ԱԴԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
19.08.1996 – 02.04.2016
Կոչումը՝ սերժանտ

Ծնվել է Երևան քաղաքում։

2002-2013 թթ. սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի
անվան №114 դպրոցում։

Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, լողով,
կարատեով, արևելյան մարզաձևերով, գեղասահքով, բռնցքամարտով։

2013 թ․ ընդունվել է Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետը։

2014 թ․ հունվարի 26-ին զորակոչվել է Բանակ: Ծառայել է ՊԲ N
զորամասում որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Ծառայության
ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում:

Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 9-րդ ՊՇ 112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս համածառայակիցներ սերժանտ Կարեն Ներսիսյանի,
կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի, շարքայիններ  Ժորա Եսայանի,
Բարիս Օզմանյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի,
Անդրանիկ Գրիգորյանի հետ միասին։ Վերջիններիս հետ մեկտեղ
զոհվել են նաև օգնության հասած փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը,
Ռոման Պողոսյանը, Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը,
ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով, ԱՀ «Մարտական
ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների
միություն» հկ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,
«Աբովյանի ուսանողական խորհուրդ» հկ-ի մեդալով, «Արծիվ
մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի «2016 թ․
ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով, Արցախյան
գոյամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու
համար «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» հկ-ի վկայականով։

 

∗ ∗ ∗

«Այստեղ է ապրել Ադամ Սահակյանը»․ Աբովյան փողոցի շենքերից մեկի պատին այս գրությունն է փակցված։ Այն տանում է երևանյան մի հին բակ, որտեղ ծնվել և մեծացել է Ադամը։ Նախկինում Աբովյան փողոցի այս բակ մարդիկ մտնում էին՝ հին Երևանի կոլորիտը զգալու համար, իսկ այսօր այստեղ գալիս են, որպեսզի տեսնեն՝ որտեղ է ապրել հայրենիքի համար զոհված զինվորը։ Հին երևանցիներով շրջապատված միջավայրում էլ դաստիարակվեց ապագա հերոսը, ում համար հայրենիքն առաջին տեղում էր։

Նոր էինք վերադարձել Արցախի այն զորամասից, որտեղ ծառայել, կռվել ու զոհվել էր Ադամը։ Հաջորդ օրն այցելում ենք Սահակյանների տուն։ Մեզ դիմավորում է ընտանիքի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, ու միանգամից հարցուփորձ անում Արցախից՝ կարծես ցանկանալով ևս մի նորություն իմանալ որդու սխրանքներից։

Ադամը սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում։ Հայրը պատմում է, որ Ադամը կարճ ժամանակում դարձել է դասարանի ու ամբողջ դպրոցի առաջնորդներից և սիրելի աշակերտներից մեկը։ Դպրոցին զուգահեռ Ադամն ուժերը փորձել է մի քանի սպորտաձևերում՝ կարատե, այկիդո, բռնցքամարտ, կոփել է մարմինն ու հոգին։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2013 թվականին, Ադամն ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետ։ Գեղեցկադեմ, ժպտերես և հաղթանդամ Ադամին շրջապատում բոլորը սիրում էին և հարգում։ Հենց նա էր խրատներ տալիս և հաշտեցնում իր ընկերներին։ «Պահապան հրեշտակ»՝ այսպես էին Ադամին անվանում վերջիններս։ Նա այդպիսին էր նաև բանակում։ Նրանց ջոկը հետագայում անվանելու էին «հրեշտակների ջոկատ»։

Սովորում էր, երբ զորակոչվեց բանակ։ Հայրն ասում է, որ որդին սպասում էր այդ օրվան. «Իր սիրած ֆիլմերներն էին «300 սպարտացիները», «Գլադիատորը», «Հերկուլեսը»։ Նույն կինոն մի քանի անգամ նայում էր։ Հիմա նոր եմ հասկանում՝ դրանք իր հերոսներն էին, որոնց էլ ինքը նմանվեց։ Երբեք չէր տրտնջում, որ ուսումը կիսատ է թողնելու ու գնա բանակ։ Ընդհակառակը, ասում էր՝ «երանի տնից շատ հեռու մի տեղ ընկնեմ, որ չուզենամ՝ տուն գամ»»։

Այդպես էլ եղավ։ 2015 թվականի հունվարի 26-ին Ադամը զորակոչվեց բանակ։ Սկզբում գնաց Ստեփանակերտ, այնտեղից էլ Մեխակավանի (Ջաբրայիլ) պաշտպանական դիրքեր։ «Մեզ խաբել էր, թե դիրքեր չի բարձրանում։ Մի օր էլ զանգեցինք, ծառայող տղեքից մեկը վերցրեց հեռախոսը, ասաց, որ Ադամը դիրքերում է։ Այդ օրն իմացանք, որ մեզ ճիշտը չէր ասում,- պատմում է զինվորի հայրն ու հիշում,- ծառայության ընթացքում երկու անգամ տուն եկավ։ Վերջին անգամը հիվանդ էր, ջերմություն ուներ։ Որոշեցինք տանել զինվորական հոսպիտալ, պառկեցնել մի քանի օր, բայց չուզեց. օրերն էր հաշվում, որ հետ գնա ծառայության»։

Սերժանտ Ադամն անվախ էր ու քաջ։ Դիրքերում կասկածելի մի ձայն՝ նա առաջինն էր նետվում՝ պարզելու, թե ինչ է կատարվում։ Առաջինն էլ նետվեց կռվի դաշտ…

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով պատերազմ սկսեց։ Այս լուրն առավոտյան ծնողները համացանցում կարդացին։ Ադամից տեղեկություն չկար մի քանի օր։ Նրա անունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում, իսկ բարի ժպիտով լուսանկարը տարածվեց սոցկայքերում։ Մեկ օրում ժպտադեմ Ադամը դարձավ բոլորի ընտանիքի անդամը՝ որդին, եղբայրը, ընկերը։ Նրա կենդանության լուրին սպասում էին բոլորը՝ մտածելով, որ միգուցե որևէ տեղ թաքնված ու այդպես փրկված լինի։ Ընտանիքում էլ այդպես էին միմյանց համոզում, բայց լավ գիտեին իրենց որդուն․ Ադամը թաքնվող տեսակ չէր։ Միայն օրեր անց պարզ դարձավ, որ Ադամը ծառայակից ընկերների և իրենց հրամանատարների հետ կռվել է թշնամու հետ անհավասար պայքարում՝ մինչև վերջին շունչը փորձելով պահել իրենց վստահված 112 մարտական դիրքը, որի ավագ հենց Ադամն էր։ Դիրքը պահել նրանց չհաջողվեց, բայց տղերքը կռվեցին արիաբար ու ընկան հերոսի մահով… «Ադամն ու մյուս տղեքն իրական հերոսներ են»,- հպարտությամբ նշում է հերոսի հայրը և հերթով ցույց տալիս որդու լուսանկարները։

Հենց այդ լուսանկարները, ուսանողական տարիներին արված գծագրերը, կարատեի մեդալներն ու անսահման հիշողություններն Ադամը թողեց ընտանիքին։ Դրանց էլ գումարվում են ամեն օր աշխարհի տարբեր երկրներից Ադամին նվիրված երգերը, բանաստեղծությունները, որոնցով հեղինակներն իրենց շնորհակալությունն են հայտնում հերոսին։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էլ Աբովյան փողոցում ցայտաղբյուր է տեղադրվել՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոսի։ Սակայն Ադամի՝ մեզ թողած գլխավոր ժառանգությունն ազատ և հաղթանակած հայրենիքն է։

Իսկ պարոն Խաչատուրը վերջում խոստովանում է. «Ամեն օր մի անգամ զանգում եմ տղուս համարին»…

Հեղ՝ Սևակ Հակոբյան