ՀԵՆՐԻԿ ՌՈՒԴՈԼՖԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
28.11.1996 – 03.04.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ

Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում։
2003 թ. օգոստոսին ընտանիքը տեղափոխվել է ՀՀ և
բնակություն հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։
2003-2011 թթ. սովորել է Մասիսի №2 միջնակարգ դպրոցում։
2011-2014 թթ. սովորել է Մասիսի պետական
գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտություն բաժնում։
2015 թ. հունվարի 25-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում
որպես հակատանկային ջոկի հրամանատար։
Զոհվել է 2016 թ․ապրիլի 3-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 6-րդ ՊՇ հրամանատարական դիտակետերից
մեկի տարածքը պաշտպանելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗

Ամառային մի շոգ օր։ Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանի հարևանները զարմացած մեզ էին նայում. շենքի բակ էինք մտել զինվորական մեծ մեքենայով ու հարցուփորձ էինք անում՝ որտեղ է ապրել մեզ դեռևս միայն լրատվամիջոցներից ծանոթ լուսերես պատանին։ Տան տեղը ճշտելուց հետո անվստահ քայլերով բարձրացանք շենքի 4-րդ հարկն ու գտանք բնակարանը, որտեղ երկար տարիներ երջանիկ ապրել էր Ղահրամանյանների ընտանիքը։

Հյուրասենյակում սկզբում ճնշող լռություն էր, բայց Հենրիկի մասին պայծառ հիշողությունները շուտով կոտրեցին սառը մթնոլորտը։ Հենրին ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում։ Մոր՝ տիկին Ռուզաննայի խոսքերով ծննդատան բժշկուհին շատ էր հավանել սևաչյա փոքրիկին ու անընդհատ կրկնում էր. «Ի՜նչ սիրուն աչքեր, թարթիչներ ունի. մեծանա, քանի՜ աղջիկ կխաբի էդ աչքերով»…

Գիտակցելով օտարության մեջ երեխաներին դաստիարակելու դժվարությունները՝ ծնողները որոշում են կայացնում Հենրիկին 2 ավագ քույրերի հետ միասին տեղափոխել Հայաստան։ Ղահրամանյանների ընտանիքը հաստատվում է Մասիս քաղաքում, երբ Հենրիկն արդեն 7 տարեկան էր, և պիտի դպրոց գնար։ Փոքրուց լինելով ծնողների ու քույրերի ուշադրության կենտրոնում՝ Հենրիկը մեծացել էր կատարյալ անհոգության մեջ՝ շրջապատված սիրով ու գուրգուրանքով։ Դա էր պատճառը հավանաբար, որ նա միշտ ձգտում էր սիրված լինել։ «Ինքը էնտեղ էր, որտեղ սեր կար, ինքը միշտ սիրո կարիք էր զգում ու երբ զգում էր, որ սիրված ա, բացվում էր, սկսում շփվել տվյալ մարդու հետ։ Կյանքում մրջյուն չէր տրորի, մեկին վատություն չէր անի, եթե բակում խաղալիս մեկը իրան վատ բան էր ասում, ինքը չէր պատասխանում, շրջվում, գալիս էր տուն»,- կարոտով պատմում էր մայրը, իսկ քույրը՝ ցածր ձայնով ավելացնում. «Շատ խղճով էր։ Մի բարեկամ երեխա ունեինք, ինքը առանց հայր էր մեծանում։ Հենրին շատ ուշադիր էր էդ երեխու հանդեպ, ու որ հանկարծ մեկը նեղացնում էր էդ երեխուն կամ որ մենք ջղայինանում էինք վրան, ինքն իրան շատ վատ էր զգում․ մեզնից լավ էր հասկանում, որ էդ երեխան ավելի շատ սիրո կարիք ուներ»։

Բացի բարի լինելուց՝ Հենրին նաև բավականին համեստ էր, քչախոս ու ժպտերես, ինչը նրան անմիջապես առանձնացնում էր մյուս երեխաներից։ «Մինչև բարև էր տալիս, ծիածանի բոլոր գույներն ընդունում էր,- մեծ սիրով ու կարոտով պատմում էր հարևանուհիներից մեկը,- ու միշտ ժպտում էր, շատ խելոք, ժպտերես երեխա էր»։

«Խելացի էր, ցույց չէր տալիս, շատ լսում էր, քիչ խոսում, մենք միշտ մտածում էինք ամաչկոտ ա, բայց դա ամաչկոտություն չէր, համեստություն էր։ Իր դասղեկը մտածում էր՝ մենք ենք իրեն էդպես դաստիարակել։ Իրականում մենք նույն ձևի դաստիարակել ենք մեր աղջիկներին էլ, բայց իր աշխարհն էր էդ, միայն ինքն էր էդ ձև»,- մի փոքր պայծառացած լրացրեց տիկին Ռուզաննան։

Դասղեկի խոսքերով՝ Հենրին դպրոցում սկսել է լավ սովորել հատկապես 9-րդ դասարանից ու միշտ աչքի է ընկել իր զուսպ ու հավասարակշռված պահվածքով։ Նա նաև առանձնանում էր իր մաքրասիրությամբ ու կոկիկությամբ։ Դպրոցին զուգահեռ հոր հորդորով 3 տարի հաճախել է նաև կարատեի պարապմունքների, բայց մոր սիրտը միշտ անհանգիստ էր. «Ասում էի՝ «իրան խփում են, մի՛ ուղարկի»։ Ինքը շատ նուրբ էր, փխրուն, կարատեն իր համար չէր, ավելի կոպիտ տղու համար էր, բայց ամուսինս ուղարկում էր, որ ուժեղանա ու ծառայության մեջ իրեն ուժեղ զգա»։

Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկը սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտություն բաժնում ու մտադիր էր պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում, դառնալ իրավաբան։ «Ավելի մեծ տարիքում հավանաբար զգացել էր ինչ-որ անարդարություն ու որոշել իրավաբան դառնալ։ Դատավոր ու դատախազ ինքը չէր կարող դառնալ, մարդկանց չէր կարա դատեր, իրանը միայն պաշտպանելն էր»,- աչքերը տղայի նկարին՝ պատմում էր մայրը։

Նախքան բանակ զորակոչվելը Հենրին 3 ամիս աշխատել է բանջարեղենի խանութում, սեփական գումարով վարորդական իրավունքի գրքույկ վերցրել։ Տղային մեքենա վարել հայրն էր սովորեցրել՝ համոզված, որ նա լավ վարորդ կլինի։

Մեքենա վարելուց զատ Հենրիի մյուս նախասիրությունը տոնածառ զարդարելն էր։ Հարևանուհիներից մեկը՝ տիկին Նինան, հիշում էր. «Որ բանակ էին տարել, մեծ աղջիկս ասում էր՝ մա՛մ, Գենադիկն ա միշտ մեր տոնածառը զարդարել, էդ իր գործն էր, հիմա ո՞վ ա անելու»։ Զրույցին միացավ նաև մյուս հարևանուհին՝ տիկին Օդեթը. «Տոնածառի լույսեր ունեինք, փչացել էր, բերեցի որ նայի (միշտ ինքն էր սարքում), տեսնի՝ ինչ ա եղել։ Նայեց-նայեց, մի բառ ասեց մենակ՝ «քցի», բայց էնպես ասեց, որ էլ չասի՝ ինչի․ ասածն արեցի»։

Հենրին նաև ձեռքի շնորհք ուներ։ Եթե տանը մի բան փչանում էր, չէր սպասում մինչև հայրը աշխատանքից կվերադառնար, ինքնուրույն նորոգում էր։ Սիրում էր օգնել ծնողներին, ընտանիքի հոգսը թեթևացնել։ Հարազատների կարծիքով՝ նա լավ ընտանիք կկազմեր։

Մոր խոսքերով՝ ծառայության մեկնել է ուրախ սրտով՝ երբեք չմտածելով ծառայությունից խույս տալու մասին. «Ինքը գիտեր, որ պարտք պիտի կատարի հայրենիքի նկատմամբ. մեծ սիրով, ուրախ-ուրախ գնաց»։ Լուսակերտում 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխվել է Արցախ, որտեղ էլ միշտ ցանկացել է ծառայել։ Քրոջ հարսանիքին վերջին պահին էր հասել, եկել ուղիղ ռեստորան ու վերջին անգամ վայելել ընտանիքի ջերմությունը։ Բանակն իր հետքը թողել էր 19-ամյա պատանու վրա, փոխվել էր մտածելակերպը, ավելի հասունացել…

Հենրիկ Ղահրամանյանը զոհվեց ապրիլյան պատերազմում՝ մարտական գործողությունների ժամանակ, թալիշյան առաջնագծի «Սիս» հրամանատարական դիտակետի տարածքը պաշտպանելիս։ Հերոսի վերջին զրույցը եղել է հոր՝ պարոն Ռուդոլֆի հետ զոհվելու նախորդ օրը. «Պա՛պ ջան, բան էլ չկա, ամեն ինչն էլ նորմալ ա, մի 2-3 անգամ դմփացրել են, բայց մենք պատասխանը տվել ենք։ Մի՛ մտածեք, հանգիստ քնե՛ք»…

Հեղ․՝ Աննա Բաբայան