Khachatur-Harutyunyan-2
Khachatur-Harutyunyan-3
Khachatur-Harutyunyan-4
Khachatur-Harutyunyan-5
Khachatur-Harutyunyan-6
Khachatur-Harutyunyan-7
Khachatur-Harutyunyan-8
previous arrowprevious arrow
next arrownext arrow
Shadow

ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25.11.1996 – 17.05.2016
Կոչումը՝ կրտսեր սերժանտ

Ծնվել է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։
2003-2014 թթ. սովորել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում։
2014 թ․ ընդունվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի
ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժին:
2015 թ. հունվարի 28-ին զորակոչվել է Բանակ։
Ծառայել է ՊԲ N զորամասում որպես գնդացրորդ։
Զոհվել է 2016 թ․ մայիսի 17-ին 9-րդ ՊՇ N մարտական
դիրքում ծառայողական պարտականությունները
կատարելիս թշնամու արձակած դիպուկահար գնդակից։
Հետմահու պարգևատրվել է Արցախի
«Մարտական ծառայություն» մեդալով։

∗ ∗ ∗

«Քառօրյա պատերազմին շատ ակտիվ է մասնակցել։ Զինվորներն ու կամավորներն են պատմում։ Էդ օրերին պաշտպանիչ շերտից էն կողմ ա անցել, դիտարկել, եկել, հաղորդել՝ ինչ ա կատարվում։ Իրան դիտակետը հերիք չէր»,- պատմում է Խաչատուրի հայրը՝ պարոն Վարդանը։

Մինչ հայրը հպարտորեն պատմում է, մայրը՝ տիկին Լիլիթը, շտապում է ավելացնել. «Ո՞վ կպատկերացներ, որ բանակում էդպես կփոխվի։ Տանը հանգիստ, դինջ, գլուխը կախ։ Ասում էի՝ սաղ աշխարհը վառվի, քո հեչ պետքը չի լինի։ Իսկ հիմա պատմում են, որ ապրիլի մեկին պոստից հենց իջել են ցած, իմացել են, որ դիվերսիա պետք ա լինի, չեն իմացել, որ հարձակում ա։ Խաչատուրը նորից պոստեր ա բարձրացել։ Դրանից հետո դե արդեն պատերազմը սկսվել ա։ Խաչատուրը գնդացրորդ էր, կրտսեր սերժանտ։ Ասում են՝ խրամատների վերևում մեշոկներ են դրված, անցել է այն կողմ ու, կյանքը վտանգելով, հեռադիտակով նայել, հրամանատարներին ասել՝ ինչ ա կատարվում»։

«Մինչև ապրիլի մեկը երկու շաբաթ դիրքերում ա եղել, – պատմում է Խաչատուրի մայրը։ – Ամսի մեկին իջել ա, նորից բարձրացել ու մինչև ամսի տասնվեցը նորից դիրքերում ա եղել։ Ասում էր՝ «մամի՛ ջան (ինձ «մամա» չէր ասում, «մամի» էր ասում), ամեն ինչ լավ ա»։ Ամսի երկուսին հիվանդ էի, առավոտ զանգեց, ինձանից էր հարցնում։ Դրանից առաջ լսել էի, որ զոհեր կան։ Ասում էր՝ «չէ, մեր մոտ չեն, մեր մոտ ամեն ինչ հանգիստ ա»։ Մի քանի օր իրենից տեղեկություն չունեինք։ Հետո, երբ խոսեցինք, համոզում էր, որ իրենց մոտ զոհեր չկան: Չէի ուզում, որ գոնե էդ ապրիլի լարված օրերից հետո դիրքեր բարձրանար, բայց հենց նման բան ասեցի, էնպես ջղայինացավ որ: Ես էլ մտածեցի՝ ինքն արդեն հասուն տղամարդ ա, պատերազմի միջով ա անցել, ավելի լավ գիտի, ինչ պետք ա անի։ Վերջին անգամ մայիսի տասնվեցին եմ խոսել։ Հաջորդ օրն արդեն բոլորը գիտեին, որ Խաչատուրն էլ չկա։ «Հորիզոն»-ն էր սկսվել։ Նստեցի, որ նայեմ, ու որ լսեցի՝ ասավ՝ հարավային ուղղությամբ մեկ զոհ ունենք, ասեցի՝ «մենակ՝ իմ էրեխու անունը չտան»։ Ասեց՝ «1996 թվին ծնված Խաչատուր Վարդանի… ու էլ չեմ լսել»։ Ամբողջ գյուղն արդեն մեր տան դիմաց էր։ Էդ օրը սնայպերը տղուս խփել էր»։

Ծնողները Խաչատուրի հետ ծառայած տղաների ու պահեստազորի կամավորների պատմածներով նորովի են նրան ճանաչում։ Կամավորները պատմել են, որ դիրքերում իրեն էնպես էր զգում, կարծես տանը լիներ։ Բոլորին հյուրասիրել է, օգնել, իսկ կռվի ժամանակ, երբ մի բան այն չի եղել, ասել է՝ «Տվե՛ք՝ ձեզ ցույց տամ, որն է ճիշտ կրակելը»։ «Նրանց խոսքերով գրեթե չի քնել, – պատմում է մայրը,- ասել է՝ «ինձ երկու ժամը հերիք է, որ քնեմ»։ Բայց, ա՜խր, տանը չէի կարողանում քնից արթնացնել, զարմանում եմ։ Շատ քնկոտ էր։ Օտպուսկ էլ որ եկել էր, հա՛ ուզում էր քնել։ Մեր կողքի գյուղի Հովնանը գնացել էր Խաչիկին տեսնելու, եկավ, ասեց. «Ընտիր տղա ունեք։ Պետք ա դուք գնաք, տեսնեք՝ էնտեղ ինչ տղա է։ Էստեղ լրիվ ուրիշ ա, էնտեղ՝ ուրիշ»։ Տղաների խոսքերով՝ էնտեղ բոլորին ինքն է դուխ տվել, նույնիսկ կամավորներին, որ տարիքով մեծ էին։ Կամավորներից մեկն ասել է. «Քառասունհինգ տարեկան մարդ եմ, Խաչատուրի հետ շփվել, քնել, վեր ենք կացել, կռվել ենք, չեմ զգացել, որ մեր միջև տարիքային տարբերություն կա»»։

Խաչատուրը երբեք չի բողոքել ծառայությունից, իսկ շատ հարցերի դեպքում կարճ ու կոնկրետ պատասխանել է՝ «չի կարելի, ոչ մի բան մի՛ հարցրեք»։ Խաչատուրի հայրը հիշում է. «Ասում էի՝ թեկուզ ուսմանդ համար էնպես անենք, մի քիչ ուշ գնաս բանակ, բայց չէր համաձայնում։ Ուզում էր ծառայել։ Ասում էր. «Տղամարդը պետք ա ծառայի։ Մենք պետք ա ծառայենք, ի՜նչ ա եղել որ»։ Գիտեմ, որ ապրիլին ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմի օրերին։

Մայրը հիշում է, որ դեռ սովորելու տարիներին մի անգամ Խաչատուրը հարցրել է. «Ամեն ինչ պստիկից մեծանում ա, ի՞նչն ա մեծից պստկնում»։ Մի քանի օր շարունակ մայրը պատասխանը չի գուշակել, ու Խաչատուրը պատասխանել է՝ «Ըդիգ վիշտն է»։

Մայրը Խաչատուրի համար միշտ է շատ անհանգստացել, հատկապես ծառայության ժամանակ, բայց, ինչպես ինքն է ասում. «Էրեխա հալով ինձ էնպես էր դուխ տալիս, ասում՝ «արխայի՛ն էղի», որ հանգստանում էի։ Օտպուսկին, որ եկավ, չէր փոխվել՝ մտահոգություն էլի չկար, ժպիտն էլ՝ դեմքին։ Մեղվապահություն էր շատ սիրում։ Ասում էի՝ քո համար մեղուներ ենք առել, կպահենք, որ գաս, արդեն դու կպահես, որ չմտածես՝ ֆինանս չկա, ուսումդ չշարունակես։ Գյումրու Ժողինստիտուտում հաշվապահություն էր սովորում։ Մի կիսամյակ սովորել էր ու բանակ գնացել։ Շատ էի ուզում, որ ուսում ստանային ինքն էլ, քույրն էլ։ Մինչև հինգերորդ դասարան գերազնացիկ ա եղել, հետո ծուլացավ, իսկ վերջին դասարաններում նորից սկսեց լավ սովորել։ Էդ տարիքում մի անգամ ասեցի՝ «քեզնից վախենում եմ, դու հեչ գոնե սիրահարվո՞ւմ ես», պատասխանեց՝ «ես գրչին ու տետրերին եմ սիրահարվում»։ Երկաթ էր սիրում, լավ բաներ էր սարքում։ Մի անգամ եկա, տեսա ռադիոն սաղ քանդել ա, ասավ, որ ուզեցել ա՝ դինամիկ ավելացնի, բայց պայթել ա։ Դպրոցում էլ էր ամեն ինչ ինքնուրույն վերանորոգում, անում, բայց եթե հանկարծ մի բան չէր ստացվում, կարմրում ու կեղծ ժպտում էր. էդ շատ ամոթ էր իրա համար»։

Խաչատուր ՀարությունյանՏանը շատ հանգիստ Խաչատուրն ակտիվ է եղել նաև դպրոցում։ Մայրը պատմում է. «Դպրոցում էնքան չար էր, որ միշտ դասղեկը ծնող էր կանչում։ Հիշում եմ, որ մի անգամ էլ դասից փախել են, մի աղջիկ չի ուզել, գրկել պատուհանից դուրս ա հանել»։ Դրան զուգահեռ Խաչատուրի ուսուսիչներից Վարդուհի Պետրոսյանը նշում է. «Պատահում էր` չարություն էին արած լինում, մտնում էինք դասարան ու հարցնում՝ «ո՞վ է արել», առաջինն ինքն էր ոտքի կանգնում։ Նույնիսկ եթե ինքը մեղավոր չլիներ, հարվածն ուզում էր իր վրա վերցնել, ընկերներին պաշտպանել։ Բոլորն էին իրեն շատ սիրում։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչել ենք Խաչատուր Հարությունյանի անունով»։

Խաչատուր ՀարությունյանԽաչատուրը սիրել է պատերազմական ֆիլմեր, իսկ ուրախ ֆիլմերից միշտ դիտել է «Taxi»-ն, քիչ ժամանակ չի տրամադրել նաև մուլտֆիլմներին, ռեփ է լսել, շատ է ուզել հեծանիվ ունենալ, իսկ ծառայության ժամանակ, երբ հարցրել են, ինչ ուղարկեն, մորը միշտ ասել է՝ «քո սարքած ժարիտն եմ ուզում»։ Նրան հունից հանելը հեշտ չի եղել։ Դրա «լուծումը» մեկն էր՝ մի քանի անգամ նույն բանն ասել Խաչատուրին, որ անի հենց այն ժամանակ, երբ տեղից վեր կենալու ցանկություն չէր ունենում։ Հայրը հիշում է, որ տղան փոքր ժամանակվանից առանձնանում էր իր հանգիստ, համեստ բանվորությամբ։ Ֆիզիկական աշխատանքից երբեք չէր խուսափում։ Իր խնդիրներով չէր կիսվում, ուզում էր ինքնուրույն լուծել ամեն ինչ։ «Որ օտպուսկ էր եկել, խոտքաղի սեզոն էր, իմ կողքն ա մենակ էղել, ասում էի՝ «հանգստացի՛, ծառայությունից ես եկել», բայց, չէ, մնում էր, ուզում էր՝ հոգսս թեթևացներ։ Շատ պատասխանատու էր, եթե իրան մի բան հետաքրքրում էր, անձամբ ինքը պետք ա տեսներ, փորփրեր, հասկանար՝ ինչից էր։ Բոլոր հույսերս իրա հետ էի կապել։ Ապրիլի քառօրյա պատերազմից հետո զոհվածների հիշատակին Խաչատուրիս նախաձեռնությամբ դիրքերում խաչ է սարքվել, դիրքեր բարձրանալիս էդտեղ խաչակնվքում, նոր բարձրանում էին։

Հիմա էլ գյուղի երիտասարդներն են Խաչատուրիս անունով սուրբ սարքել, վրան գրել «Խաչիկ»»,- խոսքը եզրափակում է հերոսի հայրը։

Հեղ․՝ Մանե Գևորգյան