ՀՐԱՉՅԱ ՍԱՄՎԵԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
12.11.1983 – 08.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Երևան քաղաքում:

1990-1995 թթ. սովորել է Երևանի Արամայիս Երզնկյանի
անվան
№118 միջնակարգ դպրոցում։

1995-2000 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի
անվան
№84 միջնակարգ դպրոցում։

Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի և մասնակցել
տարբեր մրցաշարերի։

2000 թ․ ընդունվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան
համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժինը։

2001-2003 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է
անցել ՊՆ N զորամասում։

2004-2006 թթ․ սովորել և ավարտել է Երևանի թեթև
արդյունաբերության պետական քոլեջը՝ ստանալով
փորձագետի որակավորում սպառողական ապրանքների
որակի փորձաքննություն մասնագիտությամբ։

2008-2012 թթ․ սովորել և ավարտել է Ճգնաժամային
կառավարման պետական ակադեմիայի տնտեսագիտության
բաժինը` ստանալով «Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)»
մասնագիտություն։

2004-2006 թթ․ աշխատել է «Օրրան» ուսումնական կենտրոնում
որպես մենեջեր, 2006-2007 թթ․՝ «Ար-մոբիլ» ՍՊԸ-ում՝ որպես
պահնորդ, 2007-2008 թթ․՝ «Իմէքս գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր,
2008-2009 թթ․ «Ֆեռո» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, 2009-2013 թթ․՝
«Սիրմա» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2013-2014 թթ․ «Կոմֆորտ
Ռ և Վ» ՍՊԸ-ում՝ որպես սպասարկող-գործակալ, 2014-2015 թթ․՝
«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։

2015 թ․-ի մարտից պայմանագրային զինվորական ծառայության է
անցել  ՊՆ N զորամասում։

Զոհվել է 2016 թ․ ապրիլի 8-ին 6-րդ ՊՇ N մարտական դիրքում
ծառայողական պարտականությունները կատարելիս։

Ամուսնացած էր, ունի 3 զավակ։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով, ԱՀ «Մարտական
ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների
միություն» հկ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի ԼՂՀ Մատաղիսի
պաշտպանության համար «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,
«Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության «ԱՎՄ»
հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության
գումարտակի «2016 թ․ ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով։

∗ ∗ ∗

 

Հրաչյա Մուրադյան

Ժիր, աշխույժ, ընդունակ, ընկերասեր․ այսպես են բնութագրում ընտանիքի անդամներն ապրիլյան պատերազմում իր հայրենասիրությունը ցուցաբերած Հրաչյա Մուրադյանին։

Հրաչյան լավ ասմունքում էր։ Փողոցում բոլորը նրա մասին ասում էին՝ «ասմունքող տղան է»։ Հրաչյայի մեծ սերն ուսման, հատկապես՝ հայ գրականության և հայոց պատմության նկատմամբ, երևում էր արդեն վաղ տարիքից: Հրաչյան սկսել էր խոսել մեկ տարեկանում, իսկ մեկուկես տարեկանում արդեն արտասանել էր և կլանել բոլորի ուշադրությունը։ Ու թեև չարաճճի երեխայի վրա ծնողները բարկանում էին, տատիկը նկատում էր, որ «Հրաչյան ուրիշ տղա է լինելու»…

Հրաչյան եղբոր հետ մանկապարտեզ չեն հաճախել, այդ բացը մայրը գրքեր կարդալով և հայոց պատմությունը աովորեցնելով է լրացրել, իր որդիներին պատմել է մեր հերոսների ու թագավորների մասին։

Հրաչյան դպրոցում շատ լավ է սովորել: Մանկավարժական կոլեկտիվը նույնիսկ ցանկացել է տղային երրորդ դասարանից փոխադրել չորրորդ, սակայն տեսողության խնդրի պատճառով ծնողները չեն համաձայնել։ Փոխարենը դասերից ազատ ժամանակ պատանի Հրաչյան ստեղծագործում էր․ «Հրաչյայի ամեն մի ստեղծագործություն փոքրիկ վիպակ էր»,- հիշում է մայրը՝ տիկին Գոհարը։

Հրաչյայի հայրը՝ պարոն Սամվելը, հիշում է որդիների աշխարհագրության դասի հետ կապված մի դեպք, երբ ուսուցչուհին սկսել է հարցեր տալ Հրաչյայի եղբորը։ Ստանալով բոլոր պատասխանները՝ նա ասել է, որ առարկայից թույլ է մեծ եղբայրը՝ Հրաչյան։ Հայրն էլ պատասխանել է, որ փոքրին հենց Հրաչյան է սովորեցրել ամեն ինչ։ Երկրորդ դասարանում ուսուցչուհին միջատների մասին հարց է տվել։ Հրաչյան սկսել է պատմել մեղուների կյանքը։ Ուսուցչուհին չի հավատացել Հրաչյայի ասածներին` մտածելով, որ դա նրա երևակայությունն է։ Հաջորդ օրը ուսուցչուհին գրքերում փնտրել և գտել է Հրաչյայի ասածը։ Եկել և նրան 3 հատ 5 է նշանակել։

Տիկին Գոհարը պատմում է, որ Հրաչյայի բոլոր կռիվները եղել են ոչ թե իր, այլ ընկերների համար։ Մայրը չի հիշում մի դեպք, երբ որդին ինքն իր համար կռիվ արած լինի․ միշտ ընկերներին էր պաշտպանում։

Դպրոցն ավարտելուց հետո Հրաչյան ցանկացել է իրեն նվիրել զինվորականի մասնագիտությանը և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սակայն մայրը թույլ չի տվել։ Ընդունվել է Մ. Մաշտոցի անվան համալսարան, որից հետո անցել է ժամկետային ծառայության։ Բանակից վերադառնալուց հետո Հրաչյան շարունակել է ուսումը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։

Տիկին Գոհարն անչափ կապված էր որդու հետ, իսկ հայրը, ցավոք, աշխատանքի պատճառով շատ ժամանակ չէր կարողանում անցկացնել ընտանիքում։ Մոր խոսքերով՝ մանկուց որդին սիրել է կարգուկանոն, և այդպես շարունակվել է նաև մեծ տարիքում։ Հրաչյան մայրիկի հետ կիսվում էր, պատմում, թե ինչ ցանկություններ ունի, իսկ մայրը հաճախ հենց ինքն էր խորհուրդ հարցնում որդուց։ «Չէի կարողանում տղայիս զինվորական համազգեստով տեսնել, սիրտս լցվում էր,- հիշում է տիկին Գոհարը։ – Մի անգամ ասեց՝ «մա՛մ, մի անգամ տե՛ս ինձ սենց»։ Տեսա, աշխարհի ամենասիրուն զինվորն էր տղես` կեցվածքը փոխված, առնականացած»։

Հերոսներից ամենաշատը Հրաչյան սիրել է Մոնթեին: Վերջինիս մասին շատ տեղեկություններ էր մշակել և ցանկանում էր գիրք գրել, որը չհասցրեց ավարտին հասցնել։ Հերոսների հետքերով քայլող զինծառայողը հաճախ էր լինում Եռաբլուրում․ «Ոնց որ տղաներն ամեն մեկը մի քարացած լեգենդ լինեն էնտեղ։ Ինչե՞ր պետք է անես, որ նրանց պես հայտնվես էնտեղ։ Մամա՛, չգիտեմ, ինչ պիտի անեմ, որ արժանանամ Եռաբլուրում՝ էդ տղեքի կողքին պառկելուն»,- տղայի խոսքերը հիշում է մայրը։

Պայմանագրային ծառայության անցնելուց հետո Հրաչյան լիովին փոխվել էր, նույնիսկ ինքն իր աչքին էր ամբողջությամբ փոխված թվում․ այլ կերպ էր նայում կյանքին, հայրենիքին։ Հրաչյան դիրքերից շատ բան չէր պատմում մորը, միայն բնությունն էր նկարագրում և ցանկանում էր, որ տիկին Գոհարը ևս լինի Արցախում և հիանա այնտեղի բնության գեղեցկությամբ։ Մայրը մի անգամ որդուն ասել է, որ երևի պետք չէ այդքան հայրենասեր լինել։ Հրաչյան պատասխանել է․ «Մա՛մ ջան, էդ քո շնորհիվ ա»։

Ծառայության տարիների հետ կապված մայրը հիշում է, որ Հրաչյան միշտ պատրաստ է եղել անշահախնդրորեն բոլորին օգնելու։ «Ասում էր՝ «Մա՛մ ջան, դիրքերում, որ կանգնում ես, նույնիսկ այն տղաները, որոնց չես ճանաչում, նրանց համար պատրաստ ես զոհվելու»»… Իսկ մորը խորհուրդ էր տալիս ամեն անգամ իրեն դիրքեր ճանապարհելիս ոչ թե «բարով գնաս» ասել, այլ «մինչ նոր հանդիպում»։

Ապրիլի 1-ին Հրաչյան իջել է դիրքերից և ինչպես միշտ զանգահարել մորը։ Պատերազմական իրավիճակի մասին տիկին Գոհարն իմացել է հարևաններից։ Ասել են` պատերազմ է Թալիշում։ Հրաչյան ծառայությունն իրականացնում էր Շահումյանի շրջանում, այդ պատճառով մայրը մի փոքր հանգիստ է եղել։ Տղայի վերադարձի ժամանակն էր արդեն։ Նույնիսկ ասել էր մորը՝ ինչ ուտելիքներ պատրաստի։ Ապրիլի 2-ին նա նորից զանգել է ու ասել, որ չի կարող գալ տուն։ Մի քանի օր հետո կգա։

Հրաչյան զանգահարել է նաև ապրիլի 5-ին, մորն ասել, որ շատ բաներ ունի իրեն պատմելու։ Հորն էլ խնդրել է, որ իրեն լավ նայի։ Մոր հարցին, թե երբ է գալու տուն, որդին պատասխանել է` մի քանի օրից։ Դրանից հետո նրանց վերջին զրույցը եղել է ապրիլի 7-ին, երբ Հրաչյան զանգահարել է՝ շնորհավորելու մայրության և գեղեցկության տոնի առթիվ…

Պարոն Սամվելի խոսքերով՝ ապրիլի 2-ին նրանց ստորաբաժանումն զբաղվել է Սարսանգի ջրամբարի և շրջակայքի պաշտպանությամբ, այնուհետև տեղափոխվել են Թալիշ, ձեռնամուխ եղել թշնամուց մաքրված դիրքերի ինժեներական կահավորմանը։ Ապրիլի 8-ին դիրքային հրաձգության ժամանակ Հրաչյան նկատել է, որ խրամատում գտնվող ընկերոջ ուղղությամբ կրակում են։ Հրաչյան այս մասին տեղեկացրել է և քանի որ տիրապետում էր նաև առաջին բուժօգնությանը, սողեսող գնացել է նրան օգնելու։ Նրա հետևից գնացել են ևս 2 համածառայակից։ Ընկերները նկատել են, որ Հրաչյան չի շարժվում, մնացել է պառկած։ Նրանց թվացել է՝ Հրաչյան վախենում է շարժվել, քանի որ կրակոցներն անդադար են եղել։ Մոտենալով, սակայն, հասկացել են, որ իրենց ընկերը խփվել է…

Աննայի և Հրաչյայի ծանոթությունը հետաքրքիր է եղել։ Աննայի կուրսընկերուհին  Հրաչյայի քույրն է եղել։ Երկու աղջիկները նաև միասին են աշխատել, և աշխատանքի ժամանակ Աննան ու Հրաչյան հաճախ են հանդիպել։ Աննան մասնագիտությամբ արևելագետ է․ հասցրել էր Հրաչյային նաև մի փոքր պարսկերեն սովորեցրել։ Կինը հիշում է` նրա սիրած գիրքը Պուշկինի «Կապիտանի աղջիկն» էր, իսկ հայ գրականությունից շատ էր սիրում Պարույր Սևակի ստեղծագործությունները։ Ընկերություն են արել մոտ երկու տարի։ Աննան իրենց հիշում է որպես երանելի զույգ՝ ամեն տեղ ակտիվ և միմյանց հետ չվիճող։ Այնտեղ, որտեղ կար Հրաչյան, կար նաև երջանկություն, կարողանում էր ընկերներին մեկտեղել և հետաքրքիր ժամանց անցկացնել։ Կինը նաև վստահեցնում է, որ Հրաչյան ոչ ոքի հետ չէր կարողանում նեղացած մնալ, ինչը հեշտացնում էր ընկերական հարաբերությունները։

Հրաչյան երեք երեխա ունի՝ երկու աղջիկ և մի տղա։ Միշտ ջանացել և հասցրել է նաև երեխաների դաստիարակությամբ զբաղվել, եղել ուշադիր ու հետևողական։ Երեխաները հաճախ են հոր հետ տարբեր հետաքրքիր խմբակներ ու միջոցառումներ այցելել։ Աղջիկներին էլ խրատում էր, որ լսեն իրենց եղբորը։ «Եթե տանը չեմ լինում, տան տղամարդը ձեր ապերն է»,- ամեն անգամ դիրքեր գնալիս ասում էր Հրաչյան: Ծառայությունից և դիրքերից Հրաչյան չի պատմել նաև կնոջը։ Ապրիլյան այդ օրերին կինը փորձում էր ինչ-որ կերպ տեղեկություն ստանալ, սակայն Հրաչյան ոչինչ չէր պատմում։

Հրաչյան շատ էր սիրում «Ախպերս ու ես» երգը և հաճախ էր լսում։ Մի անգամ կնոջը ցույց է տալիս մի հոլովակ, որտեղ աղունիկ դարձած վերադառնում է զինվորը։ Աննան հիշում է, որ ամուսնու մահվան դեպքի օրերին իրենց շքամուտքում աղունիկ է հայտնվել…

Հեղ.՝ Աննա Գարեգինյան