ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
21.02.1992 – 25.04.2016
Կոչումը՝ ավագ լեյտենանտ

Ծնվել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։
1999-2009 թթ. սովորել է Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։
2010-2014 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան
ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝
նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի
հրամանատար ՊԲ N զորամասում։
Հետմահու ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 26-ին 5-րդ ՊՇ N մարտական դիրքում
ծառայողական պարտականությունները կատարելիս
թշնամու արձակած ականանետային հարվածից։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
∗ ∗ ∗

«Տիգրանը միշտ իր անունով էր հպարատնում. Տիգրան Մե՜ծն եմ, Տիգրան Մեծը։ Մի անգամ ասեցի՝ «դե որ էդպես է, կարո՞ղ է՝ մի օր մեր հողերն էլ հետ վերցնես», պատասխանեց՝ «վերցնելը չգիտեմ, բայց որ եղածն էլ պաշտպանենք, ղայդին տղա կլինենք»»,- պատմում է Տիգրանի մայրը՝ տիկին Սիլվան։

Տիգրանը շատ լավ երգում էր, բայց որոշ ժամանակ երաժշտական դպրոց հաճախելուց հետո մի անգամ Շուշան Պետրոսյանի երգերից մեկը կատարելու առաջարկի պատճառով երգելն անվանեց «աղջկա մասնագիտություն» ու շարունակեց զբաղվել բռնցքամարտով։ Կատակասեր ու սուր հումոր ունեցող Տիգրանին բոլորն առաջարկում էին իրեն փորձել այդ ասպարեզում ու դառնալ դերասան-հումորիստ, բայց Տիգրանը պատրաստ չէր բոլորի աչքի առաջ ցույց տալ իր տաղանդը։ Մայրը պատմում է. «Արդեն վերջին դասարանում էր, տարբեր ուսումնական հաստատություններից գալիս էին ուսումն իրենց մոտ շարունակելու հնարավորություններին ծանոթացնելու համար։ Եկավ տուն ու ասեց, որ որշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել։ Շատ զարմացանք. մինչև էդ դրա մասին խոսք անգամ չէր եղել։ Ասեց, որ շատ տպավորվել է, թե ոնց են ներկայացրել, մեջն էլ հայրենասիրություն է արթնացել, ու պետք է անպայման էնտեղ սովորի։ Ես փորձում էի համոզել, որ հումորի գծով շարունակի, բայց չհամաձայնեց։ Առաջին տարին չընդունվեց։ Հետո ամեն ինչ արեց, որ ինձ հակառակ ընդունվի։ Ավարտելուց հետո ուզում էր «Եղնիկներ» գնալ, բայց Մարտակերտ ընկավ։ Ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ գոնե քաղաք է, շատ վատ չի լինի»։

Տիգրանը երբեք չի բողոքել ծառայությունից։ Միակ խնդիրը ընտանիքից ու սիրած աղջկանից՝ Մարիետայից, հեռու լինելն էր, սակայն քանի որ գրեթե ամեն ամիս դառնում էր դիրքի լավագույն ավագ, սպասվածից շատ էր տուն գալիս։ Վերջին անգամ մարտ ամսին է տանը եղել։ Առաջին անգամ մորն ասել է, որ կարոտել է գյուղը, ուզում է անպայման այցելել հարևաններին ու ծանոթներին։ Վատ եղանակի պատճառով տանից դուրս չի եկել՝ մտածելով, որ մյուս անգամ բոլորին կտեսնի։

Ապրիլը լարված էր։ Վերջին անգամ՝ ապրիլի քսանհինգին, Տիգրանի հետ Մարիետան է խոսել։ Պատմում է, որ վերջին օրերին նեղված է եղել։ Տիգրանն ու կապիտան Արմենակ Ուրֆանյանը նախքան դիրքեր բարձրանալը զինվորներից մեկի հետ կապված ինչ-որ տարաձայնություն էին ունեցել ու առանց մինչև վերջ իրար հասկանալու բարձացել էին դիրքեր։ Ուրֆանյանը զոհվեց ապրիլի 2-ին՝ հայկական դիրքը թշնամու ներխուժումից պաշտպանելիս, իսկ Տիգրանը չէր կարողանում ներել, որ վերջին անգամ իրարից վիրավորված բաժանվեցին։

Մարիետան մեզ պատմեց նաև խոսակցությունից, ինչպես ինքն է ասում, մի քիչ հեքիաթային թվացող, բայց իրական հատված. «Հիմա եմ հասկանում, որ մի բան զգում էր։ Հինգ տարի է՝ միասին ենք, բայց առաջին անգամ հարցրեց՝ «Գիտե՞ս՝ ինչ եմ ուզում, ուզում եմ՝ միասին ծովափին լուսաբաց դիմավորենք»։ Մի պահ ինձ վատ զգացի, ասեցի՝ «կգաս, կդիմավորենք»։ Ասեցի, բայց երկուսս էլ զգում էինք, որ այդ պահը չի գալու»…

Խոսակցությունից մի քանի ժամ անց ուժեղ կրակ է սկսվում, իսկ հետո քսան րոպե դադար է լինում, որի ժամանակ, ինչպես դիրքերում պատմել են Տիգրանի մայրիկին, նա առաջ է վազում դեպի առաջին, հետո երկրորդ դիրք՝ ստուգելու՝ ինչ վիճակ է։ Նախքան կհասներ երրորդ դիրք, զինվորներն ասում են, որ գնալու հարկ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տիգրանը որոշում է իր աչքով տեսնել։ Հասնում է երրորդ դիրք ու հակառակորդի ականանետային հարվածի ժամանակ ընկնում զինվորներից մեկի վրա՝ փորձելով նրան պաշտպանել ու ինքն է ծանր վիրավորում ստանում։ Զինվորներն այնքան են սիրել Տիգրանին, որ վազել, ընկել են վրան՝ մտածելով, որ այդպես կպաշտպանեն իրենց հրամանատարին նոր կրակոցներից. կարծել են՝ միայն ոտքն է վնասված։ Ու նույնիսկ երբ փորձում էին օգնություն ցույց տալ, Տիգրանը բղավում էր, որ դիրքերին ուշադրություն դարձնեն…

Արդեն հիմա Տիգրանի՝ ժամանակին ասած յուրաքանչյուր խոսք ու յուրաքանչյուր արարք նոր իմաստ է ստանում։ Տիգրանի մայրը հիշում է. «Մեր հարևանի տղան շատ երիտասարդ տարիքում զոհվել էր իննսունականների պատերազմի ժամանակ, ու երբ նոր էր Տիկոս ընդունվել Վազգեն Սարգսյան, եկել էին մեր տուն ու Տիկոյին հարցրին, թե բա «դա մասնագիտությո՞ւն է, որ դու ընտրել ես, տեսա՞ր՝ մեր Էդոյին ինչ եղավ, ինչի՞դ է պետք»։ Տիգրանն էլ պատասխանեց. «Էդոների թափած արյունը պետք ա պաշտպանեմ, որ թուրքի ոտքն էդտեղ չկանգնի»։ Չգիտեմ՝ որտեղից այդքան հայրենասիրություն իր մեջ։ Ապրիլի առաջին օրերին ամենաշատը վրան ազդել էր, թե ինչպես էին Թալիշում ծերերին խոշտանգել։ Տղաներն ասում են՝ բարկությունից օդի մեջ էր կրակում ու ասում՝ «տղա չեն, թող գան դեմ առ դեմ կռվենք»»։

Տիգրանը շատ էր սիրում բանակն ու իր զինվորներին, բայց դրան զուգահեռ նաև շատ խիստ էր։ Մայրը պատմում է. «Ինքը հեշտ էր արթնանում, շատ խոր չէր քնում։ Ասում են, երբ տեսնում էր, որ իր զինվորների աչքերը փակվում էին սահմանին կանգնած, ուղարկում էր քնելու ու ինքն էր կանգնում։ Նաև շատ պահանջկոտ էր. պետք է տասնհինգ վայրկյանում իր տղաները կազմ-պատրաստ կանգնեին։ Տղաներն ասում են, որ միայն կասկեքի համար է իրենց նեղություն տվել՝ անընդհատ ստիպելով դնել ու ասել է՝ «Բա որ ձեր մատը փուշ մտնի, ի՞նչ պետք ա պատասխան տամ ձեր ծնողներին»»։ Այս ամենին զուգահեռ Տիգրանը բանակում չի կորցրել նաև հումորի զգացումը։ Մի օր ագռավ է խփել, բերել, տվել է տղաներին, ասել՝ «Սրանց կյանքը երկար ա՝ հարյուր, երկու հարյուր տարվա կյանք ունեն, կերե՛ք կյանքներդ երկարի»։

Բանակային կյանքը, Մարիետայի խոսքերով՝ չէր փոխել Տիգրանին. «Երեխայի պես բարի, անկեղծ, մաքուր տղա էր։ Կարծես՝ էս դարի մարդ չլիներ։ Ոչ մի անգամ չեմ լսել, որ մեկի մասին վատ բան ասի։ Կռվարար չէր. չգիտեմ՝ ինչ պետք է լիներ, որ կռվի մեջ հայտվեր։ Հենց այգի էինք գնում, բոլոր երեխաներին սիրում ու խոսեցնում էր։ Զինվորներին էլ էր շատ սիրում։ Երբ գալիս էր, խմորեղեն էի պատրաստում, որ հետը տաներ իր տղաներին։ Մի անգամ տղաների վրա բարկացել էր, որովհետև իրենց վատ վարքի պատճառով դիրքի լավագույն ավագ չէր դարձել, ասեց, որ հետը ոչ մի բան չի տանի։ Մտանք խանութ, մեկ էլ տեսնեմ՝ սկսեց նորից քաղցր բաներ առնել ու ասեց, որ չի կարող չտանել, տղա են, մի անգամ էլ սխալվել են։ Բանակային կյանքը շատերին է կոպիտ դարձնում, զորացրվելուց հետո սկսում են ավելի շատ վատ բառեր օգտագործել, իսկ ինքն ամբողջ կյանքը դրա մեջ է եղել, բայց չէր փոխվել։ Հոգատար էր, հանգիստ էր խոսում ու նույնիսկ չէր ծխում»։ Մարիետան Տիգրանի մասին ժպիտով է խոսում ու ավելացնում. «Գուցե գիշերները չքնեմ, ամբողջ օրն ինքս ինձ լաց լինեմ, բայց հենց սկսում եմ Տիգրանի մասին խոսել, ակամա ժպտում եմ․ ախր շատ լավն էր, հնարավոր չէ իր մասին առանց ժպիտի խոսել»…

Ժպիտով էր խոսում նաև Տիգրանի մայրը, բայց հասկանում էինք, որ իրականում փորձում է այնպես անել, որ մենք շատ չանհանգստանանք։ Խոսում էր արագ, ժպիտով ու անսահման էներգիայով, իսկ հետո ավելացնում. «Տիգրանիս մեջ իմ եռանդն էր։ Միշտ սովորեցրել եմ չընկճվել։ Ասում էի՝ մարդ ամեն ինչ ինքը պետք ա ստեղծի ու նեքևից վերև բարձրանա։ Իրականում ինձ էր նման, բայց հենց իր մոտ ասեիր՝ վե՜րջ. ինքն ասում էր, որ հորն է նման։ Երկու եղբայր էին՝ իրարից շատ տարբեր։ Մյուս տղաս էլ ոստիկան է։ Հպարտանում էի, որ երկուսին էլ պետությանն եմ տվել։ Ոչ ոք Տիգրանին սպայի դերում չէր պատկերացնում, ասում էին՝ «սխալ մասնագիտություն է ընտրել, շատ բարի է զինվորական լինելու համար», բայց իրականում կարողացել է իր հոգատարության ու նաև խստության շնորհիվ սիրվել իր զինվորների ու անձնակազմի կողմից»։

Ծառայության ընթացքում Տիգրանը հասցրել էր սիրել Արցախը, Մարտակերտն ու այնտեղի իր տունը։ Միշտ գովել է ու դրսում ապրող բարեկամներին անընդհատ կանչել ինչպես ինքն էր ասում՝ «մեր Արցախ երկիրը» ցույց տալու համար։ Նույնսիկ ուզում էր այնտեղ տուն գնել, ու երբ հայրն ասում էր, որ գար իր մոտ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, պատասխանում էր. «Եթե բոլորս թողնենք գնանք, ո՞վ է էստեղ մնալու ու մեր հողը պաշտպանելու։ Եթե պետք ա տանեիր, փոքր ժամանակ տանեիր, հիմա գիտակցաբար ես չեմ թողնի, գամ»։

Մտնում ենք Տիգրանի սենյակ՝ նրա՝ խնամքով պահված իրերը տեսնելու համար, ու սենյակում զգում ենք Տիգրանի օծանելիքի հոտը։ Մարիետան միանգամից ասում է. «Նույնիսկ երբ դարակներն ենք բացում, միանգամից իր հոտն է գալիս։ Սիրում էր լավ հագնվել, միշտ խնամված լինել»։ Ցույց է տալիս սեղանին դրված գրքերն ու ասում, որ շատ էր սիրում պատմական գրքեր ու ամենահաճույքով կարդացել է «Կնքահայրը»։ «Ինքը շատ էր կարդում ու ինձ էլ էր անընդհատ ասում, որ կարդամ, ես էլ ասում էի, որ իմ բժշկականի նյութերն առանց էդ էլ շատ են»,- հիշում է Մարին։

Տիգրանը սիրում էր նոր բացահայտումների մասին հաղորդումներ դիտել, լավ գիտեր հայերեն ու շատ գրագետ էր խոսում, գրում էր մաքուր ու հստակ ձեռագրով։ Ամեն անգամ Արցախ գնալիս գունավոր գրիչներ էր տանում՝ իր տետրերը գեղեցիկ զարդարելու համար։

Այն հարցին, թե որն էր Տիգրանի ամենասիրելի տոնը կամ առհասարակ՝ օրը, Մարին ծիծաղով պատասխանում է. «Պետական տոներն էր սիրում։ Որպես երգ՝ օրհներգն էր սիրում։ Բանակի օրը՝ հունվարի 28-ը, ամենասիրած օրն էր։ Փետրվարին էլ իր ծնունդն էր, ասում էր՝ «ես ու բանակն իրար հետ ենք մեծանում»։ Այդ օրվա հետ կապված մի անգամ հարցազրույց են վերցրել Տիգրանից ու հարցրել՝ «Ինչպիսի՞ն պետք է լինի սպան», ու ինքը պատասխանել է, որ առաջին հերթին պետք է հոգատար լինի իր զինվորների նկատմամբ»։

Տիգրանն իր պատասխանը գործով ապացուցեց…

Հեղ․՝ Մանե Գևորգյան