ՌԱՖԻԿ ԽԼՂԱԹԻ ՀԱԿՈԲՅԱՆ
19.01.1996 – 02.04.2016
Կոչումը՝ շարքային

Ծնվել է Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։

2003-2007 թթ․ սովորել է Կարմրաշենի՝
Արշավիր Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցում։

2008 – 2009 թթ. սովորել է ք. Թալինի Մելանթոն
Արսլանյանի անվան №1 հիմնական դպրոցում:

2009-2010 թթ. սովորել է Կարմրաշենի՝
Արշավիր Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցում:

2010-2011 թթ. սովորել է ք. Արմավիրի Անդրանիկ
Օզանյանի անվան №5 հիմնական դպրոցում:

Դպրոցական տարիներին զբաղվել է կարատեով, մասնակցել
մի շարք քաղաքային և հանրապետական մրցումների:

2014 թ. հունիսի 18-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է
ՊԲ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ։

Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 6-րդ ՊՇ 170 մարտական
դիրքի պաշտպանության ժամանակ համածառայակիցներ
ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, շարքայիններ
Վիկտոր Յուզիխովիչի, Աղասի Ասատրյանի հետ միասին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին
աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական խաչ» 1-ին
աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն»
մեդալով, «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի
«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Ղարաբաղյան
պատերազմի վետերանների միություն» հկ-ի «Հայրենիքի
պաշտպանության համար» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի
վետերանների միություն» հկ-ի ԼՂՀ Մատաղիսի պաշտպանության
համար «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,
«Առաջին գունդ» հայրենասիրական հկ-ի «Առաջին գունդ»
մեդալով, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի
«Մեծն Տիգրան» մեդալով և «Միջազգային անվտանգության
ասպետաց ակադեմիա» հկ-ի «Հայրենիքի պաշտպանության
համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալով։

∗ ∗ ∗

Հայրենիքից երեք տարի բացակայելուց հետո՝ 2014 թ. հունիսի 8-ին, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքից հայրենիք է վերադառնում Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանը՝ իր ծառայությունը հայրենիքում իրականացնելու համար։ Ռաֆիկ Հակոբյանը ծնվել է 1996 թ.-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում՝ Խլղաթ Հակոբյանի և Նաիրա Մանուկյանի ընտանիքում։ Ընտանիքի ավագ որդին էր։ Չնայած զուսպ ու հանգիստ բնավորությանը՝ ընկերական շրջապատում աչքի էր ընկնում աշխուժությամբ, կամեցողությամբ, ընկերասիրությամբ և իր անսահման նվիրվածությամբ:

Ռաֆիկը հասցրել է ուսման ընթացքում փոխել 3 դպրոց՝ ծննդավայր Կարմրաշենում, Թալինում և Արմավիրում, ինչի շնորհիվ ձեռք է բերել շատ ընկերներ, որոնք միայն ակնածանքով և դրական հուշերով են կիսվում՝ հերոս ընկերոջ մասին պատմելիս։

Ամենաերկարը Ռաֆիկը սովորել է ծննդավայր Կարմրաշենի միջնակարգ դպրոցում։ Ռաֆիկի դասընկերներից Համայակը պատմում է, որ գյուղի երեխաների հետ կապը միշտ պահել է. «Ռուսաստանից էլ միշտ զանգում էր: Ամեն ինչ գիտեինք իրա մասին, պատմում էր, բանակ եղած ժամանակ էլ միշտ կապը պահել ա բոլորի հետ։ Դասարանում պասիվ էր, բայց շատ բարի անձնավորություն էր»,- ասում է Համայակը։ Իսկ թալինյան դասընկերուհիներից Թեհմինեն ավելացնում է, որ թեև Ռաֆիկը համեստ, ամաչկոտ էր, բայց նրա եզակի հումորները հիշվողներից են. «Երկրաչափության դասի ժամանակ ուսուցչուհին Ռաֆիկին կանչեց գրատախտակի մոտ, որ երկրաչափական սեղան պատկերի, Ռաֆիկն էլ գնաց ու սովորական սեղան նկարեց»:

Ռաֆիկի դասղեկ Ռուզան Մխիթարյանն էլ շտապում է ասել, որ Ռաֆիկի մեջ ամենաշատը հարգում էր նրա մարդկային որակները՝ փակբերան լինելն ու անսահման նվիրվածությունը․ «Ռաֆիկի ծնողներն այստեղ չէին, ինքն էլ տատիկի հետ էր մնում։ Երկու օր դասի չեկավ ու չէր էլ տեղեկացրել։ Դասերից հետո մտնեմ իրենց տուն, տեսնեմ՝ էդ պահին հիվանդ տատիկին է կերակրում»։

«Ընտանիքի խորհրդատու»․ այս բառակապակցությամբ է որդուն նկարագրում մայրը՝ տիկին Նաիրան։ Մայր ու տղա միշտ կապված են եղել իրար հետ։ Ռաֆիկը միշտ հոգացել է տան կարիքները, երբ հայրը երկրում չի եղել, միշտ ժամանակին և՛ անասուններին է տարել արածեցնելու, և՛ հողամշակման աշխատանքներով է զբաղվել, և՛ տան կենցաղային հարցերով, չնայած որ գյուղի աշխատանքն այդքան էլ չէր սիրում։

Դպրոցական տարիներին Ռաֆիկը հաճախել է ինֆորմատիկայի դասերի, իսկ 5-րդ դասարանից սկսած՝ կարատեի պարապմունքների։ Այդ տարիներին Ռաֆիկը մասնակցել է մի շարք քաղաքային և հանրապետական մրցումների, զբաղեցրել բարձր հորիզոնականներ։ Սակայն երբ սև գոտու հավակնորդ էր և պետք է Հայաստանը ներկայացներ միջազգային մրցույթում, կիսատ թողեց սպորտը, քանի որ չէր հասցնում համատեղել դասերի ու տան գործերի հետ։ Ռաֆիկը սիրում էր նաև փայտագործությամբ և քանդակագործությամբ զբաղվել, սակայն ընտանիքի հետ պետք է մեկներ երկրից, ինչի պատճառով նրա նախասիրությունն այդպես էլ երազանք մնաց…

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2011 թ.-ին, Ռաֆիկն ընտանիքի հետ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ սկսեց աշխատել և հոգալ ընտանիքի կարիքները։ Սկզբնական շրջանում Ռաֆիկն աշխատում էր կահույքի, իսկ հետո կոշիկի արտադրամասում։ Մայրն ասում է, որ Ռաֆիկը, մեկ անգամ կոշիկին նայելով, կարողանում էր ասել՝ լավն է, թե չէ, որտեղի կար է, ինչ թերություններ կան և այլն։

Ռաֆիկը խառնվածքով շատ հարմարվող էր, պահանջկոտ չէր, միակ հարցը, որում բծախնդիր էր, սնունդն էր. որքան էլ զարմանալի է, նրա նման մարզված և ուժեղ տղան մսակեր չէր:

Ռաֆիկը սիրում էր տոներին անակնկալներ մատուցել մայրիկին և քրոջը, իսկ ծառայության տարիներին երբեմն հենց դիրքերում նշում էր ընտանիքի անդամների ծննդյան օրերը։ Հոր ծննդյան օրը զանգել էր և ընտանիքի անդամներին ասել, որ 8000 դրամ ունի հավաքած և զորացրվելուն պես որպես ծննդյան նվեր պատրաստվում է այդ գումարով ժամացույց գնել հոր համար։ Իսկ արդեն ծառայակից ընկերներին մատուցվելիք նվերները Ռաֆիկը ստանում էր ընտանիքի անդամներից, որոնք հաճախ չէին էլ իմանում, թե ինչի համար են որդուն պետք այդ փողերը, հեռախոսները…

«Ռաֆիկն իմ համար ոչ ախպեր ա եղել, ոչ էլ հարազատ, այլ հենց ընկեր ա եղել»։ Համագյուղացի Նշանը մի քանի օր ուշ էր զորակոչվել ծառայության։ Ռաֆիկի հետ ծառայել են նույն զորամասում։ «Ծառայության մեջ մարդիկ լրիվ ուրիշ են, բայց մեր հարաբերությունները ծառայության ընթացքում ավելի լավացան։ Նույն գումարտակից էինք, Մատաղիսում էինք։ Իր՝ լավը լինելու, պահվածքի համար բոլորը Ռաֆիկին սիրում էին»,- ասում է Նշանը։ Տղաները պլանավորել էին, որ երբ Ռաֆիկը զորացրվի, մի քանի օր կմնա Թալիշում, հետո միասին գյուղ կվերադառնան։ Նրանք միասին նույնիսկ իրենց ծերությունն էին պլանավորել… «Մարտական ծառայություն» մեդալը կրծքին, ընկերոջ գերեզմանի մոտ՝ Նշանը պատմում է, թե ինչպես են իրենց դիրքերի ուղղությամբ ապրիլի 2-ին ծավալվել մարտերը․ «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր, ամեն ինչ խաղաղ էր։ Մենք իրարից մոտ 1 կմ հեռավորությամբ գտնվող դիրքերում էինք։ Մոտավորապես գիշերը ժամը 01։55 սկսվեց կռիվը։ Իրենց դիրքը շրջափակման մեջ էր, և մենք չէինք կարողանում նրանց օգնության հասնել, քանի որ թուրքերը խոշոր տրամաչափի զինատեսակներից էին կրակ բացել և թվաքանակով էլ շատ-շատ էին։ Իրենց դիրքն այնպիսի տեղ է, որ կարող էին փախչել, բայց Ռաֆիկը մինչև վերջին փամփուշտը կռվել է, հետո Յուզիխովիչի հետ են եղել, երբ առավոտյան նրանց տեղակայման վայրում նռնակ են քցել։ Իրենց դիրքում 9 հոգով են եղել, որոնցից 4-ը զոհվել են, 3-ը՝ վիրավորվել (նրանցից երկուսը մեր դիրք էին եկել օգնություն վերցնելու և վիրավորվել էին ճանապարին), իսկ 2-ն էլ ավելի շուտ էին հասցրել հետ քաշվել։ Նրանց դիրքն ընդամենը մի քանի ժամ է մնացել ադրբեջանցիների ձեռքում։ Երբ գիշերը սկսեց աշխատել մեր հրետանին, մենք առավոտյան արդեն հետ բերեցինք դիրքը»։

Ծառայության ընթացքում Ռաֆիկը մոտ է եղել դիրքապահ և ծառայակից ընկեր Նարեկ Նիկողոսյանի հետ։ Ապրիլի այդ օրերին տիկին Նաիրան Սանկտ Պետերբուրգից փորձում էր հենց Նարեկի միջոցով տեղեկություններ ստանալ որդու մասին․ «Տղաներից Նարեկի համարն ունեի, չնայած չէի էլ ճանաչում նրան։ Ամսի 2-ին չկարողացա նրա հետ խոսել: Ամսի 3-ին Նարեկի հեռախոսն արդեն միացրած էր, փորձեցի տեղեկություն իմանալ, բայց Նարեկն ասեց, որ տեղեկություն չունի Ռաֆիկից, նրանք նույն դիրքում չեն եղել։ Մի քանի զանգից հետո Նարեկն ասաց, որ ինքը վիրավոր հոսպիտալում է, և խնդրեց Ռաֆիկից հարցեր չտալ»։ Իրականում Ռաֆիկը և հրաշքով ողջ մնացած Նարեկն ապրիլի 2-ին նույն դիրքում էին մարտնչել թշնամու դեմ, և Նարեկի համար դժվար էր ընկերոջ մահը գուժել մորը…

Հեղ․՝ Նունե Խաչատրյան