Arman-Andrasyan-1
Arman-Andrasyan-2
Arman-Andrasyan-3
Arman-Andrasyan-4
Arman-Andrasyan-5
Arman-Andrasyan-6
Arman-Andrasyan-7
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

ԱՐՄԱՆ ՍԵՅՐԱՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
11.07.1996 – 02.04.2016
Կոչումը՝ սերժանտ

Ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
2003-2014 թթ. սովորել է Շիրակի մարզի
Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցում։
2012-2014 թթ. Արթիկում հաճախել է ըմբշամարտի։
2015 թ. հունվարի 16-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊԲ N զորամասում որպես հրաձգային ջոկի
հրամանատար։ Ծառայության ընթացքում 50 ձգում
կատարելու համար արժանացել է պատվոգրի։ Ծառայության
ընթացքում ստացել է սերժանտի կոչում։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ 9-րդ ՊՇ 115 մարտական
դիրքը պաշտպանելիս համածառայակիցներ լեյտենանտ
Աշոտ Շահբազյանի, շարքայիններ Գրիգոր Հարությունյանի,
Նորիկ Սարգսյանի, Արթուր Գևորգյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և Արցախի
«Մարտական ծառայություն» մեդալով։ «Ղարաբաղյան
պատերազմի վետերանների» հկ-ի կողմից պարգևատրվել
է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով (11.07.2016 թ․)։

∗ ∗ ∗

«Ուր էլ էրթամ, ինձի համար հեչ չմտածեք, ուր էլ գնամ, կծառայեմ, դուք ինձի չգիտե՞ք»,- մինչև զորակոչն այսպես էր ասում մեծմանթաշցի Արման Անդրեասյանը՝ Անդրեասյանների ընտանիքի 5-րդ՝ ամենափոքր զավակը:

Տղան դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր ճարպկությամբ, աշխատասիրությամբ, աշխուժությամբ և եռանդով։ Մանուկ հասակից աշխատելը ժամանակից շուտ էր հասունացրել Արմանին: Դպրոցում սովորելու հետ մեկտեղ խոտհունձի ժամանակ օգնել է ծնողներին, զբաղվել և՛ անասնապահությամբ, և՛ ըմբշամարտով: Այդ ամենով հանդերձ՝ հինգ եղբայրներից ամենալավ սովորողն է եղել Արմանը։ Դպրոցում հատկապես սիրել է պատմություն առարկան։ Շատ նպատակներ և երազանքներ ուներ Արմանը։ Առաջնայինը ծառայությունից անմիջապես հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելն էր: Մայրը՝ Լիլիֆար Անդրեասյանը, կրկնում է որդու խոսքերը. «Զինվորականի ուղին եմ բռնելու»:

Արմանը դեռ փոքրուց սովոր էր նեղություն չտալ, պահանջներ չներկայացնել, այլ ուժերի ներածին չափով օգնել և ձեռք մեկնել հարազատներին, հարևաններին: «Հինգ տղաս էլ դաստիարակված են, իրենց ուժը երբեք չեն ցուցադրել, երբեք կռվարար չեն եղել, տանը հինգ տղա են, բայց մեկի պես եմ պահել»:

Երբ հայրը և չորս եղբայրները մեկնում էին արտագնա աշխատանքի, դպրոցական Արմանն էր դառնում տան տղամարդը։ Դասերից հետո գնում էր աշխատանքի և երեկոյան առևտուրը ձեռքին տուն վերադառնում: «Ամեն անգամ տուն գալուց պարտադիր քաղցր էր բերում. քաղցրավենիք, տորթեր շատ-շատ էր սիրում»: Տատիկի տուն գնալիս նույնպես անպայման մի բան գնում էր: «Տատիկի աչքի մեկը համարյա չի տեսնում, Արմանն էլ ամեն անգամ ասում էր. «Է, տատի ջան, էնքան աշխատեմ, որ քո համար մի աչք առնեմ»»,- պատմում է մայրը:

Աշխատանքից բացի սիրում էր նաև որսով զբաղվել: «Սիրում էր որսի գնալ: Մի անգամ արծիվ էր խփել, բերել: Թևից վիրավոր էր։ Մի քիչ պահեց, թևը բուժեց, հետո տարավ, դաշտում բաց թողեց»,- որդու մասին պատմում է մայրը։ Նրա խոսքերով՝ Արմանը տարբերվում էր իր աշխուժությամբ, բոլոր գործերը վազելով էր անում. գնում էր այգին, ջուր բերում, օգնում տան գործերում և ժամանակ գտնում նաև վճարի դիմաց անասնակեր բարձելու:

Մայրն Արմանի համար ծնողից զատ նաև ընկեր է եղել, ում հետ միշտ կիսվել է և՛ խնդիրներից, և՛ անձնական կյանքից: Առհասարակ Արմանն իր բնավորությամբ տարբերվում էր եղբայրներից, ավելի նրբազգաց էր, սիրում էր նվերներ անել, գեղեցիկ խոսքերով դիմել մորը: «Ո՛չ այստեղ, ո՛չ էլ բանակից երբեք նեղություն չի տվել, չի անհանգստացրել»,- ասում է հայրը՝ Սեյրան Անդրասյանը, և հավելում, որ ամեն անգամ կապոց ուղարկելիս զանգում ու ասում էր, որ իրեն ոչինչ չուղարկեն, ամեն ինչ էլ այնտեղ կա. «Բան մի՛ ուղարկեք, ռոճիկս ստեղ ամեն ինչի էլ հերիքում ա»…

Կյանքի դժվարությունները, ապրուստի սուղ միջոցներն Արմանին երբեք չեն հուսահատեցրել, հիասթափեցրել կամ կոտրել նրա լավատեսությունն ու ձգտումները: «Ասում էր՝ «Եթե ռազմական էլ չընդունվեմ, կգնամ, կսովորեմ, մի բան կաշխատեմ, թիկնապահ կաշխատեմ, որ մեր տունը վերանորոգեմ»»,- հիշում է մայրը:

Արդեն 5 տարի է՝ Արմանն ընկերուհի ուներ։ Ծառայությունից հետո նպատակ ուներ ամուսնանալ: Տիկին Լիլիֆարը հիշում է, որ տղան սիրում էր եղբայրների երեխաների հետ խաղալ. «Թոռանս մայկեքից բռնում էր, ծեծելով սիրում ու ասում՝ «Պտի զարգեմ, օր դինջնամ»: Մեկ-մեկ հոգու հետ խաղալու համար ասում էի՝ «Սիրուն աղջիկ չի, մի քիչ էլ տեսքին պտի աշես», ինքն էլ թե՝ «Շատ սիրուն էլ չպիտի առնես, թե չէ պիտի ասեն՝ «էդօր կնիկն ինչ սիրուն է», թող ասեն՝ «ինչ գեշն է»»»:

Արմանի մասին հուզմունքով են պատմում եղբայրներից 25-ամյա Վաչիկն ու մորաքրոջ որդին՝ Վրեժը: Նրանք երկուսն էլ մինչ օրս չեն հավատում, որ իրենց եղբայրն այլևս իրենց հետ չէ: «Մեր մեջի յուրահատուկն էր թե՛ խելացիությամբ, թե՛ ձգտումներով: Ցանկանում էր ամեն ինչ ունենալ, որ իր սեփականը լիներ: Ինքը մեր եղբայրներից միակն էր, որ կարող է հին հայկական ֆիլմեր միացներ ու մինչև լուսաբաց նայեր»,- ասում է Վաչիկն ու շարունակում, որ որպես տան փոքրի՝ ամեն ինչ անում էին, որ Արմանը միշտ ուրախ լինի, նույնիսկ նրա ծննդյան օրն աղբյուրում էին նշում՝ կենդանի երաժշտությամբ։

Եղբոր՝ Վրեժի հետ Արմանը վերջին անգամ խոսել էր մարտի 27-ին: Զրույցի ժամանակ ասել էր, որ այս անգամ դիրքերից իջնելուց հետո անպայման արձակուրդ է վերցնելու, որ գա, տեսնի եղբոր նորածնին: «Զանգել էր, որ հա՛մ աչքալուսանք տար, որ պապա եմ դարձել, հա՛մ էլ ասում էր, որ եթե հանկարծ չկարողանա արձակուրդ վերցնել, ընկերուհու ծննդյան օրը մի մեծ արջուկ առնեմ ու իրա անունից նվիրեմ»,- ասում է Վրեժը ու հիշում, որ երբ նախորդ տարվա մայիսին Արմանն արձակուրդ էր եկել, մի քանի օր Արթիկում մնաց իրենց տանը, և այդ օրերին ընկերուհու հետ հանդիպմանը գնում էր փուչիկներով, ծաղիկներով, ինչով էլ դարձյալ տարբերվում էր մյուս եղբայրներից:

Իսկ մայրիկի հետ սերժանտ Արման Անդրեասյանը վերջին անգամ խոսել է մարտի 31-ին. «Մա՛մ ջան, չանհանգստանա՛ք, դիրքեր եմ բարձրանում, կարող ա՝ մի 4-5 օր սվյազի դուրս չգամ»: Մայրը հիշում է, որ վերջին անգամ էլ, երբ տղան արձակուրդ էր եկել, գլխարկի վրայի նշանը թողել էր տանը: «Ասում եմ. «Արմա՛ն ջան, ուղարկենք էդ նշանը», ասեց՝ «Չէ, կպահես, էդ նշանին կնայես՝ ինձ հիշես»»,- հիշում է մայրը…

Սերժանտ Արման Անդրեասյանը զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 9-րդ պաշտպանական շրջանի 115 մարտական դիրքը պաշտպանելիս համածառայակիցներ Աշոտ Շահբազյանի, Արթուր Գևորգյանի, Նորիկ Սարգսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի հետ միասին։

Արմանը շատ էր սիրում խաչեր նկարել, նրա տետրերի վրա միշտ խաչեր էր պատկերված, նրա սենյակի պատերին խաչեր էր կախված, այժմ այդ բոլոր խաչերը նրա տան հուշանկյունում են…

Հեղ․՝ Նունե Խաչատրյան