Sasha-Galstyan
Sasha-Galstyan-April2016-1
Sasha-Galstyan-April2016-2
Sasha-Galstyan-April2016-3
Sasha-Galstyan-April2016-4
Sasha-Galstyan-April2016-5
Sasha-Galstyan-April2016-6
Sasha-Galstyan-April2016-7
Sasha-Galstyan-April2016-8
Sasha-Galstyan-April2016-9
Sasha-Galstyan-April2016-10
Sasha-Galstyan-April2016-11
Sasha-Galstyan-April2016-12
Sasha-Galstyan-April2016-13
Sasha-Galstyan-April2016-14
Sasha-Galstyan-April2016-15
Sasha-Galstyan-April2016-16
Sasha-Galstyan-April2016-17
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

ՍԱՇԱ ՎԱՉԱԳԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
12.08.1996 – 02.04.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
2003-2004 թթ․ սովորել է Արմավիրի մարզի
Մեծամոր քաղաքի №2 միջնակարգ դպրոցում։
2004-2011 թթ․ սովորել է Մեծամոր քաղաքի №1
միջնակարգ դպրոցում։
2011-2014 թթ․ սովորել և գերազանցությամբ
ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝
ստանալով ատամնատեխնիկի որակավորում։
2014 թ․ ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալասարան։
2015 թ․ հունվարի 14-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել ՊԲ N
զորամասում որպես սանհրահանգիչ։ Ծառայության
ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ N հրամանատարական դիտակետում
112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս, համածառայակիցներ սերժանտներ
Ադամ Սահակյանի, Կարեն Ներսիսյանի, շարքայիններ
Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան
Բերակչյանի, Բարիս Օզմանյանի, Անդրանիկ Գրիգորյանի
հետ միասին։ Վերջիններիս հետ մեկտեղ զոհվել են նաև
օգնության հասած փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը,
Ռոման Պողոսյանը, Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն
Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով,
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով,
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» հկ-ի կողմից
պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։
∗ ∗ ∗

Երբ մտնում ենք Սաշա Գալստյանի տուն, մոր՝ տիկին Սոֆիի ձեռքում որդու՝ դպրոցական տարիներին «Խիզախության մասին» գրած տետրի թուղթն է. նոր էին գտել ու նախքան մեր այցելությունը դա էին կարդում։ Տետրի այդ էջի վրա գրված էր. «Խիզախությունը բնորոշ է հայ ժողովրդին։ Միայն խիզախներն են հասնում հաղթանակի։ Խիզախ է նա, ով իր կյանքը զոհում է հանուն հայրենիքի»։

Տիկին Սոֆին ասում է. «Չեմ հավատում՝ ոնց է փոքր ժամանակվանից էդպիսի բաներ մտածել, գրել։ Ինչ գրել է, դա էլ արել է»։

Սաշայի ծառայության, ապրիլյան քառօրյա պատերազմին ունեցած մասնակցության մասին ավելին իմանալու համար Սաշայի հայրը՝ պարոն Վաչագանը, գնացել էր Արցախ, եղել Ջաբրայիլում՝ տղայի ծառայած զորամասում, դիրքերում, զրուցել Սաշայի հրամանատարների և համածառայակիցների հետ։ Սաշան եղել է հենակետի սանհրահանգիչը, հրամանատարական դիտակետի ավագը։ Ապրիլի երկուսի կռվի ժամանակ Սաշան իր երեք ծառայակից ընկերների և վաշտի հրամանատար Հարություն Նալբանդյանի հետ եղել է 112 մարտական դիրքի ՀԴԿ-ում։ Երբ կռիվը սկսվել է, կապիտան Նալբանդյանին դիրքից կանչել են օգնության։ Սաշայի հորը պատմել են, որ նախքան հրամանատարը կգնար, Սաշան հարցրել է՝ արդյոք կարելի է իրեն այդ զենքով կրակել, որով մինչ այդ չի կրակել։ Հրամանատարն ասել է՝ «Եթե կարաս, կրակի՛»։

Ապրիլի երկուսին Սաշայի հետ կռված տղաներից մեկը՝ Բեգլարը, պատմել է. «Գիշերը չորս անց կես էր երևի, սկսեցին մինամյոտներ գցել։ Սաշը կապի էր նստած։ Ադամը կապ տվեց ու ասեց՝ ինչ ա կատարվում։ Սաշն էլ մեզ ասեց վե՛ր կացեք, տեսնենք՝ ինչ ենք անում։ Էդ պահին ոչ մեկիս ուղեղը չէր աշխատում, ամեն ինչ ինքը կազմակերպեց. դե, Նալբանդյանը գնացել էր, դիրքի ավագն էլ ինքն էր։ Մենք չէինք հասկանում՝ ինչ ա կատարվում, ուղղակի կրակում էինք։ Իրար պահելով կրակում էինք։ Սաշը պանիկայի մեջ չէր, չէր խառնվում։ Երկու կողմից կրակում էր՝ հա՛մ դիմացից, հա՛մ հետևից։ Մի պահ զենքը վերցրեց գնաց, որ էլի դիմացից կրակի, ասեցի՝ «սպասի՛՝ Գարուշը քեզ պահի, նո՛ր պառկի։ Բայց չհամբերեց, ամեն ինչ արագության մեջ էր անում, արագ լիցքավորեց ու պառկեց կրակելու։ Էդ ժամանակ սնայպերը խփեց Սաշին։ Նալբանդյանին տեղեկացրի, որ Սաշը զոհվել ա։ Սկորին չհասավ, խփում էին։ Նալբանդյանն էկավ, ասեց՝ «դո՛ւրս էկեք, իջե՛ք»։ Գարուշի ու պայմանագրային Հարութի հետ իջնում ենք ու Սաշին էլ մեր հետ տանում ենք, բայց հետևներիցս կրակում են, մինամյոտներ կախում։ Հասանք զիգզագաձև խաչմերուկի մոտ ու էլ չէինք կարող տանել»։

Մի քանի օր անց Սաշայի դիակն այդ դիտարկվող տարածքից կյանքի գնով դուրս են բերում վաշտի հրամանատար Հարություն Նալբանդյանն ու սերժանտ Տիգրան Հախվերդյանը։ Երբ հրամանատարը հարցրել է, թե ով իր հետ կգնա Սաշայի մարմինը բերելու. Տիգրանն ասել է. «Սաշը պետք ա տուն հասնի, ես կգամ»։ Տիգրանի խոսքերով բոլորն էին պատրաստ դա անել, ուղղակի առաջինն ինքն է արձագանքել։

Կռվի ժամանակ Սաշան տարբեր զենքերով է կրակել, նույնիսկ այն զենքով, որը նախկինում երբեք կիրառած չի եղել։ Հայրն ասում է. «Ինքն ամեն ինչ ուսումնասիրելու ու ամենակարևորը՝ ստուգելու սովորություն ուներ։ Երևի էնտեղ էլ ուշադիր է եղել՝ ոնց են էդ զենքերը կիրառում, ուսումնասիրել է, փորձել է։ Հիշում եմ, որ դեռ Հոկտեմբերյանի սեփական տանն էինք, կանչեցի, ասեցի՝ «Սա՛շ, էս թակարդ ա, դրել ենք, որ մկանը բռնենք, հանկարծ ձեռք չտաս»։ Մի ժամ հետո ձայնն ենք լսում. թակարդը խփել էր մատին։ Բա պետք ա անպայման ստուգեր, չէ՞»։

Սաշան զորամասի սանհրահանգիչն էր։ Նախքան ծառայության անցնելը սովորել էր Արմավիրի պետական բժշկական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ, իսկ հետո ընդունվել Երևանի «Հայբուսակ» համալսարանի 3-րդ կուրս։ Ջաբրայիլի հոսպիտալում վերապատրաստում էր անցել, մասնակցել վիրահատությունների ու նույնիսկ որոշել էր բանակից վերադառնալուց հետո վիրաբույժ դառնալ։ Ասում էր. «Հանկարծ չմտածեք, կգամ կսովորեմ, իմ սեփական կլինիկան կունենամ, ամեն ինչ լավ կլինի։ Մենք հավատում էինք, որովհետև ինքը փուչ խոսքեր չէր սիրում։ Չորրորդ դասարանում շարադրություն են գրել՝ ինչ են ուզում դառնալ վերնագրով։ Դասղեկը պահել ա գրածները, հետո ավարտական դասարանում երբ հետ ա վերադարձրել, ասել է. «Սա՛շ, միակ աշակերտն ես, որ ոնց գրել ա, էդպես էլ եղել ա»։

Բանակում շատ լուրջ է վերաբերվել իր պարտականություններին։ Մայրը պատմում է. «Որ հարցնում էինք՝ ի՞նչ ուղարկենք, մենակ դեղեր, ջերմաչափեր ու մրսածության դեմ մուրաբաներ էր ուզում։ Որ հարցնում էի, բա էդտեղ դեղեր չկա՞ն, չէր ուզում ինչ-որ մեկին վատ բան ասած լիներ, ասում էր կա, բայց տղերքը չտանջվեն, մինչև մենք դեղ դուրս գրենք։ Տղաներից մեկը նույնիսկ պատմել է, որ դեպքերից մի քանի օր առաջ հիվանդ է եղել, Սաշը թեյ է դրել իր հանգստի ժամին (որն ընդամենը երկու ժամ էր), պետք է մի քիչ հանգստանար, մեկն էդ տղային է տվել, մյուսն էլ՝ կանգնած հերթապահին։ Հարցրել են՝ «բա քե՞զ», ասել է՝ «ես ոչինչ, կդնեմ հետո»»։

Սաշայի ծառայակից ընկերներից մեկը՝ սերժանտ Միրո Միրաքյանը, պատմում է. «Սաշին սկզբից էլ ճանաչել եմ, իրար հետ ենք բանակ եկել։ Շփումը սկսվեց, երբ միասին նոր վաշտ գնացինք։ Մեր ֆելդշերն էր, ինքն էր տանում բուժկետ, բերում, շատ պատասխանատու մարդ էր։ Ինչքան ծառայել եմ, ոչ մի անգամ բուժկետում չեմ պառկել, ու էդ՝ իրա՛ շնորհիվ։ Իրեն ասում էի, ու ինքը մի միջոց գտնում էր բուժելու։ Միշտ ամեն ինչ ուներ, չէր լինի, որ մի խնդիր չլուծեր, օգնած չլիներ, եթե, իհարկե, իրենից էր կախված լինում։ Եթե չէ, նոր տանում էր բուժկետ։ Շատ համեստ էր։ Եթե մի բան իրեն դուր չգար, չէր ասի էդ պահին, հետո կքննարկեր, կասեր, բայց լրիվ հանգիստ։ Քիչ էր խոսում, միշտ ուշանում էր, հենց գնում էինք վաշտով, միշտ վերջում էր հասնում, բայց դրան հակառակ՝ շատ լավ կռիվ ա տվել, շատ արագ կողմնորոշվել ա։ Ինքը լուրջ մարդ էր, բայց ում հետ մոտ էր շատ, կատակով, հումորով էր շփվում։ Մի հատ սև գրիչ ուներ, վրան բժշկական խաչ էր։ Միշտ գրպանում էր, չէր տալիս ոչ մեկին։ Ասում էր՝ «բժշկի գրիչ ա, իմն ա»»։

Տիկին Սոֆին պատմում է. «Մի անգամ ֆեյսբուքում հոսպիտալի նկարներից մեկն է դրել, դիմացն էլ հիվանդների ցուցակն է։ Ընկերներից մեկը գրել էր՝ «էդ ի՞նչ պարտքացուցակ ա դիմացդ», ինքն էլ պատասխանել էր՝ «հայրենիքիս պարտքն ա, որ պետք ա տամ»»։

Սաշայի ծնողների խոսքերով՝ տղան ամեն ինչի ինքնուրույն էր հասել։ «Չենք իմացել՝ ոնց ա ընդունվել, ինչ ա արել. ինքնուրույն պարապել, հանձնել ա քննությունները։ Քոլեջի տարիներին ինքն իրան ընդունվել ա դոսաֆ, որ շոֆերություն էլ սովորի։ Էդ տարիներին, որ դեռ տասնվեց-տասնյոթ տարեկան էր, հենց նկատեց՝ տանը ֆինանսական խնդիր կա, թաքուն սկսեց աշխատել, ու քրոջ սովորելու վարձը տվեց։ Մենք մենակ է՛ն ժամանակ ենք իմացել, թե ինքը որտեղ ա սովորել կամ ինչ ա արել, երբ հերթը հասել ա թղթաբանություններին, ու ինչ-որ բան պետք ա ստորագրեինք։ Ծառայությունից էլ ոչ մի բան չէր պատմում։ Չի թողել անգամ պրիսյագին գնանք։ Չէր ուզում՝ իմանայինք, որտեղ ա ծառայում։ Հետո որ ամուսինս գնաց զորամաս, եկավ, պատմեց, ինչ ամայի տեղ է, դրա համար էլ չի ուզել, որ տեսնենք։ Դա էլ հերիք չի՝ մի անգամ մի նկար էր ուղարկել խոտերի մեջ պառկած ու մակագրել. «Այ էսպես էլ հանգստանում ենք»։ Հետո եղբորս տղային է ասել, որ դժվարությամբ էր գտել էդ կանաչը, որ նկարվի, որ հանկարծ չնեղվենք իր տեղի համար»։

Բոլորին բարություն անել ցանկացող Սաշան շատ մարդամոտ ու ընկերասեր է եղել։ Իրեն նույնիսկ ասել են «քայլող ջիգյար», որովհետև մոտիկ-հեռու բարեկամներին միշտ շատ ջերմ է ընդունել, փորձել է կապը պահել։ Սաշայի նկարները նայելիս հասնում ենք մանկապարտեզի խմբակային նկարին. բոլորը՝ լուրջ նստած, իսկ Սաշան ձեռքերը գցել է կողքին նստած երեխաների ուսերին։

Տիկին Սոֆին պատմում է. «Մի օր հավաքել էր փողոցի էրեխեքին, տարել մեր կողքի խանութը, ասել. «Հարո՛ւթ պապի, էրեխեքին սնիկերս տուր, գրի մամայի վրա»։ Էդ ժամանակ դեռ դպրոցական էլ չէր։ Ինքն էլ շատ քաղցրակեր էր։ Վազով կանֆետը լիներ դիմացը, տասը րոպե հետո արդեն չկար։ Օգոստոսի 12-ին ծնունդն էր։ Ահագին քաղցրեղեն էինք ուղարկել։ Հետո՝ գիշերը ուշ, զանգեցի, որ իմանամ՝ ոնց ա անցել։ Ասեցի՝ «հավանեցի՞ր ուղարկածներս», պատասխանեց, որ չի տեսել։ Էդ պահին ինչ վատ բան ասես, մտքովս անցավ։ Մեկ էլ Սաշս ասեց. «Չենք բացել դեռ, որովհետև տղերքից մեկը հերթապահ ա, կփոխի հերթապահությունը, կգա, բոլորով կլինենք, նոր կբացենք»։

Ընկերներ, ընտանիք, հարազատներ, կրթություն, աշխատանք. ամենակարևոր արժեքներն էին Սաշայի համար։ Մայրը հիշում է. «Միշտ ասում էր, որ մեր ընտանիքի պես մեծ ընտանիք է ուզում ունենալ։ Մեր տանն ընդունված էր, որ բոլոր հարցերը միասին էինք որոշում, միասին պետք ա ճաշեինք, խոսեինք, պատմեինք՝ ում օրը ոնց ա անցել։ Հիշում եմ՝ մի անգամ ասեց. «Մա՛մ, Ձմեռ պապին քեզ էլ ա նվեր բերել, տոնածառի տակ ա»։ Գնացի, տեսնեմ իր զաչոտնիկն է՝ գերազանց գնահատականներով։

Շատ էր սիրում քույրերին։ Դեռ փոքր էին, կասս էի հավաքում՝ հինգ հարյուր դրամանոցներով։ Արդեն համարյա լցվել էր բանկան։ Մի օր եկա տուն, սկեսրայրս ասեց՝ «տեսնո՞ւմ ես՝ տղեդ ինչ ա անում»։ Գնամ, տեսնեմ կասսի մեջ համարյա կոպեկ չկա։ Պարզվեց՝ Սաշս քուրիկների համար գնացել, քաղցր է առել։ Իսկ բանակ գնալուց առաջ փոքր քրոջը՝ Աննային, իր գրած շարադրությունն էր ի պահ տվել։ Զոհվելուց հետո գտանք, բացեցինք, տեսանք մեջը ինչ-որ բաներ է նկարել՝ տղա՝ ձեռքը նռնակ ու առանձին փամփուշտ»։

Գուցե այդ մի փամփուշտի պատճառով Սաշան հիմա մեզ հետ չէ, բայց, ինչպես հայրն է ասում. «Սաշան մի տեսակ արագ ապրեց իր կյանքը, ամեն ինչ փորձեց հասցնել։ Արեց ամեն ինչ՝ իր ցանկություններն իրականացնելու համար։ Ինքն ուղղակի գերազանցեց իմ պատկերացումները, ինքը գերազանցեց ինձ»։

Հեղ.՝ Մանե Գևորգյան