ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԱԼԻԽԱՆՅԱՆ
29.01.1996 – 03.04.2016
Կոչումը` շարքային
Ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
2003-2011 թթ. սովորել է Դիլիջանի №1 դպրոցում։
2011-2014 թթ. սովորել է Դիլիջանի պետական
քոլեջի տնտեսագիտության բաժնում։
2014 թ. հունիսի 12-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊՆ
N զորամասում, ապա ՊԲ N զորամասում՝
որպես տանկային դասակի նշանառու-օպերատոր:
2015 թ. աշնանը ճանաչվել է զորամասի լավագույն
նշանառու-օպերատոր և պարգևատրվել ՀՀ պաշտպանության
նախարար Սերյան Օհանյանի կողմից։
Զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին՝ 9-րդ ՊՇ
117-րդ մարտական դիրքի վերագրավման փորձի
ժամանակ տանկի հրամանատար ավագ լեյտենանտ
Բենիամին Եղոյանի և շարքային Տիգրան Աբգարյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի
շքանշանով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗
«Ուժի ձեռը կրակն էր ընկել։ Խաղում էին, գնդակով մեկին խփում էր, միանգամից վնասում էր։ Ախպոր հետ նույնիսկ որ կատակով վիճում էին, մեկ ա՝ մի թեթև հարվածից էլ ցավացնում էր։ Իրա կապիտանը որ եկել էր, պատմում էր, որ հենց չաստում բահով գործ էր անում, վախեցած ասում էին՝ «կամա՛ց, ա՛յ տղա, կջարդես»»,- պատմում է Վլադիմիրի մայրը՝ տիկին Աննան։
Գուցե շատերն են Վլադիմիրի ուժից «տուժել», բայց այդ ուժը նրա համառության ու խիզախության հետ միասին բախտորոշ եղավ և՛ իր, և՛ բոլորիս համար։
Ապրիլը սկսվեց սահմանային լարված ու վտանգավոր դրությամբ. հայ-ադրբեջանական արցախյան ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններով թշնամին անցավ մեծաքանակ ուժերով բացահայտ հարձակման։ Իրավիճակն ավելի լարված էր ռազմաճակատի հարավային՝ 9-րդ պաշտպանական շրջանն ընդգրկող հատվածում, որտեղ գիշերային հանկարծակի հարձակման արդյունքում թշնամին գրավել էր հայկական կողմին պատկանող մի քանի մարտական դիրք, ներառյալ՝ Վարազաթումբ (Լալա Իլահի) բարձունքի վրա գտնվող 112 մարտական դիրքը։
Մայոր Արթուր Հովսեփյանը պատմում է. «Ապրիլի 2-ի առավոտյան վերադասից ահազանգ եկավ, որ հարձակում ա, ու դիրքերը գրավել են. օգնության կարիք ունեին։ Փորձեցի խուճապի չմատնվել, որ տղաներն էլ չկոտրվեն։ Նստում ենք տանկերն ու գնում դեպի Ջաբրայիլ։ Հետևիցս 321-րդ տանկն էր գալիս, որի հրամանատարը Բենիամին Եղոյանն էր, նշանառու-օպերատորը՝ Վլադիմիր Ալիխանյանը, մեխանիկ-վարորդը՝ Տիգրան Աբգարյանը։ Ֆիզուլիից հասանք Լալալայկա (Վարազաթումբ – Մ.Գ.)։ Տղաներին հաջողվեց երկու տանկ խոցել։ Հետո Եղոյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ես իմն արդեն արել եմ, հիմա իրենց հերթն է, խնդիր տամ։ Ասի` տեսնո՞ւմ եք թուրքի գրաված դիրքը, իրանց դրոշն են դրել մեր մատուռի մոտ, վերջում դրոշը չպետք ա էնտեղ լինի, բայց խրամատ չմտնե՛ք։ Գնացին, մոտիկացան դիրքին, դիմադրություն չկար, տանկով անցան դրոշի վրայով, նույնիսկ մտան խրամատներ ու հետ եկան։ Երեկոյան, իհարկե, բարկացած էի, որ խրամատ էին մտել, բայց դե խնդիրը կատարված էր՝ գրկախառնվեցինք, իրանց համար տոն էր, շատ ոգևորված էին։ Հաջորդ օրը խնդիր ստացա հինգ տանկ վերցնել ու գնալ Հորադիզի ուղությամբ։ Տղաներն էլի են տանկ խոցում, բայց հետո մեր կողմից պայթյուն եմ լսում. կապվում եմ ռացիայով ու պարզվում է, որ իրենց տանկն են խոցել»։
Մայոր Հովսեփյանի համար դժվար է խոսել տղաների մասին, որոնք անընդհատ իր աչքի առաջ են եղել. «Վլադիմիրն իսկական զինվոր էր։ Վլադիմիրի բոյը, կառուցվածքը, լայն թիկունքը… Հենց տեսնում էի, ասում էի՝ «երանի բոլոր զինվորները քո պես լինեին»»։
Վլադիմիրի հաղթանդամության մասին բոլորն են խոսում, իսկ մայրը նշում է. «Սպորտով պարապած չէր, բայց ուժով տղա էր։ Իրեն հենց հարցնում էին՝ սպորտի գնացել ա, թե չէ, պատասխանում էր, որ ուղղակի տատի հետ շատ ա սար բարձրացել»։ Տատիկի ամենասիրելի թոռն էր Վլադիմիրը: Չորս տարեկանից միշտ տատի հետ սար է գնացել, օգնել և՛ նրան, և՛ հորը։ Տատիկը վերջերս էր մահացել, և ընտանիքի անդամները փորձում էին Վլադիմիրին այդ մասին չասել, բայց նա դա բոլորից շուտ էր զգացել։ Ամեն անգամ տատի հետ խոսելիս ասել է. «Տա՛տ, որ էն տանկը ցույց տան, տեսնես՝ առաջ է գնում, կրակում է, իմացի՛՝ էդ ես եմ նստած մեջը։ Արդեն որոշել եմ, որ գամ, մտնելու եմ Դիլիջանի տանկըվի չաստ»։ Մայրը նույնպես, հաշվի առնելով նրա ուժն ու տեսքը, Վլադիմիրին միշտ պատկերացրել է զինվորականի հագուստով։
Նորից նրա ուժից էինք խոսում, երբ Վլադիմիրի հորեղբոր կինը՝ տիկին Նորան, մի պատմություն հիշեց. «Մի ցուլ ունեինք, կապած էինք պահում, պետք է արդեն մորթեինք։ Վլադիմիրին ասացի՝ հայրը հենց գա, իրար հետ մորթեն։ Քիչ հետո դուրս եմ գալիս ու տեսնում` ցլին տապալել է` հերիք չի, վիզն էլ կտրել է։ Զարմացած հարցրի՝ ոնց է մենակ կարողացել, ինքն էլ թե բա՝ եղածն ի՞նչ էր որ։ Ախր հե՛չ վախ չուներ։ Չկար մի բան, որ ասեր՝ չեմ կարող, ձեռքիցս չի գալիս»։ Տիկին Նորան հիշում է նաև, թե ինչքան անմիջական ու ընկերասեր էր Վլադիմիրը. «Փողոցով մեկն անցնում էր թե չէ, գոռում էր՝ «մա՛մ, երեք հատ կոֆե դիր»։ Բոլորին անընդհատ կանչում էր իրենց տուն հյուր, նստում, խոսում, հարցուփորձ անում, խորհուրդ տալիս կամ վերցնում»։ Վլադիմիրի հորաքույրը՝ Սաթիկ Թամրազյանն ավելացնում է. «նույնիսկ որ գնում էինք չաստ՝ իրեն տեսնելու, ոնց որ շքախմբով գար։ Տեսնում էինք՝ ամեն մեկն իր ընտանիքի հետ ա, խոսում, մի բան են ուտում, իսկ Վլադիմիրը երբեք մենակ չէր գալիս, միշտ բոլոր ընկերներն էլ հետն էին։ Արդեն գնալուց գիտեինք, որ լիքը ուտելու բան պետք է վերցնենք»։
Ընկերասեր ու ակտիվ Վլադիմիրը բոլորի սիրելին է եղել։ Փոքր ժամանակ դրսում զարմիկի՝ Արամի հետ խաղալիս սկսել են իրար քարերով հարվածել։ Վլադիմիրի հարվածից Արմանի գլուխը վնասվում է, սկսում է լաց լինել։ Պապիկը, մտածելով՝ Վլադիմիրին է ինչ-որ բան եղել, շտապել է երեխաների մոտ։ Հենց տեսել է, որ Վլադիմիրին ոչինչ չի եղել, ասել է. «Վլադիմիրը մեղք չունի, Արմանն էս ժամին դրսում ի՞նչ գործ ուներ, որ մի հատ էլ գլուխը վնասվեր»։
Բոլորը Վլադիմիրին սիրել են, բայց նա էլ պակաս հոգատար չի եղել մյուսների նկատմամբ։ Վլադիմիրի ուսուցչուհին՝ տիկին Գայանեն, հիշում է. «Ես իրեն մինչև չորրորդ դասարան եմ դասավանդել։ Շատ լավ տղա էր, բոլորին օգնող ու ամեն ինչ իր վրա վերցնող։ Երբ առաջին դասարան էր, դպրոցներում դեռ ջեռուցում չկար։ Հենց մտնում էինք դասարան ու տաք էր լինում, բոլորս արդեն գլխի էինք ընկնում, որ Վլադիմիրը պապիկի հետ նորից շուտ է եկել ու նախապաես վառել վառարանը։ Հետո հպարտորեն ասում էր՝ «ես եմ տաքացրել դասարանը»։ Հիշում եմ նաև, որ մի անգամ հիվանդ էի, ու Վլադիմիրը տատիկի հետ սիզ էր ուղարկել ինձ, որ բուժվեմ։ Էդ սիզի սերմերից բակում շաղ էի տվել։ Էս տարի առաջին անգամ բերք կա վրան։ Նայում եմ ու մտածում, որ Սոնիկ տատիկին ու Վլադիմիրին երբեք չենք մոռանա»։
Վլադիմիրի մասին խոսելիս մայրը նկատեց. «Անընդհատ վազքի մեջ էր, ասում էինք, տնաշե՛ն, հանգիստ ման արի, չէր լսում։ Անընդհատ վազ էր տալիս, ոնց որ հա ինչ-որ տեղ շտապեր»։
Շտապեց նաև դեպի իր տանկն ու դեպի թշնամին՝ հայրենի հողը պաշտպանելու…
Հեղ.՝ Մանե Գևորգյան
Ստորև՝ 03.04.2016թ., 9-րդ ՊՇ, 321-րդ տանկ