Baris-Ozmanyan
Baris-Ozmanyan-April-2016-4
Baris-Ozmanyan-April-2016-5
Baris-Ozmanyan-April-2016-6
Baris-Ozmanyan-April-2016-7
Baris-Ozmanyan-April-Heros-1
Baris-Ozmanyan-April-Heros-2
Baris-Ozmanyan-April-Heros-3
Baris-Ozmanyan-April-Heros-4
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

ԲԱՐԻՍ ՌԱՖԻԿԻ ՕԶՄԱՆՅԱՆ
04.12.1996 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Արմավիր մարզի Տարոնիկ գյուղում։
2003-2011 թթ. սովորել է Տարոնիկի միջնակարգ դպրոցում։
2015 թ. հունվարի 20-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում որպես հրաձգային ջոկի գնդացրորդ։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս համածառայակիցներ սերժանտներ Ադամ Սահակյանի,
Կարեն Ներսիսյանի, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի,
շարքայիններ Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի,
Տիգրան Բերակչյանի, Անդրանիկ Գրիգորյանի
հետ միասին։ Վերջիններիս հետ մեկտեղ զոհվել են նաև օգնության հասած
փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը,
Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը,
ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗

Բարիսին բնութագրելիս մայրը տիկին Հերմինեն, մի քանի անգամ օգտագործեց «սուսիկ-փուսիկ», «քչախոս» բառերը, իսկ այդպիսին, պարզվում է ընտանիքի բոլոր անդամներն են. Բարիսի մասին հարցերը երկար ժամանակ մնում էին անպատասխան, հետո՝ մի քանի բառ, ու նորից լռություն։

Առաջին նախադասությունը, որը մայրը գուցե հպարտությամբ, բայց հուզմունքը դժվարությամբ հաղթահարելով կարողացավ ասել հետևյալն էր. «Ընկերների հետ եմ խոսել, ասում են՝ մինչև վերջին պահը չի փախել։ Մնացել, կռվել են»։ Վերջին անգամ Բորիսի հետ մայրը խոսել է ապրիլի մեկին. «Ասաց՝ պոստեր է բարձրանում, հետո եթե հարմար լինի նորից կխոսենք։ Ապրիլի երկուսի առավոտյան իմացանք, որ սահմանին վիճակը լարված է, փորձում էինք անընդհատ զանգել, բայց չէր պատասխանում։ Հայրը գնաց Արցախ, բայց էնտեղ էլ բան չասեցին։ Հետո նորից զանգեցի ու հեռախոսին ադրբեջանցի պատասխանեց, չհասկացա՝ ինչ էր խոսում։ Ամուսնուս զանգեցի ասեցի, որ ինքը փորձի»։ Բարիսի հայրը՝ Ռաֆիկ Օզմանյանն ավելացնում է. «Զանգեցի, ռուսերեն էր խոսում, հարցնում եմ՝ «ո՞վ ա», պատասխանում ա, թե բա «ադրբեջանցի եմ ու ձեր տղային խփել եմ»։ Էդ լսում եմ ու հեռախոսը միանգամից անջատում»։

Ապրիլյան պատերազմի մասին Բարիսի մայրը շատ բան չգիտի, դժվարանում է ինչ-որ բան պատմել. «Մենակ գիտեմ, որ տասնութ հոգով են եղել։ Ախր ուզում էր ծառայել, ասում էր պարտքս ա, կատարեմ, գամ. մի տարի, երեք ամիս էր մնացել»։ Մայրը պատմում է, որ ծառայությունից չի բողոքել. «Իրենց տեղը խախանդ էր, բայց ամեն անգամ խոսելիս ասում էի, որ դիրքեր բարձրանաս գլուխդ չբարձրացնես, զգույշ կլինես, իսկ ինքն ասում էր «արխային»։ Էդ բառն էր ինձ հանգստացնում, ինչ ասում էի, ասում էր «արխային»»։ Մոր խոսքերով բարի ու խելոք Բարիսը լավ է սովորել՝ հատկապես մաթեմատիկան։ Այդ մասին նշում է նաև նրա ուսուցչուհին՝ Սոնյա Վարդանյանը. «Մաթեմատիկայի տետրերն ու գրքերը վերցնում էր, գալիս մեր տուն։ Գիտեի, որ շատ ընդունակ էր, անընդհատ ասում էի, որ ավելի շատ ժամանակ տրամադրի դասերին, բայց պատասխանում էր, որ հայրիկին պետք է օգնի»։

Բարիսը շատ էր սիրում մեքենա վարել, միայն ուրախ երգեր էր լսում, սիրում էր իր ծննդյան օրն ու Նոր տարին, իսկ այ նկարվել` ընդհանրապես չէր սիրում։ Բորիսին բարկացնում էր, երբ իրեն շատ հարցեր էին տալիս։ Բարիսի պապիկը՝ Քյարամ Օզմանյանն ասում է. «Որ չխոսեցնեիր, չէր խոսի, խելոք գրագետ ու նաև ֆիզիկապես ուժեղ տղա էր։ Տեսակցության էինք գնում, ասում էր «մի՛ եկեք, թողե՛ք՝ հանգիստ ծառայեմ», ասում էինք՝ «օտպուսկ արի», ասում էր՝ «մի՛ խանգարեք, ծառայում եմ, մնացել է տասնմեկ ամիս, կգամ, կխոսենք»»։

Ծառայության ընթացքում Բարիսը նույնքան քչախոս և չշփվող է եղել, բայց հասցրել է լավ ընկերներ ունենալ։ Սերժանտ Դանթես Ջանգոյանը պատմում է. «Շատ մոտ էինք, երկուսս էլ՝ ազգությամբ եզդի, նույն վաշտից, շատ շփում ունեինք։ Մի քույր ու եղբայր ուներ։ Քույրն ամուսնացած էր, իսկ եղբոր հետ շատ էր կապված։ Անընդհատ եղբորից էր խոսում ու ասում, որ կուզեր երկուսի փոխարեն էլ ինքը ծառայեր։ Ապրիլի մեկին միասին բարձրացանք դիրքեր՝ ինքը 112, ես՝ 114։ Գիշերը չորս անց տաս էր, կռիվը սկսվեց։ Մինչև առավոտ արդեն ասացին, որ Բորիսենց դիրքը վերցրել են, հետո տասնհինգն են գրավել. պատրաստվում էին մեր վրա գալ։ Մինչև վերջին պատռոնը կռվեցինք, էլ զինամթերք չունեինք ու գիտեինք, որ օգնության չեն կարող գալ. ամեն ինչ վերցրինք ու հետ եկանք։ Ընթացքում մենք արդեն գիտեինք, որ իրենք չկան, իրենց դիրքը վերցրել են։ Հիշում եմ՝ վերջին անգամ ինչպես միշտ իրար հաջող արեցինք, ասեցինք «զգույշ կլինես» ու բարձրացանք դիրքեր.պատկերացում չունեինք, ինչ էր լինելու»։

Բարիսի ընկերներից Մհեր Գևորգյանը նույնպես փաստում է, որ Բարիսը քչերի հետ էր շփվում, քչախոս էր, բայց նաև ավելացնում է. «Ես իր փակվածությունը չեմ զգացել, շատ մոտ ենք եղել։ Բարիսին ճանաչել եմ քաղաքացիական կյանքից, ես Էջմիածնից եմ, իսկ ինքը մեր կողքի գյուղում էր ապրում։ Նույն զորակոչ ենք, առաջին արձակուրդը միասին ենք գնացել, ավելի ենք մտերմացել։ Բարիսից իր հանգստությունն եմ վերցրել. հիմա փորձում եմ շատ խնդիրների այլ կերպ նայել։ Բնավորությամբ տարբեր էինք, ու երևի հենց էդ էր պատճառը, որ հասցրինք լավ ընկերներ դառնալ։ Նախքան ապրիլյան պատերազմը ուրիշ դիրք էր միշտ բարձրանում։ Ապրիլի մեկին ասացին, որ 114-ի փոխարեն 112 պետք է գնա. չէր ուզում։ Ես էլ ասում էի՝ «սովորական դիրք ա, առանձնահատուկ վտանգավոր չի, ինչի՞ չես ուզում՝ գնաս», բայց կոնկրետ պատասխան չկար, ուղղակի չէր ուզում ու վերջ։ Հիմա եմ հասկանում, որ երևի մի բան զգում էր։ Վստահ եմ, որ ինչ իրենից հասել է՝ առավելագույնս արել է»։

Երբ Գևորգը պատմում էր կռվի մասին ու նկարագրում տղաների պայքարը, ակամայից հիշեցի բորիսենց տանը հնչած խոսակցություններից մեկը։ Երբ մայրը պատմում էր, որ Բարիսը կռիվ չէր սիրում, միշտ մյուսներին էր հորդորում՝ «հանգիստ լինել», «խախանդ լինել», զարմիկը, միանալով զրույցին, գրեթե վրդովված վրա բերեց. «Հա էդպես էր, կռիվ չէր սիրում, բայց չէր վախենում, ուղղակի չէր սիրում»։

Բայց չվախեցավ։

Հեղ․՝ Մանե Գևորգյան