ՄԱՆՎԵԼ ԱՐՄԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
14.05.1997 – 14.04.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ
Ծնվել է Երևան քաղաքում։
2003-2014 թթ․ սովորել է №198 միջնակարգ դպրոցում։
2006-2013 թթ․ հաճախել է կարատեի, արժանացել մեդալների։
2014 թ․ ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի
հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական
դաստիարակության և առողջարարական
տեխնոլոգիաների ֆակուլտետ (Ադապտիվ
ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոն)։
2015 թ․ հուլիսի 7-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես
ավագ հրաձիգ, ջոկի հրամանատար։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 14-ին 3-րդ ՊՇ
N մարտական դիրքում թշնամու
դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗
Ընդամենը 1 կգ 900 գ։ Այսքան էր Մանվել Գևորգյանի քաշը, երբ լույս աշխարհ եկավ։ Հետո, սակայն, բոլորը զարմանում էին, թե ինչպես է փոքրամարմին տղան ժամ առ ժամ մեծանում: «Կարծես Սասունցի Դավիթը լիներ։ Էդքան քիչ քաշով էր ծնվել, բայց էդքան արագ էր մեծանում»,- հիշում է մայրը՝ տիկին Նաիրան։
Շատ ճարպիկ էր, արագաշարժ։ Վեց ամսական էր, երբ ընկնելու հետևանքով դեմքին սպի առաջացավ. «Ոնց որ Զոռոյի նշանը լիներ, ինչքան մեծացավ, սպին իր հետ մեծանում էր, ու դրանով տարբերվում էր մնացածից։ Ժպիտին առանձնակի գեղեցկություն էր տալիս»։
Մանվելը սկսեց խոսել, քայլել, երբ տասն ամսական էր։ Մայրը պատմում է, որ զարմանում էին, թե ինչպես կարող է տասն ամսական երեխան այդչափ մաքուր խոսել։ «Փոթորկի նման մեծանում էր։ Եթե տանն էր, ուրեմն՝ տունը լցվում էր»,- պատմում է տիկին Նաիրան։ Մայրը նրան Մոշ էր անվանում. մոշի պես քաղցր էր իր համար: «Մանկապարտեզում առաջինն էր, անգամ ինքնուրույն էր գնում, ուզում էր մասնակցել բոլոր միջոցառումներին։ Մի անգամ Կարաբալայի դերն էր խաղում։ Շատ փոքրամարմին էր, որ դուրս եկավ դահլիճ մեծ շորերով, բոլորի ուշադրությունն իր վրա կենտրոնացրեց։ Մի օր հայրը տանը հոսանքի հետ կապված գործ էր անում։ Հաջորդ օրը խոհանոցում գործ էի անում, մեկ էլ ձայն եկավ, մտնեմ, տեսնեմ Մանվելը նույնը փորձում ա անել։ Ասում ա՝ «բա երեկ որ պապան արեց, ինչի՞ սենց ձայն չեկավ»»։
Դպրոց նույնպես շուտ է հաճախել։ Առաջին դասարանում արդեն ռուսերեն գիտեր․ սովորել էր մուլտֆիլմերից։ Դպրոցում բոլորից առանձնանում էր իր կարգապահությամբ, պատրաստակամությամբ։
Այսօր Երևանի №198 դպրոցի պատմության դասասենյակն անվանակոչված է Մանվել Գևորգյանի անունով։ Իրեն դասավանդած ուսուցիչները հաճախ են այնտեղ հավաքվում. բոլորն էլ Մանվելի հետ կապված շատ հիշողություններ ունեն ու հերոսի մասին անցյալով չեն խոսում։ Նվարդ Հովսեփյանն առաջին դասարանից Մանվելին կյանքի հմտություն առարկան է դասավանդել, հետո նաև կենսաբանություն։ «Նա յուրահատուկ երեխա էր, փորձում էր օգնել բոլորին անխտիր։ Մի անգամ միջոցառում էինք կազմակերպել, վերջին պահին տեխնիկական խնդիր առաջացավ։ Մանվելը դրա մասին ուշ իմացավ, եկավ ու ասաց, որ ինքն ամեն ինչ կշտկի։ Ես անգամ մոռացել էի այդ մասին, բայց Մանվելը երեկոյան եկել էր ու հետաքրքրվում էր՝ մեր տան տեղը որտեղ է, որ ասի, որ կատարել է խոստումը։ Շատ ուշադիր էր, հարգալից, համեստ, պատրաստակամ»։
Մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Գոհար Գևորգյանը, Մանվելի մասին պատմելիս չի կարողանում զսպել անցունքները. «Չեմ կարող մի դեպք հիշել, որ գոնե մի փոքր նկատողություն արած լինենք։ Մեծ մարդու նման էր՝ գիտակից, հավասարակշռված։ Փոքր էր, բայց շատ ամուր հոգի ուներ։ Երբ դասարանում մեկը օգնության կարիք էր ունենում, անպատճառ Մանվելին էին դիմում։ Շատ լուրջ էր ու պատասխանատու»։
Մի անգամ՝ դասի ժամանակ, Մանվելն ուսուցչուհուն հարցրել է, թե ինչ է հայրենասիրությունը: Ուսուցչուհին բացատրել է, որ դա պահի թելադրանքով է յուրաքանչյուրն իր մեջ հասկանում։ Մանվելն ուշադիր լսել է ու նստել, էլ ոչ մի հարց չի տվել։ Հիմա ուսուցիչները վստահ են, որ նա հենց պահի թելադրանքով ու իր արածով հասկացավ հարցի պատասխանը…
Ինը տարեկանից Մանվելը ցանկություն հայտնեց հաճախել կարատեի։ Մի տարի անց արդեն Ավստրիայում մրցումների հրավեր ունեցավ։ Մասնակցեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հետո շրջագայությունները շատացան։ Ոչ մի մրցումից առանց մեդալի ու պատվոգրի չէր վերադառնում՝ Ավստրիա, Գերմանիա, Չեխիա։ Երկար տարիների պարապմունքներից հետո վնասելով թևը՝ այլևս չզբաղվեց այդ սպորտաձևով. «Երբ առաջին անգամ թևը վնասեց, ասեցինք, որ էլ չգնա մրցումի, բայց մեզ չլսեց, գնաց ու էդ վնասված թևով մասնակցեց՝ զբաղեցնելով երրորդ տեղը»,- հիշում է մայրը։
Բնավորությամբ Մանվելն անհանգիստ էր։ Փորձում էր հասցնել ամեն ինչ, ու երևի դա է պատճառը, որ ապրած կարճ կյանքի ընթացքում հասցրեց անել ավելին. «Տեղը հանգիստ չէր նստում, տանը նստած էլ՝ ռադիո էր բացել օնլայն, ռեպ էր գրում, ինքն իրեն ձայնագրում։ Հենց էդտեղից էլ շրջապատը մեծացավ։ Իր երգերի մեջ հաճախ էր կրկնում՝ «ես գնում եմ այս կյանքից, ձեզ նայում եմ վերևից»…
Համակարգչին գերազանց էր տիրապետում։ Մայրը հիշում է, որ մի անգամ մի անծանոթ երեխա էր եկել, Մանվելին հարցրել։ Հետո միասին գնացել էին, Մանվելը երեք ժամից եկել էր, պարզվել էր, որ այդ ընթացքում անծանոթ «էրեխու» համակարգիչն էր սարքում։
Մանվելը շատ կապված էր քրոջ՝ Սոնայի հետ։ Մանվելի առաջին աշխատանքը սուպերմարկետում է եղել, իսկ առաջին աշխատավարձով քրոջ համար փափուկ խաղալիք է գնել՝ մեծ խոշոր աչքերով արջուկ։ Այսօր այդ խաղալիքն անբաժան է Սոնայից։ «Երբ ծառայության ժամանակ արձակուրդ եկավ, ինձ ամեն օր դպրոց էր տանում, սպասում էր մինչև վերջացնեմ, հետո տուն էր բերում։ Շատ ուշադիր էր իմ նկատմամբ»,- արտասվախառն աչքերը եղբոր նկարին հառած՝ հիշում է քույրը։
Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը որոշեց ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ։ Մանվելի կենսաբանության ուսուցչուհին՝ տիկին Սիրունյանը, հիշում է, որ տղան մեծ պատրաստակամությամբ էր դպրոցում ունկնդրում դասերը և բուհական կրթություն ստանալու ճանապարհին ինքնուրույն հաղթահարեց բոլոր արգելքները։
2015 թ․ հուլիսի 7-ին Մանվելը զորակոչվեց Բանակ։ Հավաքակայանում պիտի լինեին ժամը ութին, բայց Մանվելը ծնողների հետ այնտեղ էր ժամը յոթից։ «Ծառայելու ցանկություն շատ ուներ, երբեք չի փորձել խուսափել ծառայությունից, այլ հակառակը։ Մտածում էինք, որ քաշի համար հնարավոր է՝ չտանեն, բայց ինքն ասում էր՝ էնքան եմ ուտելու, որ քաշս տեղը գա, տանեն»,- հիշում են հերոսի մայրը և դասղեկը՝ տիկին Մելիքյանը։
Ծառայության ինն ամիսների ընթացքում զինվորը երկու անգամ արձակուրդ է եկել։ Հասցրել է այցելել դպրոց, տեսնել ու զրուցել բոլորի հետ, պատմել ծառայության և ապագա ծրագրերի մասին, որոնք պիտի իրագործեր ծառայությունից հետո։
Ծառայելու ընթացքում շարքայինի կոչումից հասել է կրտսեր սերժանտի։ «Մի օր զանգեց, ասեց՝ «մա՛մ, հեսա գործդ ձեռիցդ վերցնելու եմ», ասեցի՝ «ինչի՞, Մանվե՛լ ջան», ասեց՝ «սանհրահանգիչի համար գնում եմ Խոջալու դասընթացների», հետո զանգեց, ասեց նաև, որ կրտսեր սերժանտի կոչում են տվել»։
2016 թ․ ապրիլյան քառօրյակի ընթացքում Մանվելն ընկերների հետ դիրքերում էր։ Այդ ընթացքում զանգում էր ամեն օր, հանգստացնում մորը, քրոջը, հորը, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, չանհանգստանան։
Ընտանիքը վերջին անգամ Մանվելի հետ խոսել է ապրիլի 14-ին։ Նորից հանգստացրել է ծնողներին ու անջատել հեռախոսը։ Ժամը 23:20-ի սահմաններում այն դիրքերի ուղղությամբ, որտեղ Մանվելն ու ծառայակից ընկերներն էին, տեղի է ունենում դիվերսիոն հարձակում…
Հեղ․՝ Սուսաննա Գրիգորյան