ԳԱՐԻԿ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
15.01.1997 – 30.04.2016
Կոչումը՝ շարքային
Ծնվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։
2003-2014 թթ․ սովորել է Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում։
2015 թ. հուլիսի 6-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊՆ N զորամասում,
ապա ՊԲ N զորամասում՝ որպես կապի ջոկի հրամանատար։
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական
դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման,
ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր
ցուցանիշների համար ծառայության ընթացքում պարգևատրվել է
«Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 30-ին 6-րդ ՊՇ N մարտական դիրքում
մարտական առաջադրանք կատարելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով
և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗
«Մա՛մ ջան, արխային, փիս օրերն անցել է, ամեն ինչ լավ կլինի»,- վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել է ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը զոհված Գարիկ Մովսիսյանը։
Մովսիսյանների ընտանիքը Տավուշի մարզի Զորական գյուղ էր տեղափոխվել Դաշտային Արցախի Շամխորի շրջանի հայտնի Չարդախլու (Խաչիսար) գյուղից։ 1995 թ. արդեն նոր հարկի տակ ընտանիքի հետ դժբախտություն է տեղի ունենում․ բոտուլիզմից մահանում է ընտանիքի դուստրը՝ 7-ամյա Գայանեն։ Ծնողների և հարազատների համար Աստծո կողմից պարգև էր Գարիկը, որ ծնվեց դեպքից երկու տարի անց։ Մայրը՝ տիկին Անահիտը, նշում է, որ Գարիկի աչքերը կարծես Գայանեի աչքերը լինեին, իսկ Գարիկի ծնունդը՝ սփոփանք։
Համեստ, ծնողասեր, հարգալից, աշխատասեր և նպատակասլաց. այս բառերով են հարազատները նկարագրում Գարիկին և նշում, որ Գարիկին ոչ թե քայլելուց, այլ միշտ վազելուց էին տեսնում։ Ընտանիքի բարեկամ տիկին Հայկուշն ասում է. «Մենք երբեք նրան քայլելուց չենք տեսել, միայն այն ժամանակ, երբ կողքով մարդ անցնելուց է եղել։ Հոգնել չուներ էդ երեխեն, ինքն արագաշարժ էր ու դեպքի օրն էլ մտածել է՝ կգնա, առաջադրանքը կկատարի, ու չի մտածել, թե ինչքան մարդ ա իրան սպասում»։
Գարիկը դաստիարակված ու կիրթ լինելուց բացի կոկիկ էր, ուշադիր, կարգ ու կանոնով։ Տիկին Հայկուշը պատմում է, որ նույնիսկ աղջիկներն այնքան մաքրասեր չեն, որքան Գարիկն էր։ «Դասից կամ աշխատանքից հենց տուն էր գալիս, միանգամից հագուստը փոխում էր, անգամ եթե 10 րոպե հետո նորից պետք է տնից դուրս գար։ Երբեք նրա հագուստը ճմրթված կամ կեղտոտ չի եղել։ Միշտ ուշադիր է եղել նման հարցերում»։
Արտագնա աշխատանքի պատճառով հայրն ու եղբայրը միշտ չէ, որ Գարիկի կողքին են եղել։ Գարիկը կապված էր մոր՝ տիկին Անահիտի հետ։ Թեև ինքնամփոփ էր ու չխոսկան, բայց մորը միշտ գոհացնել գիտեր։
Ծնողների հանդեպ ուշադիր, միշտ «մա՛մ ջան», «պա՛պ ջան» ասելով՝ փորձում էր սովորելու հետ մեկտեղ աշխատել և թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքի հոգսը։ «Հայրը հենց ձայն տար՝ «Գարի՛կ», ինչ գործ էլ անելուց լիներ, մինչև մի քանի վայրկյանը կողքը կանգնած կասեր՝ «հա՜, պա՛պ ջան»»։ «Մոր սարքած ամեն ճաշին կասեր՝ «մա՛մ ջան, մատներիդ համն ու հոտն ա գալիս ճաշից»,- պատմում է տիկին Հայկուշը՝ հավելելով, որ մորը սիրտ տվողը, տան տղամարդը Գարիկն էր, որ ամեն ինչով, ցանկացած գործով օգնում էր։
Որդու սերը տիկին Անահիտի հանդեպ այնքան մեծ էր, որ երբ ընկերները գնացել էին զորամաս՝ նրան այցելելու, նկարվելու ժամանակ ասել է՝ «մի րոպե՝ ժպտամ, որ մամաս տեսնի, որ տխուր չեմ»։
Տիկին Անահիտը մեծ դժվարությամբ, արցունքն աչքերին, հայացքը որդու լուսանկարին, պատմում է, որ Գարիկն ամենատարբեր մրցույթներում հաղթել է և ամեն ինչ արել, որ գերազանցիկ լինի։ «Դպրոցն ավարտել է գերացանց, 7 գովասանագիր ունի, երկու անգամ հաղթել է «Կենգուրու» մրցույթում։ Հատկապես սիրում էր հայոց լեզու, գրականություն և մաթեմատիկա առարկաները։ Ուսման հետ մեկտեղ մոտ 1 տարի զբաղվել է նաև կարատեով և արժանացել մի շարք մրցանակների և մեդալների։ Թեև գեղարվեստական գրքեր այդքան էլ չէր սիրում կարդալ, բայց դասերն ամեն առավոտ արթնանում և կրկնում էր, որպեսզի ոչ մեկն իրեն չասի, թե «խի՞ չես սովորել»»,- պատմում է Գարիկի մայրը և նշում, որ որդին սիրում էր ոտանավորները ոչ թե մեկ-մեկ տնով, այլ ամբողջությամբ միանգամից անգիր անել։
Մայրը հիշում է, որ ամեն անգամ, երբ դպրոց ծնողական ժողով էին հրավիրում, արցունքն աչքերին էր տուն վերադառնում։ «Ուսուցիչներն ամեն անգամ գովում էին Գարիկիս, նույնիսկ ուսուցչուհիներից մեկն ասել էր, որ Գարիկն այնքան համեստ, հավասարակշռված է, որ վատ է զգում նրա ներկայությամբ մյուսներին նկատողություն անի»։
Գարիկի խիզախ ու անվախ լինելը մատնում են ինչպես նրա ֆիզիկական, այնպես էլ բարոյական հատկանիշները։ Նա տարբերվում էր իր ձեռքի շնորհքով, աշխատասիրությամբ ու հոգատարությամբ։
Ընկերների հետ խոտի հակ էր կապում, հունձք անում, շինարարությամբ զբաղվում։ Եղել է, երբ շինարարություն են արել՝ դպրոցն են վերանորոգել առանց գումարի։ Ընկերների համար էլ հեշտ էր Գարիկի հետ աշխատելը, քանի որ նրա արագաշարժությունն օգնում էր և հեշտացնում աշխատանքը։ Դասընկեր Վարդանը պատմում է, որ եթե Գարիկի հետ էր լինում և պետք է խոտի հակերով բեռնված մեքենան դատարկեին, երկուսով գործն անում էին 25 րոպեում, իսկ եթե մյուս տղաների հետ էր լինում, 4-5 ժամ տևում էր:
Գարիկի եղբայրը՝ 27-ամյա Վոլոդյան, պատմում է, որ եղբայրը փոքր ժամանակ հեծանիվ էր սարքել, թուր էր պատրաստել և սիրում էր մենակ սարերը գնալ։ «Միշտ մենակ էր գնում ու թուրն էլ հետն էր տանում։ Էնպես չի, որ ինչ-որ պատմական կերպարի էր նմանակում, ուղղակի սիրում էր էդ մենակությունը, իսկ թուրն էլ իրեն պաշտպանելու համար էր»։
Սիրում էր գայլերին: Միշտ գայլ էր նկարում տետրերի էջերին ու սիրում էր գայլերի մասին հաղորդումներ, ֆիլմեր դիտել: Հագնում էր գայլի պատկերով հագուստներ, սոցիալական ցանցերում էլ նկարները գայլեր էին: Նույնիսկ հեռախոսի մեջ գայլի ոռնոցներ էր պահում. «Երբ հարցնում էի՝ «ի՞նչ ես գտել էդ կենդանու մեջ», ասում էր՝ «էդ կենդանին ինձ քաշում ա, չհնազանդվող ա, ինձ դուր ա գալիս գայլի ազատությունը»»:
Թեև վերջին տարիներին հեռավորության պատճառով միայն հեռահաղորդակցվում էին Գարիկի հետ, բայց ծանոթ էին մեկմեկու նախասիրություններին՝ սիրած երգերին ու ֆիլմերին։ Երկու եղբայր միասին շատ երազանքներ ունեին՝ թեթևացնել ընտանիքի բեռը, վերանորոգել հայրական տունը, ամուսնանալ… Գարիկն ընկերուհի ուներ, ում հետ շուրջ 6 տարի ընկերություն է արել։ Դեպքի օրը խոսել է նաև ընկերուհու հետ ու, ինչպես ինքն էր սիրում դիմել աղջկան, վերջին անգամ ասել է. «Իմ աղջի՛կ, եթե չգամ, իմացի՝ քեզ շատ եմ սիրում»…
Եղբայրը հուզմունքով հիշում է, որ երբ Գարիկին արդեն պետք է բանակ ճանապարհեին, բոլոր մեկնողները գյուղի հավաքատեղիում էին և պետք է կարդային նրանց անունները, Գարիկը չկար։ Մեկ այլ տղայի խնդրել էր իր տեղը կանգնել։ Որոշ ժամանակ անց ընկերուհու հետ միասին եկան։ Հիշողություններից ժպտում է Վոլոդյան՝ նայելով եղբոր նկարին ու ասում՝ «ճանապարհեցինք»։ Ավանդույթի համաձայն հավաքատեղիում հավաքված զորակոչի բոլոր տղաները պետք է խմեին հայ զորավարներ Հովհաննես Բաղրամյանին ու Համազասպ Բաբաջանյանին ծնունդ տված իրենց հայրենի Չարդախլու գյուղից բերված ջուրը, հետո նոր մեկնեին ծառայության: Ինչպես նշում են համագյուղացիները, այդ ջուրն առյուծի կաթ էր, որը պետք է օգներ տղաներին: Չարդախլուից շշով ջուրն այդ տարի բերել էին Ռուսաստանից, որտեղ այն հայերին էին փոխանցել ադրբեջանցիները: Գարիկին հասավ ջրի վերջին կումը: Հասցրեց խմել ու մեկնեց ծառայության…
Եղբայրը պատմում է, որ համալսարան ընդունվելու, բանակ զորակոչվելու ժամանակ եղբոր կողքը չի եղել, բայց որպես ավագ եղբայր՝ միշտ խորհուրդներ է տվել, լսել նրա խնդիրների մասին, թեև Գարիկը չէր սիրում բարձրաձայնել դրանք։ «Իրար հետ պայմանավորվել էինք, որ եթե հանկարծ համալսարան չընդունվի, նեղանալու եմ։ Ի տարբերություն ինձ՝ Գարիկս համբերատար էր ու, եթե պահի տակ իրար հասկացած չլինեինք, անգամ եթե ես մեղավոր լինեի, մամային միշտ ասում էր, որ ինքն է արել։ Խնդիրների մասին էլ իմանում էի ընկերներից։ Իսկ երբ ծառայությունից էի հարցնում, ասում էր. «Հեռու ա, պետք չի՝ գաք, ու ոչ մի բան էլ մի ուղարկեք, ստեղ ամեն ինչ կա»»:
Գարիկն ուշադիր էր ոչ միայն ընտանիքի անդամների, սիրած աղջկա, այլ նաև ընկերների հանդեպ: Չէր թողնում՝ նրանց ցանկությունները մնան անկատար: Գարիկի ամենամտերիմ դասընկերներից Լևոնի քույրը՝ Հասմիկը, պատմում է. «Ես, Գարիկս ու Լևոնս միասին քայլում էինք, ուրիշի բակում փշատ կար՝ ճյուղերը ձգված դեպի փողոց։ Բույրը տարածվել էր ճանապարհի այդ հատվածում։ Ասեցի՝ «տեսնես, որ երկու ճյուղ պոկենք, տերը կկռվի՞»։ Եղբայրս ասեց՝ «ուրիշի տարածք ա, չենք պոկի», ու մինչ եղբայրս կխոսեր, Գարիկս վազելով գնաց, մի ճյուղ պոկեց ու եկավ»:
Քիչ անց Հասմիկը ևս մեկ պատմություն հիշեց, որում Գարիկը դարձյալ կատարել էր իր ցանկությունը. «Մի անգամ էլ գյուղի կենտրոնում տոնածառ էին զարդարել։ Մենք էլի երեքով տուն ենք գալիս, տեսա՝ տոնածառին սիրուն խաղալիք կա։ Ասեցի՝ «սրանցից մեկը, որ վերցնեմ, փոխարենը ուրիշ մի տուփ բերեմ, ի՞նչ կլինի»։ Եղբայրս էլի դեմ եղավ, Գարիկը վազելով գնաց, խաղալիքը վերցրեց, եկավ։ Տուն չտարանք, ամեն անգամ գալիս հանում-նայում էինք ու էլի կախում տեղը»։
2015 թ. դեկտեմբերին ՊՆ N զորամասում ծառայելիս Գարիկ Մովսիսյանը մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր ցուցանիշների համար պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Այդ օրերին Գարիկին արձակուրդ են տվել, և մայրը վերջին անգամ այդ ժամանակ է տեսել որդուն։ Իսկ եղբայրն ու հայրն ապրիլի 25-ին Գարիկին տեսան Թալիշում: «Տրամադրվածությունը լավ էր, պատմում էր, թե ինչպես են կռիվ տվել, ինչպես են 5-6 հոգով դիմադրել թշնամու մեծաքանակ ուժերին: Կռվելու տեղերն էր ցույց տալիս: Իրենց կռվելու տեղը՝ բլրի վրա, խաչ կա: Ասում էր, որ Աստված է իրենց պահել: Ասում էր՝ «չեմ իջնելու դիրքերից․ մենք որ չպահենք, մենք որ չկռվենք, բա ո՞վ պետք ա պահի»»:
Շարքային կապավոր Գարիկ Մովսիսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 30-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, երբ փորձում էր վերականգնել դիրքերի միջև հեռախոսային կապը…
Զորականում այսօր պահպանվում է մի ավանդույթ, ըստ որի՝ խմում են Զարդախլուի հերոսների՝ Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետների, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի, 11 գեներալների, Խորհրդային Միության 7 հերոսների, ավելի քան 50 գնդապետի և մոտ 320 զոհերի կենացը: Եթե ներկայիս սերնդի համար դա սոսկ ավանդույթի ուժով պահպանվող կենաց էր, ապա այսօր Զորականում ապրողները հասկանում են, թե ինչ է նշանակում կռվի դաշտում որդի, ընկեր, եղբայր, բարեկամ կորցնելը:
Այսօր հերոսական այդ փաղանգին է միացել նաև Գարիկը…
Հեղ՝ Նունե Խաչատրյան