ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼԻ ՀԱՋԻՅԱՆ
17.07.1976 – 04.04.2016
Պահեստազորի զինապարտ

Ծնվել է ԱդրԽՍՀ Բաքու քաղաքում։

1983-1988 թթ․ սովորել է Բաքվի №258 միջնակարգ դպրոցում։

1988 թ․ ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել է Երևան։

1988-1991 թթ․ սովորել է Երևանի №42, ապա №12
միջնակարգ դպրոցներում։

1990-ականներին որպես կամավորական
մասնակցել է հայ-ադրբեջանական պատերազմին։

1995 թ․ ավարտել է Ստեփանակերտի №10 միջնակարգ դպրոցը։

1997-1999 թթ․ պարտադիր զինվորական
ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։

2001-2012 թթ․ ընդհատումներով սովորել է
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում
և ավարտել տնտեսագիտության, կառավարման և
ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետը։

2003-2014 թթ․ աշխատել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում։

2015 թ․ մարտի 15-ից աշխատել է ԱՀ գյուղի և
գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Արցախի
դեմ լայնամասշտաբ մարտական գործողությունների
վերսկսման պատճառով ապրիլի 2-ին մեկնել է
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:

Զոհվել է 2016 թ․ ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ընթացքում 6-րդ ՊՇ N մարտական դիրքի պաշտպանության
ժամանակ համածառայակից՝ պահեստազորի զինապարտ
Սարգիս Խալաֆյանի հետ միասին։

Ամուսնացած էր, ունի 2 երեխա։

Կամավորական ծառայության ընթացքում պարգևատրվել է
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» (2007 թ.) և
«Վազգեն Սարգսյան» (2011 թ.) մեդալներով,
«Մայրություն» հկ-ի «Մայրական երախտագիտություն
Արցախի քաջորդիներին» հուշամեդալով (2009 թ.),
«Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հկ-ի
«Արամազդ» հուշամեդալով, հետմահու՝ ՀՀ «Արիության»
մեդալով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով,
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի
«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով և
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների
միություն» հկ-ի «Հայրենիք և հավատ» մեդալով։
∗ ∗ ∗

Նորայրը ջահել կաղնի էր հզոր,
Հոր պես ջլապինդ և քաջակորով,
Հոգում ամբարած մոր սեր ու գորով,
Կարծես թե Սասնա ծուռ էր նա մի նոր։

Ռուբեն Գրիգորյան

Նորայրը ծնվել էր Բաքվի հայկական թաղամասերից մեկում։ Երեխայական կռիվներում արդեն նկատելի էին Նորայրի կամային գծերը․ տղան չէր հանդուրժում հայերի հանդեպ ադրբեջանցի երեխաների թշնամական վերաբերմունքի դրսևորումները։
Հայկական ջարդերը Սումգայթում և հայաբնակ այլ վայրերում ստիպեցին Հաջիյանների ընտանիքին 1988-ին տեղափոխվել հայրենիք՝ Երևան։
Այդ ժամանակ Նորայրն ընդամենը 12 տարեկան էր: Իր խնդրանքով հոր հետ մասնակցում էր ցույցերին, երթերին, հանրահավաքներին։ Արցախի վերամիավորման և հայկական պետականության անկախացման այս շրջանը Նորայր Հաջիյանի մոտ էլ ավելի ամրապնդեց հանուն հայրենիքի գործելու ցանկությունն ու ազգային ինքնագիտակցության բարձրացումը։
Նորայրի հայրը՝ պարոն Միքայելը, մի դրվագ է հիշում 1989 թ.-ից, երբ ընտանիքով որոշել էին մի քանի օր անցկացնել կնոջ ծննդավայր Սյունաց աշխարհում՝ Շինուհայր գյուղում: Գյուղի լքյալ եկեղեցու տարածքի մոտակայքում խաչքար կար՝ ամբողջովին ծածկված մամուռներով։ Նորայրը միանգամից նկատում է խաչքարը և սկսում մաքրել։ Հոր հարցին, թե՝ այդ ի՞նչ ես անում, Նորայրը պատասխանում է․ «Պապ, բա մենք Արցախն ենք ուզում վերադարձնել, իսկ ահա մեր խաչքարն այստեղ, հողի ու մամուռի մեջ կորած, անտեր-անտիրական ենք թողել, ախր ինչպե՞ս կարելի է…»։
Ութամյա կրթություն ստանալուց հետո Նորայրը հրաժարվում է սովորել։ Հայրը՝ պարոն Միքայելը, պատմում է. «Որոշեցի մի արհեստի տալ՝ սկզբում դերձակ, կոշկակար, հետո վարսավիր, բայց չէր ուզում․ փնտրտուքի մեջ էր»։ Շատ չանցած՝ սկսեց հետաքրքրվել կոշկակարի մասնագիտությամբ, սակայն մի օր էլ անհետացավ։ «Փորձում էինք գտնել,- պատմում է հայրը,- ի վերջո, Գորիսի ոստիկաններից մեկին հաջողվեց պարզվել, որ Չարբախի ջոկատի հետ, որպես «Գոյամարտ» ջոկատի ազատամարտիկ մեկնել էր Կոռնիձոր։ Այդ ժամանակ ընդամենը տասնվեց տարեկան էր, նույնիսկ ածելի չէր դիպել դեմքին։ Խոսեցի հետը հեռախոսով, ասեցի, որ դեռ փոքր է, հետ գա, բայց ինքը խնդրեց, որ ոստիկանին ասեմ՝ հետ չուղարկի իրեն, որ մնա՝ ընկերների հետ միասին կռվի…»: Նորայրն ասել էր, որ եթե մնա, կլինի կապավորների հետ, անվտանգ, բայց հետո հայրն իմացավ, որ որդին Կոռնիձորում երկար չէր մնացել. մարտական ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ։

Այդպես տասնվեց տարեկան Նորայրը դառնում է պատերազմի մի մասնիկը: Կոռնիձորը սկիզբն էր մարտական ուղու։ Դրանից հետո Նորայրն ընկերների հետ մարտնչում է Լաչինում, Ղուբաթլուում, Դրմբոնում, Օմարի լեռնանցքում, Քելբաջարում, «Արծիվ-24» ջոկատի կազմում՝ Մարտունու ուղղությամբ։ «Արծիվ-24» ջոկատի հրամանատար Սամվել Հովսեփյանը հիշում է. «Մանակցում էր բոլոր մարտական գործողություններին։ Մինչև կռիվ գնալը հարցնում էի, թե ով է վատ երազ տեսել, ով չի ուզում այսօր կռվել, թող մի քայլ առաջ գա։ Լինում էին դեպքեր, որ չէին գալիս կռվի, բայց Նորայրը Սարգիս Խալաֆյանի հետ այն եզակիներից էր, որ երբեք չվարանեց։ Նորայրը հերոսական անցյալ ունի։ Մասնակցել է երկու պատերազմի՝ հանուն միևնույն նպատակի։ Դա իրոք հերոսություն է»։ Մարտական ընկերները հիշում են, որ Նորայրն ընկերների հետ մասնակցել է նաև դեպի Արցախ զենքի առաքման գործին։
Սիրում էր գեղեցիկ հագնվել այն աստիճանի, որ անգամ զինվորական հագուստը պիտի գեղեցիկ լիներ. «Զինվորական հագուստն անգամ ձգտում էր գեղեցիկ դարձնել, դե երեխա էր։ Մեծերը նման բաների ուշադրություն չէին դարձնում»։ Հայրը հիշում է, որ դադարել էր որդուն որպես պատանի վերաբերվել. Նորայն իր աչքում արդեն կայացած տղամարդ էր, ով պատերազմ էր գնում։ Նորայրին միշտ նույն բառերով էր ճանապարհում կռվի՝ «Մուղայիթ կաց, պինդ կաց, տղամարդ կաց։ Բարի՜ ճանապարհ»։
Պատերազմի ավարտից հետո Նորայր Հաջիյանի ռազմական ուղին չի ավարտվում։ 1995 թ․-ից նա դարձյալ դիրքերում էր՝ այս անգամ նորակոչիկների կողքին լինելու համար։ Սկզբում Նորայրին թույլ չեն տալիս մեկնել՝ զորակոչային տարիքի լինելու պատճառով, բայց նա գտնում է ելքը։ Հայրը պատում է, որ «երբ տղաներին տանող ավտոբուսն արդեն ճանապարհվեց դեպի Արցախ, նկատել էր, որ ջոկատի անդամներից մեկը՝ Կարեն Մխեյանը, բացակայում է։ Իսկույն ևեթ տաքսի է նստում ու Երևանից դուրս կանգնեցնում ավտոբուսը, և քանի որ արդեն պատասխանատուն այլ անձ էր, ներկայանում է որպես Կարեն Մխեյան և «սուտն» առաջ տալով մեկնում է դիրքեր»։
Նորայր Հաջիյանի հարուստ մարտական ուղին չի անցել առանց վիրավորումների, վնասվածքների։ Հայրը հիշում է, որ որդին մի անգամ ցրտահարվել էր Օմարի բարձրունքում, երբ դիրքերից իջնելիս են եղել հենակետ։ Նորայրը ճանապարհին հոգնել էր ու նստել՝ փոքր ինչ շունչ քաշելու։ Հետո պառկել ու քնով անցել, մնացել տեղացող առատ ձյան շերտի տակ։ Սակայն վերջինիս բախտը բերել էր. իրենց ջոկատից հետո այդ նույն արահետով այլ ջոկատ է անցել ու նկատել ձյան տակ թաղված, ցրտահարված Նորայրին։ Ջոկատի տղաները նրան տարել են իրենց հետ՝ հասցնելով հենակետ։
2003 թ․-ին, երբ դրությունը համեմատաբար խաղաղ էր, Նորայրն ամուսնանում է։ «Միշտ ասում էի, որ պիտի Ղարաբաղից աղջկա հետ ամուսնանա, ասում էր՝ «չէ՛»։ Բայց Նորայրիս կինը՝ Գայանեն, հենց Ղարաբաղից էր»։

Կինը՝ Գայանեն, պատմում է, որ Նորայրը 27 տարեկան էր, երբ ծանոթացան պարասրահում. «Առաջին անգամ մերժել էի նրա առաջարկը: Հետո նրա լուսավոր, լավատես և ուժեղ կերպարը ճանաչելով, որոշեցի ամուսնանալ»: Գայանեն և Նորայրն ամուսնական համատեղ կյանքում ունեցան երկու որդի։ Փոքր որդուն Նորայրը կոչեց մարտական ընկերոջ անունով՝ Արտակ, մեծին՝ պապի անունով՝ Գրիգոր։ Նորայրը Գայանեի համար և հայր էր, և եղբայր, և ընկեր: Պարոն Միքայելյն էլ ասում է, որ Գայանեն Նորայրի զոհվելուց հետո ասել է. «Պապ, ես երկրորդ անգամ որբացա…»։
Զիվորական համազգեստը միշտ կազմ ու պատրաստ կախված էր պահարանում, ցանկացած պահի պատրաստ էր նորից առաջնագծում լինել։ Այդպես եղավ 2014 թ․-ի հուլիսին։ Միշտ պահում էր կապը մարտական ընկերների, բանակի հետ, և այդ օրերին էլ կամավորագրվեց և Արցախյան պատերազմի իր ընկերների հետ մեկնեց առաջնագիծ։ «Մարդը պատերազմի ժամանակ ավելի շուտ է հասունանում»,- ասում է պարոն Միքայելն ու հավելում, որ Նորայրը պատերազմի դաշտում մեծացավ ու կայացավ, տեսավ ավելին, քան պետք էր, տեսավ մահ, ընկերների կորուստ և ի վերջո՝ հաղթանակ։
2016 թ․-ի ապրիլին 2-ին Նորայրն իմացավ սահմանային լարվածության մասին և առանց մեկ վայրկյան իսկ մտածելու ընկերների հետ մեկնեց առաջնագիծ։ Թողեց կնոջը, երկու երեխաներին ու ծնողներին։ Կիսատ գործը պիտի ավարտին հասցներ։ Հայրը նրա հետ հասցրել է խոսել, երբ դեռ ավտոբուսում էր։ «Գիտեի հարցիս պատասխանը, բայց հարցրեցի, թե գնալն արդյո՞ք պարտադիր է։ Ասաց. «Պապ, չգիտե՞ս, որ իմ տեղն այնտեղ է, տղաների մոտ: Մեր հին ջոկատից էլ կան մեզ հետ, միասին ենք գնում»: Ու ինչպես միշտ, այս անգամ էլ որդուն նույն բառերով ճանապարհեց կռվի՝ մուղայիթ կաց, պինդ կաց, տղամարդ կաց։ «Երևի համոզիչ չասացի, երևի չլսեց, լավ չլսեց ասածս… զոհվեց…»։
Արցախի պետական հեռուստաընկերության նկարահանած տեսանյութում լրագրողի այն հարցին, թե որ ուղղությամբ են գնում, Նորայրը պատասխանում է. «Գնում ենք մեր հայրենիքը պաշտպանելու»։ Հերոսի համար ուղղությունը կարևոր չէր, կարևորը առաջնագիծ հասնելն ու տղերքի կողքին լինելն էր:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ Թալիշի ուղղությամբ հայկական կորսված դիրքերն ազատագրված էին, թշնամին փոձում է հանել սահմանի այդ հատվածում գտնվող իր դիակները։ Հայկական կողմը խոչընդոտում է ու սկսում կրակ բացել։ Թշնամին փոխում է մարտավարությունը․ հակառակորդի անօդաչու թռչող սարքը ֆիքսում է, թե որ կողմից է կրակը, ու ականանետով հարվածում են այդ դիրքին, որտեղ ծառայություն էին իրականացնում կամավոր մեկնածներ Նորայր Հաջիյանը, Սարգիս Խալաֆյանը, Գեորգի Բալասանյանը։ Գեորգին հետ է շպրտվում, իսկ երկու մարտական ընկերները զոհվում են…
Հայրն ասում է, որ որդու հոգեհանգստի ժամանակ իրեն է մոտենում Գերոգի Բալասանյանը (Ժոկան) և պատմում դեպքի մանրամասները․ «Իր ասելով՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերն է եղել։ Պատմում էր՝ ուղիղ նշանառության արկի պայթյունից էր։ Թշնամին կրակել էր 1800-2000 մ հեռավորությունից։ Պայթյունի ալիքը Ժոկային շպրտել էր հեռու։ Երբ ուշքի եկավ, տեսավ՝ Նորայրն ու Սաքոն՝ Սարգիս Խալաֆյանը, ընկած են։ Դիրքում գտնվող միակ սպան՝ Վալերին, որ Դյավոլի՝ Արցախյան ազտամարտի լեգենդ Վանիկ Մեհրաբյանի որդին էր, ընկած էր Նորայրի վրա։ Ասում է՝ բարձրացրի Վալերիին, գլխից ծանր վիրավորված էր, մի պահ թվաց՝ ողջ չէ։ Բայց տղան հանկարծ թույլ շշնջաց՝ տղերք, օգնեք ինձ, տարեք ինձ։ Մի կերպ բարձրացրի նրան, ու մի կողմ դրեցի։ Մոտեցա, որ Նորայրին հանեմ նրա վրա թափված հողակույտի միջից։ Ավաղ, նա չկար արդեն… Չկար նաև Սաքոն… Ժամեր անց միայն կարողացան վիրավորին ու զոհվածներին տեղափոխել դիրքից։ Հակառակորդը վերահսկում, կրակի տակ էր պահում բոլոր անցուղիները։ Ասում է՝ ահա այս ձեռքերի վրա է մահացել Նորոն։ Ժոկայի աջ ձեռքը վիրակապված էր։ Ես ակամա թեքվեցի ու, բռնելով նրա ձախ ձեռքը, համբուրեցի։ Հանկարծակիի եկած՝ հետ քաշեց ձեռքը։ «Ի՞նչ ես անում, հայրիկ», զարմացած հարցրեց։ Որդուս մարմնի վերջին ջերմությունն եմ ուզում զգալ՝ շշնջացի… Ժոկային խնդրեցի պատմել Նորայրի մասին՝ իր կարծիքով ինչ տղա էր, ինչպես էր կռվում։ Զարմացած նայեց ինձ՝ «Հայրիկ, ձեր որդին է, ինձնի՞ց եք հարցնում»։ «Հա, տղա ջան, քեզնից եմ հարցնում, ես տղայիս հետ կռվի չեմ մասնակցել, չգիտեմ՝ այնտեղ ինչպիսին էր։ Դու պատմիր»։ «Այդպիսի դուխով տղայի դժվար է գտնել,- ասում է։- Նորոն կարող էր ողջ մնալ, եթե բլինդաժում մնար, որտեղ պիտի մի փոքր աչք փակեր, հանգստանար։ Չհամբերեց, չուզեց տղաներին մենակ թողնել։ Ելավ դիրք։ Սաքոյի մոտ նստած էր»։
Գեորգի Բալասանյանի պատմելով, երբ իրենք այդ դիրքերն են ելելս, սկսել են ուսումնասիրել տեղանքը: Կողմնորոշվել են ու դիրքավորվել: «Առաջին գիշերը տեսանք, որ հարձակման են պատրաստվում` թշնամու սակրավորները սկսել էին ականազերծել տեղանքը, կրակեցինք ու ոչնչացրինք նրանց: Կանխեցինք հարձակումը: Նորոն դիրքի պատասխանատուն էր, հրամայեց զինվորներին գնալ հանգստանալու, մնացինք մենք՝ կամավորներս: Ամսի 3-ին ուժեղ բոյ տվինք։ Փրթեցինք թուրքին։ Դիակները խրամատից հեռու չէին։ Գիշերը ձյուն էր գալիս, ցերեկը` անձրև: Թշնամին տարբեր տրամաչափի հրետանուց անընդհատ կրակի տակ էր պահում մեր դիրքերը, արկերն անձրևի պես էին թափվում։ Երկրորդ գիշերն էլ կանխեցինք թշնամու հարձակումը։ Ցերեկը Նորոն առաջարկեց լուսանկարվել խրամատում, ասաց՝ ի՞նչ իմանանք, հետո ինչ կլինի։ Լուսանկարվեցինք»։ Նորոյի վերջին լուսանկարներն են՝ էլի ժպիտը դեմքին…
Ջրի պակաս կար, տանջվում էին ծարավից։ Մի քիչ ջուր էր մնացել։ Նորայրը եղած ջուրը բաժանեց զինվորներին, իսկ ինքը չխմեց. չհերիքեց, չհասավ իրեն: Նորայրը տնից բերած բաճկոնն էլ հանեց ու տվեց մի զինվորի. տղան մրսում էր։ «Նորոն երրորդ գիշերն առաջարկեց չկրակել, թույլ տալ թուրքերն իրենց դիակները հանեն,- շարունակում է պատմել Գեորգին,- ասում էր՝ դրա համար են այդքան կրակում հրետանուց։ Գուցե էլ չկրակեն։ Չեկան։ Վախենում էին։ Շարունակում էին կրակել հրետանուց ու տանկերից։ Մինչև դիրքից իջնելը պարկուճներից խաչ եմ պատրաստել Նորոյի զոհվելու տեղը՝ հողի վրա, դիմացը մի փոքր փոս եմ փորել ու մոմ վառել։ Տղաներին ասել եմ՝ մոմը վառ կպահեք…»։

Հեղ․՝ Սուսաննա Գրիգորյան
Նունե Խաչատրյան