Vrezh-Sargsyan1
Vrezh-Sargsyan2
Vrezh-Sargsyan-3
VrezhSargsyan5
Vrezh-Sargsyan6

ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
22.03.1989 – 04.04.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ

Ծնվել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։

1996 թ. ընդունվել է Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոց։

1997 թ. դեկտեմբերի 15-ին ընտանիքը տեղափոխվել է
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղ։

1997-2004 թթ․ սովորել է Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցում։

Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է անասնապահությամբ։

2007 թ. մայիսի 15-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայության
ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

2011 թ. մայիսից պայմանագրային զինվորական ծառայության է անցել
ՊՆ N զորամասում։ Ծառայել է որպես հրաձգային ջոկի հրամանատար։

Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ դեպի 6-րդ ՊՇ թշնամու առաջխաղացումը կասեցնելիս
համածառայակիցներ ենթասպա Գագիկ Մելքոնյանի,
շարքային Հարություն Աբրահամյանի հետ միասին։

Ամուսնացած էր, ունի մեկ որդի։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով և
ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗

Ապրիլյան պատերազմում զոհված Վրեժ Սարգսյանը մանկության ութ տարիներն անցկացրել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում, այնուհետև Սարգսյանների ընտանիքը տեղափոխվել է Փոքր Մասրիկ, որտեղ էլ հասակ են առել պարոն Վարդանի երեք որդիները։ Վրեժը միջնեկն էր, ու հոր խոսքերով՝ միշտ առանձնանում էր բնավորության դրական կողմերով։ Իսկ մայրը՝ տիկին Օլյան, երանությամբ էր հիշում տղայի մանկության, դպրոցական կյանքի մասին. «Էնքան խելոք էրեխա ա եղել, շատ համեստ, մաքուր։ Դպրոցում, որ ծնողական ժողովի օրն էր գալիս, ասում էի՝ «վա՜յ, հեսա կկանչեն, ամոթանք կտան», որովհետև բացարձակապես չէր սովորում, բայց էնքան համեստ աշակերտ էր, որ գնում էի ծնողական ժողով, իրա դասղեկն ասում էր՝ «Ճիշտ ա՝ չի սովորում, բայց հենց ջղայինանում եմ, մոտիկանում եմ, որ մի հատ ճլոթի տամ, սիրտս հանգստանա, իրա համեստությունից ես ամաչում եմ»։

Թեև դպրոցում սովորել չէր սիրում, բայց դեռ մանկուց նկատելի էր Վրեժի սերը երաժշտության նկատմամբ։ Մեծ եղբայրը՝ Սեյրանը, ժպիտը դեմքին հիշում էր. «Փոքր էինք… Փետից կիթառ էր սարքում, նվագում, էդ կարգի բաներ սիրում էր»։ Հայրն էլ պատմում էր, որ ընկերական ամենօրյա հավաքույթներն անգամ ուղեկցվում էին երգ-երաժշտությամբ. «Երաժշտություն սիրում էր, իրա դասընկերներից 5-6 հոգի, որ հիմա Ռուսաստանում են, օրական սինթեզ-բան միացնում էին, երգում էին, ուրախանում։ Կապ չուներ, որ երաժշտական կրթություն չունեին»։

Ութամյա կրթությունը ստանալուց հետո Վրեժը դուրս է եկել դպրոցից ու մինչև զորակոչվելն օգնել հորը տնային տնտեսության գործում։ Վրեժի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հադրութում։ Երկու տարիների ընթացքում զինվորը երբեք չի անհանգստացրել ծնողներին, չի դժգոհել ծառայությունից։ Պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ տալով իր պարտքը հայրենիքին՝ զորացրվել է կրտսեր սերժանտի կոչումով։

Հարազատ գյուղում աշխատանք չգտնելով՝ մեծ եղբոր հետ շուտով մեկնում են Ռուսաստան, սակայն կարճ ժամանակ անց, չհարմարվելով օտար հողին, վերադառնում են հայրենիք ու որոշում անցնել պայմանագրային ծառայության։ Սեյրանը պատմում էր. «Ռուսաստան գնացինք, չհարմարվեցինք էնտեղ։ Հետո էկանք ու արդեն միանգամից որոշեցինք գնալ պայմանագրային ծառայության։ Հինգ տարի ծառայել ենք նույն տեղում»։ Եղբայրը տեսել էր Վրեժին թե՛ ծառայության մեջ, թե՛ ծառայությունից դուրս՝ ընտանիքում. «Տունը շատ լուռ էր ինքը, բայց ծառայության մեջ ակտիվ էր, կազմակերպում էր ամեն ինչը։ Ջոկի հրամանատար էր, ու էդպես խիստ լինելու առանձնակի կարիք չկար, բայց գրագետ լինելու խնդիր կար էլի․ պոստերում շինարարություն, ինժեներական գործեր։ Սարքում էին, կազմակերպում․ շատ բաներ են արել էդ պոստում, որտեղ ինքը եղել ա՝ հենց Օմար սարի վրա»։

Ընտանիքում Վրեժը բավականին լռակյաց էր։ Հոր կարծիքով՝ դա գալիս էր նրա ծանրակշիռ բնավորությունից. «Եթե շատ խոսայիր, ինքը քեզ նկատողություն կաներ։ Ինքն ասում էր՝ հարյուր անգամ պիտի մտածես, նոր գործես, պատահական քայլեր չանես, պատահական բառեր բերանիցդ չթռցնես»։ Նրա այս բնավորության մասին հիշեց նաև Սարգսյանների հարևանությամբ ապրող բարեկամուհին՝ Ոսկեհատը. «Եթե խոսում էր, միշտ տեղին էր խոսում, հաստատ բոլորն էլ կհասկանային իրան, ու էնպես էր արտահայտվում, էնպես ճիշտ խոսքերով էր ասում, որ չէիր էլ կարող նեղանալ»։

Պայմանագրային ծառայության անցնելուց որոշ ժամանակ անց Վրեժը որոշում է ընտանիք կազմել։ Ապագա կնոջն առաջին անգամ տեսել էր լուսանկարով ու իմացել նրա հեռախոսահամարը։ Կարճ հեռախոսազրույցից հետո հաստատ որոշել էր՝ կամուսնանա Նախշունի հետ, ու այլևս ժամանակ չէր կորցրել։ Ծնողների հետ ծանոթանալուց հետո հաջորդ հանդիպմանը առանց նշանդրեքի կամ որևէ արարողության Նախշունին տարել էր իրենց տուն ու այլևս չէր թողել նրան վերադառնալ։ «Ինքը չէր սիրում հարսանիք-բան, փախցրել ա ինձ։ Որ եկանք ստեղ, իրա ընկերները երևի արդեն գիտեին, լավ դիմավորեցին։ Ծնողներն էլ, ինձ չճանաչելով, շատ լավ ընդունեցին։ Հաջորդ օրն էլ մամաս զանգեց, հարցրեց՝ «ո՞նց ես», ասի՝ «մա՛մ, իրանք շատ լավ են ինձ ընդունել, երևի իմ բախտն էլ սենց էր»»,-պատմում էր հերոսի այրին։ Որպես ամուսին Վրեժը բավականին խանդոտ ու խիստ էր, բայց անգամ բնավորության այս գծերը Նախշունը հիմա կարոտով է հիշում. «Ինքը իսկականից շատ խանդոտ էր․ երեք տարվա մեջ ինձ մեր տուն չի տարել, պոստերից էլ կզանգեր՝ «տնից դուրս չգա՛ս», ուր էլ գնալուց լինեի, պիտի զգուշացնեի, ու որ հեռախոսային կապ էլ չէր լինում, պիտի սպասեի՝ ինքը զանգեր, նոր ես գնայի»։

Սրանից առավել Վրեժն աչքի էր ընկնում ծնողական սիրով ու հոգատարությամբ. «Ինքը Վարդանիկին շատ էր սիրում, որ տուն գար, առաջինը կգնար, կփաթաթվեր։ Էրեխեն էլ իրան էր շատ սիրում, հենց դուռը բացեր, ինքն էլ վազելով գնում էր մոտը։ Որ զանգում էր, շատ էր հարցնում էրեխուց, գիշերն էլ կզանգեր, կհարցներ՝ «էրեխեն կերել-խմել ա՞, ո՞նց ա»,- շարունակում էր Նախշունն ու մեկ առ մեկ հիշում իրենց ընտանիքի ապագայի հետ կապված բոլոր երազանքներն ու ծրագրերը։ «Էս վերջերս գնալուց առաջ էկավ, կանգնեց օրորոցի մոտ (էրեխեն քնած էր), նայե՜ց-նայե՜ց, ասեցի՝ «Վրե՛ժ, էրեխեն քնած ա, արի՛, պառկի՛, արդեն ուշ ա, ասեց՝ «ես տղուս համար էնքան պիտի ստեղծեմ, ես ինչ չեմ ունեցել, ինքը պիտի ունենա»…

Նախշունի խոսքերով՝ Վրեժը բավականին փոխվել էր կյանքի վերջին մի ամսում։ Որոշում էր կայացրել առանձնանալ ծնողներից՝ հնարավորություն տալով փոքր եղբորն էլ սեփական ընտանիքը կազմելու հայրական տանիքի տակ։ «Էնքան ծրագրեր ուներ, նոր էր ուզում ուրախանար իրա ընտանիքով։ Մարտի 1-ին մենք բաժանվել էինք կիսուրենցիցս, էս դուռը փակ էր, ուզում էինք՝ տուն կառուցեինք՝ վարկով, բանով, տենց հավաքեինք։ Էդ 15 օրն էր էլի, որ առանձին ապրեցինք մենք։ Էդ ժամանակ ինքը փոխվել էր, ես զարմանում էի, որ Վրեժը սենց բաներ կարար աներ։ Առաջ ընկերների հետ էր ամբողջ օրը, որ առանձնացանք, էլ տնից չէր գնում, ընկերներն էին գալիս, գնում»։

Տունը կահավորելու ու ընտանիքի կարիքները հոգալու համար ամեն ամսվա ցուցակ էր կազմել, որ հերթով իրագործեր. «Իմ հետ կնստեր, կասեր՝ «էս ամսվա գումարից էսի պիտի առնենք»։ Մտադիր էր ամեն ինչ առնել՝ խոլ, պահարան։ Ինքը Աշտարակից չուզենալով էր եկել, ասում էր` «ստեղ չեմ սիրում, պիտի գնանք էնտեղ ապրենք»։ Ամեն ինչ ցուցակով գրել էր, հարցնում էր՝ «մի մեշոկ ալյուր առնեմ, ինչքա՞ն ժամանակում կօգտագործես, որ ես էլ իմանամ, ոնց ծախսեմ փողը»։ Ասում էի՝ «Վրե՛ժ, որ տենց գրում ես, քեզ կողքից գումար պե՞տք չի» (էն վախտ շատ էր ծախսում), ասեց՝ «չէ, ես որ անում եմ, պիտի մինչև վերջ իմ նպատակը իրագործեմ»։ Էդ վախտ վարկ վերցրեց, 6 հատ ցուլիկ առավ, ուղարկեց սար, որ աշունը բերեին, մորթեր, էլի գումար հետ գցեր, էլի առներ, մինչև տան փողը հավաքվեր»։

Չնայած երիտասարդ ընտանիքին օգնելու հարազատների պատրաստակամությանը՝ Վրեժը որոշել էր ամեն ինչ ինքնուրույն անել՝ հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա։ «Մեծ ախպոր տունն էլ ինքը օգնեց, սարքեցին, հետո ասեց՝ «իրանք էլ ինձի կօգնեն, ես որ նպատակ ուենամ տուն առնելու»։ Բայց արդեն էս վերջին պահերին ասում էր՝ «ոչ մեկից էլ բան չպիտի վերցնեմ՝ ո՛չ ձերոնցից, ո՛չ մերոնցից»։ Էս խոլերը որ վերցրինք, մորն ասեց՝ «մա՛մ, պիտի հետ տամ սրանք, ինձի բան պետք չի», ես էլ ասի՝ «կարող ա՝ մերոնք էլ խոլ բերեն», ասեց՝ «չեմ ուզում, ուզում եմ՝ ամեն ինչ իմ ձեռով կառուցեմ, ամեն ինչն էլ պիտի իմ քրտինքով անեմ»»։

Վրեժը 18 օր անցկացնում էր դիրքերում, 24 օր՝ տանը։ Տանը եղած ժամանակահատվածն էլ փորձում էր ճիշտ տնօրինել. զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ՝ իր երազանքներն իրականություն դարձնելու համար։ «Ծառայությունից դուրս սիրում էր ծառն ու ճյուղը»,- ասում էր հայրը, իսկ մայրն էլ հիշում էր. «Ինքը սիրում էր անասուններ պահել, հատկապես՝ հորթեր։ Անասուններ ունեինք, որ առանձնացնում էինք, ասեց՝ «ինձ մենակ հորթեր տվեք, մեծացնեմ, փող սարքեմ, տուն սարքեմ»։ Տենց տնարար էր»։

Բայց ինչպես վկայում էին հարազատները, անգամ տանը հերոսը մտքերով միշտ ծառայության մեջ էր՝ պատրաստ, որ ամեն րոպե կարող են կանչել։ Նման նվիրվածությունն իր գործին զարմացնում էր նույնիսկ ընտանիքի անդամներին։ Նախշունի խոսքերով՝ ինքը երբեմն նեղսրտում էր, որ ծառայությունն այդքան մեծ տեղ էր զբաղեցնում ամուսնու կյանքում. «Մեկ-մեկ որ կպառկեր քնելու, ժամը կնայեր, կասեի՝ «Վրե՛ժ, էս ժամին ինչի՞ ես ժամ նայում», ասում էր՝ «էս ժամին ես արդեն պոստեր էի, կանգնած էի դիրքին, կանգնում էի, սմենափոխին կգային, կասեին՝ «Վրե՛ժ, հելի, քո ժամն ա», նորից կհելնեի, կգայի, կոֆե, թեյ, ամեն ինչը պատրաստ էր․ պոստեր ինձի ավելի լավ էին նայում»։ Տենց էր, անընդհատ կխոսար պոստերից, ընկերներից, հեռախոսով ամեն օր սաղի հետ կապի մեջ էր»։

Սիրում էր զինվորական գործը, իր համազգեստը։ Նախշունը պատմում էր. «Եթե զինվորական ինչ-որ հագուստ չուներ, պիտի զանգեր ինչ-որ տեղեր, իրան հասցնեին։ Էս վերջերս զանգեց Լենինական՝ իրանց հետի ծառայողին, ասեց՝ «ինձ վեշ-մեշոկ կբերես», ասի՝ «Վրե՛ժ, ունեցածդ թազա ա, նոր ես բերել», ասեց՝ «թո՛ղ լինի, թող մի հատ էլ լինի»։ Հագուստն էլ կարդուկեի, կդնեի, կգար իրիկուն, կասեր՝ «էսի չեմ հագնում, էդի թող մնա, որ կանչեն տեղ, թազա հագնեմ»։

Հայրական տանը՝ հերոսին նվիրված անկյունում, անմիջապես աչքի էր ընկնում դանակների հավաքածուն, որը հուշում էր Վրեժի մեկ այլ նախասիրության մասին, որի մասին պատմում է մայրը՝ «Ամեն ռայոն գնալուց մեծ-մեծ դանակներ էր առնում, բերում։ Ասում էի՝ «տղա՛ ջան, էս փողը խի՞ ա կտաս դանակներին», ասում էր՝ «մամա՛, էս դանակը մի օր ինձի պետք ա գալու, կարող ա՝ էդ մոմենտին թուրքը հարձակվի, չկարենամ հրացանով խփեմ, պիտի դանակով խփեմ»։ Միշտ դանակը հետը տանում էր պոստեր»։

Ընկերները Վրեժին հիշում են որպես կազմակերպված, համեստ ու ազնիվ անձնավորություն։ Ամենամտերիմ ընկերը Հարությունն էր՝ հարևան Արեգունի գյուղից, ում հետ ծանոթացել էին ծառայության ժամանակ։ Նրանց ընկերության մասին հիացմունքով խոսում էր Վրեժի մանկության ընկեր Վիգենը, ում վիճակված էր ապրիլի 4-ին դիրքից իջեցնել մեկտեղ զոհված երկու անբաժան ընկերների մարմինները. «Հարութն ու Վրեժը շատ ուժեղ ընկերներ էին։ Իրանց նման ընկերներ ես հլը կյանքիս մեջ տեսած չկամ։ Ճիշտ ա՝ իմ հետ մանկության ընկեր ա էղել Վրեժը, Հարութի հետ՝ ընդեղ՝ ծառայության տեղը, բայց իրար հետ շատ էին կապված․ ծառայության ընթացքում միշտ միասին էին»։

Վրեժն ու Հարութը շատ էին խոսում պատերազմից, քննարկում դրա վտանգներն ու հնարավոր հետևանքները։ Թշնամու վերահաս հարձակումը կանխազգացել էր Վրեժը։ Մայրը հիշում էր որդու մտահոգությունները. «Ինքը, Հարութի հետ նստած մեր տանը, հաց ուտելուց ասում էր՝ «պիտի կռիվ սկսի», զգում էր, հոտառություն ուներ, ասում էր՝ «կտեսնեք՝ հենց ձունը հալվի, պատերազմը կսկսի»։

Վրեժն իր 27-ամյակը մարտի 22-ին նշել էր դիրքերում ծառայակից ընկերների հետ։ Ապրիլի 1-ին իջել էին դիրքերից ու հաջորդ օրը պիտի վերադառնային տուն, երբ զորամաս էր հասել պատերազմի լուրը։ Անմիջապես հրաման էր ստացվել մեկնելու Թալիշ՝ այնտեղ դիրքավորվելու ու ճակատը պահելու համար։ Վրեժն էլ եղբոր հետ մեկնեց Թալիշ։ Ընտանիքի անդամները չգիտեին այդ մասին ու սեղանը պատրաստ սպասում էին նրանց։ Վերջին անգամ զանգել էր ապրիլի 3-ին, խոսել մոր հետ, հանգստացրել նրան ու խնդրել հեռախոսը փոխանցել կնոջը։ Նախշունը բառ առ բառ հիշում էր ամուսնու հետ վերջին զրույցը. «Վերջին անգամ զանգեց, ասեց՝ «ո՞նց ես», ասեցի՝ «դու ո՞նց ես», ձեն չհանեց, ասեց՝ «տղուս լավ կնայես», ու սիրտը լցվեց։ Հեռախոսը հեռու էր պահել, ասի՝ «Վրե՛ժ, ձենդ հեռվից ա գալիս, ինչի՞ չես խոսում, ասեց՝ «կարող ա՝ էլ կապ չլինի, չկարենամ՝ զանգեմ»։ Ու տենց էլ էլ կապ չէղավ»…

Վրեժը զոհվեց ապրիլի 4-ի առավոտյան թշնամական արկի պայթյունից։ Նույն արկի հարվածից զոհվեց նաև նրա մտերիմ ընկեր Հարություն Աբրահամյանը։ Եղբոր մահվան լուրն առնելով՝ Սեյրանը, գտնվելով մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, փորձել էր րոպե առաջ հասնել նրան, բայց ուժեղ կրակի պատճառով այդ պահին թույլ չէին տվել։

Փոքր Մասրիկի հայրական տանը դեռ թարմ էին Վրեժի մասին ցավն ու հիշողությունները, բայց հատկապես դժվար է մոռանալ հոր հետևյալ խոսքերը. «Ցավ կա, երբեք չի անցնի։ Բայց մի կողմից էլ ես հպարտ եմ, որ ունեմ նման տղա։ Շատերը երանի կտային, որ էդ մահով գնային, ինքը հերոսի մահով ա գնացել, փառքով ա գնացել, ես հպարտ եմ դրանով»…

Հեղ․՝ Աննա Բաբայան