է. «Խրամատում՝ դիտակետի մոտ, ինչ-որ փշեր են եղել, բարձրացել է, որ մաքրի ու կրակել են։ Իրենց հետ դիրքեր բարձրացած կամավորներից Աղասի Կարապետյանն ասում է, որ իրեն չի թողել հետը գնալ՝ ասելով, որ երկու երեխա ունի, պետք չի, որ բարձրանա»։ Նույնն է եղել Աշոտի վերաբերմունքը նաև զինվորների հանդեպ։ Դավիթ Պետրոսյանը Աշոտին հասցրել է լավ ճանաչել. վերջինս եղել է դասակի հրամանատար, իսկ Դավիթը՝ նրա վաշտի դասակներից մեկի գնդացրային ջոկի սերժանտ։ Դավիթը պատմում է. «Հիմա, երբ իր մասին ենք խոսում, բոլորս ենք ասում, որ բաց, պարզ, մաքուր սիրտ ա ունեցել։ Կարող ա՝ կոպիտ բան ասեր, բայց դրան զուգահեռ չէր չարանա, մեջը չէր պահի, կուտակեր։ Երբեք իրա դիրքը չի չարաշահել՝ մեկին խեղճացնելու համար։ Աֆիցերների մասին խոսելիս զինվորները մենակ նկատի չեն ունենում դիրք պահելը, ինչը, իհարկե, ամենակարևորն ա։ Պետք ա հաշվի առնել, թե ոնց ա էդ մարդը դիրքում կազմակերպում ինժեներական աշխատանքները։ Ինքը զինվորների հետ հավասար աշխատում էր։ Էդ շատ կարևոր ա, որովհետև հակառակ դեպքում կռիվներ են լինում՝ ով անի, ով չանի, բայց երբ աֆիցերն էլ ա ձեռք մեկնում, արդեն խնդիրներ չեն լինում, բոլորն աշխատում են։ Վտանգավոր աշխատանքները զինվորների փոխարեն ինքն էր անում։ Պոստում մի հատ հատված կար, որ խոտեր էին աճում ու հենց բարձրանում էին, տեսադաշտը փակում էին։ Էդ դիտարկվող տարածք էր։ Ինքը երբ եղել ա դիրքի ավագ, կյանքում չի թողել, որ զինվորները խոտը մաքրեն, միշտ մենակ ինքն ա մաքրել։ Մի անգամ որոշել էինք, որ լավագույն դիրք պետք ա ճանաչվենք. նոր զուգարան, լվացարան, եկեղեցի սարքեցինք։ Իր փողերով ներկեր էր առել, բերել, որ ամեն ինչ սիրուն լիներ. մի տեսակ էնտեղի կյանքով էր ապրում։ Ինչ ուտելիք, սիգարետ հետը բերում էր, անպայման կիսում էր զինվորների հետ։ Չեմ մոռանա, որ մի անգամ պոստս փոխում էի, սիգարետ չկար մոտս, իր ունեցած վերջին երկու տուփն ինձ տվեց»։
Աշոտ ԶոհրաբյանԴասակի վարորդ Արայիկ Բաբայանը հիշում է. «Մի անգամ իրար հետ խրամուղու միջով անցնում ենք, մեկ էլ ձեռքը գցեց ու վարատնիկիցս հետ քաշեց։ Կռացավ մի հատ քար վերցրեց ու խփեց ոտքերիս մոտի օձին։ Ես օձին չէի տեսել։ Սատկացրեց, նայեց ինձ ու ասեց. «Բաբայա՛ն, չմեռա, կյանքդ էլ փրկեցի»։ Ո՞նց կարամ էդ մոռանամ»։ Աշոտի դասակում է ծառայել նաև ավագ հրաձիգ Հայկ Շահբազյանը, որը հրամանատարի մասին միայն լավ բաներ է հիշում. «Զինվորի համար ամեն ինչի պատրաստ էր։ Անում էր հնարավորը, որ իր զինվորները միշտ լինեն մաքուր, կոկիկ, տարբերվեն մյուս վաշտերի զինվորներից։ Հենց ինչ-որ խնդիր էր լինում, բոլորին օգնում էր։ Հիշում եմ՝ մի անգամ իմ հերթապահության օրն էր, խրամատում էի, գիշերը երեքը կլիներ, որ ինչ-որ տարօրինակ ձայներ լսեցի։ Իրեն կանչեցի։ Ասեց, որ տեղում մնանք ու բան չանենք։ Եկավ, ստուգեց, երկու շուն գտավ փշալարերի վրա։ Էդ ժամանակ նոր էինք անցել ծառայության, շատ բան չէինք հասկանում, նայեց մեզ, ասեց՝ «Միշտ ձեր կողքին կանգնած եմ»։ Ժամկետային զինծառայող Նիկոլայ Նալբանդյանը պատմում է. «Ճիշտ ա՝ իրա դասակից չեմ եղել, բայց հասցրել եմ ճանաչել իրան։ Մեջս շատ լավ տպավորվել ա, որ ինժեներական պահպանության տեղամասում դասակներով բաշխել էին, ամեն դասակ մի դիրքում գործ էր անում։ Զոհրաբյանի դասակը խրամուղի պետք ա խորացներ։ Դե շատ երկար էր, ինքն էլ իր դասակի հետ հավասար, իրանցից էլ շատ գործ էր անում։ Երեք ժամում պրծան, ասեց՝ «Տղե՛րք, հանգստացեք, հեսա երկրորդ դասակի գործն էլ ենք անելու։ Ասեց ու արեց։ Շատ լավ մարդ էր, ցավում եմ, որ էլ մեզ հետ չի»։
Տիկին Անահիտը որդուն՝ որպես սպա, պատերազմից հետո է միայն ճանաչել. «Տարին մի անգամ էր տուն գալիս, շատ չէինք տեսնում։ Ինձ համար ինքն իմ փոքր Աշոտն էր, բայց մահից հետո իր զինվորները, այդ օրերին դիրքեր բարձրացած կամավորների պատմածներից զարմանում եմ»։ Աշոտի հայրը՝ պարոն Շավարշը, ավելացնում է. «Ամբողջ աշխատավարձը էնտեղ էր ծախսում։ Տուն փող չէր կարողանում ուղարկել, ասում էր՝ «Պա՛պ, եթե դու երեք էրեխա ունես, իմը երեսունն են»»։
2014 թվականին դիպուկահարի կրակոցից մի զինվոր մահանում է Աշոտի ձեռքերում։ Դրանից հետո Աշոտը շատ է փոխվում։ «Մահը շատ էր վրան ազդել, ուրիշ մարդ էր դարձել,- պատմում է տիկին Անահիտը։- Դրանից հետո դիրքերից չէր իջնում։ Երկու հերթափոխով էր բարձրանում դիրքեր։ Իջնում էր, լողանում, նորից բարձրանում։ Մեծ էր պատասխանատվության զգացումը զինվորների նկատմամբ։ Իր նվիրվածության շնորհիվ էր, որ իր դիրքը մի քանի անգամ լավագույնն է ճանաչվել։ Շատ հետևողական էր, մաքուր, կոկիկ ու նույնն էր պահանջում նաև մյուսներից։ Զինվորները պատմում են, որ իրենց հավասար աշխատում էր, մաքրում տարածքը, չէր թողնում, որ ինչ-որ բան թափված մնա։ Բացի էն, որ պահանջկոտ էր, նաև շատ խիստ էր։ Ասում էր․ «Զինվորը զինվոր է, նույնսիկ եթե եղբայրդ է, հենց համազգեստը հագավ՝ վերջ։ Եթե խիստ չլինեմ, ամեն օր զոհ կտամ»»։
Ապրիլյան լարված օրերին Աշոտի հետ նույն դիրքում եղած կամավորներից մեկը տիկին Անահիտին պատմել է. «Ես տարիքով մարդ եմ, փոխգնդապետ, բայց հիմնականում Աշոտի ասածներով էինք գործում։ Ասում էի՝ «Ես հիմա զինվոր եմ, ու անկախ կարգավիճակից պետք է միասին որոշենք, շարժվենք»։ Եթե մեր բանակի սպաների տասը տոկոս Աշոտի պես լիներ, մեր բանակը Խաղաղ օվկիանոս էլ կհասներ»։
Երրորդ տարին էր, ինչ Աշոտը ծառայության մեջ էր․ շուտով պետք է տեղափոխվեր Արցախից։ Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ։ Շատ էր սիրում իր ընտանիքը։ Անընդհատ անհանգստանում էր եղբոր համար, հպարտանում քրոջ բոլոր ձեռքբերումներով։ Եղբոր մահից հետո Աշոտի տասներեքամյա քույրը որոշել է ռազմական բժիշկ դառնալ. «Դպրոցում լավ եմ սովորում։ Արդեն կես տարի է՝ որոշել էի, որ բժիշկ եմ դառնալու, իսկ հիմա որոշումս ավելի հստակ է․ պետք է ռազմական բժիշկ լինեմ, որ կարողանամ օգնել զինվորներին։ Ուզում եմ իրենց մոտ լինել, տեսնել՝ ոնց են էնտեղ ապրում։ Գիտակցում եմ, որ դժվար է լինելու, բայց մեկ է՝ անելու եմ»։ Մայրը հիշում է, թե ինչպես էր ամանորին Աշոտը գալիս ու քրոջ հետ միասին տոնածառը զարդարում. «Եթե գար ու տեսներ, որ արդեն զարդարել ենք, պետք է նորից քանդեր ու քրոջ հետ միասին զարդարեր։ Անցած տարի չկարողացավ գալ․ իրենց դիրքերում միշտ լարված էր։ Էս տարի էլ ենք առանց իրա նշելու։ Միայն մի քանի նկար է Աշոտից մնացել ու իր հողոտ բատինկաները»։
Աշոտի ծննդավայր Այնթապ գյուղում՝ հերոսի հայրական տնից քիչ ներքև, հարևանները հուշաղբյուր են կանգնեցրել։ Բակի երեխաները տարածքը միշտ մաքուր են պահում ու միշտ այնտեղից են ջուր խմում։ Տիկին Անահիտն ասում է. «Էրեխեքը գիտեն՝ ինչ-որ գերբնական ջուր ա։ Ասում են՝ Աշոտի ջուրը խմենք, ուժեղանանք»։
Աշոտը դեռ վաղուց էր երդվել, որ անձնվիրաբար ծառայելու է հայրենիքին։ Ահա և այն տողերը, որոնք ռազմական համալսարանում սովորելու տարիներին Աշոտը գրել է իր՝ «Մենք հաղթանակի սերունդներն ենք» շարադրության մեջ. «Ես հաղթանակած երկրի սերունդ եմ ու իրավունք չունեմ երկնչելու։ Սիրել, պաշտպանել ու շենացնել մեր երկիրը. ահա թե որն է իմ առաքելությունը այս կյանքում»։ Իսկ վերջում ավելացրել է․ «Ես բացեցի մի նոր էջ ու այնտեղ ջինջ ու լուսավոր տառերով գրեցի` «Ես` հաղթանակի սերունդս, երդվում եմ` անվերապահորեն նվիրվել իմ հայրենիքին, նորանոր հաղթանակներ բերել նրան, իսկ հարկ եղած դեպքում պատրաստ եմ կյանքս տալ հանուն իմ հաղթանակած հայրենիքի պայծառ գալիքի»։
Հեղ․՝ Մանե Գևորգյան