1. Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը, հատկապես հետհրադադարյան (1994-ից առ այսօր) զարգացումները պարզորեն ցույց են տալիս, որ քանի դեռ Ադրբեջանի ներուժը բավարարում է հաշվի չնստելու պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների հետ, և այդ երկրի ղեկավարության շահերից բխում է շարունակել պատերազմը, ապա այս կամ այն մակարդակի մարտական գործողություններով վերջինս, միևնույնն է, շարունակվելու է։
Տեսականորեն Ադրբեջանին հաղթել հնարավոր է կա՛մ լայնամասշտաբ պատերազմում տարվելիք ևս մեկ հաղթանակով, կա՛մ ինչն առավել նախընտրելի է՝ թշնամու հանդեպ տնտեսական, քաղաքական, ռազմական և համակարգային զսպման այլ միջոցների կատարելագործմամբ, ինչի շնորհիվ հայկական կողմի դեմ ցանկացած մակարդակի ոտնձգություն Ադրբեջանի համար կլինի այնքան թանկ ու աննպատակահարմար («ծախսը չարդարացնող»), որ հետ կպահի վերջինիս նման գործողություններից։
Պետք է հաշվի առնել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է տոտալ բնույթ, ինչպես օրինակ, Արևմուտք-ԽՍՀՄ մրցակցությունը Սառը պատերազմի տարիներին։ Եվ ինչպես ցույց տվեց պատմական այդ փորձը, տոտալ հակամարտությունների պարագայում հաղթել հնարավոր է միմիայն հակառակորդի նկատմամբ ամենատարբեր ոլորտներում համախումբ կերպով առավելության հասնելու դեպքում։ Պարզ ասած՝ պատերազմական գործողություններն ու կորուստները նվազագույնի հասցնելու, լայնամասշտաբ պատերազմը կանխելու և Ադրբեջանին զսպելով տևական խաղաղության հասնելու միակ ճանապարհը Հայաստան պետության հետևողական և համակողմանի զարգացումն ու հզորացումն է։
2. Ինչ վերաբերում է որպես հարցի լուծման և խաղաղության հաստատման միջոց հրամցվող «հողերը տանք, հանգիստ ապրենք» տարբերակին և բանակցային ներկա առաջարկների տարածքային բաղադրիչին, ապա դրանք ընդհանրապես անհնար են դարձնում Ադրբեջանի հետ խաղաղությունը և Հայաստանի հետագա զարգացումը։ Այսպես.
- ՀՀ ամբողջ տարածքի հանդեպ նախագահի մակարդակով հավակնություններ հայտնող ագրեսիվ պետությունը մեր կողմից ցանկացած զիջում ընկալելու է ոչ թե որպես խաղաղության միտված բարիդրացիական քայլ, այլ թուլության նշան ու նոր ծավալման համար պատեհ առիթ։
- Զիջումների արդյունքում թուլացած Հայաստանի պարագայում Ադրբեջանն ընդհանրապես չի կատարի միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, ինչպես որ այսօր չի հարգում 1994-1995 թթ. հրադադարի մասին ստորագրած փաստաթղթերը։
- Այս պարագայում նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող և 1992-1994 թթ. ազատագրված տարածքների կորուստը մեզ համար կնշանակի, որ Ադրբեջանի հետ մեր սահմանը մեծանում է մի քանի հարյուր կիլոմետրով, ինչը պահելու համար մեզ պետք է լինելու մի քանի անգամ ավելի շատ զինծառայող, զենք, զինամթերք, զինտեխնիկա և այլն։
- Բացի այդ՝ ռազմավարական կարևորություն ու ռազմաաշխարհագրական զսպման դեր ունեցող մեր այդ տարածքների կորուստն Ադրբեջանի համար հեշտացնելու է արդեն շահեկան դիրքերից մարտական գործողությունները նոր թափով վերսկսելը։
- Եվ վերջապես, ոչ պակաս կարևոր է, որ 1994 թ.-ից այս կողմ ամբողջ Հայաստան պետության և վերջինիս բնակչության կողմից զոհաբերությունների գնով պաշտպանված հայրենական տարածքների կորուստը, այն էլ՝ «հանձնման» ճանապարհով, բարոյահոգեբանական ծանրագույն հարված կհասցնի մեզ բոլորիս՝ կասկածի տակ դնելով Հայաստանի անկախության պայքարի և հետագա զարգացման իմաստն ու հեռանկարը։
Ժողովրդի շրջանում լայնորեն տարածված է այն մտայնությունը, թե «մենք [լավ] չենք պատասխանում թշնամուն», ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմն անհրաժեշտության դեպքում և՛ պատասխան, և՛ կանխարգելիչ հարվածներ է հասցնում հակառակորդին, որոնց մասին ռազմական գաղտնիքի պահպանման ռեժիմի կամ այլ պատճառներով հաճախ տեղեկություններ չեն հրապարակվում։ Մի շարք դեպքերի մասին էլ մանրամասներ իմացվում են հետագայում, երբ գաղտնիության խնդիր այլևս չի լինում, կամ էլ` ադրբեջանական աղբյուրներից։ Ստորև կբերենք վերջին տարիներին մեր բանակի իրականացրած մի շարք պատժիչ և կանխարգելիչ գործողությունների օրինակներ։
ա․ 2014 թ. օգոստոսի 1
2014 թ․ հուլիսի 31-ի առավոտյան 7-րդ պաշտպանական շրջանի («Եղնիկներ») միջդիրքային հատվածներից մեկում դարանակալած թշնամին հարձակվեց հացի մեքենայի մոտ շարժվող հայ դիրքապահների վրա՝ ըստ ամենայնի նպատակ ունենալով գերեվարել վերջիններիս։ Անզեն ձեռնամարտի բռնվելով թշնամու դեմ՝ կռվեցին և քաջի մահով ընկան սերժանտ Արարատ Խանոյանը և շարքային Ազատ Ասոյանը։ Շարքային Նորայր Քամալյանը ծանր վիրավորվեց։ Հաջորդ իսկ օրը՝ օգոստոսի 1-ին, հայկական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը պատասխան պատժիչ գործողությամբ թշնամու թիկունքում ոչնչացրեց առնվազն 8 զինծառայողի։
բ․ 2015 թ․ օգոստոս
Ռազմաճակատի արևելյան ուղղությամբ՝ Կուրոպատկինոյի հատվածում, հայկական հրետանին կանխարգելիչ հարված հասցրեց թշնամու՝ երկրորդ գծում տեղակայված կուտակումներին, որոնք վերջին շաբաթներում մեծ չափերի էին հասել։ Ըստ ադրբեջանցի զինծառայողի վկայության՝ այնտեղ ամեն ինչ «ցխված էր»՝ շտաբը, ճաշարանը, կային զոհեր ու բազում վիրավորներ։
գ․ 2016 թ․ ապրիլի վերջ
Հրետանային բախումների ժամանակ հայկական կողմը հարվածում էր հակառակորդի բոլոր կրակային միջոցներին, այդ թվում՝ գյուղերի մերձակայքում և հարևանությամբ տեղակայված հրետանային կայանքներին, ինչի հետևանքով եղան նաև անխուսափելի և ադրբեջանական կողմի մեղավորությամբ ծագած քաղաքացիական զոհեր ադրբեջանական սահմանամերձ գյուղերում։
դ․ 2017 թ․ փետրվարի կեսերին նույնպես հայկական հրետանին հարվածում էր քաղաքացիական բնակավայրերի մատույցներում տեղակայված ադրբեջանական Դ-44 տիպի հրանոթներին։
Իսկ եթե վերանալու լինենք առանձին օրինակներից, ապա պետք է հիշել, որ ադրբեջանական զինված ուժերում վերջին տարիներին գրանցվող կորուստների մեծ մասը մարտական կորուստներ են, որոնք հետևանք են հայկական կողմի կանխիչ կամ պատժիչ գործողությունների։
Դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Նախ, ամբողջությամբ պայմանագրային ծառայության սովորաբար անցնում են այն երկրները, որոնք չունեն արտաքին ագրեսիայի անմիջական սպառնալիք։ Օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում պարտադիր զորակոչից հրաժարվեցին միայն ԽՍՀՄ փլուզումից և սովետական/ռուսական իրական ռազմական վտանգի ի սպառ վերացումից հետո։ Իսկ այն երկրները, որոնք այդպիսի սպառնալիք ունեն, բանակից զատ հոգ են տանում նաև բավականաչափ բազմաքանակ մոբիլիզացիոն ռեսուրս ունենալու համար, որին էլ հենց ծառայում է պարտադիր զինվորական զորակոչը։ Օրինակ՝ Թուրքիան և Հունաստանը, չնայած նույն ռազմական բլոկի անդամ են, միմյանց դիտարկում են որպես ագրեսիայի հնարավոր աղբյուր ու չեն հրաժարվում պարտադիր զորակոչից։
Կոնկրետ Հայաստանի դեպքում այդպիսի համակարգի անցման ճանապարհին կան թե՛ քանակական, թե՛ որակական խոչընդոտներ։ Նախ՝ զինված ուժերի համալրման միայն պայմանագրային մեխանիզմը հայաստանյան ներկայիս ժողովրդագրական և ֆինանսատնտեսական պայմաններում հնարավորություն չի տա անհրաժեշտ չափով համալրել բոլոր պահանջվող հաստիքները։ Ասել է թե՝ որքան էլ բարձրացվի պայմանագրային զինծառայության՝ որպես պետական աշխատանքի սոցիալական, ֆինանսական, արժեքաբանական գրավչությունը, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ այդ եղանակով լրացնել մարդկային այն անհրաժեշտ ռեսուրսը, որ ներկայումս ստացվում է պարտադիր զինծառայության միջոցով։
Երկրորդ՝ հնարավոր չէ ամբողջովին փոխարինել ժամկետային զինծառայողներին տեխնիկական հավաստանշման սարքերով կամ պայմանագրային զինծառայողներով, քանի որ որպես պատերազմող երկիր՝ մենք կարիքն ունենք մեծ թվով պատերազմող և, ինչը պակաս կարևոր չէ, ցանկացած պահի ռազմունակ ռեսուրսի։ Առաջնագծում տեխնիկական սարքերը կարող են օժանդակ դեր կատարել, սակայն խոցվելու կամ առավել ևս՝ լայնամասշտաբ պատերազմի դեպքում դրանք չեն փոխարինի կենդանի ուժին։ Նորանոր պայմանագրային զինվորականների ներգրավումը թույլ կտա նվազեցնել դիրքապահ ծառայության մեջ ներգրավված պարտադիր ժամկետային զինծառայողների թվաքանակը, բայց մյուս կողմից էլ՝ անթույլատրելի կլինի, եթե 10 տարի հետո, երբ հին սերունդն արդեն ոչ զորակոչային տարիքի հասած լինի, մենք պատերազմի վտանգի առաջ չունենանք մարտական դիրքերում ծառայություն անցնելու փորձառությամբ պահեստազոր։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագիծը շատ արագ համալրվեց պահեստազորից կամավոր սկզբունքով ներկայացած զինապարտներով։ Հնարավոր չէր լինի այդպիսի արագություն ապահովել, եթե զինապարտ քաղաքացիները ժամանակին զինվորական ծառայություն անցած չլինեին։ Կամ, օրինակ, եթե ապագայում ծագի ֆորմալ կամ ոչ ֆորմալ, մասնակի կամ համընդհանուր զորահավաքի կարիք, ապա 2016 թ․ ապրիլին դիրքապահ ծառայություն իրականացրած ժամկետային զինծառայողները կներգրավվեն որպես ավելի մրցունակ ու որակավորված զինծառայողներ։ Ասել է թե՝ մեր մոբիլիզացիոն ռեսուրսը պետք է լինի ոչ միայն որակյալ, այլև շա՛տ, որքան հնարավոր է շա՛տ ու պրոֆեսիոնալ (այս մասին տե՛ս նաև հարց 19)։
Հենց այս պատճառով էլ Հայաստանը չի կարող և չի հրաժարվելու պարտադիր զորակոչից։ Եվ որքան էլ բարդ հնչի սա անձնային տեսանկյունից, փաստ է, որ ներկայիս տարածաշրջանային, բայց և հատկապես՝ հայաստանյան ժողովրդագրական իրողությունները թելադրում են շարունակել այսպիսի քաղաքականություն վարել։
Լայն առումով Ադրբեջանի ուզածը Հայաստանին ծնկի բերելն ու հաղթելն է՝ քայլ առ քայլ կամ միանգամից։ Որպես երիտասարդ պետություն և նոր ձևավորվող ազգ՝ Ադրբեջանն ուժերի ներածին չափով վարում է ակտիվ-ծավալողական քաղաքականություն, ինչն ուղեկցվում է ազգակերտման պրոցեսի անբաժանելի մասը կազմող «օտարի/թշնամու» կերպարի ձևավորմամբ, որի դերում հանդես են գալիս հայերն ու Հայաստանը։ Արդյունքում՝ Ադրբեջանի ագրեսիվ ծավալումն ուղղվում է Հայաստանի դեմ։
Իսկ նեղ՝ ավելի կոնկրետ առումով, Ադրբեջանի ուզածը Հայաստանի տարածքն է, առաջին հերթին Արցախը և Սյունիքը։
Արևելյան Անդրկովկասի թյուրքական բնակչության ատելությունը հայության հանդեպ երեսուն տարվա պատմություն չէ, որ ունի։ Այն առաջացել է պատմականորեն՝ կապված հայկական հողերում մուսուլմանական-թյուրքախոս բնակչության սփռման, ցարական Ռուսաստանի միտումնավոր քաղաքականության, ինչպես նաև Օսմանյան կայսրության ամենաուղղակի միջամտությամբ Անդրկովկասի թյուրքախոս մուսուլմանների քաղաքական սոցիալականացման հետ։
Ադրբեջանի պարագայում գործ ունենք մի համակարգի հետ, որում Հայաստանի ու հայերի նկատմամբ թշնամանք կա բնակչության բոլոր խավերի մոտ։ Պատահական չէ, որ 1988 թ. Բաքվի Լենինի հրապարակում առաջին ցույցերը սկսվեցին հենց ղարաբաղյան հարցի առնչությամբ և «Մա՛հ հայերին» վանկարկումներով։ Արդեն այդ տարիներին ղարաբաղյան հարցն ամենահարմար միջոցն էր «Գոյություն» կազմակերպության և «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» համար՝ ճնշում բանեցնելու երկրի կոմունիստական իշխանությունների վրա և ժողովրդի շրջանում հեղինակություն ձեռք բերելու համար։ Քաղաքական առաջնորդներն օգտվում էին այն լայն արձագանքից, որ հակահայկական տրամադրություններն ստեղծում էին ղարաբաղյան հարցի շուրջ, և իրենք էլ իրենց հերթին սրում էին այդ տրամադրությունները։
Ձևավորվել է մի փակ շղթա, որի պայմաններում ադրբեջանական ժողովրդի հակահայկական տրամադրությունները փոխանցվում են վերնախավին, որն էլ իր հերթին խրախուսում ու բազմապատկում է դրանք։ Քաղաքական այս մոդելի կենսագործման հետևանքով այսօր շատ են այն ադրբեջանցիները, որոնք, անգամ դժգոհ լինելով ալիևյան վարչակարգի քաղաքականությունից, այդուամենայնիվ, զերծ չեն սուր հակահայկական տրամադրություններից։
Այստեղից էլ բխում է հարցի պատասխանը, որ անգամ եթե ալիևյան վարչակարգին օրերից մի օր փոխարինի համեմատաբար ժողովրդավարական համակարգ, վերջինս չի կարող հաշվի չնստել ժողովրդի հակահայկական տրամադրությունների հետ։ Արդյունքում՝ այդ վարչակարգը կա՛մ կշարունակի հայերի հանդեպ նախորդների ագրեսիվ քաղաքականությունը, կա՛մ կպարտվի՝ դիրքերը զիջելով բնակչության տրամադրություններին հագուրդ տվող ուժերին։
Ո՛չ, հնարավոր չէ։ Կիսաքարոզչական և «վախճանաբանական» այս թեզի հիմքում ընկած է խորհրդայնացման առաջին տարիների (1920-1921 թթ․) հայաստանյան իրականության մերօրյա արտապատկերումը, ինչն սկզբունքորեն սխալ է, քանի որ այդ ժամանակվա Հայաստանը զուրկ էր պետականության կարևորագույն ատրիբուտներից, ամենակարևորը՝ սեփական զինական ուժից, որով կարող էր կանխել Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին։ Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և Ռուսաստանն ու Ադրբեջանը, որպես երկկողմ և միջազգային քաղաքականության ինքնիշխան մասնակից, օժտված է սեփական շահերով, որոնց տիրույթում է նաև Արցախի տարածքի և բնակչության անվտանգությունը, հետևաբար՝ չի կարելի պարզունակ «զուգահեռներ» անցկացնել անցյալի և այսօրվա միջև։
Լրիվ այլ հարց է, որ սեփական շահերի կոնտեքստում հնարավոր է, որ Ռուսաստանի հետաքրքրություններից բխի Ադրբեջանին ավելի ու ավելի մերձեցնել սեփական նախաձեռնություններին կամ տարածաշրջանային ծրագրերին։ Այս դեպքում բավականին իրատեսական է, որ Ադրբեջանը Ռուսաստանի «լռելյայն համաձայնությամբ» հարձակվի Հայաստանի վրա՝ Արցախը կամ դրա մի մասը գրավելու համար։ Այս դեպքում բացառված չէ, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ պատերազմը չերկարացնելու և Ադրբեջանի հետ «շուտափույթ հաշտվելու» համար։ Նման սցենարի դեպքում Հայաստանը քաղաքական-դիվանագիտական դաշտում դիմադրելու է ռուսական պահանջներին, իսկ ռազմական դաշտում՝ Ադրբեջանի ոտնձգություններին։ Պատերազմի ելքն այս դեպքում որոշվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական ու ռազմական ուժային հարաբերակցության տիրույթում՝ անկախ Ռուսաստանի միջամտությունից, որն այսպես թե այնպես ինչ-որ պահի դադարելու է միակողմանի ադրբեջանամետ կամ հայաստանամետ լինել՝ դառնալով հավասարակշռող։
Ըստ էության, 1988-1994 թվականներին հենց այս սցենարով է զարգացել և ավարտվել հայ-ադրբեջանական պատերազմը։ Մինչև 1992 թ․ Ադրբեջանին հատկացվող ռուսական նյութատեխնիկական աջակցությունը հայաստանյան ռազմադիվանագիտական ջանքերի շնորհիվ աստիճանաբար հավասարակշռվեց։ Հայաստանը նույնպես սկսեց զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից, և չնայած ամբողջ արտաքին աշխարհի, այդ թվում՝ նույն Ռուսաստանի դիվանագիտական ճնշմանը՝ հայկական զորքերը չմտցնելու, իսկ մտցնելուց հետո՝ հանելու «գրավված շրջաններից» (Քյալբաջար, Ղուբաթլու, Ֆիզուլի և այլն), կարողացավ Ադրբեջանի հանդեպ ռազմական գերազանցության հասնել, հաղթել և հաղթանակով պաշտպանել սեփական շահերը։
Ապրիլյան սրացման ժամանակ հայկական կողմի թույլ տված կոնկրետ թերացումները, ինչպես նաև նախընթաց շրջանում արված բացթողումները, որոնք հանգեցրին այդ օրերին մեր անհաջողություններին, անհերքելի են։ Անհերքելի է նաև, որ այս պահին հնարավոր չէ վերհանել բոլոր կոնկրետ թերություններն ու համապատասխան պատասխանատուներին, հատկապես որ դեռ գաղտնազերծված չեն թեմային առնչվող պետական փաստաթղթեր, այդ թվում՝ հարուցված քրեական գործերի մանրամասներ։
Թերացումներով հանդերձ՝ չի կարելի պնդել, թե ընդհանո՛ւր առմամբ մենք անպատրաստ էինք ապրիլյան պատերազմին։ Եթե անպատրաստ լինեինք, ապա չէինք կարողանա հաշված ժամերի ընթացքում արդյունավետ կազմակերպել առաջնագծի, ինչպես նաև Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությունը՝ առաջնագիծ ներքաշելով նաև այլ զորամիավորումներից թարմ և փորձառու ուժեր, ինչպես նաև Թալիշի և Մարտակերտի հատվածում հետ բերել կենսական նշանակություն ունեցող 3 մարտական դիրք, առանց որոնց հրադադարի վերականգնման գնալը վտանգավոր կլիներ։
Միակ համարձակ պնդումը, որ այս պահի դրությամբ կարող ենք անել առանց պատշաճ պատմագիտական և ռազմագիտական ուսումնասիրություն արած լինելու, այն է, որ ադրբեջանական հաջողության գրավականը, որ միևնույն ժամանակ մեր թերացումն էր, անսպասելիության գործոնն էր։ Անսպասելիության շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվեց ապրիլի 2-ի գիշերային անակնկալ հարձակմամբ գրավել այն, ինչ նրանք գրավեցին, իսկ դրանից ավել այլևս չկարողացան, ավելին՝ հայկական հակահարձակման հետևանքով, ինչպես վերը նշվեց, կորցրին ի սկզբանե գրաված 3 կարևոր դիրք։
Այս պահի դրությամբ հասանելի փաստերի ու փաստաթղթերի հիման վրա դժվար է քիչ թե շատ հիմնավոր պատասխանալ տալ սույն հարցին։ Տեսականորեն սպառիչ պատասխան կարող են տալ Ադրբեջանի Գլխավոր շտաբի համապատասխան փաստաթղթերը, իսկ նախքան դրանց գաղտնազերծումը բոլոր վարկածները լոկ ավել կամ պակաս հիմնավորում ունեցող ենթադրություններ են։
Փորձագիտական շրջանակներում կան ենթադրություններ, որ թշնամու նպատակը հյուսիսում Մարտակերտ քաղաքն ու Սարսանգի ջրամբարը գրավելն էր, հարավում՝ Վարանդան (Ֆիզուլի) ու Հադրութի մատույցները, իսկ կենտրոնում՝ հայկական պաշտպանության ճեղքումը։ Կա ավելի չափավոր տարբերակի ենթադրություն, որ հյուսիսում նպատակը Թալիշն ու Մատաղիսն էին, իսկ հարավում միայն Վարազաթմբի բարձունքն ու հարակից դիրքերը։ Հետազոտողների կողմից չի բացառվում նաև ամենանվազարկված տարբերակը, որ սկզբնական նպատակը հենց այն էր, ինչն ադրբեջանցիներին հաջողվեց գրավել։
Անկախ այս ենթադրությունների իսկությունից՝ գրեթե որպես փաստ կարող ենք արձանագրել, որ այս մասշտաբի օպերացիան չէր կարող ի սկզբանե չունենալ «պլան մինիմում» և «պլան մաքսիմում», և դատելով ապրիլի 3-4-ի դրությամբ թե՛ ռազմաճակատում, թե՛ քաղաքական հայտարարությունների մակարդակում Ադրբեջանի վարած քաղաքականությունից (մարտական ԱԹՍ-ների կիրառման միջոցով հոգեբանական առավելության հասնելու փորձեր, Ստեփանակերտին հարվածելու սպառնալիքներ)՝ իրենց չէր հաջողվել ամբողջությամբ հասնել նախասահմանված նպատակին, ինչը հետևանք էր երեք ուղղություններով հայկական ուժերի կազմակերպված գործողությունների։ Ավելին, եղած ձեռքբերումն էլ Ադրբեջանի համար հնարավոր էր դարձել ռազմական ուժի խիստ անհամաչափ ծախսի և կորուստների գնով։ Թշնամու պլանների ձախողման մասին տե՛ս նաև հարց 10։
Մարտական գործողությունների օրերին ադրբեջանական զինուժի «կողմնակի» նպատակների շարքում պետք է հատուկ հիշատակել այն ջարդարարական մոտիվը, որ տեղ գտավ ռազմաճակատի տարբեր հատվածներում ադրբեջանցի ռազմական հանցագործների արարքներում՝ ուղղված թե՛ քաղաքացիական անձանց և թե՛ զինծառայողների դեմ։ Նման գործողությունները պետք է դիտարկել որպես ամբողջ Հայաստանի բնակչությանն ուղղված ադրբեջանական պետության կողմից տարիներ շարունակ վարվող հակահայկական և շանտաժի քաղաքականություն, որ հանգում է՝ «Ղարաբաղը չտաք, վատ կլինի» սպառնալիքին։ Սահմանից այն կողմ նման թշնամու առկայությունն է՛լ ավելի կարևոր է դարձնում մշտապես պատերազմին պատրաստ լինելն ու անտեղի զիջումների չգնալը։
Ճիշտ չէ։ Չկա որևէ բանավոր, բայց ինչն առավել կարևոր է՝ գրավոր և հավաստի ապացույց՝ վկայություններ, հուշագրություններ, վավերագրական կադրեր, վկայակոչելի փաստաթղթեր, թշնամու ոչնչացված զինծառայողների մոտ հայտնաբերված ուղղակի կամ անուղղակի վկայություններ, որոնք կհաստատեն այս պնդումը։
Ավելին, 1994 թ․-ից հետո Ադրբեջանում բանակաշինության մեջ կատարված հետևողական ներդրումներն ու ահռելի աշխատանքը թույլ են տալիս պնդել, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմում վարձկաններ ու ահաբեկիչներ ԻԱԻՊ-ից չեն կռվել։ Պարզ ասած՝ Ադրբեջանի ներկայիս բանակն այլևս 1990-ականների քայքայված կազմավորումը չէ, և անհնար է պատկերացնել, որ այսօր Ադրբեջանը սեփական տարածքում թույլ տա իր կողմից գործնականում անվերահսկելի զինված խմբավորումների գոյություն։
Հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել արցախյան ճակատի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հարավում մեր կորցրած տարածքները՝ Վարազաթմբի բարձունքը (Լալա Իլահի կամ Լալաթափա) և դրանից հյուսիս ու հյուսիս-արևմուտք տարածվող դիրքերը, հնարավորություն էին տալիս ամբողջությամբ վերահսկել ադրբեջանական սահմանամերձ հատվածը։ Մյուս կողմից չի կարելի պնդել, որ Վարազաթմբի կորուստը ճակատագրորեն ծանր հարված է մեր ռազմաճակատի համար, նամանավանդ որ այդ բլրի հանդիպակաց և գրեթե նույն բարձրությունն ունեցող բլուրը մերն է, և վերջինիս մատակարարումն իրականացվում է Վարազաթմբից չդիտարկվող շրջանցիկ ճանապարհով։ Մերն են նաև Վարազաթումբը շրջապատող երկու թևերը՝ դեպի Արաքս իջնող և դեպի Հորադիս գյուղ շարունակվող։ Բացի այդ՝ Վարազաթմբին հանդիպակաց նույն այդ բլուրից շարունակում են տեսանելի մնալ ադրբեջանական դիրքերն ու մերձակա տարածքները։
Ինչ վերաբերում է հյուսիսային՝ թալիշյան հատվածում մեր ունեցած տարածքային կորուստներին, ապա այդ բարձունքները հնարավորություն էին տալիս ամբողջությամբ վերահսկել ադրբեջանական սահմանամերձ հատվածը, այդ թվում՝ Թափ Ղարաղոյունլու գյուղը։ Գրավելով այդ դիրքերը՝ ադրբեջանցիները կարողացել են հեռացնել հայկական վտանգն իրենց գյուղից։ Ինչպես և Վարազաթմբի պարագայում, այստեղ ևս չենք կարող պնդել, թե կորուստը ճակատագրական էր։ Առավել վտանգավոր էր այն, որ ապրիլի 2-ին ադրբեջանցիներին հաջողվել էր համառ փորձերից հետո գրավել պաշտպանական այդ շրջանի հյուսիսահայաց բարձրադիր դիրքերից երկուսը, որոնց մատույցներով է անցնում հարևան դիրքեր և առհասարակ՝ հարևան պաշտպանական շրջան՝ «Եղնիկներ», տանող ճանապարհը։ Այդ դիրքերի տեղանքը թույլ էր տալիս նաև հանդիպակաց ձորակով աննկատ ներթափանցել Թալիշ գյուղ, ինչը և հաջողվել էր ադրբեջանցի մի քանի զինծառայողի։ Դիրքի ազատագրմանը մասնակցեցին ինչպես տեղի զորամիավորման ուժերը, այնպես էլ Երևանից համալրման եկած հատուկ նշանակության ուժերը, որոնց համատեղ ջանքերով արդեն ապրիլի 3-ին դիրքերն ազատագրվեցին։
Դիրքերի կորստի մասին խոսելիս առհասարակ հարկավոր է հիշել, որ
ա. հայ-ադրբեջանական պատերազմը չի ավարտվել, ավելին՝ պատերազմը դինամիկ գործընթաց է, հետևաբար՝ ո՛չ կորուստները, ո՛չ ձեռքբերումները «հավերժական» չեն,
բ. մեր ռազմավարական գերխնդիրը ռազմաճակատի կամ դրա մի հատվածի ճեղքում թույլ չտալն է, քանզի դա կհանգեցնի թե՛ ռազմաճակատում, թե՛ բանակցային սեղանին Հայաստանի դիրքերի կտրուկ թուլացմանը և ներկայիս ստատուս-քվոյի արմատական փոփոխությանը՝ ի վնաս մեզ, ինչն ապրիլին հաջողությամբ կանխվեց։
Ո՛չ, ճիշտ չէ։ Չկա որևէ բանավոր, բայց ինչն առավել կարևոր է՝ գրավոր և հավաստի ապացույց՝ վկայություններ, հուշագրություններ, վավերագրական կադրեր, վկայակոչելի փաստաթղթեր, որոնք կհաստատեն այս պնդումը։ Ավելին՝ հետապրիլյան և հետհուլիսյան շրջանում հայաստանյան ներքաղաքական անցքերի տրամաբանությունը հուշում է, որ երկրի ներսում զանազան սուբյեկտների ու խմբավորումների կողմից այս տեսակ թեզերի ստեղծումն ու շրջանառումը հետապնդում էին բացառապես ներքաղաքական շահ և պայմանավորված էին ոչ թե ապրիլյան պատերազմի բացթողումների վերհանման ու շտկման ցանկությամբ, այլ 2017 թ․ ԱԺ ընտրություններից առաջ տարատեսակ դիվիդենդներ գոյացնելու ակնկալիքով։
Ինչ վերաբերում է «դավաճան ղեկավարություն և անձնազոհ զինվոր» քարոզչական թեզին, ապա ամենևին չնվազեցնելով ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայողի անձնական մասնակցությունն ու նվիրումը Հայաստանի պաշտպանության գործում՝ պետք է հիշել, որ բանակի՝ որպես կազմակերպչականության բարդ մակարդակով օժտված հիերարխիկ կառույցի գործունեության սկզբունքները հուշում են, որ առանց արդյունավետ հրամանատարական հրահանգավորման սերժանտական և շարքային անձնակազմի օգտակարությունը մարտադաշտում կտրուկ նվազում է, ասել է թե՝ առանց հրամանատարության զինվորը չի կարող բեկել ծավալուն մարտական գործողության ընթացքը։
Նման փորձեր արվել են։ Մարտակերտի պաշտպանական շրջանի 116 մարտական դիրքն ընդամենը 40 րոպե է մնացել թշնամու կողմից գրավված, որից հետո ազատագրվել է կազմակերպված հակագրոհի շնորհիվ։ Բացի այս՝ բարձրաստիճան հրամանատարության կողմից մշակվել են և՛ թալիշյան, և՛ ջաբրայիլյան գրավված մարտական հենակետերը հետ բերելու օպերացիաներ։ Ավելին՝ Թալիշում արդեն ապրիլի 3-ին համակարգված գործողության շնորհիվ հետ են բերվել 2 մարտական դիրք (դրանց կարևորության մասին տե՛ս հարց 10)։ Հենց այդ դիրքերի տարածքում ադրբեջանցիները թողեցին տասնյակ հատուկջոկատայինների դիակներ, որոնց նկարները՝ որպես ադրբեջանական ագրեսիայի ապացույց, տարածվեցին համացանցում։ Ընդհանուր առմամբ, սակայն, հակագրոհի կամ հակահարձակման պլան կազմելը ժամանակատար և մանրակրկիտ աշխատանք է և խիստ տարբերվում է գեղարվեստական ֆիլմերում պատկերված համապատասխան տեսարաններից։ Եվ երբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց ինտենսիվ կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, հայկական կողմն առկախեց այդ օպերացիաների իրականացումը։ Ինչո՞ւ։ Տե՛ս հարց 13։
Այս հարցի պատասխանն ամբողջությամբ հասկանալու համար պետք է հիշել Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում․ ի տարբերություն թշնամու՝ Հայաստանում թե՛ իշխող վերնախավը, թե՛ ժողովուրդն առհասարակ ցանկանում են խաղաղություն, և մեր երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությունը դիմում է պատերազմական գործողությունների այն դեպքում, երբ անհրաժեշտ է զսպել հակառակորդին և քիչ թե շատ տևական ժամանակամիջոցում պահպանել խաղաղությունը։ Ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ արդեն պարզ էր, որ ռազմաճակատի գիծը կայունացել է այն կոնֆիգուրացիայով, ինչ տեսքի այն եկել էր ապրիլի 3-ի կեսօրի դրությամբ․ հայկական կողմը չէր հասցրել կամ չէր կարողացել հետ բերել թալիշյան և ջաբրայիլյան ուղղությամբ կորցրած բոլոր դիրքերը, իսկ Ադրբեջանը ցանկություն կամ հնարավորություն չուներ շարունակելու առաջխաղացումը, հատկապես, որ ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ հայկական հրետանու հմուտ գործողությունների շնորհիվ ձախողվել էր վերջինիս տանկային զորաշարժի և/կամ ներթափանցման փորձը։
Կարճ ասած՝ մեր կողմից կենսական նշանակության մարտական դիրքերի ազատագրումից և ռազմաճակատի գծի կայունացումից հետո մյուս կորուսյալ մարտական դիրքերի վերագրավման փորձի դեպքում սպասվող անխուսափելի մարդկային և նյութական կորուստները գնահատվեցին անթույլատրելի կամ անհամարժեք, և որոշում կայացվեց գնալու հրադադարի վերականգնման։
Ընդհանուր հաշվարկով 2016թ․ ապրիլի 2-ից մինչև մայիսի 16-ին Վիեննայում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընկած ժամանակահատվածում հայկական բանակն ունեցել է 96 մարտական կորուստ։
Ո՛չ, ճիշտ չէ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չի թաքցնում զինված ուժերում գրանցված մարդկային կորուստները, և բացի այդ՝ հայաստանյան մամուլի (այդ թվում՝ էլեկտրոնային) ազատության, համացանցի լայն հասանելիության և քաղաքացիների սոցիալական սերտ փոխկապվածության պայմաններում զինված ուժերում մարդկային կորուստները թաքցնելն անգամ տեխնիկապե՛ս անհնար է։
Ո՛չ, ճիշտ չէ։ Տարբեր մարտական դիրքերի ազատագրման գործողություններում այդ օրերին զոհվել են 5 հայ զինծառայողներ՝ Սասուն Մկրտչյանը, Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը, Վլադիմիր Ալիխանյանը և Արգիշտի Գաբոյանը։ Մնացած զինծառայողների մեծ մասը զոհվել է թշնամու առաջխաղացումը կասեցնելիս և դիրքային պաշտպանական գործողությունների ժամանակ։
Թալիշ գյուղում բնակտարածքների վերականգնումը և բնակչության բնականոն կենսագործունեությունը հնարավոր են, թեկուզև գյուղին մերձակա գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասն այժմ կարող է տավուշյան մի շարք գյուղերի համանման հողերի պես հայտնվել ադրբեջանական նշանառության տակ, ինչը, դարձյալ տավուշյան մի շարք գյուղերի փորձի օրինակով, Թալիշում այլընտրանքային գյուղատնտեսական զբաղմունքների խթանման և ապահովման անհրաժեշտություն է առաջացնում։ Այս հարցում շատ կարևոր է, որ Արցախում կա քաղաքական որոշում՝ վերականգնելու Թալիշը, ինչի մասին քանիցս հայտարարվել է ամենաբարձր՝ Արցախի ղեկավարի մակարդակով։
Այս հարցի պատասխանն ամբողջապես տալ հնարավոր չէ՝ հաշվի առնելով ռազմական գաղտնիքի ռեժիմը, ուստի՝ հրապարակման ենթակա են միայն բաց աղբյուրներից արդեն իսկ հայտնի և մեր կողմից արձանագրված փաստերը։
Ստորև ներկայացնում ենք հիմնական խումբ փոփոխությունները՝
ա. Ապրիլի 4-ին Արցախի կառավարությունը Պաշտպանության բանակի հետ թիկունքային և ինժեներական աշխատանքները համադրելու համար վարչապետի գլխավորությամբ ստեղծեց օպերատիվ շտաբ։ Նշանակվեցին օպերատիվ շտաբի պարենային և իրային ապահովման ծառայության պատասխանատուներ։ Ստեղծվեց հատուկ հաշվեհամար, որին կարող էին փոխանցումներ կատարել Արցախին օգնել կամեցող անձինք։ Այս ամիսների ընթացքում Արցախի կառավարությունը հրապարակում էր թափանցիկ հաշվետվություններ, որոնցից երևում էր, որ հանգանակված միջոցների մեծ մասն ուղղվում է բանակի կարիքներին։ Այսպես, 2017 թ․ հունվարի 1-ի դրությամբ հանգանակված դրամական միջոցների 24.3%-ը (1,458,724,500 դրամ) ուղղվել է ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերմանը։ Ըստ Արցախի կառավարության՝ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային պայմաններում։ Ամբողջ հաշվետվության մասին կարող եք կարդալ այստեղ և դիտել այստեղ, ընթացիկ և եռամսյակային հաշվետվությունները՝ այստեղ (2016 թ․ ապրիլի 4-13 ժամանակահատվածի կտրվածքով), այստեղ (մինչև 2016 թ․ ապրիլի 20-ը ստացած նյութական աջակցության վերաբերյալ), այստեղ (եռամսյակային՝ 2016 թ․ ապրիլ-հուլիս կտրվածքով) և այստեղ (մինչև 2016 թ․ դեկտեմբերի 28-ը ստացած նյութական աջակցության վերաբերյալ)։
բ․ Առկա բյուջետային միջոցների և հանգանակված միջոցների ներդրմամբ Արցախում ստեղծվեց զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance – C4ISR) ժամանակակից համակարգ (ավելի մանրամասն տե՛ս «Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ», Ռազմինֆո, 16 օգոստոսի 2016 թ.)։
գ․ Արցախի կառավարության հրավերով 2016 թ․ օգոստոսի կեսին Արցախ այցելած և առաջնագծում եղած 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ ամբողջ առաջնագիծն ապահովվում է խորքային հետախուզության միջոցներով այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից։ ՊԲ առաջնահերթություններից մեկն առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կաշխատեն նոր սկզբունքով և որակով՝ գործող միջոցներին ավելացնելով նաև ռադիոկապի և լարային կապի ամենաարդիական միջոցներ։ Սրա իմաստն այն է, որ Պաշտպանության բանակի հրամանատարը հնարավորություն ունենա արագ կապվել առաջնագծի հենակետերից յուրաքանչյուրի հետ և ուղիղ խոսակցություն ունենալ առանց հակառակորդի կողմից լսվելու վտանգի։ Համակարգի շնորհիվ առաջնագծի ողջ վիզուալ ինֆորմացիան իրական ժամանակում հասանելի և տեսանելի է լինելու բարձրագույն հրամանատարությանը և գլխավոր շտաբին։ Պատգամավորի օգոստոսյան այցի ժամանակ արդեն իսկ հարյուրավոր կիլոմետր ժամանակակից կապի գծեր էին անցկացվել առաջնագծի երկայնքով, իսկ մի քանի դիրքերում կապի նոր միջոցներն ամբողջությամբ գործարկված էին։
Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ առաջնագծի ամբողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում։ Հիմա արդեն գրեթե բոլոր դիրքերը կահավորված են այդպիսի սարքավորումներով։ Նույնքան կարևոր է, որ բոլոր դիրքերը համալրվել են գիշերային նշանոցով զենքերով, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին ֆիքսել և չեզոքացնել թիրախը (ավելի մանրամասն տե՛ս Ն. Փաշինյան, ««Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ», Հայկական ժամանակ, 18 օգոստոսի 2016 թ.)։
դ․ 2016 թ. օգոստոսի վերջին գործարկվեց առաջնագծի հարավային տեղակայման զորամասերից մեկի մարտական մի շարք դիրքերին սպասարկող նորակառույց ջրագիծ (տե՛ս այստեղ)։
ե․ Սահմանագծի ամբողջ երկայնքով կատարվել են ինժեներաամրաշինական համալիր աշխատանքներ, նոր խրամուղիների, հողապատնեշների, հակատանկային և փոս-ճանապարհների կառուցումներ, կրակակետերի, առանձնացված տեղամասերի, տանկային և հակատանկային բնագծերի կահավորում ու վերազինում, իսկ ռազմաճակատի ջաբրայիլյան՝ կորուսյալ Վարազաթմբին հանդիպակաց հատվածում, կառուցվել է նշված բարձունքից թշնամու կողմից չդիտարկելի նոր շրջանցիկ ճանապարհը։
Պատերազմական նման երկարատև պայմաններում պետությունը պետք է կարողանա բոլոր օղակներում կայուն գործառնություն իրականացնի և պահպանի կենսունակությունը։ Սրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լավ կատարի իր բաժին պարտականությունները, կանոնավոր վճարի հարկերը ու հնարավորինս ձգտի համակողմանի զարգացնել իրեն՝ իր մտավոր և ֆիզիկական ներուժը ծառայեցնելով սեփական ընտանիքի, աշխատավայրի և այդքանով իսկ՝ պետության զարգացմանը։
Բնակչության դերակատարության հարցի շրջանակներում մեր կարևորագույն խնդիրը ժողովրդագրական պրոբլեմն է, որի հարցում մենք բացարձակ առումով զիջում ենք Ադրբեջանին։ Ըստ որում՝ խոսքը միայն զինվորական ռեսուրսների տարբերության մասին չէ, այլ ամբողջ բնակչության։
Բանն այն է, որ հայաստանյան շատ խնդիրներ բխում են հենց բնակչության քիչ լինելուց։ Տեղական շատ արտադրություններ ու սպասարկման ոլորտի ձեռնարկություններ փակվում են, որովհետև չկա բավարար սպառում։ Միջակ չինովնիկը շարունակում է պաշտոնավարել, որովհետև չկա իրենից լավ մեկը, որ կարող է փոխարինել վերջինիս, իսկ փոխարինող չկա, որովհետև թույլ են գործում կադրեր պատրաստող ենթակառուցվածքները՝ կրթությունն ու գիտությունը, որոնցում նույնպես կա փոխարինող և մրցունակ կադրերի պակաս։ Ասել է թե՝ ներկա ժողովրդագրական ռեսուրսի պայմաններում գործ ունենք չլուծվող փակ շղթայի հետ. չկան բավարար մարդիկ, չկա մրցակցություն, չկա զարգացում։
Ինչ վերաբերում է բնակչության թվաքանակի և պատերազմի առնչության հարցին, ապա մեր ԶՈՒ թվակազմի մեծացումը ոչ թե հանգեցնելու է նրան, որ «ավելի շատ կզոհվեն էրեխեքը», այլ ընդհակառակը, թույլ է տալու այդ հարցում հավասարակշռության հասնելու Ադրբեջանի հետ՝ ձեռք բերելով զսպման ևս մեկ գործոն՝ քանակական։ 7 հոգանոց դիրքի վրա հարձակվելու դեպքում թշնամու դիվերսիոն խմբի հաջողելու շանսը մեծ է, իսկ, օրինակ, 14 հոգանոցի դեպքում՝ արդեն փոքր։ Պատահական չէ, որ 2016 թ. ամբողջ ապրիլի ընթացքում թշնամին գրեթե չձեռնարկեց ոչ մի դիվերսիա, որովհետև պահեստազորի զինապարտների շնորհիվ մեր դիրքապահ անձնակազմերի թվաքանակը կտրուկ մեծացել էր՝ Ադրբեջանի համար աննպատակահարմար (տե՛ս նաև հարց 1) դարձնելով այդ եղանակով հաջողություն որոնելը։
Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից անմիջապես ռազմաճակատին ցուցաբերելիք օգնության հարցին, ապա նշենք, որ որքան էլ մեծ լինի ցասումն ու գայթակղութունը՝ փորձելու հենց կռվի դաշտում ինչ-որ օգուտ տալու, պետք է հիշել, որ այսպես կոչված՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրականության պայմաններում հասարակությունից առաջին հերթին պահանջվում է տեղո՛ւմ ավելի լավ կատարել առօրեական պարտականությունները։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշում եք կամավոր մեկնել ռազմաճակատ, ապա հիշեք, որ սրա համար հարկավոր են համապատասխան գիտելիքներ՝ լինեն դրանք ռազմագիտական, առաջին բուժօգնության կամ քաղպաշտպանության, որոնք նույնպես պետք է ձեռք բերել նախքան ռազմաճակատ մեկնելը՝ թիկունքում, համեմատաբար խաղաղ պայմաններում։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը մշակում և իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։ «Ազգ-բանակ» հայեցակարգը մեր պաշտպանական քաղաքականության նոր մոտեցումների և սկզբունքների արտահայտիչն է։ Ինչպես նշում է հայեցակարգի հեղինակը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «Ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը, քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը հենց ինքը՝ ազգն է։ Հաշվի առնելով, որ տարածքի, բնակչության և երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից։ Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից»։
Ըստ հայեցակարգի` յուրաքանչյուրը, անկախ տարիքից, սեռից, հնարավորություններից ու գաղափարական առանձնահատկություններից, իր դերը պետք է ունենա ազգ-բանակի ձևավորման հարցում, բայց և դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում։ Ընդհակառակը, նշանակում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառների հետ։ Վիգեն Սարգսյանի ձևակերպմամբ՝ «ազգ-բանակը» նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը։ Պարզ ասած՝ այս հայեցակարգը ենթադրում է յուրաքանչյուր քաղաքացու տեսանելի և չափելի ներգրավվածություն երկրի պաշտպանության գործին և այդ նպատակի համար արդյունավետ մեխանիզմների գործադրում (այս մասին տե՛ս նաև հարց 19)։
Պետք է հասկանալ, որ «ազգ-բանակը» չի ստեղծվել օդից, դրա առանձին տարրեր պարբերաբար արծարծվել ու առաջ են մղվել նաև անցյալում և ուղղակի հետևանքն են Հայաստանին շրջապատող օբյեկտիվ իրականության։ Իսկ վերջինս հուշում է, որ թշնամական միջավայրի պահպանման և տարածաշրջանային ռազմաքաղաքական անբարենպաստ անցուդարձի հետևանքով մեր վրա դեռ երկար զգալու ենք «պաշարված ամրոցի» ախտանիշը, ինչն իր հերթին նշանակում է, որ «պաշարմանը» հաջողությամբ դիմակայելու և այն հաղթականորեն ճեղքելու համար անհրաժեշտ է առաջին հերթին երկրի ներսո՛ւմ առկա բոլոր ռեսուրսների բարեխիղճ հավաքագրում և նպատակային ու արդյունավետ օգտագործում։