ՀԱՅԿ ՎԱՀԱՆԻ ԹՈՐՈՅԱՆ
11.12.1985 – 02.04.2016
Կոչումը՝ մայոր
Ծնվել է Երևան քաղաքում։
1992-2000 թթ. սովորել է Երևանի №132 դպրոցում։
2000-2002 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի
անվան ռազմամարզական վարժարանում։
2002-2007 թթ. սովորել է Պենզայի՝ Նիկոլայ Վորոնովի
անվան հրետանային-ինժեներական ինստիտուտում (ՌԴ)։
2007 թ․ ստացել է լեյտենանտի կոչում։
2007-2016 թթ. ծառայել է ՊԲ տարբեր զորամասերում։
Ծառայության ընթացքում հասել է մայորի կոչման (2014 թ․),
պարգևատրվել «Գարեգին Նժդեհ» մեդալով (2010 թ․),
«ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով (2012 թ․),
«Դրաստամատ Կանայան» մեդալով (2012 թ․),
«Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալով (2013 թ․),
Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալով (2013 թ.)։
2016 թ․ դրությամբ զբաղեցրել է ՊԲ N զորամասի՝ հրթիռահրետանային
սպառազինության ծառայության պետի պաշտոնը։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին Թալիշ գյուղի մատույցներում՝
մարտական դիրքեր տանող ճանապարհին, մարտական առաջադրանք
իրականացնելիս թշնամու դիվերսիոն խմբի դեմ ծավալված մարտում
համածառայակից շարքային Հրանտ Ղարիբյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով,
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗
«Այս գիրքը 30 տարեկան է։ Հայկիս ծնված օրից լրացրել ենք։ Քույր ու եղբայր այնքան են նայել ալբոմը, արդեն վրան էլ հալ չկա։ 24 ամիս, ինչ նոր քայլ արել է, բոլորը գրել ենք այստեղ»,- ալբոմի նկարները մեկ-մեկ ցույց տալով ու դրանց մասին խոսելով՝ պատմում է Հայկ Թորոյանի մայրը՝ տիկին Լյուդմիլան։
Հայկը տան առաջնեկն էր։ Ծնվել է դեկտեմբերի 11-ին, հորոսկոպով՝ աղեղնավոր։ Ծնողները նրան կնքել են Հայկ Նահապետի անվամբ։ Մոր խոսքերով՝ սպիտակ, թմբլիկ, չաղլիկ, աշխույժ, կատակասեր, ծիծաղկոտ երեխա է եղել։
«Աղջիկս որ ծնվեց, ինքը սկսեց խանդել, ասում էր՝ «քուրիկին դիր, Հակոյին գրկի»։ Աղջկաս դնում էի բազմոցի վրա, կողքն էլ բարձ էի դնում, որ չգլորվեր, գալիս, նստում էր ոտքերի տակ, ձեռքը այնպես էր հարմարացնում, որ կպներ քուրիկին»,- պատմում է տիկին Լյուդմիլան ու հավելում, որ դա երկար չտևեց. հետո քույրն իր համար ասես աստված լիներ։
Քույր ու եղբայր ամբողջ օրընկարում էին․4-5 տարի հաճախել են նկարչական խմբակ։Շատ էին սիրում տներ նկարել, ծխնելույզ, որից ծուխ է դուրս գալիս։ «Հետո, որ ծանր տարիները եկան, սկեսուրսմի անգամ ասաց՝ Հայկոս ու Աննաս այնքան ծխնելույզ ու ծուխ նկարեցին, որ անցանք վառարաններին»,- հիշում է մայրը։
Հայկի ամենասիրած տոնը նոր տարին էր, շուտ գնում էին քնելու, որ Ձմեռ պապիկի բերած նվերները տեսնեն։
«Ամուսնուս տատիկիանունը Յուղաբեր էր։ Հայկոս, 3-4 տարեկան երեխա, երբեմն կատակում էր, ասում էր.«յուղաբեր չէ, ձեթաբեր»»,- որդու մանկական հումորները հիշում է մայրը։ Հարազատները պատմում են, որ Յուղաբեր տատիկը Հայկին սիրելիս ասում էր՝ «ռույդդ ուտեմ»՝ նկատի ունենալով մռութիկդ։ Հայկը հասկացել էր, որ դա կոչվում է ռունդ, մի օր մոտեցել է մայրիկին ու ասել.«մամա, ռունդս ցավում ա»։
Բակում միայնակ շատ չի խաղացել, բայց ծնողների ուղեկցությամբ զբոսանքի շատ է գնացել։ Շատ էր սիրում համակարգչային խաղեր խաղալ. «Այն ժամանակ լույս չկար, կասետներ էին, հետուստացույցին էին միացնում, ժոստիկներով խաղում էին։ Լույսը միացրած էր թողնում, որ գիշերը լույսը տան, վեր կենա՝ խաղա։ Գիշերը ձայներ էի լսում, վեր էի կենում, տեսնում էի՝ խաղում է։ Խաղի ձայներից արթնանում էի, ասում էր՝ «մա՛մ ջան, չջղայինանաս, հազիվ հոսանքը տվել են, խաղամ»։ Հեծանիվ քշել էր շատ սիրում»,- հիշում է մայրը։
Հայկը 1992 թվականին ընդունվում է առաջին դասարան։ Ռուզաննա Խաչատրյանը՝ Հայկի առաջին ուսուցչուհին, նրան հիշում է որպես շատ խելացի աշակերտ. «Միշտ պատրաստ էր, հոյակապ ձեռագիր ուներ, միշտ ցուցադրում էի, ասում էի՝ ուլունքահատ ձեռագիր ունի։ Շատ ընկերասեր էր, բարի էր, միշտ պատրաստ էր, անպատրաստ երբեք դասի չի եկել, միշտ աչքի է ընկել»։ Հայկը նստում էր առջևում, միշտ հարցեր էր տալիս, շատ ակտիվ աշակերտ էր։ «Նա իր ամբողջ գիտակցական կյանքը ծառայեց հայրենիքին, իր անձնազոհությամբ արժևորեց իր անունը»,- հպարտանում է ուսուցչուհին։
Հայկը լավ աշակերտ է էղել և միևնույն ժամանակ՝ շատ համառ․ չէր սովորում այն, ինչն իրեն չէր հետաքրքրում։ Մայրը հիշում է, որ մի անգամ՝ սեպտեմբերին, երբ դեռ տետրի մատյաններ էին, իսկականները չկային, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին՝ դասղեկ ընկ․ Ավագյանը, անգիր էր հանձնարարել, Հայկը չէր սովորել։ Հաջորդ օրը էլի էր հարցրել, նորից չէր պատասխանել, ու այդպես մի քանի օր, որից հետո դասղեկը յոթ հատ 2 էր դրել դասամատյանի մեջ։ Գալիս էր, ասում էր՝ «Էսօր էլ 2 նշանակեց, մա՛մ, բաց ես չեմ սովորելու էդ անգիրը»։ Հետո մայրը հետը զրուցել է, հարցրել, թե ինչու չի սովորում, Հայկն էլ պատասխանել է. «մամա՛, ես դա ո՞րտեղ պիտի օգտագործեմ, կասե՞ս»։ Մի օր էլ դասից տուն է վերադարձել ու ասել, որ ընկեր Ավագյանն իսկական մատյանի մեջ 2-ները չի անցկացրել։ Շատ էր սիրում ֆիզիկան, հետաքրքրվում էր աստղագիտությամբ, պատմությամբ, աշխարհագրություն էր սիրում։ Իսկ քիմիա չէր սիրում՝ չնայած թե՛ հայրը, թե՛ մայրը քիմիկոսներ էին։
Այսօր արդեն ծովակալ Իսակովի անվան №132 դպրոցում բացվել է Հայկի անվան դասասենյակ։
Հայկն ինքնուրույն երեխա էր։ Արդեն ութերորդ դասարանից հստակ որոշել էր, որ զինվորական է դառնալու։ 2000 թվականին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվանռազմական վարժարան։ Այստեղ Հայկն ավելի լավ էր սովորում։ Ծնողները հաճախ են այցելել տղային․ Հայկը ոչ մի օր չի տրտնջացել դժվարություններից։
2002 թվականին, երբ ավարտել է վարժարանը, ցանկություն է հայտնել ռազմական ուսումը շարունակելու արտերկրում։ 100 հնարավորից 80 միավոր հավաքելուց հետո մասնակցել է պաշտպանության փոխնախարարի հետ անձնական հարցազրույցի, ապա հանձնել ռուսաց լեզվի գրավոր ու բանավոր քննություններ ու մեկնել Ռուսաստան՝ հրթիռահրետանային սպառազինությանը մասնագիտորեն տիրապետելու նպատակով։ 2002 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Ռուսաստանում՝ Պենզայի՝ հրետանու գլխավոր մարշալ Վորոնովի անվան հրետանային-ինժեներական ինստիտուտում։
Ռուսաստանում սովորելու սկզբնական տարիներին Հայկի ու հարազատների շփումը սահմանափակվում էր նամակագրական կապով։ Ռուսաստանից Հայկը շարունակ հետաքրքրվում էր հարազատների առողջությամբ ու որպիսությամբ։ Ուշադիր զավակը չէր մոռանում ոչ մի առիթ՝ ծննդյան տոն, մարտի 8 կամ նոր տարի։ Ընտանիքի անդամներին թույլատրելի բաներն ասում էր, բայց ռազմական հարցերով չէր կիսվում։ Ամռանը մեկուկես ամսով գալիս էր՝ արձակուրդներն այստեղ անցկացնելու, իսկ ձմեռային արձակուրդներին գնում էր Մոսկվա՝ հորեղբոր մոտ։ Ռուսաստանում սովորելու տարիներին գրած նամակներից շատ բան կարելի է հասկանալ Հայկի մաքրասիրության, ուշադրության ու հոգատարությանմասին։ Յուրաքանչյուր նամակ սկսում էր նախորդի պատասխանով, նկարագրում էր պայմանները, հարցնում բոլոր հարազատներից։ Հայկի ձեռագիրն այնքան մաքուր ու գեղեցիկ էր, որ դժվար է հավատալ, որ նամակի հեղինակը տղա է։
Ռուսաստանից վերադառնալուց հետո մեկ ամիս անց վիճակահանություն եղավ։ Գնաց Ստեփանակերտ՝ ՊԲ գլխավոր շտաբում ծառայելու։ Մի քանի ամիս այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեց Մարտակերտ, որտեղ ծառայեց 3 տարի։ Հետո տեղափոխվեց Մատաղիս՝ որպես զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ։ «Ռուսաստանից լեյտենանտի կոչումով եկավ, հետո արտակարգ ավագ լեյտենանտ ստացավ ու գնաց Մարտակերտ, հետո դարձավ կապիտան, գնաց Մատաղիս, էնտեղ դարձավ մայոր»,- Հայկի կոչումներն ու ռազմական ճանապարհը հակիրճ այսպես է ներկայացնում հայրը՝ Վահան Թորոյանը։
«Բնավորությամբ ամուսնուս հանգստությունն ուներ, բայց պոռթկումներ էլ ուներ։ Երկուսիս էլ ուներ նմանություն․ արտաքնապես ամուսնուս էր նման, աչքերի արտահայտությամբ՝ ինձ։ Դրա համար առաջին հայացքից թվում էր՝ ինձ ա նման»,- ասում է մայրը։
Ռազմական գործի մասնագետ Հայկը սպորտով չէր հետաքրքրվում՝ պնդելով, որ բոլոր խաղերը «գնված» են։ Փոխարենը շատ էր սիրում պատմական ֆիլմեր նայել։ Երաժշտության ընտրության հարցում նախապատվությունը տալիս էր ռուսական կատարողներին։ Շատ էր սիրում պատմական գրքեր կարդալ։
«Հայկն ապրիլի 2-ին պիտի տուն գար։ Փետրվարի 2-ին եկավ, գործերը հանձնեց նոր հաստիքի համար. սպառազինության բաժնում պիտի աշխատեր,- հիշում է մայրը։ Հարազատները ապրիլի մեկին չեն խոսել հետը, նախորդ օրն են խոսել․ գիտեին՝ եթե Հայկը չի պատասխանում, ուրեմն դիրքերում է։
Ապագայի հետ կապված Հայկը ասում էր՝«գեներալ եմ դառնալու»…
Հայկ Թորոյանը և համածառայակից վարորդ Հրանտ Ղարիբյանը զոհվեցին 2016 թ․ ապրիլի 2-ին թշնամու դեմ անհավասար մարտում Թալիշ գյուղի մատույցներում՝ մարտական դիրքեր տանող ճանապարհին, երբ փորձում էին զինամթերք հասցնել դիրքերից մեկը, որի անձնակազմը հայտնվել էր թշնամու շրջափակման մեջ։ Կանխավ դարանակալած ադրբեջանցի հատուկջոկատայիններն անակնկալ հարձակվել էին հայկական զինվորական մեքենայի վրա՝ հանկարծակիի բերելով հայ զինծառայողներին։
Հեռո՜ւ, հեռո՜ւ սեգ սարերում
Պայծառ լույսով, մի աննման
Մոմ էր վառվում…
Մութը տեսավ ու նախանձեց,
Շատ չարացավ,
Կանչեց քամուն, ընկերացան
Ու միասին տապալեցին
Մոմը պայծառ…
Եվ նա ընկավ
Այդ դավադիր փոթորիկից,
Սակայն Բոցը թռա՜վ, ճախրե՜ց…
Բարու անմար լույսին ձուլվեց…
Ու մինչ օրս մութն ու քամին ընկերացած
Ու չարացած ման են գալիս,
Նրա նման պայծառ մոմեր,
Որ տապալեն, որ հանգցնեն։
Հեղ․՝ Վահան Թորոյան
Հեղ․՝ Լաուրա Մարտիրոսյան