Maksim-Grigoryan
Maksim-Grigoryan-April-2016-6
Maksim-Grigoryan-April-2016-7
Maksim-Grigoryan-April-2016-8
Maksim-Grigoryan-April-2016-9
Maksim-Grigoryan-April-War-1
Maksim-Grigoryan-April-War-2
Maksim-Grigoryan-April-War-3
Maksim-Grigoryan-April-War-4
Maksim-Grigoryan-April-War-5
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

ՄԱՔՍԻՄ ՎԱԳԻՖԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
25.08.1986 – 02.04.2016
Կոչումը՝ ավագ լեյտենանտ

Ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։
1993-2003 թթ. սովորել է Տումիի միջնակարգ դպրոցում։
2004-2006 թթ. պարտադիր զինվորական
ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։
2006-2008 թթ. սովորել է Ստեփանակերտի
«Գրիգոր Նարեկացի» համալսարանում։
Ավարտելուց հետո նույն թվականին անցել է
պայմանագրային զինվորական ծառայության
ՊԲ N զորամասում որպես մոտոհրաձգային վաշտի տեխնիկ։
2008 թ. սովորել է ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում՝
ստանալով ենթասպայի կոչում։
2012 թ. նշանակվել է ՊԲ N զորամասի հրամանատարի՝
սոցիալ-իրավական աշխատանքների գծով
օգնական-սպա՝ ստանալով լեյտենանտի կոչում։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ զինված
ուժեր 20 տարի», Արցախի «Մարտական ծառայություն»,
«Երկրապահ կամավորականների միություն»
հկ-ի «Հայաստանի երկրապահ» մեդալներով։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական
գործողությունների ժամանակ 9-րդ ՊՇ 112
մարտական դիրքը (Վարազաթումբ/Լալա Իլահի)
պաշտպանելիս համածառայակից սպաներ փոխգնդապետներ
Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի,
մայոր Սուրեն Մելքումյանի հետ միասին։ Նույն դիրքում են
զոհվել նաև դիրքապահ զինծառայողներ սերժանտներ
Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, կրտսեր սերժանտ
Սաշա Գալստյանը, շարքայիններ Ժորա Եսայանը,
Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը,
Բարիս Օզմանյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
Ամուսնացած էր, ունի 2 դուստր։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին
աստիճանի շքանշանով, Արցախի «Արիության համար»
մեդալով, «Մայրություն» հկ-ի «Մայրական
երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով։
∗ ∗ ∗

Չնայած մեր այցելության օրը Տումի գյուղում արևոտ ու տաք եղանակ էր` Մաքսիմի մայրը՝ տիկին Լուսյան, լույսը բացվելու մեջ այլևս իմաստ չէր տեսնում, չէր ուրախանում անտառների նոր ու թարմ կանաչով. առանց Մաքսիմի ամեն ինչ այլ է։

Դժվարանում է խոսել, բայց պատմելու շատ բան կա. «Մաքսիմս շատ հայրենասեր էր, ամեն օր «Կյանքս կտամ հայրենիքիս» երգելով էր տանից դուրս գալիս։ Վերջերս պատմեց՝ ինչպես են հերթափոխից հետո երկու մեքենայով վերադարձել, ու ճանապարհին թուրքերի կրակոցներից մի մեքենան տրաքել է: Ես էլ հուզված ասացի, որ ամեն անգամ չի՛ փրկվի, ամեն անգամ հաջողություն չի՛ լինի, մի օր էլ իրեն կխփեն, իսկ ինքը ինձ պատասխանեց. «Մի օր ծնվել ենք, մի օր կմեռնենք՝ հանուն հայրենիքի»։

Հայրենասիրական մթնոլորտն ընտանիքում դեռ վաղուց է եղել. Մաքսիմի հայրը 1990-ականներին կամավոր մասնակցել է հայ-ադրբեջանական պատերազմին ու նույն ոգով մեծացրել է որդուն։ Հայրը մահացել է գլխուղեղի ուռուցքից, ինչն էլ, կնոջ համոզմամբ, պատերազմի հետևանք էր։ Հոր մահից հետո տիկին Լուսյան ամեն ինչ արել է, որ Մաքսիմն ու երկու քույրերը շարունակեն կրթությունն ու դառնան լավ մասնագետ. այդպես էլ եղել է։

Հյուրասենյակում՝ Մաքսիմի անկյունում, որտեղ նրա լուսանկարներն են (շատ քիչ լուսանկարներ ուներ, չէր սիրում լուսանկարվել), պատվոգրերն ու մեդալները, կողք կողքի դրված են նրա ծառայողական գլխարկն ու գրչամանը՝ գրիչներով ու մյուս անհրաժեշտ պարագաներով. այսքա՜ն մոտ՝ միտքն ու ուժը։

Մաքսիմ ԳրիգորյանՄաքսիմը դպրոցում շատ լավ է սովորել։ Դասընկերների խոսքերով` ամենալավ սովորողն էր, ամենաճարտար լեզու ունեցողն ու ամենաշատ գիրք կարդացողը։ Շատ է սիրել հատկապես հայոց պատմություն ու գրականություն առարկաները։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Լաուրա Աբրահամյանը, հիշում է՝ Մաքսիմը որքան հաճույքով էր մասնակցում այն դասերին, որոնց ժամանակ վերլուծում էին Րաֆֆու հերոսներից Սամվելի կերպարը։ Երբ Մաքսիմն ավարտեց դպրոցը, պատմության ուսուցիչն անհանգստանում էր՝ եթե գան դասալսման կամ ստուգումների այլ տեղերից, ո՞ւմ է կանգնեցնելու, որ բոլոր հարցերին պատասխանի ու և՛ սովորողների, և՛ ուսուցիչների «երեսները պարզ անի»։

Մաքսիմը տանը դասագիրք գրեթե չէր բացում, ու տիկին Լուսյային թվում էր՝ օրագրում հայտնված հինգերը պարզապես «նվերներ» են։ Մի օր գնում է դպրոց՝ այդ հանելուկը բացահայտելու, ու պարզվում է՝ դասերի ժամանակ Մաքսիմն այնքան ուշադիր է լսում ուսուցիչներին ու կարողանում ամեն ասածը հստակ մտապահել, որ հաջորդ օրերին նույնությամբ պատասխանում է ու բարձր գնահատականներ ստանում։ Այս ամենին զուգահեռ դասընկերուհու՝ Լիանայի խոսքերով նաև շատ աշխույժ ու չարաճճի էր․ դասերի ժամանակ այնպես էր անում, որ բոլորը ծիծաղեն, իսկ ինքը դեմքի լուրջ արտահայտությամբ նստում էր։

Դասագրքերի փոխարեն շատ էր սիրում գեղարվեստական գրքեր։ Տիկին Լուսյան պատմում է. «Ինչ-որ ժամանակ հայրը անտառում խոզ էր պահում ու մեկ-մեկ մի քանի օրով Մաքսիմն էր գնում խոզերի մոտ, որ հայրը գար, հանգստանար։ Հենց գնում էր, ասում էր. «Հաց ուղարկելիս հետը գիրք չլինի, խոզերին անտեր եմ թողնելու, գամ»։ Գրքի գիժ էր, պետք ա անպայման կարդար, նոր քներ։ Աստվածաշունչ էր կարդում, ա՛յ, հեսա էջանշանը, տենց կեսումն էլ մնաց»։

Մոր խոսքերով ռուսերեն շատ լավ չգիտեր։ «Գնաց, իրավաբանական բառարան գնեց, ինքն իրեն պարապեց, սովորեց ու իր ուժերով ընդունվեց Ստեփանակերտի Գր. Նարեկացու անվան համալսարանի իրավաբանության բաժինը»։ Ավարտելուց հետո Մաքսիմը որպես մեխանիկ պայմանագրային զինծառայության անցավ ՊԲ N զորամասում։ Ժամանակի ընթացքում, սակայն, նրան հաջողվեց համատեղել համալսարանական կրթությունը և հայրենիքին ծառայությունը։ «Գնաց, քանի տեղ քննություններ հանձնեց, մինչև Երևան ստուգումներ անցավ, եկավ, դարձավ պոլկի իրավաբան։ Չնայած իրավաբանն էր, բայց տեղը հանգիստ չէր նստում։ Ինչ դիվերսիա լինում էր, գնում էր, ուզում էր անպայման մասնակցել, թուրքերին հետ մղել»,- հիշում է հերոսի մայրը։

Նույնիսկ դպրոցը, հետագայում համալսարանը ավարտելուց հետո հաճախ էր գնում դպրոց, հանդիպում ուսուցիչներին, վերհիշում դպրոցում անցկացրած լուսավոր տարիները։ Ուսուցիչների խոսքերով, երբ Մաքսիմն իրենց բարևում էր, գլուխը մի պահ կախում էր՝ կարծես խոնարհվեր։ Չնայած հասուն, ամուսնացած տղամարդ էր, երբ ուսուցիչներին տեսնում էր, ծխախոտը ձեռքից կա՛մ գցում էր, կա՛մ թաքցնում»։

Աշխատանքի բերումով Մաքսիմը տեղափոխվում է Մեխակավան (Ջաբրայիլ), իսկ այնտեղի ճանապարհը Հադրութով է անցնում, որտեղ էլ Մաքսիմը ծանոթանում է ապագա կնոջ՝ Գալինայի հետ։ Մաքսիմը շատ էր սիրում ֆուտբոլ և նորություններին ծանոթանալու համար թերթեր գնում էր այն գրախանութից, որտեղ Գալինան էր աշխատում։ «Մի օր մտավ, հարցրեց՝ «ի՞նչ արժե թերթը», ես էլ պատասխանեցի, որ 200 դրամ է։ Գրպանից թղթադրամներ հանեց ու ասաց՝ կոպեկ չունի, պետք է մեքենայի մեջ ստուգի։ Հետո վերադարձավ, կոպեկը տվեց, խնդրեց՝ թղթի վրա անունը գրեմ, որ հատուկ իր համար ֆուտբոլային թերթերը պահեմ։ Հետո, երբ արդեն ամուսնացանք, ասում եմ՝ «ախր, ես տեսա, որ գրպանումդ 200 դրամ կար, ինչի՞ չտվեցիր», ասաց. «ուզում էի մի քիչ ավելի երկար մնալ ու քեզ տեսնել, ախր շատ սիրուն էիր»»։

Մաքսիմը շատ ժամանակ չէր հասցնում անցկացնել կնոջ ու երկու աղջիկների՝ Նանեի ու Լուսյայի հետ, բայց, ինչպես ասում է Գալինան. «Երբ ասում էր, որ մեզ շատ է սիրում ու իր ունեցած ամենաթանկ բանն ենք, ամեն ինչ անցնում էր»։ Չնայած բանակային կյանքով խիստ զբաղվածությանը՝ Մաքսիմը փորձում էր գոնե կիրակի օրերն անցկացնել ընտանիքի հետ՝ առավոտյան սուրճ մատուցել Գալինային, իսկ երեկոյան փոքրիկների հետ մուլտֆիլմ նայել, հեքիաթներ կարդալ Նանեի համար ու օրվա ընթացքում էլ վայելել իր շատ սիրելի «ժարկոն»։ Անկախ նրանից, որ շատ էր ուզում տղա ունենալ՝ Մաքսիմն աղջիկներին շատ էր սիրում։ Նույնիսկ մեքենայի համարներն էր աղջիկների անունների առաջին տառերով ընտրել։Մաքսիմ Գրիգորյան

Հայրիկի շնորհիվ չորս տարեկան Նանեն շատ բան էր հասցրել սովորել։ Հոր մահից հետո հարևաններից մեկի տանը հայերենով, ռուսերենով թվերն է ասել, անգլերենով ասելու ժամանակ հասել է յոթ թվին, շարունակությունը մոռացել ու ասել. «Պապան քանի օր ա՝ հետս չի պարապել, որ գա պարապի, նորից կհիշեմ»։

Հաճախ է տնից դուրս գալիս Մաքսիմը համբուրել երեխաներին, Գալինայի ճակատն ու ասել. «Կներես, եթե հետ չգամ»։ Գալինան պատմում է. «Միշտ, երբ հերոսների մասին կարդում էր, հաղորդումներ էր նայում, ասում էր. «Կուզեմ հերոս մեռնեմ»։ Ասում էր` ամեն օր էլ կռիվ ա, բայց հեսա մի օր ա գալու, որ շատ ուժեղ ա լինելու, պետք ա պատրաստ լինեք, որ կարող ա հետ չգամ, իմ կյանքը կարճ ա, շուտ եմ մեռնելու»։

2016 թվականի ապրիլի 1-ին Մաքսիմը գնում է Ստեփանակերտ՝ մասնակցելու իրավաբանների ժողովի։ Ջերմություն ուներ՝ 39 աստիճան։ Զանգում է Ստեփանակերտում ապրող քրոջը՝ Նունեին, ասում, որ դեղեր պատրաստի ու թեյ. ժողովից հետո իրենց տուն է գնալու։ Գնում է, խմում, մի քիչ հանգստանում ու վերադառնում տուն։ Գիշերը նորից ջերմում է, իսկ առավոտ ծեգին զանգ ստանում՝ սահմանին վիճակը լարված է։ Տղաներին ասում է, որ իրեն սպասեն, երեք րոպեից իրենց մոտ կլինի։ Զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը (Սուրեն Մելքումյան, Ալեքսան Առաքելյան, Ռոման Պողոսյան, Օնիկ Գրիգորյան, Մաքսիմ Գրիգորյան) օգնության է հասնում Վարազաթումբ բարձունքի 112-րդ մարտական դիրքը պաշտպանող ժամկետայիններին։ Երկար, համառ ու անհավասար պայքարից հետո զոհվում են դիրքի անձնակազմից 12 ժամկետային զինծառայող, 1 պայմանագրային զինծառայող և օգնության հասած 5 սպաները։ Նրանց անձնուրաց պայքարի շնորհիվ գունդը ժամանակ ու հնարավորություն ստացավ պատրաստվելու հետ մղել թշնամու հետագա առաջխաղացումը դեպի պաշտպանական շրջանի խորքը։

Մաքսիմի լավ ընկերը` N զորմասասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Նիկոլայ Մայիլյանը, դժվարանում է խոսել Մաքսիմի մասին, ում ճանաչում էր ավելի քան տասը տարի։ «Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ Մաքսիմն իմ զինվորն ա եղել․ ես վաշտի հրամանատարն էի, ինքն՝ իմ զինվորը։ Հետո եկել ա ինձ մոտ՝ Ջաբրայիլում ծառայելու։ Չէի պատկերացնում, որ կարող էր այդքան խստապահանջ լինել և՛ անձնակազմի, և՛ զինվորների հետ (երբ խոսում է Մաքսիմի խստապահանջությունից, մեխանիկորեն ձեռքը բռունցք արած խփում է սեղանին – հեղ․)։ Շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ շատ էր սիրում զինվորներին։ Բոլորը հարգում էին իրեն։ Որպես զինվոր՝ շատ խելացի ա եղել։ Եթե ինչ-որ մի բան ինձ մի քանի անգամ պետք է բացատրեին, որ պատկերացնեի, Մաքսիմն ամեն ինչ միանգամից հասկանում էր։ Հետո իր խելքի շնորհիվ դարձավ պոլկի իրավաբան։ Ծառայության ընթացքում մեր հարաբերությունները պաշտոնական էին, շարքի դիմաց իմ ենթական էր, բայց դրանից դուրս ախպերություն էր։ Ինքն ուրիշ էր, ոչ մեկի հետ էսքան մոտ չեմ եղել, իրենից շատ բան եմ սովորել։ Միշտ զարմանում էի՝ որտեղից էդքան բան գիտի։ Շատ լավ էր տիրապետում հասարակական-պետական պատրաստություն առարկային, երբեմն բանավիճում էր ինչ-որ հարցերի շուրջ ու միշտ ճիշտ դուրս գալիս»։

Դեռ ոչ ոք չի համակերպվում այն մտքի հետ, որ Մաքսիմն այլևս չկա։ Տիկին Լուսյան ասում է. «Դժվար եմ պահել, բայց հեշտ կորցրել։ Մեկ-մեկ կզանգեր ու հետս էնպես կխոսեր, կարծես քույրը լինեի։ Չէր ասի «մա՛մ», կասեր «Լուսյա՛, ո՞նց ես, ինձ չե՞ս կարոտում, որ չես զանգում», իսկ եթե հանկարծ անհանգստացած էի լինում, ասում էր. Լուսյա՛, կե՛ր, խմի՛, քե՛ֆ արա. էսօր կանք, վաղը չկանք»»։

Միշտ շտապող, սուրճն ուշացնելու դեպքում բարկացող, կնոջը հաճախ «բալաս» կանչող, գյուղի բոլոր խնդիրներով անհանգստացող, զինվորների մասին հոգ տանող, իր արածներով հպարտացող ու դեռ ավելիին ձգտող Մաքսիմ Գրիգորյանն ամենաշատն օգտագործում էր «շնորհակալություն» բառը։ Երբ մայրը ժենգյալով հաց էր պատրաստում, երբ կինը օգնում էր ինչ-որ հարցով, միշտ համբուրում էր ճակատներն ու ասում «շնորհակալություն»։

Մե՛նք ենք Շնորհակալ…

Հեղ․ ՝ Մանե Գևորգյան